«Հազարաշեն» ազգաբանական հետազոտությունների հայկական կենտրոն ՀԿ-ն, համագործակցելով գերմանական «Austausch e.V.» ՀԿ-ի հետ, իրականացնում է «Մոլորված անցումային շրջանում» ծրագիրը։
Որպես պատմության եւ քաղաքացիական կրթության պրակտիկանտներ՝ գերմանական «Austausch e.V.» ՀԿ-ն իր ուշադրության կենտրոնում է պահում 1989 թվականից սկսած հետսոցիալիստական ժամանակաշրջանի գնահատումը։ Ըստ այդմ՝ ՀԿ-ն կարեւորում է նաեւ անցումային շրջանի վերաբերյալ կրթական ռեսուրսների տրամադրումը եւ մանկավարժների վերապատրաստումը։
Այս ՀԿ-ի նախաձեռնությամբ անցումային շրջանի վերաբերյալ ստեղծվել են ձեռնարկներ, փոդքասթներ, անցկացվել են ցուցահանդեսներ, կոնֆերանսներ եւ այլ միջոցառումներ, որոնք արտացոլում են են 1989 թվականից սկսած հետսոցիալիստական վերափոխման ժամանակաշրջանը։ Հայաստանում ծրագիրը մեկնարկել է 2022 թվականին։ Այս ընթացքում վերապատրաստվել է 40 ուսուցիչ, դասընթացներն իրականացվել են Հայաստանի տարբեր մարզերում գտնվող 35 դպրոցում։
«Մոլորված անցումային շրջանում» ծրագրի ղեկավար Նորա Կորտեն «Ալիք Մեդիա»-ի հետ զրույցում պատմում է՝ այս ծրագիրը երկու հիմնական նպատակ ունի․ աշակերտների շրջանում անցումային շրջանի հետ կապված գիտելիքների պաշարն ավելացնել, կրթության մեթոդները բարելավել։ Այս ծրագիրն իրականացվում է Հայաստանում, Վրաստանում եւ Ուկրաինայում։
Նորա Կորտեն ասում է՝ հետխորհրդային երկրների դպրոցներում կան առանձին դեպքեր, երբ կրթության մեթոդներն ավտորիտար են։ Սա պետք է բարեփոխել։ Ըստ Կորտեի՝ այս խնդիրն առավելապես կապված է կրթական համակարգում առկա խնդիրների հետ, ոչ թե ուսուցիչների աշխատելու մեթոդների։ Երեխաները արդի դարաշրջանում պետք է կրթվեն այնպես, որ նրանց մասնակցությունը լինի այդ գործընթացում, այսինքն՝ երեխայի պահանջմունքները ուսուցիչները պետք է լսեն, նրա կարծիքը հաշվի առնեն եւ աշակերտին ինքնառեալիզացվելու հնարավորություն տան։
Ըստ Նորա Կորտեի՝ 90-ական թվականներն արդեն անցյալ են դարձել, եւ անցումային շրջանի՝ այսինքն՝ խորհրդային շրջանին հաջորդող ժամանակաշրջանին վերաբերող շատ քիչ ուսումնական նյութեր կան, ավելին՝ որոշ թեմաներ կան, որոնք տաբու են։
«Ուսուցիչներից ոմանք, բավարար նյութեր չունենալով, խուսափում են որոշ թեմաների մասին խոսելուց, իսկ մենք նրանց տրամադրեցինք այդ նյութերը, որը նկատելիորեն հեշտացրել է ուսուցիչների գործը։ Սրանից բացի՝ մենք հանդիպումներ ենք կազմակերպել այդ ժամանակահատվածում ապրած գործիչների՝ ականատեսների հետ։ Երեխաները մեծ հետաքրքրությամբ են լսում այս գործիչներին, այդ տարիների հետ կապված իրադարձությունները, եղելությունը։ Այսինքն՝ նրանք այդ տարիների մասին իմանում են ոչ միայն գրքի կամ ինչ-որ ձեռնարկի միջոցով, այլեւ մարդու, բանավոր պատմությունների։ Այնուհետեւ երեխաները ինչ-որ հանձնարարություններ են կատարում, օրինակ՝ տանը զրուցում իրենց ընտանիքի այն անդամների հետ, որոնք ապրել են այդ տարիներին, նկարներ կամ սահիկաշար են պատրաստում, ակտիվ քննարկումներ անում»,- պատմում է Նորա Կորտեն։
Նա եղել է Երեւանում եւ Գյումրիում գտնվող մի քանի դպրոցում, շփվել երեխաների հետ, հետաքրքիր տպավորություններ ստացել․ անցումային ժամանակաշրջանի հետ կապված՝ երեխաներին հետաքրքրում են ոչ միայն պատմական իրադարձությունները, այլեւ նույնիսկ կենցաղին առնչվող երեւույթները, օրինակ՝ ինչպես էին այդ տարիներին մարդիկ ջուր տաքացնում, տները ջեռուցում, երբ հոսանքի հետ կապված խնդիրներ կային։
Նորա Կորտեն նշում է՝ կրթության այս նոր մեթոդն օգնում է երեխաներին ավելի համարձակորեն իրենց մտքերն արտահայտել, ավելի մեծ երազանքներ ունենալ ու ինքնավստահորեն հասնել դրանց։ Քանի որ Հայաստանում առաջին դասընթացներն անցկացվել են երկու տարի առաջ, առայժմ դժվար է հստակ արդյունքներ արձանագրել, իսկ, օրինակ, Վրաստանի պարագայում արդեն աշխատանքի պտուղները քաղում են։ «Վեց տարի առաջ Վրաստանի դպրոցներում սովորող երեխաների հետ ծրագիր ենք իրականացրել։ Նրանք արդեն ավարտել են դպրոցը, ապրում են քաղաքական ակտիվ կյանքով, շատերը քաղաքացիական ակտիվիստներ են դարձել, ոմանք արդեն երիտասարդ փորձագետներ են․․․»,- պատմում է Նորա Կորտեն։ Նա նշում է՝ Հայաստանի դպրոցներում սովորող աշակերտները ուշիմ են, հետաքրքրասեր եւ նախաձեռնող։ Ուստի, մասնագետները լիահույս են, որ տարիներ հետո այդ երեխաներից շատերը աչքի են ընկնելու իրենց ակտիվ ու արգասաբեր գործունեությամբ։
Աշնանը մեծ միջոցառում է լինելու․ հանդիպելու են Հայաստանի, Վրաստանի, Ուկրաինայի դպրոցներում սովորող այն աշակերտները, որոնք մասնակցել են այս ծրագրին։ Հանդիպումն, ամենայն հավանականությամբ, տեղի է ունենալու Հայաստանում։
2025 թվականի ընթացքում ապրիլ, մայիս ամիսների ընթացքում ծրագրին մասնակցող երեխաները հնարավորություն են ունեցել հանդիպելու խորհրդային, հետխորհրդային ժամանակաշիրջանի ականատեսներին։ Ըստ Նորա Կորտեի՝ քանի դեռ այդ մարդիկ մեր կողքին են, մենք նրանց պիտի լսենք, քանի որ նրանց փորձառությունը մեծ արժեք ունի։ Այդ մարդկանցից շատերն իրենց ներդրումն ունեն հետխորհրդային շրջանում նորանկախ հանրապետության կայացման, շենացման գործում։ Ծրագրին մասնակցած ականատեսներից են «Շիրակ» քաղաքական մշակույթի եւ համաձայնությունների զարգացման կենտրոն ՀԿ ղեկավար Վահան Թումասյանը, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ ՀԿ-ի խորհրդի նախագահ Լեւոն Բարսեղյանը, «Ա.Դ.Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն» ՀԿ Շիրակի մարզի ներկայացուցիչ Սեյրան Մարտիրոսյանը, Գյումրու «Բիոսոֆիա» բնապահպանական կազմակերպության նախագահ Գեւորգ Պետրոսյանը, «Բանակն իրականում» նախաձեռնության ներկայացուցիչ Լալա Ասլիկյանը, Երեւանի ժառանգության պաշտպանության կոմիտեի անդամ Իզաբելլա Սարգսյանը, «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի նախագահ Ինգա Զարաֆյանը, «Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան ՀԿ նախագահ Նինա Կարապետյանցը, Եվրասիա համագործակցություն հիմնադրամի գլխավոր տնօրեն Գեւորգ Տեր-Գաբրիելյանը, Փաստաբաններ մարդու իրավունքների համար ՀԿ ներկայացուցիչ Սեդա Մելիքյանը։
Երեւանի Համբարձում Գալստյանի անվան թիվ 83 ավագ դպրոցի 10-րդ դասարանի պատմաիրավագիտական հոսքում սովորող Լիլիթ Քեհեյանն ապագա իրավաբան է․ նա երազում է փաստաբան դառնալ։ Լիլիթը «Մոլորված անցումային շրջանում» ծրագրի մասնակիցներից է։ Ասում է՝ ծրագրի շնորհիվ նոր գիտելիքներ է ստացել, իրեն հետաքրքրել են հատկապես ականատեսների հետ հանդիպումը։
«Մեր դպրոցում հանդիպեցինք քաղաքացիական հասարակության ձեւավորման ակունքներում կանգնած, տարբեր նախաձեռնող խմբերի անդամ Սեդա Մելիքյանին։ Շատ տպավորված եմ հանդիպմամբ։ Անշուշտ, այս ծրագրի շրջանակում նաեւ այլ քննարկումների ենք մասնակցել։ Կարծում եմ՝ սա հիանալի հնարավորություն է, դասագրքային փաստերից զատ՝ ծանոթանալու նաեւ այլ փաստերի»,- մանրամասնում է Լիլիթ Քեհեյանը։
Նույն դպրոցում սովորող Սիրանուշ Ղասումյանը, որը 11-րդ դասարանի տնտեսագիտական հոսքում է սովորում, որոշել է տվյալագետ դառնալ։
«Մոլորված անցումային շրջանում» ծրագրի մասին խոսելով՝ Սիրանուշն ասում է՝ այն բավական մեծ պոտենցիալ ունի եւ կարող է մեծ հաջողությունների հասնել, նաեւ ազգային գաղափարախոսություն ձեւավորել երիտասարդ սերնդի մեջ։
Երեւանի Համբարձում Գալստյանի անվան թիվ 83 ավագ դպրոցի պատմության եւ հասարակագիտության ուսուցչուհի Նաիրա Երկանյանն այս կրթական ծրագրին ներգրավվել է երկու տարի առաջ։ Ծրագրի առաջին փուլում ուսուցիչները վերապատրաստվում են, սովորում, թե ինչպես կարելի է աշխատել ականատեսների ու երեխաների հետ, որոշակի նախապատրաստական աշխատանքներ են տարվում, այնուհետեւ ականատեսները հրավիրվում են դպրոց։
Նաիրա Երկանյանը վստահեցնում է՝ աշակերտներին հետաքրքրում է պատմության մասին իմանալ նաեւ ականատեսների միջոցով։
«Երեխաներն ակտիվորեն մասնակցում են քննարկումներին։ Մեր դպրոցի 10-րդ եւ 11-րդ դասարանում սովորող երեխաներն են մասնակցել այս ծրագրին։ Մեր դպրոցում հյուրընկալված առաջին ականատեսը Վարդան Հարությունյանն էր։ Այդ հանդիպումը երկու տարի առաջ եղավ։ Երբ ծրագրի երկրորդ փուլը մեկնարկեց, որոշեցինք էլի՛ հանդիպում անցկացվել ականատեսի հետ, ապա հյուրընկալեցինք իրավապաշտպան Սեդա Սաֆարյանին։ Ականատեսների հետ հանդիպումները, քննարկումները, բանավեճերը զարգացնում են աշակերտների մտածողությունը, լայնացնում մտահորիզոնը»,- պատմում է ուսուցչուհին։
Նա վստահեցնում է՝ երեխաներն այդ շփումների կարիքն ունեն․ նրանք ուզում են լսել խորհրդային շրջանի, դրան հաջորդած տարիների մասին եւ , իհարկե, զրուցել այդ ժամանակաշրջանում ապրած մարդու հետ։

Երեւանի Համբարձում Գալստյանի անվան թիվ 83 ավագ դպրոցի 10-րդ եւ 11-րդ դասարանի աշակերտները հանդիպել են Սեդա Մելիքյանի հետ
«Իրենք 2000-ականների սերունդ են, եւ չեն պատկերացնում, թե, օրինակ, ինչպիսին է եղել կրթությունը 1990-ականներին, մարդիկ ինչպես են մտածել, պայքարել։ Ահա այսպիսի մարնրամասների մասին աշակերտները դասագրքում չեն կարող կարդալ։ Ուստի նման հանդիպումները շատ կարեւոր են»,- մանրամասնում է Նաիրա Երկանյանը։
Շիրակի մարզի Ղարիբջանյան գյուղի պատմության եւ հասարակագիտության ուսուցչուհի Կարինե Քոչոյանը ծրագրի շրջանակում վերապատրաստված ուսուցիչներից է։ Նա համակարգել է Շիրակի մարզի հինգ դպրեցներում ականատեսների ու աշակերտների հանդիպման կազմակերպման աշխատանքները։ Քոչոյանը կամավոր ատեստավորման մասնակցած ուսուցիչ է։ Ատեստավորման ընթացքում 95 տոկոս արդյունք է ցուցաբերել ու որակավորման առաջին տարակարգ ստացել։
«Ականատեսների հետ հանդիպումներ են կազմակերպվել Ձորակապի դպրոցում Վահան Թումասյանի հետ, Գյումրու թիվ 7 դպրոցում՝ Գեւորգ Պերոսյանի հետ, Գյումրու թիվ 38 դպրոցում՝ Լեւոն Բարսեղյանի հետ, Գյումրու թիվ 41 եւ 15 դպրոցներում՝ Սեյրան Մարտիրոսյանի հետ։ Երեխաները մեծ ոգեւորությամբ էին մասնակցում քննարկմանը, հարցեր տալիս ականատեսներին»,- պատմում է Կարինե Քոչոյանը։
Նա երկու տարի առաջ ծրագրի շրջանակում վերապատրաստվել է Վրաստանում։ Նոր փորձառություն է ձեռք բերել, իմացել դասավանդման նոր մեթոդների մասին, ապա սկսել է դրանք կիրառել իր աշխատանքում։
Վերապատրաստման ժամանակ բանախոսները շեշտում էին, որ կարեւոր է բազմատեսանկյուն մոտեցումը, բանավոր պատմություններ ներկայացնելը, փաստերը տեսանյութերի, լուսանկարների միջոցով ներկայացնելը։
«Իհարկե, պետք է նշեմ, որ կոնկրետ լուսանկարների օգտագործման հարցում ես որոշակի հմտություններ ունեի, քանի որ 2019 թվականին Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը մեդիագրագիտության վերապատրաստման դասընթացներ է անցկացրել ուսուցիչների համար, եւ ես որոշակի հմտություններ էի ձեռք բերել։ Բայց, այս ծրագրի շրջանականում, իսկապես, նոր փորձառություն ձեռք բերեցինք, որն արդյունավետորեն կիրառում ենք մեր աշխատանքում։ Վստահ եմ՝ այս ծրագրի պտուղները քաղելու ենք»,- եզրափակում է Կարինե Քոչոյանը։

Լրագրողն իր մասնագիտական գործունեությամբ հասարակական կարծիք է ձեւավորում։ Հենց ա՛յդ գիտակցումով եմ առաջնորդվում եւ աշխատում։