• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՆերքինՔաղաքականություն

Ինչի՞ համար մեղադրել Նիկոլ Փաշինյանին

Թաթուլ Հակոբյան 18:30 | 22.09.2021
Թաթուլ Հակոբյան 18:30 | 22.09.2021
drone

Հայաստանի խորհրդարանի ամենամեծ ընդդիմադիր ուժը՝ «Հայաստան» դաշինքը, որը գործում է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերահսկողության ներքո, սկսել է տողատակերով պատմություն հյուսել այն մասին, որ եթե Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 10-ին եռակողմ հայտարարությունը չստորագրեր, ապա հնարավոր կլիներ կանգնեցնել ադրբեջանական առաջխաղացումը: Այդ պատմությունը առայժմ հյուսվում է բանավոր, երբեմն՝ անուղղակի, բայց նպատակակետը պարզ է:

Նիկոլ Փաշինյանին պետք է մեղադրել ոչ թե նրա համար, որ նա նոյեմբերի 10-ին է ստորագրել պատերազմական գործողությունները դադարեցնելու մասին հայտարարությունը, այլ նրա համար, թե ինչու է նա այդքան ուշացրել, երբ հնարավոր էր ավելի շուտ հասնել զինադադարի եւ պակաս ցավալի պայմաններով՝ փրկելով երիտասարդ մարդկային կյանքեր:

Մեր պատմությունը հանգիստ չի տալու Փաշինյանին, թե ինչու նա գնաց Տավուշյան արկածախնդրությանը, ինչու չօգտագործեց 2018-ի հեղափոխությունից հետո ունեցած վստահությունը եւ չգնաց արժանապատիվ խաղաղության՝ ստիպված լինելով ստորագրել 2020-ի նոյեմբերյան ստորացուցիչ թուղթն ու տանելով անվերջ թվացող այլ ստորացումներ:

Բայց մեր պատմությունը հանգիստ չի տալու նաեւ Քոչարյանին ու նրա թիմին, երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին ու թիմին, որոնք նույնպես ունեն իրենց պատասխանատվության բաժինը Հայաստանը 44-օրյա աղետի դուռը հասցնելու մեջ: Սարգսյանն անուղղակի կերպով հասկացնել է տալիս, որ զգում է իր պատասխանատվության բաժինը՝ հայտարարելով, թե պատրաստ էր դավաճանի պիտակը կրել, բայց Արցախին ու Հայաստանին խաղաղություն բերել: Քոչարյանը, սակայն, այլ բան է ասում՝ հնարավոր էր ստատուս-քվոն երկարաձգել առնվազն եւս 30 տարի: Չի ասում՝ ինչպես ու հատկապես ինչ գնով:

Քոչարյանական ընդդիմությունը Փաշինյանին մեղադրում է Քաշաթաղի (Ղուբաթլուի եւ Զանգելանի)՝ Սյունիքին հարակից հատվածները Ադրբեջանին զիջելու մեջ, երբ, համաձայն նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության, կողմերը պետք է կանգնեին այն դիրքերում, որտեղ էին մինչեւ հայտարարության ստորագրումը։ Իրականում, այո՛, նոյեմբերի 10-ին ադրբեջանական ուժերը Ղուբաթլուի եւ Զանգելանի որոշ հատվածներում Սյունիքից գտնվում էին մինչեւ 10 կմ հեռավորության վրա: Ճիշտ է նաեւ, որ որոշ հատվածներում արդեն հոկտեմբերի 20-ից Սյունիքի սահմանին էին եւ, օրինակ, հայկական կողմին փորձում էին ճնշել Ղուբաթլու-Դավիթ Բեկ հատվածում:

Երբ մենք մեղադրում ենք գործող իշխանություններին (հասցեն ճիշտ է՝ օրվա իշխանությունն է 44-օրյա պատերազմի թիվ 1 մեղավորն ու պատասխանատուն) նոյեմբերի 10-ի փաստաթուղթը ստորագրելու համար, պետք է վեր կանգնենք անպատասխանատու հայրենասիրությունից, խեղդող պոպուլիզմից եւ անկեղծորեն հարց տանք ինքներս մեզ՝ իսկ մենք կարո՞ղ էինք նման փնթի կառավարման եւ ուժերի անհավասարության պայմաններում հակառակորդի առաջն առնել: Եթե այո, ապա ինչո՞ւ չկարողացանք 44 օրերի ընթացքում գոնե մեկ դրվագում դա անել: 44-օրերի ընթացքում ոչ մի օր չկարողացանք, թեեւ ուզում էինք հավատալ, որ բեկում կլինի, նոյեմբերի 11-ին էի՞նք կարողանալու թուրքի առաջն առնել:

Նոյեմբերի 6-ին Շուշիի մի մասը գրավելուց հետո Ստեփանակերտը կորցնելու վտանգը դարձել էր իրական սպառնալիք, եւ հենց այդ օրը որոշվեց տարհանել մայրաքաղաքն ու շրջակայքը: Մի աննկարագրելի խուճապ էր տիրում, որի ականատեսն եմ դարձել Վարդենիս-Քարվաճառ-Վանք ճանապարհին: Այն պայմաններում, երբ արդեն կառավարությունն էր տեղափոխվում Գանձասար, Ադրբեջանին ու նրա թիկունքին կանգնած Թուրքիային կանգնեցնելն իրատեսական չէր:

Քոչարյանական ընդդիմությունը ակնարկում է, եւ դա զգացվում էր նախորդ շաբաթ Ազգային ժողովում վարչապետին ուղղված հարցերի ձեւակերպումներից, որ իրենք իրենց տեղերում մարտնչել են ադրբեջանական բանակի դեմ, եւ պատերազմում պարտություն կրել է Նիկոլ Փաշինյանը, իրենց իսկ խոսքերով՝ կապիտուլյանտը, հողատուն, որ հիմա էլ թուրքացնում է հայրենիքը:

1991-1994 թվականների Արցախյան առաջին պատերազմում Հայաստանի կերտած հաղթանակը Ռոբերտ Քոչարյանն ու նրա այսօրվա քաղաքական թիմը վերագրում են իրենց: Ավելին՝ երկու տասնամյակից ավելի տարվում է հետեւողական քարոզչություն, թե իբր Արցախյան առաջին պատերազմում իրենք հաղթել են՝ ի հեճուկս Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ ՀՀՇ-ի:

Եկե՛ք մի պահ ընդունենք, որ 1991-1994 թվականներին Տեր-Պետրոսյանն ու նրա ՀՀՇ-ական թիմը դիտավորյալ եւ չարամտորեն փորձում էին Արցախը տանել պարտության, եւ հենց Ռոբերտ Քոչարյանն ու նրա այսօրվա թիմը պարտադրեցին հակառակը:

Եթե դա այդպես է, ինչո՞ւ 44-օրյա աղետի օրերին նույնը չպարտադրեցիք, այս անգամ, ձեր խոսքերով, հողատու, դավաճան եւ հայրենիքը թուլացնող Նիկոլ Փաշինյանին:

Եվ վերջապես՝ 1920 թվականի աղետը՝ Կարսի ու 30 հազար քառակուսի կիլոմետր հողի կորուստը, Ալեքսանդրապոլի զավթումն ու վեցամսյա ռազմակալումը, որ Հայաստանի պարտությունն էր քեմալական Թուրքիայից, ո՞ւմ մեղքով եղավ, եւ ո՞վ/ովքե՞ր են մեղավորներն ու պատասխանատուները:

Եվս երկու հարց. մեկը՝ Փաշինյանին, մյուսը՝ Քոչարյանին:

Տավուշյան արկածախնդրությունը հաղթանակ անվանեցիք, տոնում էիք Սարդարապատում եւ դա համարում Ձեր հաղթանակը, 44-օրյա աղետը Ձերը չե՞ք համարում, ասում եք՝ պատասխանատու եմ, բայց մեղավոր չեմ:

Տավուշյան դեպքերը, պարո՛ն Քոչարյան, Դուք համարեցիք Հայկական բանակի հաղթանակը, որի հետ Փաշինյանը կապ չունի:

Թաթուլ Հակոբյան
Թաթուլ Հակոբյան

Լրագրող, հրապարակախոս, պատմություն հետազոտող, որն առօրյա փաստերը, դրանց վրա հիմնված դատողություններն ու պատմական փորձառությունը հաջողությամբ միահյուսելով ստանում է ուրույն բովանդակություն։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Հայ նոր պատրիարքի ընտրություն Հռոմում
հաջորդը
ՀԱՊԿ-ում ՌԴ մշտական ու լիազոր ներկայացուցիչը հայ է

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 3

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Սեպտեմբերի 2021
ԵԵՉՀՈւՇԿ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930 
« Օգս   Հկտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն