• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ԱշխարհՔաղաքականություն

Լեհաստանն առաջին թիրախներից է

Վարդան Հարությունյան 17:30 | 22.06.2022
Վարդան Հարությունյան 17:30 | 22.06.2022
Jadwiga Chmielowska

Վարդան Հարությունյանը Լեհաստանում հատուկ «Ալիք Մեդիայի» համար զրուցել է Լեհաստանի Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի անդամ, լրագրող, հրապարակախոս, հասարակական գործիչ, խորհրդային շրջանի այլախոհ Յադվիգա Խմելովսկայի հետ։

Յադվիգա Խմելովսկան (Jadwiga Chmielowska) Լեհաստանում ամենահայտնի հրապարակային գործիչներից է։ Եղել է լեհական «Սոլիդարնոստի» ակտիվ անդամներից ու կազմակերպիչներից։ «Սոլիդարնոստը» արհմիություն էր, որը 1980-ին Լեհաստանում  գործադուլային հզոր շարժում սկսեց։ Շարժումը ճնշելու նպատակով 1981-ի դեկտեմբերին Լեհաստանում ռազմական դրություն հայտարարվեց։ Հազարավոր ակտիվիստներ կալանավորվեցին։ Յադվիգան ամենահետախուզվողների ցանկում էր, սակայն հատուկ ծառայությունները նրան հայտնաբերել ու կալանավորել չկարողացան։ Նա շարունակեց իր պայքարն ընդհատակի պայմաններում՝ պահպանելով կոնսպիրացիայի անհրաժեշտ պայմանները։

Յադվիգա, մեր զրույցների ժամանակ դու հաճախ ես շեշտում, որ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի սանձազերծած պատերազմը ծանրագույն հանցագործություն է, բայց սխալ է մտածելը, թե հանցագործը միայն Պուտինն է։

Շատ-շատերը մտածում են, թե միայն Պուտինն է խանգարված հանցագործ։ Ասում են՝ եթե նա չլինի, եթե մահանա կամ հեռանա, ապա ամեն ինչ կկարգավորվի, Ռուսաստանը կդառնա միջազգային իրավունքը եւ օրենքները հարգող երկիր։ Իր հարեւաններին կթողնի, որ զարգանան ինչպես ցանկանում են։ Նրանց ինքնիշխանության նկատմամբ ոտնձգություններ չի անի ու պատերազմներ չի հրահրի։ Իսկ ես ասում եմ՝ ո՛չ։ Խնդիրը Պուտինը չէ, խնդիրը Ռուսաստանն է։ Կլինի Պուտինը, չի լինի Պուտինը, Ռուսաստանը կլինի ցարական, թե կոմունիստական, կունենա նոր առաջնորդ, թե չի ունենա, միեւնույնն է, այդ երկիրը շարունակելու է ապրել իր կայսերական ծրագրերով։ Սա Ռուսաստանի հիմքն է։ Այլ Ռուսաստան չի եղել ու չի լինելու։ Խաբկանք է նաեւ, թե ռուս ժողովուրդը կարող է դուրս գալ մի օր ու իր երկրում ինչ-որ բան փոխել։ Չի լինելու նման բան։ Նրանք հավատում ու ենթարկվում են ցարին։ Վստահ են՝ ցարը գիտի՝ ինչ է պետք անել։ Նրանք երբեք ու երբեք չեն քննարկելու ցարի վճիռների ճիշտ կամ սխալ լինելը։ Հատկապես, եթե այդ վճիռները վերաբերում են կայսրության սահմանների ընդարձակմանը։

Ռուսներն իրենց մեծամասնությամբ են կայսերապաշտ։ Նրանք կարող են սոված մնալ, կարող են լինել մերկ, կարող են լինել ոտաբոբիկ, բայց խոսել, որ վելիկոռուս են, ասել, որ հզոր են, ատոմային զենք ունեն, ու բոլորն իրենցից պետք է վախենան ու իրենց քմահաճույքների հետ հաշվի նստեն։

Նրանք բարեկեցիկ չեն ապրել երբեք։ Նրանք ազատ չեն եղել երբեք։ Այդ պատճառով էլ ատում են ազատատենչներին։ Պիլսուդսկին, ով 1918-ին գլխավորել է նորանկախ Լեհաստանը, ասում էր՝ ռուսները ատում են լեհերին, որովհետեւ լեհերը ազատություն են սիրում։ Այդ ատելությունն էր պատճառը, որ 1920-ին նրանք հարձակվեցին Լեհաստանի վրա։ Չէին ցանկանում թույլ տալ, որ Լեհաստանը լինի ազատ ու անկախ երկիր։

Այն, ինչ այսօր կատարվում է Ուկրաինայում, նորություն չէ, հնի շարունակությունն է։ Այնտեղ, որտեղ նրանք կարողանում են ժողովուրդներին իրար դեմ հանելով հնազանդեցնել ու պահել իրենց ազդեցության ոլորտում, ինչպես Հայաստանում ու Ադրբեջանում, ինչպես Վրաստանում ու Աբխազիայում, բավարարվում են դրանով, իսկ որտեղ չի աշխատում այս մեխանիզմը, գալիս են պատերազմներով։

Որքան հասկանում եմ, քեզ համար այս պատերազմն անսպասելի չէր։

Ո՛չ, անսպասելի չէր։ Ռուսաստանը երբեք չպետք է համակերպվեր Ուկրաինան կորցնելու մտքի հետ։ Ռուսաստանը երբեք իրեն մեծ ու լիարժեք կայսրություն չի զգա, եթե իր կազմում չկա Ուկրաինան։ Ուկրաինան միշտ է համարվել ռուսական կայսրության ողնաշար։ Նույն այդ խնդիրը ռուսների առջեւ դրված էր անցած դարասկզբին։ Այդ ժամանակ նրանք կարողացան ներառել Ուկրաինան ռուսական կայսրության մեջ։

Պատմությունը կրկնվում է․ այժմ ուկրաինացիները ելք չունեն։ Նրանք ստիպված են մինչեւ վերջ կռվել իրենց հայրենիքի եւ իրենց անկախության համար։

Յադվիգա, քեզ համար գուցե զարմացնող չէ, բայց ես հիացած ու զարմացած եմ, թե ինչ եռանդով է Լեհաստանը պաշտպանում Ուկրաինային։

Մենք գիտենք վստահորեն՝ Ռուսաստանը Ուկրաինայում կանգ առնելու ծրագիր չունի։ Նրանց նպատակը ցարական կայսրության վերականգնումն է։ Մերձբալթյան հանրապետություններն են վտանգված, Ֆինլանդիան է այդ ցանկում։ Լեհաստանն առաջին թիրախներից է։

Այսինքն՝ Լեհաստանը, պաշտպանելով Ուկրաինային, պաշտպանում է իրեն։
Protest Vienna

Ի պաշտպանություն Ուկրաինայի ցույցեր Վիեննայում

Այո՛։ Այո՛։ Մեզ համար շատ ավելի կարեւոր է օգնել Ուկրաինային, որ ռազմական գիծը կանգ առնի, ասենք, Դոնեցկում, քան թողնենք, որ նրանք առաջ շարժվեն, եւ մենք ստիպված լինենք կռիվ տալ Կոտովիցեի տակ։ Մենք ամեն ինչ պետք է անենք, որ ուկրաինացիները դիմակայեն, որ դիմանան։ Այս պատերազմը միայն Ուկրաինայի պատերազմը չէ։ Սա նաեւ մեր պատերազմն է։ Արեւմուտքի պատերազմն է։

Ես վաղուց եմ ասել՝ այնպես, ինչպես մենք կանգնեցրինք բոլշեւիկներին 1920-ին Վարշավայի տակ, այդպես այսօր ուկրաինացիներն են կանգնեցրել ռուսներին Դոնբասում։

Իսկ ինչո՞ւ նույնքան սուր չեն ընկալում այս վտանգը, ասենք, ֆրանսիացիները, գերմանացիները, իսկ, օրինակ, անգլիացիներն ընկալում են։

Անգլիացիները, այո՛, հասկանում են այս վտանգը։ Ֆրանսիացիներն ու գերմանացիները՝ ո՛չ։ Նրանք ողջ վտանգը չեն պատկերացնում։ Չեն հասկանում, որ Պուտինը հաջողության դեպքում կանգ չի առնելու։ Նա հաշվի չի առնելու ֆրանսիացիների ու գերմանացիների կամ իտալացիների այսօրվա երկակի դիրքորոշումը։ Չեզոք են եղել, չեզոք չեն եղել՝ նրան չի հետաքրքրելու։ Անգամ չի հիշելու, որ ճակատագրական պահին այս երկրներն իրեն ծառայություններ են մատուցել։ Ռուսաստանը Արեւմուտքին զսպելու եւ հնազանդեցնելու խնդիր ունի ու, եթե հաջողի Ուկրաինայում, հնազանդեցնելու է։

Մենք գիտենք ռուսներին։ Լեհերը, ուկրաինացիները, լիտվացիները էստոնացիները, արեւելաեվրոպական մյուս ժողովուրդները լավ գիտենք ռուսներին։ Մենք նրանց ճանաչում ենք։ Գիտենք նրանց հոգեբանությունը, նրանց մտածողությունը։ Ֆրանսիացիները, գերմանացիները, իտալացիները լավ չեն ճանաչում։ Հետեւաբար չեն տեսնում այն վտանգները, որ գալիս են Ռուսաստանից։

Նրանք մտածում են՝ մենք հեռու ենք, Ուկրաինան հեռու է, իսկ դրսում լավ եղանակ է, կարելի է գնալ սրճարան, կարելի է ռեստորանում նստել անհոգ ու գինի վայելել, ի՞նչ պետք է անի ինձ Ուկրաինայի պատերազմը։ Ո՛չ, սիրելի՛ս, ռուսը քեզ կգտնի քո սրճարանում։ Նրա սանձազերծած պատերազմը կմոտենա քո երկրի սահմանին, կհասնի քեզ, կմտնի քո ռեստորան, ու դու քո գինին չես վայելի։

Ի՞նչ ես կարծում, ինչպե՞ս է այս ամենն ավարտվելու։

Ռուսաստան չի լինելու։ Վաղ թե ուշ։ Դեռ պատերազմի հաջորդ օրը՝ փետրվարի 25-ին եմ ես այս մասին գրել։ Գրել էի, որ այս պատերազմը Ռուսաստանի վերջի սկիզբն է։

Ինչո՞ւ մենք հաջողեցինք 1987-1990 թվականներին։ Ես նկատի ունեմ ազատության ու անկախության ձգտում ունեցող ժողովուրդներին՝ հայերին, վրացիներին, լեհերին, ադրբեջանցիներին, լիտվացիներին, բոլոր-բոլորին, որ անկախություն հռչակեցին։ Որովհետեւ հեշտ է հրեշին տապալել, երբ նա վերափոխման փուլում է։ «Պերեստրոյկա» կոչվածը նման մի բան էր։ Դա ամենահարմար պահն էր, եւ մենք բոլորս միասին հասցրինք մեր հարվածը ճիշտ պահին ու հաջողեցինք։

Protest Warshaw

Ի պաշտպանություն Ուկրաինայի ցույցեր Վարշավայում

Այդ տարիներին ես Պյոտր Հլեբովիչի հետ պտտվում էի խորհրդային հանրապետություններում։ Կովկասից մինչեւ Միջին Ասիա, Բալթիկա, Ուկրաինա։ Ես քրիստոնյա կին եմ, հավատացյալ, մշտապես խաչ եմ կրում, բայց այդ շրջանում հաճախ ելույթներ էի ունենում մուսուլմանական հանրապետություններում գործող իսլամական ուղղվածություն ունեցող հակակոմունիստական կազմակերպությունների համաժողովներում։ Թվում է՝ այդպես չպետք է լիներ, բայց այդպես եղել է, որովհետեւ մեզ համար առաջին տեղում կոմունիստական կայսրության տապալումն էր։ Մենք մեզ հետ տարածելու նպատակով Ղուրան էինք տանում։ Լեհաստանում ինձ հաճախ էին հարցնում՝ ինչո՞ւ ոչ Աստվածաշունչ։ Ես ասում էի՝ ես միսիոներ չեմ, ես դիվերսանտ եմ։ Ես խորհրդային երկիրը քայքայելու խնդիր ունեմ։ Մուսուլմանական հանրապետություններում Ղուրանը նպաստում էր հակախորհրդային ու հակամոսկովյան տրամադրությունների զարգացմանը։

Այսօր Ռուսաստանի սանձազերծած պատերազմը Ռուսաստանին անհարմար վիճակի մեջ է դրել։ Այն գնալով թուլանում է։ Հրեշը կրկին վերափոխման փուլ է մտնելու։ Հարկավոր է դիմակայել, կանգնեցնել նրա առաջխաղացումը, հետ մղել ու ճիշտ պահին հասցնել ճիշտ հարվածները։ Այս դեպքում բոլորս կհաջողենք, ինչպես հաջողեցինք անցած դարավերջին։

Վարդան Հարությունյան

Իրավապաշտպան, հասարակական գործիչ` խորհրդային այլախոհի տպավորիչ կենսագրությամբ։ 2004-ին ստեղծել է «Իրավունքի եւ ազատության կենտրոնը», որի հիմնադիր ղեկավարն է։ Հրապարակել է հայ այլախոհության պատմությունը ներկայացնող երկու գիրք՝ «Այլախոհությունը խորհրդային Հայաստանում» եւ «Քաղբանտարկյալի պատմություն»։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Սահմանազատման հարցերով հանձնաժողովի նիստը՝ Մոսկվայում
հաջորդը
Եթե ես շահեմ, դիմացինս նույնպես շահի, երկու կողմն էլ երջանիկ կլինեն. Նազար Բինաթլը

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հունիսի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930 
« Մյս   Հլս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն