• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՄենքՍփյուռք

Դեռ վաղ է խոսել Լիբանանում քրիստոնյաների էջի շրջվելու մասին. Վահե Սահակյան

Անուշ Թրվանց 18:46 | 17.11.2020
Անուշ Թրվանց 18:46 | 17.11.2020

Սոցիոլոգ, սփյուռքագետ, ԱՄՆ Միչիգանի համալսարանի Դիրբորնի մասնաճյուղի Հայագիտական հետազոտությունների կենտրոնի գիտաշխատող-հետազոտող Վահե Սահակյանը «Ալիք Մեդիա»-ին տված հարցազրույցում խոսում է լիբանանահայերի տեղաշարժի և այդ տեղաշարժին առնչվող հարցերի մասին.

-Պարոն Սահակյան, Դուք Ձեր ուսումնասիրություններում անդրադառնում եք հայկական սփյուռքի վերաձևավորվան, փոխակերպման հարցերին: Այսօր աշխարհի թեժ կետերից մեկը շարունակում է մնալ Մերձավոր Արեւելքը, հատկապես Լիբանանը: Ի՞նչ փոխակերպումներ են կատարվում այնտեղ:

-Մերձավոր Արևելքի և մասնավորապես Լիբանանի հայկական համայնքներում վերջին տարիներին տեղի ունեցող փոխակերպումները պետք է դիտարկել աշխարհաքաղաքական և տեղական ավելի լայն համատեքստերում։ Վերջին տարիներին Մերձավոր Արևելքի տարբեր երկրներ՝ Իրաքը, Սիրիան և մասնավորապես Լիբանանը, հայտնվել են ճգնաժամային իրավիճակներում, որոնք շարունակում են բացասականորեն ազդել տեղական հայ համայնքների վրա։ Ճգնաժամերն այդ երկրներում պատճառ են դարձել զանգվածային արտագաղթի ալիքների՝ այդ թվում նաև տեղի հայ բնակչության:

Հայկական համայնքների փոխակերպումներն առհասարակ Մերձավոր Արևելքի երկրներում և, մասնավորապես, Լիբանանում, պետք է անհրաժեշտաբար կապել համայնքների թվաքանակի նվազման հետ։ Եթե խոսենք Լիբանանի մասին, մի համայնք, որի անդամների թիվը ժամանակին (տարբեր գնահատականների համաձայն) մինչև երկարատև քաղաքացիական պատերազմը (1975-1990 թթ.) հասնում էր գրեթե 200 հազարի, այժմ, համայնքի տարբեր ղեկավարների գնահատմամբ, նվազել է, հասնելով շուրջ 50-60 հազարի, և դեռ շարունակում է նվազել արտագաղթի պատճառով։

Երբեմնի Լիբանանը, որ սփյուռքի հատկապես արևմտյան համայնքներին ապահովում էր հայախոս առաջնորդներով, ղեկավարներով, խմբագիրներով ու համայնքներում գործուն մասնակցություն ունեցող անձանցով, անշուշտ փոխակերպվել է և շարունակում է փոխակերպվել՝ փորձելով հարմարվել նոր իրավիճակներին։

Լիբանանի համայնքը փոխակերպվում է՝ զուգընթաց երկու շարունակական գործընթացների.

Առաջինը արաբախոս լիբանանահայերի թվի աճն է, հատկապես երիտասարդության շրջանակներում. երիտասարդության համար առավել առաջնային է դարձել տեղական արաբախոս հասարակության մեջ լիարժեքորեն ինտեգրված լինելը, քան՝ համայնքային այս կամ այն կառույցին անդամակցելը, դրանցից կախված լինելը կամ զուտ հայախոս համայնքի ներսում աշխատանքային ու գործնական հեռանկարների փնտրտուքը։ Այս երևույթը շատերը բնութագրում են որպես ձուլում, քանի որ Լիբանանում տասնամյակներով, սկսած 1930-ականերից, արմատավորվել է այն համոզմունքը, թե հայ լինել նշանակում է նախ և առաջ լինել հայախոս։ Լիբանանահայերի սերունդների մեջ արդեն կան նաև այնպիսիք, ովքեր Լիբանանից դուրս ավելի շուտ ներկայանում են որպես լիբանանցի, քան՝ հայ։

Երկրորդը շարունակվող արտագաղթի ալիքներն են, որ է՛լ ավելի մեծ թափ են ստացել վերջին մի քանի տարիների տնտեսական, քաղաքական ու սոցիալական ճգնաժամերի պատճառով։ Դեռևս Բեյրութի օգոստոսյան պայթյունից առաջ, 2019թ. հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին Հայկական սփյուռքի հարցախույզի (Armenian Diaspora Survey) արդյունքների համաձայն, լիբանանահայերի 34%-ը առաջիկա հինգ տարիներին մեծ հավանականությամբ կհեռանա Լիբանանից, իսկ 24%-ը նշել էր, թե հավանակա՛ն է, որ տեղափոխվի։ Այսինքն՝ հարցված լիբանանահայերի 68%-ը Լիբանանից տեղափոխվելու մտադրություն էր հայտնել։ Սա անշուշտ մեծ թիվ է, և օգոստոսի 4-ի պայթյունն ու դրան հաջորդած է՛լ ավելի խորացող քաղաքական, տնտեսական ու սոցիալական ճգնաժամը հավելյալ խթան պիտի հանդիսացած լինեն, որ շատ ավելի լիբանանահայեր այժմ ցանկանան արտագաղթել։

Այս թվերը ցանկալի կլիներ համադրել առհասարակ լիբանանցիների շրջանում առկա արտագաղթի տրամադրութունների հետ, եթե կան այդպիսի հետազոտություններ։ Սակայն առանց այդպիսի տվյալների էլ, թերևս, կարելի է ենթադրել, որ հայերի շրջանում առկա արտագաղթի տրամադրություններն այս կամ այն չափով համեմատելի պիտի լինեն Լիբանանի մյուս համայնքներում առկա նմանատիպ տրամադրությունների հետ։ Լիբանանը հարաբերականորեն մեծ և կազմակերպված սփյուռք ունեցող պետություն է, որի քաղաքացիների ավելի քան 1/5-ն ապրում է դրսում, որի թվերը հատկապես մեծացել են Լիբանանի քաղաքացիական պատերազմի տարիներին՝ արտագաղթի հետևանքով։

-Վտանգվա՞ծ է համայնքը, ինչպես վերջին դեպքերից հետո հնչում էր տարբեր հարթակներից:

-Լիբանանի հայ համայնքը, եթե այդպիսի խիստ ընդհանրացնող ձևակերպմամբ մոտենանք, վտանգված է այնքանով, որքանով Լիբանանի մյուս հարաբերականորեն փոքրաթիվ էթնիկ-կրոնական համայնքները։ Այսինքն՝ այնքանով, որքանով Լիբանանում տիրող ճգնաժամը և հետագա անորոշությունը վտանգ են ներկայացնում այդ երկրի քաղաքացիների և մյուս փոքրաթիվ կրոնական համայնքների համար, նույնքանով նաև վտանգ են ներկայացնում Լիբանանի հայերի համար։ Այստեղ, անշուշտ, պետք է հաշվի առնել, որ այս կամ այն կրոնական համայնքը, կրկին խիստ ընդհանրական գծերով, համեմատաբար ավելի մեծ քաղաքական, տնտեսական ու սոցիալական կապիտալ ունի, և այդ իմաստով առավել քիչ խոցելի է, քան՝ մյուսները։ Եվ այստեղ կա անշուշտ ճշմարտություն։ Ավելի մեծաթիվ ու հարուստ ընտանիքներ ունեցող համայնքներ, ինչպիսիք են, օրինակ սուննի իսլամ կամ շիա իսլամ համայնքը, թերևս ավելի քիչ խոցելի են այսօր Լիբանանում, քան ավելի փոքրաթիվ համայնքները։ Սակայն զուտ հակահայ հասարակական լայն տրամադրություններ Լիբանանում չկան։ Եթե նույնիսկ երբեմն ականատես ենք լինում փոքրաթիվ հակահայ ցույցերի, դրանց մասնակիցները միայն որոշ խմբեր են, հովանավորվող այս կամ այն համայնքների կամ, երբեմն, արտաքին ուժերի կողմից, և այսպիսի տրամադրությունները պետության կողմից իրականացվող քաղաքականության երբեք չեն վերածվել։

Գիտեք, որ Լիբանանը բացառիկ քաղաքական կառուցվածք ունի, որում կրոնական համայնքները մեծ դեր ու նշանակություն ունեն իշխանության գործադիր, օրենսդիր ու դատական մարմինների բոլոր մակարդակներում։ Մասնագետները հաճախ են Լիբանանը բնութագրում որպես ուժեղ կրոնական համայնքներ և թույլ պետություն ունեցող երկիր։ Չնայած փոքր, բայց հայ համայնքը նույնպես պատասխանատու է և մասնակցում է Լիբանանում տիրող ճգնաժամի հաղթահարման գործընթացներին՝ ներկայացված լինելով իշխանության տարբեր մակարդակներում:

-Ինչպե՞ս եք մեկնաբանում այն վերլուծությունները, ըստ որոնց Լիբանանում շրջվում է քրիստոնյաների պատմության ևս մեկ էջը:

-Դժվար է կանխատեսել, թե ինչպես կզարգանան իրադարձությունները։ Լիբանանում անցկացված առաջին և վերջին պաշտոնական մարդահամարը եղել է 1932-ին, դեռևս Ֆրանսիական մանդատի տարիներին, որի հիման վրա էլ որոշվել են Լիբանանի սոցիալ-քաղաքական կառույցի հիմքը կազմող հիմնական կրոնական համայնքները։ Այդ ժամանակ քրիստոնյաները կազմում էին Լիբանանի բնակչության կեսից քիչ ավելին։ Փաստ է նաև այն, որ Լիբանանն այսօր ունի մեծաթիվ սփյուռք՝ տարբեր տարիների երկրից արտագաղթած և հիմնականում Արևմուտքում ու Ավստրալիայում հաստատված լիբանանցիների հոսքերի արդյունքում։ Կարևոր է նշել նաև, որ քաղաքական պատճառներով, մասնավորապես՝ կրոնական համայնքների միջև եղած հավասարակշռությունը չխախտելու համար, Լիբանանում տարիներով ու տասնամյակներով բնակվող պաղեստինցի փախստականները, որոնց գումարվել են նաև Սիրիայից վերջին տարիներին Լիբանան տեղափոխվածները, չեն կարողանում Լիբանանի քաղաքացիություն ստանալ։ Այս ամենի հիման վրա կան անշուշտ ենթադրություններ և կան նաև որոշ ուսումնասիրություններ, որ վկայում են քրիստոնյաների թվի նվազման մասին։ Այնուամենայնիվ, կարծեմ դեռ վաղ է խոսել Լիբանանում քրիստոնյաների էջի շրջվելու մասին։

-Մինչև Արցախի պատերազմը, լիբանանահայերի մեծ հոսք կար դեպի Հայաստան: Ձեր կարծիքով կմնա՞ն այստեղ լիբանանահայերը, թե՞ երրորդ երկիր կգնան կամ էլ կվերադառնան Լիբանան:

-Կմնա՞ն Լիբանանից ներգաղթած հայերը Հայաստանում, թե՞ կհեռանան Հայաստանից, կախված է, իմ կարծիքով, չորս հիմնական գործոններից.

ա) որքանով ՀՀ կառավարությունն ու ոչ կառավարական տարբեր կազմակերպություններ ի վիճակի կլինեն կարճ ժամանակամիջոցում բարենպաստ պայմաններ ստեղծել հասարակության մեջ լիբանանահայերի արագ համարկման/ինտեգրման համար;

բ) որքանով ներգաղթողները տրամադրված կլինեն մնալ Հայաստանում և առիթը չօգտագործել Հայաստանով այլ երկրներ հասնելու համար։ Նշեմ, որ այս օրերին խիստ դժվար է լիբանանյան անձնագրով շատ երկրների մուտքի արտոնագիր ստանալը, որն առավել գրավիչ է դարձնում ՀՀ քաղաքացիությունը՝ հաշվի առնելով ՀՀ անձնագրով այլ երկրներ գնալու հեռանկարը;

գ) որքանով Լիբանանն արագ կվերականգվի և կրկին գրավիչ կդառնա տնտեսական ու այլ գործունեության վերսկսման համար;

դ) հաշվի առնելով Արցախի և Ադրբեջանի միջև վերսկսված պատերազմը և դրան հաջորդած վիճակը, որքանով անվտանգության կամ հայրենիքին օժանդակելու, նրան ծառայելու զգացումները կդառնան որոշիչ։

Չորրորդ կետը՝ անվտանգության խնդիրը, թերևս ամենակարևորն է Հայաստանից արտագաղթելու լիբանանահայերի որոշման հարցում։ Լիբանանից գալ որպես կամավոր Արցախում հայրենիքի համար կռվել, մեկ բան է, սակայն լրիվ այլ բան է ընտանիքին ու երեխաներին բերել Հայաստան, որը պատերազմի մեջ է հարևան երկրի հետ, և այդ իմաստով կարող է ավելի վտանգավոր լինել, քան Լիբանանն իր ճգնաժամով։

Անուշ Թրվանց

Երբ լրագրողական աշխատանքի բերումով սկսում ես որոնել՝ որտե՞ղ է թաղված շան գլուխը, եւ հընթացս պարզում՝ որտե՞ղ են ձմեռում խեցգետինները, ուրեմն ճիշտ ճանապարհին ես։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Տարբեր մոտեցումներ
հաջորդը
Ադրբեջանը գազ է տալիս

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Նոյեմբերի 2020
ԵԵՉՀՈւՇԿ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30 
« Հկտ   Դկտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն