• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՆերքինՔաղաքականություն

Անպատասխանատվության հովիտ Հայաստանս

Գոռ Մադոյան 17:30 | 21.01.2023
Գոռ Մադոյան 17:30 | 21.01.2023
pashinyan & papikyan

Օրերս հասարակությունը ցնցվեց ահասարսուռ լուրից․ պատերազմող երկրում՝ ոչ ռազմական պայմաններում, զորանոցում այրվել էր 15 զինծառայող։

Ըստ վարչապետ Փաշինյանի եւ նրա ենթակաների հնչեցրած պաշտոնական վարկածի՝ այրվել էին «սեփական խելքից», չէին պահել հակահրդեհային կանոնները, որպես կպչան բենզին էին օգտագործել․ կարճ ասած՝ «Պողոսն իր խելքից էր տուժել»։ Ավելին՝ «թղթերով ամեն ինչ կարգին է»․ ԳՇ պետի հրամանը կա, նախարար Պապիկյանի հրամանը կա, կպչանը կա, վառելափայտը կա, ամեն ինչ կա՝ բացի 15 զինվորի կյանքից։

Ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը ժամանակին գրում էր, որ «բանակի ամեն զոհի հետեւում կա կոնկրետ մեղավոր, կոնկրետ պատասխանատու, եւ պետք է գտնել նրանց»։ Այս անգամ նա դեպքը բնորոշեց «հրեշավոր»։ Այս բառի օգտագործումն ուղիղ ճանապարհ է դեպի խնդրո առարկայի իռացիոնալիզացիա, դեպի ճակատագրապաշտություն, խնդրի լոկալիզացիա, աղետի մշակութայնացում եւ, հետեւաբար, անանձնավորում ու «ջրում»։

Եվ դա երկար սպասեցնել չտվեց․ պարզվեց, որ մեղավորը «վառարան վառողն է», իրավիճակի աբսուրդայնացման գագաթնակետը կլիներ, իհարկե, հետմահու դատել այդ չարաբաստիկ զինվորին, որը չէր թողել պատասխանատուներին հանգիստ ապրել անհանգիստ անմեղների այս հովտում։

Հարցին մոտենանք այլ դիտանկյունից։ Տարիներ առաջ Գերմանիայի պաշտպանության նախարար Կառլ Գուտենբերգը հրաժարական տվեց բացառապես այն պատճառով, որ կասկած կար, որ նա իր ատենախոսության մեջ գրագողության հատվածներ ունի։ Մեր 15 զոհի դեպքում նախարարը ոչ միայն հրաժարական չտվեց, այլեւ հայտարարեց, որ «թղթերով ամեն ինչ ճիշտ է», եւ մեղավորը ԳՇ պաշտոնյաներն են, կորպուսի հրամանատարը կամ, վերջին հաշվով, հենց իրենք՝ մահացածները։

Վարչապետն էլ քավոր կանգնեց այդ պաշտպանական գծին․ վերադաս հրամանատարությունն է մեղավոր, որ ջեռուցումը բենզին/կպչանով է եղել, իսկ նախարարը՝ ոչ։ Վերաձեւակերպելով դասականին՝ նախարարը մեղավոր է, բայց միակ պատասխանատուն չէ։

Ցանկացած սթափ մարդու մեջ հարց կառաջանա՝ իսկ ի՞նչ պետք է լինի, որ նախարարը պատասխանատու լինի եւ հրաժարական տա․ ինքնադատաստանի դեպքեր բանակում՝ կան, զոհեր ավտովթարից՝ կան, տարածքների կորուստ՝ կա, կոռուպցիա՝ կա, պաշտոնեական դիրքի չարաշահում՝ կա։ Քավ լիցի, ՊՆ-ն այնպիսի բազմապրոֆիլ ու բազմազբաղ կառույց է, որ հրաժարականի պատճառներ հատորներով կարելի է գտնել, բայց, միեւնույնն է, անձնական հավատարմությունը վարչապետին ամեն ինչից վեր է, իսկ նրա հոգածությունը ենթակայի հանդեպ՝ անմնացորդ։

Բայց վերը նշվածները խնդրի միայն մի հատվածն են կամ դիտանկյունը։ Ինչպե՞ս կարող են երկրի պաշտպանության համար զորակոչված 18-20 տարեկան տղաներ, որոնք իրենց կյանքից 24 ամիս պետք է նվիրեն պետությանը, ապրեն կիսամարդկային պայմաններում, ապրեն կյանքի ու մահվան ամենօրյա վտանգի տակ, բայց մի տեղում, որը ոչ մի աղերս չունի 5-րդ սերնդի բանակի ու պաշտոնյաների՝ «բանակը ոչնչի կարիք չունի» պնդումների հետ։

Բոլորն էլ գիտեն, հետպատերազմական Հայաստանում բանակի ռեֆորմ ասվածը աչքակապություն է. նույն բարքերն են, նույն բիզնեսմեն գեներալները, նույն կոռուպցիան, նույն հաճախորդահենք բյուրոկրատիան, նույն պրոֆան պատասխանատուները․ ինչպես կասեր ՌԴ նախկին վարչապետ Չեռնոմիրդինը, «Никогда такого не было, и вот опять»։

Այսպիսի հանցանքից հետո ցանկացած երկրի նորմալ ղեկավարություն կքննարկեր, թե ինչու են 21-րդ դարում զորանոցի պայմանները համապատասխանում 19-րդ, իսկ ջեռուցման համակարգը՝ 14-րդ դարին։ Կքննարկեին, գոնե, կերոսինային/դիզելային շարժիչների ու ջեռուցման, հակահրդեհային համակարգերի բացակայությունը, իսկ դրա փոխարեն ինչ ենք լսում՝ «կպչան», «բենզին», «հրեշավոր», «հրամանը կա», «թուղթը կա» ոճի ինֆանտիլություններ, որոնց նպատակը խնդրո առարկա աղետի ապաքաղաքականացումն է, ապահասցեագրումը, քաղաքական պատասխանատուների «գլուխը լվալը» եւ մահացածներին մեղավոր հանելը․ չէ՞ որ նրանք արդեն չեն կարող պաշտպանվել եւ այդ առումով գերհարմար թիրախ են։

Կխոսվեր բանակի մենեջմենթի, ասել է թե՝ նախարարի ու փոխնախարարների պատասխանատվությունից․ լոգիստիկա, մատակարարման շղթաներ, շենք/շինություն, ճանապարհներ ու անվտանգություն, կյանքի որակ, ի վերջո։

Չէ՞ որ օրեր առաջ նույն կառավարության անդամներն ու պատգամավորները, քափ-քրտինք մտած, սոցիալական ցանցերի իրենց էջերում տարածում էին, թե Հայաստանը աշխարհի անվտանգ երկրների թոփ տասնյակում է, միգուցե ակնարկում էին, որ իրար փողոցներում չեն սպանում բրազիլական ֆավելաների ու մեքսիկական կորտելների նման, եւ դա բավարար է։

Միգուցե բավարար է սեփական անհոգության, կյանքի որակի, պաշտոնի ու դիրքի պաշտպանության համար, բայց նույնիսկ Էդիպուս արքան, անիմացության ու ճակատագրի բերումով սպանելով հորը, իր աչքերը հանեց՝ պատասխանելով, որ չիմացությունը պատասխանատվությունից չի ազատում։

Էդիպուսը գլխի չէր ընկել, որ կարող էր պնդել՝ թղթերով ամեն ինչ ճիշտ է, եւ ինքը մեղավոր չէ։ Դրա համար էլ հին հույները բոլոր ժամանակների մեծագույն քաղաքակրթություններից մեկն էին ստեղծել, իսկ 21-րդ դարում մեզ՝ քաղաքացիներիս, համոզում են, թե ոչ ոք մեղավոր չէ։ Համոզում են, որ դե մարդ են՝ կրակից այրվել են, ոչինչ, նախարարը ինչ մեղավոր է, նախարար է, էլի, տուն-տեղ ունի, հիփոթեք ու վարկեր ունի, էդ միլիոնանոց հարսանիքի ծախսերը դեռ չի փակել, վստահաբար վարկով կլիներ հարսանիք արած, իսկ դուք աղմուկ եք դրել, թե՝ հասե՜ք, 15 զոհ։

Իրավիճակի ողջ «հրեշավորությունն ու ողբերգականությունը» հենց միայն փաստն է, որ տողերիս հեղինակը ստիպված է նման պրիմիտիվ ու դասագրքային ճշմարտություններ գրել իրավական, քաղաքական ու բարոյական պատասխանատվության մասին։

Gor Madoyan
Գոռ Մադոյան

Մասնագիտությումբ պատմագետ եմ։ Տարիներ ի վեր ուսումնասիրում եմ հայկական մեդիան եւ քաղաքական դաշտը։ Գրում եմ պատմության, քաղաքականության, մշակույթի, գաղափարների ու մարդկանց մասին։ Չեմ հավատում փրկիչներին։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Հրանտ, Նաստյա եւ Ստաս՝ հակաֆաշիստական ​​համերաշխություն
հաջորդը
Նիդերլանդների խորհրդարանի կոչը Լաչինի միջանցքի ապաշրջափակման վերաբերյալ

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հունվարի 2023
ԵԵՉՀՈւՇԿ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 
« Դկտ   Փտր »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն