Մի ընտանիքի պատմություն. «Չեմ ուզում հիշել այդ գիշերը»

Անի Գեւորգյան
Badeyan family

Երեք ամիս է՝ Լիանա Բադեյանը երեք երեխաների հետ Վարդենիսի Ազատ գյուղից տեղափոխվել է Երեւան: Ամուսինը, սակայն, դեռ գյուղում է, փորձում է ինչ-որ կերպ վարել տնտեսությունը եւ խնամել ընտանիքին պատկանող հորթուկներին:

«Սեպտեմբերի 13-ից հետո մեր գյուղում ապրել հնարավոր չէ. թշնամու նշանառության տակ է: Բոլոր ընտանիքները հեռացել են: Տղամարդիկ կանանց ու երեխաներին հանել են գյուղից, իրենք գնում-գալիս են: Մարդիկ կան՝ իրենց վերջին կոպեկն էին դրել հողի մեջ ու հիմա չգիտեն, թե ինչ անեն»,- ասում է կինը:

Գյուղում ունեցած տնտեսությունը լիարժեք վարելու անհնարինության պատճառով ինչպես մյուս, այնպես էլ Լիանայի ընտանիքում լուրջ ֆինանսական խնդիրներ են առաջացել. «Ես ու 20-ամյա որդիս տառապում ենք երիկամների անբավարարությամբ: Երեք օրը մեկ հիվանդանոց ենք գնում, չենք կարող աշխատել: Մեր միակ եկամուտը 60 հազար դրամ նպաստն է: Տան վարձը տալու համար դրան ավելացնում ենք Վարդենիսում ապրող մեր ծնողներից ստացած օգնությունը»:

Badeyan familyԼիանա Բադեյան. «Ամուսինս շաբաթվա ընթացքում մի անգամ է գալիս քաղաք: Չի դիմանում, ասում է` ես գյուղի մարդ եմ»:

Badeyan family«Բայց հողերը ո՞նց մշակենք: Չգիտենք, թե գարնանն ինչ վիճակ կլինի: Վարե՞նք, ցանե՞նք, թե՞ թողնենք թշնամուն»:

Badeyan family«Չեմ ուզում հիշել այդ գիշերը: Ահավոր վիճակ էր` պայթյուններ ու կրակոցներ»:

Badeyan family«Առանց այդ էլ մեր ընտանիքը լուրջ խնդիրներ ուներ, դրան գումարվեց տնից ուժով հեռանալը»:

Badeyan family«Առողջական խնդիրները մեզ ստիպում են անշարժ կյանք վարել: Միակ ուրախությունը տան փոքրիկն է` 5 տարեկան Մարիան»:

Badeyan family«Ազատից շատ բան չեմ բերել, հիմնականում խոհանոցային մի քանի պարագաներ:

Badeyan family«Օրերս ամուսինս մեր այգուց միրգ էր ուղարկել: Ջեմ եփեցի, որ երեխաների համար համով բաներ պատրաստեմ»:

Badeyan family«Մայրս ու հայրս դեռ այնտեղ են, հրաժարվում են հեռանալուց: Մի կով ունեն, մի քիչ կաթ, պանիր են ուղարկում»:

Badeyan family«Սեպտեմբերի 13-ից հետո ամեն օր անորոշության մեջ ենք»:

Badeyan family«Անդադար բժշկական միջամտության կարիք ենք ունենում, միակ բուժումը երիկամների փոխպատվաստումն է, որը Հայաստանում չի արվում:
Հույս ունենք, որ մի օր մեզ կաջակցեն, եւ կկարողանանք այդ բուժումը ստանալ»:

Badeyan family«Դեպքերի ժամանակ մեր հորթուկները փախել, գնացել, սահմանին կանգնել էին:
Մեր ընտանիքի միակ ունեցվածքն են, ամուսինս, կյանքը վտանգելով, գնաց, հետ բերեց»:

Badeyan familyԸնտանիքի ավագ դուստրը` Լիլիթը, ուսանողուհի է, ուսումն ավարտելուց հետո հույս ունի լավ աշխատանք գտնելու:

Badeyan familyԼիանան ասում է` դեռեւս չի սկսել տունը ջեռուցել, չգիտի, թե ինչպես պետք է վճարի դրա դիմաց:

Badeyan family«Փորձում ենք հարմարվել դժվարություններին, բայց չգիտենք, թե մինչեւ երբ կկարողանանք»: