• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՀայաստանՄենք

Սպարտայի եւ Աթենքի միջեւ

Վահրամ Աթանեսյան 11:30 | 04.09.2021
Վահրամ Աթանեսյան 11:30 | 04.09.2021
soldier

Ղարաբաղյան պատերազմի եռուն շրջանն էր: Պաշտպանության պետական կոմիտեն օրումեջ մեկը մյուսից «դաժան» որոշումներ էր ընդունում, ռազմական ոստիկանությունը, պարետատունը շուրջկալներ էին իրականացնում, նկուղներից, ձեղնահարկերից որսում եւ ճակատի ամենաթեժ դիրքեր քշում դասալիքներին, զորակոչից խուսափողներին:

Ով պատերազմում հարազատ ուներ, այդ խստագույն միջոցառումները երկու ձեռքով ողջունում էր, բայց կային նաեւ քրթմնջացողներ: Եվ հանկարծ շրջանային թերթերից մեկում լույս է տեսնում «Նոր Սպարտա՞» հռետորական հարցադրմամբ հոդված: Հեղինակն, իհարկե, պատժվեց: Գերագույն խորհրդի մամուլի քարտուղարի առանձնասենյակից նրան ուղիղ մեկուսարան տարան:

Հետո, իհարկե, նրա կյանքն այլ կերպ դասավորվեց: Անցած ըլլա՝ ինչպես «ախպարներն» են ասում:

Մնաց հարցականը՝ մենք ռազմա-ոստիկանակա՞ն, թե՞ քաղաքակիրթ-ժողովրդավարական երկիր ենք կառուցում: Սպարտա՞ ենք, թե՞ Աթենք: Ըստ հռչակված նպատակի, որ Արցախում ձեւակերպված էր «արյամբ նվաճված հողը թղթով չեն զիջում», մենք պիտի լինեինք եւ դեռ երկար մնայինք «Սպարտա»: Երկիր, որ արու զավակներին օրորոցից պիտի նախապատրաստեր հաջորդ պատերազմին: Որովհետեւ երբ ոչինչ չես զիջում եւ ունես օրեցօր ավելի ու ավելի մեծ չափաբաժին թույն եռացող թշնամի, մեծ խելք եւ փորձագիտական ներզգացողություն պետք չէ՝ հասկանալու, որ պատերազմն անխուսափելի է, պետք է պատրաստ լինել:

Քաղաքական, տեղեկատվա-քարոզչական տիրույթում այս ամենն, իհարկե, ասվում էր: Իրականում Ստեփանակերտի բազմաբնակարան շենքերի նկուղները, որ առաջին պատերազմում ապաստանել էին տասնյակ հազարավոր մարդկանց, հրադադարին հաջորդած հենց առաջին տարիներին ջրի գնով մասնավորեցրին, վերածվեցին «բիլիարդանոց»-ների, մեծածախ առեւտրի պահեստների կամ «նախադու»-ների, որտեղ հիմա էլ «կոլցեւո»-ի «ֆայլաբազար»-ի մարդիկ անորոշ ծագման հարյուր գրամ օղի են խմում՝ վրայից մի «պեչենի» ծամելով:

«Աթենական դեմոկրատիային» հարիր՝ վերացվեց գրաքննությունը, պետական հեռուստատեսությունը կոչվեց հանրային՝ Խորհրդով հանդերձ: Պատերազմից ընդամենը չորս տարի անց Արցախում ՏԻՄ ընտրություններ անցկացվեցին: Բաքվի քաղաքագլխին մինչ օրս Ադրբեջանի նախագահն է նշանակում, Ստեփանակերտում դա ընտրովի պաշտոն է, գրեթե՝ իշխանություն իշխանության ներսում: Եվ որովհետեւ այդպես է, քառասունչորսօրյա պատերազմում Ստեփանակերտի ավագանու անդամներն ազատված էին զորակոչից: Համարյա Ազգային ժողովի պատգամավորների պես:

Նոնսենս է: Պատերազմում ի՞նչ քաղաքային ինքնակառավարում, ի՞նչ ավագանի կամ Ազգային ժողով: Պատերազմում՝ ինչպես պատերազմում:

2015-ի աշնանը «Առավոտ»-ին տված հարցազրույցում ասացի, որ իշխանությունը պետք է կարողանա փակել մամուլի բերանը եւ չգիտեմ որերորդ անգամ, բայց դարձյալ հռչակվեցի «ազատ խոսքի թշնամի»: Եվ ի՞նչ ունենք այսօր: Ունենք այն, որ արցախուհի բլոգերը գրում է. «Ես գիտեմ, թե որտեղ է պաշտպանության ամենախոցելի հատվածը, բայց անվտանգության նկատառումներով չեմ ասում»:

Էլ ի՞նչ պիտի ասի, նոր շփման գծի տեղագրական քարտեզները պիտի դիրք առ դիրք հրապարակի: Այսպես չպետք է լինի: Նույնիսկ եթե նա ընդդիմադիր է եւ Նիկոլ Փաշինյանին համարում է «դավաճան հողատու» կամ «կապիտուլյանտ»: Այսպես չեն պատերազմում. մի ոտքով՝ «Սպարտա»-ում, մյուսով՝ «Աթենքում»:

Ադրբեջանի ոչ միայն ռազմական, այլեւ դրանք նախապատրաստած դիվանագիտական, տեղեկատվա-քարոզչական հաջողությունները պետական պարտադրանքի արդյունք են: Այո՛, դա կոռումպացված երկիր է, բայց այնտեղ իշխանությունը կարողացել է մարդկանց պարտադրել, որ իրավիճակին համակերպվեն, որովհետեւ գործի է դրել «ամեն ինչ՝ հանուն Ղարաբաղի» կարգախոսը:

Մեծ գաղափարները կենսագործվում են պարտադրանքով: Եվ Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնություն ասելուց մեր «բերանը չի քաղցրանում»: Ամենեւին: Եթե չասենք՝ դառնանում է, երբ հերթական անգամ իրականությունը վկայում է, որ դա ընդամենը մի սին ըղձախոսություն է, եւ աշխարհի ութ կամ տասը միլիոն հայությունն այդպես էլ մի բռունցք չի դառնում:

Եվ չի դառնալու, որովհետեւ մեկ բռունցք չէ Հայաստանը, մեկ բռունցք չէ Արցախը: Որովհետեւ մի քանի օր առաջ Երեւանում ինձ շատ վստահ ասացին, որ Արցախում մոտ երկու հարյուր կամ ավելի դոլարով միլիոնատեր կա: Պատկերացնո՞ւմ եք, Արցախ եւ երկու կամ երեք հարյուր դոլարով միլիոնատեր:

Եվ ես հիշեցի Սարդարապատում մի տոնախմբություն: Բացօթյա սեղանների շուրջը հայկական երկու պետությունների ռազմաքաղաքական էլիտան խրախճանքի մեջ էր: Մի պահ ականջիս արեւմտահայերեն խոսակցություն հասավ: Շրջվեցի: Երկու տարեց կանայք էին: Մեկը մյուսին մատնացույց էր անում համադամ խորտիկներից, մի քանի տեսակ խմիչքներից ճկռած սեղանները. «Կըսեն սուղ կապրինք, ասոնց նայե»:

Նրանք երեւի անցած դրամահավաքին իրենց թոշակից հիսուն կամ հարյուրական դոլար էին նվիրել «Հայաստան» հիմնադրամին, սեփական ծախսով եկել էին Հայաստան՝ տոնելու հայրենիքի անկախության օրը: Եվ ի՞նչ էին տեսնում: Գետինը մտնելու չափ ամոթ էր լսել այդ պատկառելի տիկնանց, տեսնել նրանց զարմանքն ու զայրույթից կարկամած հայացքները:

Սպարտայի եւ Աթենքի միջակայքային մեր խեղկատակությունը մինչեւ ե՞րբ է տեւելու:

Վահրամ Աթանեսյան

Պատմաբան, լրագրող, հրապարակախոս, քաղաքական գործիչ։ Հայաստանի Գերագույն խորհրդի (1990-1995) Արցախից ընտրված պատգամավոր, 2000-2015 թվականներին Արցախի Ազգային ժողովի երեք գումարումների պատգամավոր։ «Խոջալու․ հանցագործության անատոմիա», «Երկրի ժամանակը», «Հոգեւոր Հայաստանը եւ արդիականությունը» եւ «Աստծո հաջորդ օրը» գրքերի հեղինակն է։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Թաթուլ Հակոբյանի զրույցը Սարգիս Հովսեփյանի հետ
հաջորդը
Կրակոցները եղել են դիրքերի ուղղությամբ

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Սեպտեմբերի 2021
ԵԵՉՀՈւՇԿ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930 
« Օգս   Հկտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն