• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՆերքինՔաղաքականություն

Երբ «հավաստի աղբյուրի» տեղեկությունները, ցավոք, հավաստի են

Մեսրոպ Հարությունյան 11:30 | 07.10.2022
Մեսրոպ Հարությունյան 11:30 | 07.10.2022
pashinyan, aliyev, erdogan

Լրագրողական էթիկայի երկու սկզբունք կա՝ հավաստիությունը եւ աղբյուրի գաղտնիությունը (վերջինս Հայաստանում, ի դեպ, նաեւ օրենսդրական կարգավորում ունի. «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածը երաշխավորում է աղբյուրների պաշտպանությունը)։

Որքան էլ զարմանալի թվա, այս երկու սկզբունքները բախվում են։

Բացատրեմ. որեւէ տեղեկություն լսարանի ընկալմամբ (շեշտում եմ՝ լսարանի՛ ընկալմամբ) հավաստի է, երբ հղում է կատարված կոնկրետ աղբյուրի. «X նախարարության Y վարչության Z պաշտոնյան տեղեկացրեց, որ…»։ Իսկ երբ հղումը կատարում ես պարզապես նախարարությանը կամ նրան մոտ կանգնած աղբյուրներին, ապա լսարանի համար դրա հավաստիության մակարդակն ընկնում է։ Անանուն «հավաստի» աղբյուրներին հղումը տեղեկության հավաստիությունն ընդհանրապես փոշիացնում է։

Ե՞րբ են լրատվամիջոցները դիմում գաղտնի (խորհրդապահական) աղբյուրների եւ չեն բացահայտում դրանք։ Հիմնականում` լրագրողական հետաքննությունների ժամանակ, երբ կարող է վտանգ սպառնալ աղբյուրին, եւ վերջինս խնդրում է չհրապարակել իր անունը։ Ընդսմին, հետաքննող լրագրողները, սովորաբար, հրապարակման մեջ ազնվորեն խոստովանում են, որ աղբյուրն ինքն է գերադասել գաղտնի մնալ։ Կհավատա՞ լսարանը այս դեպքում աղբյուրի հայտնած տեղեկություններին, թե՞ ոչ, նույն լսարանի խնդիրն է։

Արդեն մի քանի օր է՝ հանրության ուշադրության կենտրոնում են Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակ» թերթի հրապարակ նետած երկու նյութերը՝ իբր անանուն, «Հավաստի աղբյուր» ստորագրությամբ։

Զուտ էթիկական սկզբունքների տեսակետից աղբյուրի կամ հրապարակման հեղինակի գաղտնիությունը պահպանված է։

Սակայն արդարացվա՞ծ է, արդյոք, այդ գաղտնիությունը։ Ինչի՞ց է վախենում «հավաստի աղբյուրը», որ որոշել է գաղտնի մնալ։ Կարո՞ղ է կոռումպացված չինովնիկներն են սպառնում նրա կյանքին, կամ հակահեղափոխականներն են ուզում վերացնել նրան, կամ «ռուս կոմերիտուհի կինն» է պատրաստվում նրան տրամվայի տակ ճխլելու։ Է՞լ ումից է ուզում գաղտնի մնալ «հավաստի աղբյուրը»։

Եվ վերջապես, որքանո՞վ են «հավաստի աղբյուրի» հաղորդած տեղեկությունները հավաստի։

Խոստովանենք՝ սա այն եզակի դեպքն է, երբ էթիկական երկու՝ հավաստիության եւ աղբյուրի գաղտնիության պաշտպանության սկզբունքները չեն բախվում, որովհետեւ տեղեկությունների (ինչ են ուզում Ադրբեջանն ու Ռուսաստանը) հավաստիությունը կասկած չի հարուցում։

Այդ խայծերը նետելու նպատակներին ու խայծերի բովանդակությանը ես չեմ անդրադառնում։ Ինձ հետաքրքիր է միայն դրա էթիկական կողմը, եւ դրա համար կրկին հարցնեմ. եթե հոդվածները հրապարակվել են վարչապետի ընտանիքին պատկանող թերթում, եթե դրանք պարունակում են տեղեկություններ, որոնց շատ քիչ մարդ է տիրապետում, եթե ՔՊ-ականները ամեն կերպ խուսափում են դրանք մեկնաբանելուց (ասում են՝ չեն կարդացել), եթե, այսուհանդերձ, այդ տեղեկությունների հավաստիությունը կասկած չի հարուցում, ապա իր դեմքը բացել չցանկացող անանուն «Գյուլչատայը» էթիկական ի՞նչ սկզբունքով է առաջնորդվում։

Պատասխան չկա։

Բայց դե, ինչքան էլ Գյուլչատայը թաքցրեց դեմքը չադրայի հետեւում, այդ «հավաստի աղբյուրը» հասարակական ընկալման մեջ էդպես էլ անանուն չմնաց։

Իսկ թե ինչու, պատասխանենք Պուշկինի հայտնի «Ex ungue leonem» («Առյուծին ճանկերից են ճանաչում») բանաստեղծության (որ հայերեն է փոխադրել Չարենցը) վերջին տողի մի փոքր փոփոխված տարբերակով. «Ընթերցողներն ականջներից իմացան նրան»։

Ինչո՞ւ եմ վերնագրում օգտագործել «ցավոք» միջանկյալ բառը։

Կարծում եմ՝ հասկանալի է. թեպետ այդ հոդվածները կարծես թե առանձնապես գաղտնիքներ չեն պարունակում, իսկ տեղեկությունների հավաստիությունը կասկած չի հարուցում, մեզ մնում է ցավել, որովհետեւ դրանցում Հայաստանին օգտակար ոչ մի բան չկա։

Կա միայն հավաստումն այն բանի, որ այս իշխանությունը թամբին մնալու համար պատրաստ է ամեն ինչի։

Ցավոք։

Հ. Գ. Կարո՞ղ է Պրահայում հանդիպումներից հետո «Հավաստի աղբյուրը» «սլիվ» անի, թե Թուրքիան մեզնից ինչ է ուզում։

Մեսրոպ Հարությունյան

Լրագրող, խմբագիր, փորձագետ, լրագրության ուսուցիչ։ Նրա կենսագրությունը սկսվել է նախորդ դարի 80-ականներին Հայաստանի Մեղրու շրջանի «Արաքս» թերթից ու շարունակվել մեդիայի կայացման խառնարանում։ Հեղինակ է պատմվածքների ու վեպերի հինգ գրքի եւ լրագրողական էթիկայի ուսումնական ձեռնարկի։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Ապաշրջափակման առնչությամբ Բաքուն կրկին դրական չի արձագանքել. Փաշինյան
հաջորդը
Ռուսաստանի վտանգը. դո՞ւրս գալ ՀԱՊԿ-ից, թե՞ մնալ

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հոկտեմբերի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31 
« Սպտ   Նյմ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն