• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՀայաստանՄենք

Հաշմանդամություն ունեցող երեխաներն ու խտրականությունը

Հասմիկ Բալեյան 13:00 | 05.09.2022
Հասմիկ Բալեյան 13:00 | 05.09.2022
disabled child

Հայաստանում ներառական կրթության համակարգը՝ որպես ազգային քաղաքականություն, պաշտոնապես ընդունվել է 2003 թվականին։ Մեր երկրում առաջին անգամ ներառական կրթության նոր մոդելով մանկապարտեզ հիմնվել է 2015-ին:

Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքի Ոսկեվազ բնակավայրի մանկապարտեզի փոխտնօրեն Ամալյա Զոհրաբյանն ասում է՝ տարիներ առաջ՝ 2015-ին, երբ հատուկ խնամքի կարիք ունեցող երեխաները սկսեցին հաճախել մանկապարտեզ, շատ երեխաների ծնողներ սուր ու կտրուկ արձագանքեցին․ այդ երեխաների նկատմամբ կար ակնհայտ խտրական վերաբերմունք։

«Երեխաները նրանց լավ են վերաբերվում։ Ցավոք, երբեմն ծնողներն են հորդորում չխաղալ այդ երեխաների հետ։ Նման միջադեպեր եղել են իմ պրակտիկայում։ Աուտիզմ ունեցող մի երեխա սկսեց հաճախել մեր մանկապարտեզ։ Առաջին օրերին բոլոր երեխաները նրան սիրով էին ընդունում, խաղում նրա հետ, մի քանի օր անց նկատեցինք՝ երեխաներից ոմանք չեն ուզում մոտ գնալ նրան։ Երեխաներից մեկին հարցրի՝ ինչո՞ւ չի խաղում նրա հետ, չէ՞ որ մի քանի օր առաջ միասին խաղում էին։ Ասաց՝ մայրիկն է ասել, որ այդ երեխայի հետ չխաղա, քանի որ նա հիվանդ է»,- պատմում է Ամայլա Զոհրաբյանը։

Նա նշում է՝ նախադպրոցական կրթության համակարգի ներդրումից հետո իրենց մանկապարտեզում հաճախ էին ծնողական ժողովներ անում․ առավելապես ծնողների հետ էր անհրաժեշտ աշխատել, քան երեխաների։

«Ծնողներից շատերը տեղեկացված չեն։ Ծնողական ժողովներից մեկի ընթացքում մի ծնող ասաց՝ չի ուզում իր երեխայի հետ մտավոր զարգացման խնդիրներ ունեցող երեխաներ հաճախեն, քանի որ վախենում է՝ իր երեխան էլ վարակվի։ Պատկերացնո՞ւմ եք՝ տեղեկացված չլինելը երբեմն ինչ մակարդակի կարող է հասնել։ Տարիների համառ աշխատանքից հետո այժմ նման վերաբերմունքի դրսեւորումներ թեեւ չկան, բայց, ցավոք, խտրականություն դեռեւս նկատում ենք։ Մանկապարտեզում երեխաներին սովորեցնում ենք սիրել, հարգանքով ու ջերմորեն վերաբերվել միմյանց, իսկ երեխաներից ոմանք տուն են գնում, ու նրանց ծնողները սովորեցնում են հեռու մնալ հատուկ խնամքի կարիք ունեցող երեխաներից։ Մեր հասարակության մեջ պետք է ձեւավորվի մշակույթ, որ բոլորը հասկանան՝ ամենքս հավասար ենք, և երեխաների մեջ էլ այդ արժեքը մանկուց պետք է ձևավորել»,- ասում է Ամալյա Զոհրաբյանը։

Հիշում է՝ ինչպես մի անգամ հատուկ խնամքի կարիք ունեցող երեխաներից մեկի ծնողն իր հետ զրուցելիս հուզվել է՝ ասելով, թե գիտի, որ իր երեխային «շատերը մի տեսակ այլ աչքով են նայում», բայց այլ ելք չունի․ ինքն աշխատում է, չի կարող տանը մնալ ու երեխային խնամել։

«Այնուամենայնիվ, տարիների ընթացքում որոշակի փոքր տեղաշարժեր նկատվում են։ Սկզբում մեր մանկապարտեզ հաճախում էր հատուկ խնամքի կարիք ունեցող երեք երեխա, հիմա հինգն են»,- ասում է Ամալյա Զոհրաբյանը։

ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետազոտությունների տվյալներով՝ վաղ տարիքի երեխաները երկրի բազմաթիվ հատվածներում չեն ստանում խնամք եւ կրթություն, որոնք նրանց թույլ կտային իրենց ներուժը լիարժեք իրացնել եւ առողջ ու բեղմնավոր կյանքով ապրելու հնարավորություն ունենալ։ Նախադպրոցական հաստատությունների սակավությունը, գործող կանոնակարգերը եւ կրթական ռեսուրսների սղությունն ազդում են կրթության հավասարության, արդարության եւ որակի վրա։

Գրանցված հաշմանդամություն ունեցող փոքր երեխաների 1/3-ից պակասն է ստանում նախադպրոցական կրթություն, 2/3-ը չի օգտվում վերականգնողական ծառայություններից:

«Արաբկիր» բժշկական համալիրի «ԱրԲեՍ» առողջության կենտրոնի երեխաների զարգացման եւ վերականգնողական կենտրոնի Արտաշատի մասնաճյուղի հոգեբան Արփինե Դավթյանն ասում է՝ այդ փոքրիկների նկատմամբ խտրական վերաբերմունք ցուցաբերելը հանգեցնում է նրան, որ առաջանում են հոգեբանական խնդիրներ, կամ եղած խնդիրներն ավելի են խորանում։ Հոգեբանն իր պրակտիկայում հանդիպել է նման դեպքի.

«Քանի որ երեխայի նկատմամբ խտրական վերաբերմունք էր ցուցաբերվել, բնականաբար նա հոգեբանական խնդիրներ ուներ։ Բայց մեր համառ աշխատանքի շնորհիվ հասանք նրան, որ երեխան աստիճանաբար ավելի ինքնավստահ ու անկաշկանդ դարձավ»,- ասում է Արփինե Դավթյանը։

Այժմ վերականգնողական բուժում ստացող, մանկական ուղեղային կաթված (ԴՑՊ) ունեցող 5 տարեկան երեխայի մայրը «Ալիք Մեդիա»-ի հետ զրույցում պատմում է. «Մի անգամ երեխային հիվանդանոց էի տարել։ Բուժքույրերից մեկը մյուսին ասաց՝ մեկ է, սա մարդ չի դառնա։ Ես անօգնական վիճակից լաց էի լինում։ Փողոցում նման բան լինի, կարող ես անտեսել, բայց հիվանդանոցո՞ւմ… Չուզեցի բարձրաձայնել այդ մասին, հիվանդանոցի, բուժույրերի վարքագծի մասին ասել հիվանդանոցի տնօրենությանը, աղմուկ բարձրացնել, քանի որ առանց այն էլ շատ խնդիրներ ունեի, երեխայիս առողջությամբ էի մտահոգ, բայց չէ՞ որ հիվանդանոց էի գնացել, որ մեր վերքը դարմանեին, ոչ թե աղ լցնեին վրան։ Ու միայն այս դեպքը չէ, հաճախ է լինում, պարզապես արդեն սովորել ենք»։

Արաբկիր բժշկական համալիրի «ԱրԲեՍ» առողջության կենտրոնի երեխաների զարգացման եւ վերականգնողական կենտրոնի Արտաշատի մասնաճյուղի էրգոթերապիստ Գոհար Հովհաննիսյանն էլ ընդգծում է՝ ներառական կրթությունն անհրաժեշտություն է, բայց մեր հասարակությունը շատ դանդաղ քայլերով է առաջ ընթանում։ Մարդիկ տեղեկացված չեն։ Շատ ծնողների թվում է՝ հատուկ խնամքի կարիք ունեցող երեխաները վտանգավոր են, ուստի իրենց երեխաները չպետք է շփվեն նրանց հետ։ Մասնագետն ասում է՝ ոչ միայն գիտելիքի ու տեղեկացված լինելու պակաս կա, այլեւ միմյանց նկատմամբ կարեկից լինելու, ջերմություն տալու պատրաստակամություն չունեն շատերը։

«Գիտե՞ք՝ որքան բարի ու յուրահատուկ են նրանք։ Միանգամից զգում են, երբ շրջապատում իրենց սիրում են, ավելի ուրախ են լինում, հոգեբանական խնդիրներ չեն ունենում, նրանց հետ իրականացվող պարապմունքներն էլ ավելի արդյունավետ են անցնում։ Մենք բոլորս, նրանց նկատմամբ հավասար վերաբերմունք ցուցաբերելով, կարող ենք նրանց կյանքն ավելի լավը դարձնել»,- ասում է Գոհար Հովհաննիսյանը։

Նա ընդգծում է՝ այդ փոքրիկների մեջ այնպիսի հիանալի մարդկային որակներ կան, որոնցով ուղղակի կարելի է հիանալ։ Շատերն ապշելու աստիճան տաղանդավոր են:

«Յուրաքանչյուր տարիքային փուլ իր առանձնահատկությունն ունի, եւ եթե դեռ վաղ մանկության տարիներին երեխան համապատասխան վերականգնողական բուժում ու կրթություն ստանա, նրա մեջ, անկասկած, նկատելի դրական փոփոխություն կլինի, նրա կյանքի որակը կբարելավվի։ Այս հարցում ոչ միայն մասնագետները, այլեւ հասարակությունն իր ներդրումը պիտի ունենա։ Բոլորս պիտի գիտակցենք՝ մենք հավասար ենք»,- եզրափակում է Գոհար Հովհաննիսյանը։

Hasmik Baleyan
Հասմիկ Բալեյան

Լրագրողն իր մասնագիտական գործունեությամբ հասարակական կարծիք է ձեւավորում։ Հենց ա՛յդ գիտակցումով եմ առաջնորդվում եւ աշխատում։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Օձեր են բռնել Աշտարակ եւ Աբովյան քաղաքներում, Սեւքար գյուղում
հաջորդը
Զբոսաշրջիկների խմբային վիզաները 2023-ից կչեղարկվեն

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 2

    Բնության հետ ներդաշնակ տնտեսություն․ երեք պատմություն Վայոց ձորից

  • 3

    Կրթության նոր մեթոդներ, որոնք ձեւավորում են քննադատական ու...

  • 4

    2024-ի հունվարի 1-ից կենսաթոշակը նոր ձեւով կհաշվարկեն

  • 5

    Yandex քարտեզները՝ Երեւանի հասարակական տրանսպորտի ուղեցույց

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Սեպտեմբերի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930 
« Օգս   Հկտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն