Լոռու մարզի Քարաբերդ գյուղում հնարավոր է՝ նոր հանք բացվի։ Մանկապարտեզ, դպրոց, բուժկետ և անգամ խանութ չունեցող բնակավայրում մարդիկ վստահ են՝ նոր հանքի շահագործումով նոր աշխատատեղեր կբացվեն, իրենք էլ կսկսեն լավ ապրել։ Այս ակնկալիքով են նրանք օգոստոսի 28-ին նամակով դիմել Փամբակ համայնքի ղեկավարին եւ «խնդրել», որ ավագանին «Զով-Գուժ» ընկերությանը երկրաբանական ուսումնասիրության թույլտվություն տալ-չտալուց առաջ հաշվի առնի իրենց կարծիքը։ Իսկ կարծիքն այդ կողմ դիրքորոշումն է, որ նշված ընկերությունը Քարաբերդի ոսկու հանքավայրի արեւմտյան եւ արեւելյան հատվածներում երկրաբանական ուսումնասիրություն իրականացնի՝ հետագայում հանքավայրը շահագործելու նպատակով։
Փամբակ խոշորացված համայնքի 15 բնակավայրերից մեկն է Քարաբերդը, որտեղ 62 մարդ է ապրում։ Նրանց կեսը կենսաթոշակառու է։ Երիտասարդ ընտանիքները դեռ 2000-ականներից են սկսել հեռանալ գյուղից՝ աշխատանքի եւ մի շարք ենթակառուցվածքների բացակայության պատճառով։ Ակնհայտ է, որ գյուղի վարչական տարածքում վաղուց շահագործվող քարի եւ ոսկու հանքերը տեղացիների համար լավ կյանք չեն ապահովել։ Ավելին՝ հողագործությամբ, անասնապահությամբ ու մեղվաբուծությամբ զբաղվող քարաբերդցիները վերջին տարիներին անընդհատ բողոքել են՝ ասելով, որ հանքի փոշին վնասում է թե՛ իրենց առողջությանը, թե՛ մեղուներին։ Իսկ գյուղի ճանապարհները քարուքանդ են եղել հանքաքար տեղափոխող մեքենաների անցուդարձից։
Այս ամենը հաշվի առնելով էլ նրանք քանիցս դեմ են արտահայտվել տեղի ոսկու հանքի ընդլայնմանն ու նոր հանքերի բացմանը։ Վերջին չորս տարվա ընթացքում հրավիրված 13 հանրային լսումների մեծ մասը տապալվել է։ Բայց դա չի օգնել, որ հանքարդյունաբերողները հրաժարվեն Քարաբերդում ոսկի որոնելու իրենց ծրագրերից։
Իրարամերժ ելույթներ՝ շիկացած մթնոլորտում
Օգոստոսի հանրային լսումն ամենաթեժերից էր։ «Զով-Գուժ» ընկերության ներկայացուցիչները երկրորդ անգամ էին Քարաբերդ այցելում՝ ոսկու հանքավայրի արեւմտյան եւ արեւելյան հատվածներում երկրաբանական ուսումնասիրության թույլտվություն ստանալու համար։ Նույն թեմայով հուլիսին նշանակված հանրային առաջին լսումը տապալվել էր։
«Այն ժամանակ կիսատ ա մնացել, եկել ենք՝ էս անգամ մեր ասելիքը հիմնավորելու։ Կներկայացնենք մեր հիմնավորումները, ժողովուրդը կորոշի», — «Ալիք Մեդիա»-ին ասաց «Զով-Գուժ» ՍՊԸ ներկայացուցիչ Վիգեն Ավետիսյանը։
Ասելիքը հիմնավորել այս անգամ էլ չստացվեց․ աղմուկ-աղաղակի մթնոլորտում Ավետիսյանի՝ ընկերության ծրագրերի մասին ելույթը ոչ-ոք չլսեց։ Հայաստանի տարբեր բնակավայրերից Քարաբերդ եկած իրավապաշտպաններն ու բնապահպանները հանքարդյունահանող ընկերության ներկայացուցիչներից պահանջում էին «հեքիաթներ չպատմել ու չհամոզել» մարդկանց, իսկ գյուղացիներին հորդորում՝ զգոն լինել եւ չհամաձայնել նոր հանքի բացմանը։ Այն դեպքում, երբ Քարաբերդում արդեն շահագործվող հանքեր կան, եւ գյուղացիներն անմիջականորեն կրում են դրանց վնասակար ազդեցությունը։
«Չկա էնպիսի մի հանք, որը չաղտոտի ու չվնասի։ Շահագործման ստանդարտները ոչ մի տեղ չեն պահվում։ Ախր ունեք մաքուր տարածք, կարաք հա՛մ գյուղատնտեսություն զարգացնել, հա՛մ տուրիզմ։ Բայց հանքը կարճաժամկետ շահ ա բերում ընկերությանը, հիմնական պաշարը հանում են, հետո էլ սնանկ են ճանաչվում ու թողնում, գնում։ Հետո ո՛չ փակում, ո՛չ էլ ռեկուլտիվացիա են անում։ Էդպես մնում ա ձեզ նվեր ու տարիներով ապրում եք կողքը», — տեղացիներին ուղղված իր խոսքում նշեց բնապահպան Անի Խաչատրյանը։
Ոմանք համաձայն էին ասվածի հետ, որոշներն էլ բնապահպանի ելույթի ընթացքում եւ հետո ըմբոստանում էին՝ «երկու ժամով գալիս եք, գնում, մենք էս գյուղում ամեն օր ենք ապրում, չգիտե՞նք՝ մեզ ինչ ա պետք»։
Եվ մինչ Փամբակ համայնքի ղեկավար Սուրեն Կոստանդյանը չդադարող աղմուկի մեջ փորձում էր հերթ սահմանել՝ ով ումից հետո պիտի ելույթ ունենար, բնապահպան Օլեգ Դուլգարյանն առարկեց․
«Անցյալ անգամ արդեն լսել ենք մեր ընկերներին։ Գյուղի բնակչության մեծ մասն էստեղ էին եւ դեմ էին արտահայտվում։ Միայն այս տարի երեք անգամ լսումներ են եղել, երեքում էլ քաղաքացիները դեմ են արտահայտվել։ Ինչի՞ համար ենք մենք նորից եկել եւ լսում ենք նույն բանը։ Ինչո՞ւ է տեղական ժողովրդավարությունն էս աստիճանի ոտնահարվում»։
Կոստանդյանն էլ հակադարձեց՝ հանրային լսում եղել է, բայց ուրիշ ընկերությունների կողմից։
Մինչդեռ տարբեր ընկերություններ միեւնույն նպատակով են այս բնակավայր եկել։ Քարաբերդում բոլոր ժամանակներում անցկացված հանրային լսումների թեման մեկն է եղել՝ հանքերը։ Եվ միշտ տեղացիների մեծ մասը հանքերին դեմ է եղել։
«Մենք լքված գյուղում ենք ապրում արդեն 30 տարի, շատ պրիմիտիվ պայմաններից զուրկ։ Վերջին յոթ տարին էլ բոլորը գալիս են՝ խոստումներով։ Չեխերը հանքը շահագործում են, իրենք մեր գեղի հետ արդեն ինտեգրված են, բայց մենք իրանց ասել ենք, որ ընդլայնում չի լինելու։ Իսկ էդ հանքի շահագործման արդյունքը պետք ա ուղղվի մեր լքված գյուղը վերականգնելու համար։ Նոր հանք չպետք ա լինի», — ասաց Քարաբերդի բնակիչ Վաչագան Թունյանը։
Նրա համագյուղացի Լեւոն Գալոյանն էլ ասաց՝ դեմ չէ, որ նոր հանք բացեն, միայն թե շահագործումը թունելային եղանակով լինի։ Ընկերության կողմից իրենց պահանջը չկատարելու դեպքում էլ, ասաց, չեն թողնի շարունակեն, հանքը կփակեն։
Չհնչած կարծիքներ, չկայացած լսում
Հանրային քննարկումը մոտ մեկ ժամ տեւեց՝ սկզբից մինչեւ վերջ աղմուկի մթնոլորտում։ Եվ մինչ բնապահպան ակտիվիստները հանքերի վնասակար ազդեցությունից էին խոսում, իսկ երկու մասի բաժանված քարաբերդցիները՝ դեմ ու կողմ լինելուց, ներկաներից մեկը հուշեց համայնքապետին՝ «քվեարկություն արա՛, պրծի»։
Դրանից հետո Սուրեն Կոստանդյանը, որ քննարկման սկզբում հայտարարել էր, թե՝ «անխնա ժամանակ ունեն եւ լսելու են բոլորին», հայտարարեց․
«Ստեղ ներկա են մեր ավագանու անդամները, հանրային լսման արձանագրություն կկազմվի, այն կտրամադրվի բոլոր շահագրգիռ կողմերին։ Արձանագրությունից հետո կհայտարարվի ավագանու նիստ։ Ավագանին իր դիրքորոշումը կհայտնի, ձեր կարծիքները մեջը, ու կորոշի՝ թո՞ւյլ ա տալիս տվյալ կազմակերպությանը ուսումնասիրություն անցկացնել, թե՞ չէ։ Հիմա ասում եմ՝ հանրային լսումն ավարտված ա»։
Համայնքի ղեկավարն ու հանքարդյունահանող ընկերության ներկայացուցիչները հեռացան։ Նրանց հետեւեցին քարաբերդցիները։
Ներկաներից շատերն իրենց կարծիքն արտահայտելու հնարավորություն այդպես էլ չունեցան, թեեւ լուռ, առանց քննարկման ընթացքը խոչընդոտելու սպասում էին խոսելու իրենց հերթին։
Փափուկ ճնշում, կոշտ արձագանքներ
«Շատ անդուր է տեսնել, որ մարդիկ կարծում են, թե խնդիրը վերաբերում է միայն էս գյուղի բնակիչներին։ Մենք շատ տեղերում ենք սա լսում, ինչը կոպիտ սխալ է։ Համայնքի ղեկավարը խոստացավ, որ բոլորը կարտահայտվեն, ովքեր կամենում են։ Կեսից որոշեց, որ այլեւս ոչ-ոք չպիտի արտահայտվի, ինչը հանրային լսումների իրավակարգավորումների կոպիտ խախտում է», — ասաց լրագրող, Գյումրու ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանը՝ նշելով նաեւ, որ համայնքապետարանը հանրային լսման թեմային վերաբերող նյութեր նախապես չի հրապարակել։
Իրավապաշտպան Օլեգ Դուլգարյանը մասնակցել է Քարաբերդում անցկացված գրեթե բոլոր հանրային լսումներին։ Գյուղացիներին ճանաչում է, գիտի՝ հանքերի հետ կապված ով ինչ դիրքորոշում ունի։ Եվ այն, ինչ կատարվեց հանքարդյունաբերությունը քանիցս մերժած այս բնակավայրում, նա ժողովրդավարության ոտնահարում է համարում։
«Սրա միակ պատասխանատուն տեղական իշխանությունն է։ Մարդիկ, որ տարիներ շարունակ հստակ դեմ են արտահայտվել, այդ մարդիկ այսօր կա՛մ չկային, կա՛մ շատ մեղմ էին արտահայտվում։ Հաց են ուտում, խոստումներ են տալիս, դա կոչվում ա փափուկ ճնշում։ Համայնքի բնակիչներից մեկն էլ ինձ տեղեկացրեց, որ բարեկամները թշնամացել են հետը», — ասաց Դուլգարյանը։
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցի կարծիքով՝ Քարաբերդում այլընտրանքի բացակայության պայմաններում է ձեւավորվել ներկայում տիրող իրավիճակը։
«Այս իրավիճակի հիմնական պատասխանատուն ՀՀ կառավարությունն է, քանի որ նման համայնքներում գյուղատնտեսության, տուրիզմի, տնտեսության այլ ճյուղերի զարգացման ծրագրեր չի իրականացրել։ Հետեւաբար համայնքի բնակիչները զրկվում են ընտրություն անելու հնարավորությունից։ Եվ էս առումով դնել հույսը նրանց վրա, որոնք մեծ դժվարություններ ունեն իրենց կենսական միջոցները հայթայթելու, շատ հրեշավոր մոտեցում է»։
Դանակը ոսկորին է հասել
Քարաբերդում վերջին աղմկոտ հանրային լսումից հետո քաղաքացիական հասարակական 23 կազմակերպություններ հայտարարություն են տարածել՝ ներկայացնելով Լոռու մարզի Փամբակ համայնքում տիրող հակաժողովրդական բարքերը։ Մասնավորապես այն, որ օգոստոսի 13-ին անցկացված հանրային լսումը համայնքի ղեկավարի կողմից անցել է իրավական կոպիտ խախտումներով՝ արհամարհվել է քաղաքացիների կարծիքը, խախտվել լսման ընթացակարգը։
Կազմակերպությունները պահանջում են Փամբակ համայնքի ՏԻՄ-ից՝ «անվավեր ճանաչել 2025-ի օգոստոսի 13-ին Քարաբերդում կազմակերպված, սակայն անօրինական ձևով ընդհատված հանրային քննարկումները և այլեւս այդ թեմաներով նոր լսումներ չիրականացնել, չբռնանալ տարիների ընթացքում քաղաքացիների կողմից արտահայտված դիրքորոշումներին»։ Քաղհասարակությունը խիստ մտահոգ է համայնքային իշխանությունների՝ նույն տարածքներում նույն պաշարները արդյունահանելուն ուղղված հանրային լսումներ-քննարկումներ անցկացնելու սեւեռուն մոլեռանդ գործելաոճից եւ դա համարում է հանրությանը ճնշելու քողարկված փորձ։
Ավագանին դուռ բացեց ոսկի որոնողների համար
Օգոստոսի 13-ի հանրային լսումից հետո Փամբակ խոշորացված համայնքի ավագանին մեկ արտահերթ եւ մեկ հերթական նիստ է գումարել։ Առաջինի ընթացքում ձայների 6 կողմ, 3 դեմ եւ 3 ձեռնպահ բաշխվածությամբ որոշում է կայացվել «Զով-Գուժ»-ին երկրաբանական ուսումնասիրության թույլտվություն տալ։ Որոշումն ընդունել, հետո են հասկացել, որ սխալվել են․ ՏԻՄ օրենքով ձայների կեսից ավելին պետք է կողմ կամ դեմ լիներ՝ որոշում կայացնելու համար։
Սեպտեմբերի 11-ին Փամբակի ավագանու արդեն հերթական նիստն էր։ Հենց այս նիստի ժամանակ հայտարարվեց քարաբերդցիների՝ համայնքապետին ուղղված նամակ-խնդրանքի մասին։ Զավեշտն այն է, որ քարաբերդցիները, ովքեր տասից ավելի հանրային լսումների ընթացքում դեմ են արտահայտվել հանքերի ընդլայնմանն ու նոր հանքի բացմանը, հիմա խնդրում են, որ նոր հանք բացվի։
Ավագանին այլ անելիք չուներ, քան հաշվի առնել «ժողովրդի կարծիքը»։ Եվ ձայների 12 կողմ եւ 2 դեմ հարաբերակցությամբ որոշեց Քարաբերդ ընդունել ոսկի որոնողներին։

Մասնագիտությամբ լրագրող եմ։ 15-ամյա աշխատանքային գործունեությանս մեծ մասն անցել է հեռուստատեսության ոլորտում՝ Ալավերդու «Անկյուն+3» հեռուստաընկերությունում։
