• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՀայաստանՄենք

Խաղաղության մուրացիկն ու իր առաջնահերթությունները

Մեսրոպ Հարությունյան 11:30 | 14.01.2022
Մեսրոպ Հարությունյան 11:30 | 14.01.2022
Pashinyan & Putin

Հունվարի 11-ին, համարյա միաժամանակ, լրահոսում հայտնվեց երկու հաղորդագրություն։ Առաջինը տարածել էր ՀՀ պաշտպանության նախարարությունը. «Հունվարի 11-ին, ժամը 15։15-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Գեղարքունիքի մարզի Վերին Շորժայի հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի ուղղությամբ, ինչի հետեւանքով մեկ զինծառայող ստացել է միջին ծանրության հրազենային վիրավորում։ Հայկական կողմի պատասխան գործողություններով հակառակորդի կրակը լռեցվել է։ Ժամը 17։00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է եւ գտնվում է ՀՀ ԶՈՒ լիարժեք վերահսկողության ներքո»։ Ժամեր անց միայն կպարզվի, որ սահմանին կռիվ է եղել, հայկական կողմից զոհվել են 19-20 տարեկան տղերք, կան նաեւ վիրավորներ։

Երկրորդ հաղորդագրությունը համարյա նույն ժամին զետեղվել է ՀՀ վարչապետի պաշտոնական կայքում. «Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն՝ նվիրված ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրմանը: Թեմայի առնչությամբ վարչապետ Փաշինյանն ասել է հետեւյալը. «Հայաստանի Հանրապետությունում ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգը ներդնելու հարցն ընդգրկված է Կառավարության գործունեության 2021-2026 թվականների ծրագրում, եւ մենք շատ կարեւորում ենք այս համակարգի ներդրումը»։

Այս երկու տեղեկությունների համարյա միաժամանակ հայտնվելը ներկա իշխանությունների առաջնահերթությունների ցուցիչ է: Նրանց տրամաբանությամբ՝ ի՞նչ է պատահել, որ. սահման է, էլի, կրակոցներ էլ կլինեն… Հա դե, դժգույն սարեր են, մի դիրք էս կողմ, մի դիրք էն կողմ։ Դե, կռվում հո փլավ չե՞ն բաժանում, զոհեր էլ կլինեն։ ՀԱՊԿ դիմե՞նք, ինչի՞ համար, հո ներքին ահաբեկիչների խռովություն չի՞, որ ՀԱՊԿ խաղաղարարները մեծ դեմոկրատներ Պուտինի ու Լուկաշենկոյի գլխավորությամբ օգնության հասնեն։ Ընդամենը փոքրիկ կոնֆլիկտ է եղբայրական Ադրբեջանի հետ։ Դե, ո՞վ չգիտի, որ ախպերները միշտ էլ կոնֆլիկտ ունենում են, բայց հետո, մեծանալով, հարթում են չէ՞, դա…

Իսկ այ, հավաքարարի եկամուտների հայտարարագրումը խիստ կարեւոր քայլ է կոռուպցիայի դեմ պայքարում։ Բա ի՞նչ, հենց տեսնենք, որ այդ սրիկա հավաքարարը, մատուցողը կամ փողոց ավլողը 70 հազար դրամ աշխատավարձ է ստանում, բայց ապրում է 80 հազարին համարժեք, անմիջապես կհասկանանք, որ էստեղ կոռուպցիա կա, որտեղի՞ց, ձեզ եմ հարցնում, որտեղի՞ց այդ հղփացած հավաքարարին լրացուցիչ 10 հազար դրամը։ Դատի տալ եկամուտները թաքցնելու եւ պետբյուջե լրացուցիչ հարկ չմուծելու համար։

Այ, սա է կոռուպցիան։ Թե չէ ընկել ու կոռուպցիա եք ման գալիս մեր սիրելի առաջնորդների եղբայրների շահած մրցույթներում կամ էլ հովանավորչություն եք փնտրում, երբ Արարատի մարզպետին այդ պաշտոնում փոխարինում է իր իսկ որդին։ Իսկ ի՞նչ է, եթե մարդը գիտելիք ունի, կառավարելու հմտություններ, չդառնա մարզպետ, ինչ է թե նախկին մարզպետը հա՞յրն է եղել։ Ամոթ ձեզ։ Չուզողություն եք անում։

Իսկ հովանավորչության եւ կոռուպցիայի դեմ պայքարի ճանապարհին առաջին քայլը, իհարկե, արդեն իսկ վերը նշվածն է՝ ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրումը։ Թող փորձի մեկը (եթե, իհարկե, կարկառուն ՔՊ-ական չէ) իր եկամուտներից 1 դրամ ավելի ծախս անի, պստիկ Բադասիկի տեսուչները «տուտ ժե» կկտրեն այդ սրիկա կոռուպցիոների ձեռքը։

Լրջանանք։ Ո՛չ հունվարի 11-ին, ո՛չ էլ հունվարի 12-ին Նիկոլ Փաշինյանը ոչինչ չասաց սահմանային մարտերի առիթով, ոչ էլ ցավակցություն հայտնեց։

Մեկ էլ հաղորդագրություն եղավ, որ հունվարի 12-ին զրուցել է ՌԴ նախագահ Պուտինի հետ։ Կարծում եք սահմանային վերջին միջադեպի՞ն են անդրադարձել։ ՀԱՊԿ մեխանիզմները գործի դնելո՞ւն։ Շատ լավ կարծիքի եք «ժողովրդի մանդատը ստացածի» մասին։

Քննարկել են «Լեռնային Ղարաբաղի շուրջ ընթացիկ իրավիճակը եւ 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի եւ 2021 թվականի նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարություններով ձեռք բերված պայմանավորվածությունների կատարմանը վերաբերող հարցեր։ Անդրադարձ է կատարվել Ղազախստանում ՀԱՊԿ խաղաղապահ առաքելության գործունեությանը»։ Դե, իհարկե, Ղազախստանում ՀԱՊԿ առաքելությունն ավելի կարեւոր է, քան մեր սահմանն ու սահմանին զոհված տղերքը։

Հ. Գ.  Սպասում էիք, որ վարչապետի աթոռը զբաղեցնողը գոնե կառավարության հունվարի 13-ի նիստո՞ւմ կանդրադառնա սահմանային մարտերին։ Անդրադարձավ։ Հընթացս՝ արոտավայրերի եւ այլ հարցերի թվում, իմիջիայլոց ասաց. «Մենք, ցավոք, շարունակում ենք միջադեպեր եւ զոհեր ունենալ սահմանին: Մեր քաղաքականությունը մենք հռչակել ենք եւ կառավարության ծրագրում արտահայտված է: Ես ասել եմ՝ առաջին խնդիրներից մեկը մեր երկրի պաշտպանունակությունը շարունակաբար բարձրացնելն է: Բայց նաեւ մյուս կողմից ասել եմ, որ մեր երկրի եւ տարածաշրջանի համար մեր հռչակած խաղաղ զարգացման օրակարգ բացելու համար մեզ ամուր նյարդեր են հարկավոր, որովհետեւ շատերն անընդհատ փորձելու են ապացուցել, ցույց տալ, մեզ մղել այն մտքին, որ դա հնարավոր չէ: Մենք հետեւողականորեն շարժվելու ենք այս ճանապարհով…»։

Ահա այն ամենը, ինչ պիտի իմանալ մի մարդու մտածելակերպի մասին, որը նվաստացումը համարում է «ամուր նյարդեր», խաղաղություն պահելը՝ խաղաղություն մուրալ։

Մեսրոպ Հարությունյան

Լրագրող, խմբագիր, փորձագետ, լրագրության ուսուցիչ։ Նրա կենսագրությունը սկսվել է նախորդ դարի 80-ականներին Հայաստանի Մեղրու շրջանի «Արաքս» թերթից ու շարունակվել մեդիայի կայացման խառնարանում։ Հեղինակ է պատմվածքների ու վեպերի հինգ գրքի եւ լրագրողական էթիկայի ուսումնական ձեռնարկի։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Բաքուն հայ հովվին փոխանցել է խաղաղապահներին
հաջորդը
Հայ խաղաղապահները տուն են վերադառնում

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

  • 4

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 5

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հունվարի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31 
« Դկտ   Փտր »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն