• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՀայաստանՄենք

Սին լոզունգների գեներատորը

Մեսրոպ Հարությունյան 11:30 | 02.04.2021
Մեսրոպ Հարությունյան 11:30 | 02.04.2021
Nikol Pashinyan

Անցյալ կիրակի Արմավիրի մարզ կատարած այցի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը արեց մի հայտարարություն, որն արդեն մի քանի օր է հանրությունը տարբեր հարթակներում քննարկում է։ Ընդ որում, սա հերթական հայտարարությունն էր, որի համար հերթական «մատրոսովը» պիտի կուրծք դեմ տար՝ ասելով. «վարչապետին ճիշտ չեք հասկացել, նա ուզում էր ասել…»։ Եվ այդ հերթական «մատրոսովը» կրթության, գիտության մշակույթի եւ սպորտի նախարարն էր։

Սկսենք Փաշինյանի այդ հերթական՝ կոմունիստական լոզունգ հիշեցնող («հասնել եւ անցնել Ամերիկային», «Պարտիան հանդիսավոր կերպով հռչակում է՝ սովետական ժողովրդի ներկայիս սերունդը կապրի կոմունիզմի օրոք» ոճով) հայտարարության սին լինելը մեկնաբանելուց։

Նրա խոսքը բառացի հնչում է այսպես. «Եվ մենք ունենք այսպիսի գաղափար, որ Երեւան քաղաքից բոլոր կամ եթե ոչ բոլոր, առնվազն բուհերի մեծամասնությունը, քանի որ շենքերը գտնվում են կենտրոնում, էդ շենքերը հանենք վաճառքի, ձեւավորված գումարներով Երեւանից դուրս կառուցենք քաղաք, որը կլինի բուհական, ակադեմիական քաղաք, որտեղ կենտրոնացած կլինի մեր գիտական, դասախոսական պոտենցիալը»։

Խոսքը բանավոր է, ոչ մեկը չի խորանում բանդագուշանք հիշեցնող այս մտքի էության մեջ։ Դա լավ գիտի նաեւ Փաշինյանը։ Եվ գիտի, որ դա ասում է մի միջավայրում, որտեղ մարդիկ միայն գլուխներով հավանության նշան կանեն՝ առանց էությունը ընկալելու։ Ի դեպ, այս խոսքերից առաջ նա երկար-բարակ բացատրում է, թե ոնց են բարձրացնելու ուսուցիչների աշխատավարձը, իսկ հետո էլ կառուցում իր հերթական «նյու վասյուկին»՝ ակադեմիական այդ քաղաքում կրթություն ստացածների՝ գյուղերին խորհրդատվություն անելու թեմայով։

Փորձենք վերլուծել այս լոզունգը՝ լեզվական, մտքերի տրամաբանական շարադրանքի տեսանկյունից։ Նորից կարդանք «… ոչ բոլոր, առնվազն բուհերի մեծամասնությունը, քանի որ շենքերը գտնվում են կենտրոնում, էդ շենքերը հանենք վաճառքի…»։ Այսինքն՝ ոչ թե ներդրումներ բերենք, ակադեմիական քաղաքը կառուցենք, հետո մտածենք բուհերը տեղափոխելու մասին, այլ նախ շենքերը վաճառենք…

Բա որ ասում եմ բանդագուշա՞նք է։ Ուրեմն շենքերը վաճառելուց հետո բուհերը պիտի մի հինգ, գուցե տասը տարի չաշխատեն, սպասեն, թե էդ շենքերի վաճառքից ստացված գումարներով երբ է «ակադեմիական քաղաքը» կառուցվելու… Տրամաբանություն մի փնտրեք։ Չկա։ Միակ տրամաբանությունը վերլուծելու անընդունակ զանգվածից «այոոոոո» բացականչություն կորզելն է։

Եվ երբ պարզվեց, որ սա հերթական կեղծ լոզունգն է, այն շտապեց շտկել եւ շեֆի «պատիվը փրկել» կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարը, որը մարտի 31-ի իր ասուլիսում հայտարարեց, թե բուհերի շենքերին որ եւէ վտանգ չի սպառնում, առավել եւս՝ նման որոշում չկա, եւ որ գաղափարը իրականություն դարձնելու համար բոլոր շենքերն էլ եթե վաճառվեն, միեւնույն է, բավարար չէ։ Լուրջ ներդրումներ են հարկավոր ակադեմիական քաղաքներ կառուցելու համար։ Էլի բաներ ասաց նախարարը, որ իր կարծիքով սրբագրեցին վարչապետի խոսքերը։ Բայց դա արդեն էական չէ։ Դա նա ասում է լրագրողներին, որոնք, այո, կտարածեն այդ խոսքերը։ Բայց այն ունկնդիրը, որը լսել էր վարչապետին, այլեւս չի կարդա դա։ Նրա հիշողության մեջ մնաց միայն, որ Նիկոլն ուզում է կրթությունը եւ գիտությունը զարգացնել, բայց սրիկա ընդդիմադիրներն ու նույնքան սրիկա լրագրողները խանգարում են։

Ինչո՞ւ այսքան երկար անդրադարձանք այս, կարծես թե ամեն կողմից քննարկված ելույթին։ Որովհետեւ սա լավագույնս է բնութագրում Փաշինյանի լոզունգասիրությունը։ Հիշենք նախորդ լոզունգներից մի քանիսը, որոնք նույնքան սին են, բայց «հմայում են» մտքի մեջ խորանալ չցանկացողներին: Օրինակ՝ «Սիրում եմ բոլորիդ, հպարտանում եմ բոլորովդ…» պոպուլիստական մեծագույն սուտը կամ «Հայաստանն իմ օջախն է, ժողովուրդն իմ ընտանիքն է» կեղծ պնդումը։ Իսկ առավել ցնորական են հիմա հնչում 44-օրյա պատերազմի ժամանակ նրա եւ յուր պրոպագանդիստների «մարտակոչերը»։

Սին լոզունգների գեներատորի մասին խոսելը եւս մի նպատակ ունի. առաջիկայում արտահերթ ընտրություններ են եւ ոչ միայն փաշինյանական, այլեւ ընտրություններին մասնակցող մյուս ուժերի քարոզիչները նման լոզունգներ շատ են հնչեցնելու։ Ընտրողը պիտի սովորի տարբերել լոզունգը՝ ծրագրից։

Անհույս բան եմ ասում։ Գիտեմ։

Սին բառերի ձգող մոգությունը վաղուց է հայտնի եւ ոչ միայն մեզ մոտ։

Հ. Գ. Վարչապետի արմավիրյան այդ այցից հետո կարկառուն ԻՔ-ական եւ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Սենց հանդիպումներից հետո, օրվա վերջ շատ հոգնած գալիս ես տուն ու վերհիշում, թե որքան մարդու հետ ես ծանոթացել, քանի ձեռք ես սեղմել, ժպիտ տեսել եւ արցունք կիսել, ու հասկանում, որ լավագույն օրերից մեկն էր»: Պետական բարձր պաշտոն զբաղեցնող ու ընտրություններում իրենց հաղթանակին չկասկածող սույն սուբյեկտը 4-րդ դասարանցու «Մեր էքսկուրսիան» շարադրության՝ «Երեկոյան ուրախ զվարթ վերադարձանք տուն» վերջաբանի ոճով պարզապես լրացնում է սին լոզունգների շտեմարանը եւ երեւի մտածում, թե նման պրիմիտիվ, ներողություն արտահայտությանս համար՝ «մտքերից» հուզվող կա դեռ։

Իսկ գուցե իսկապե՞ս կա։

Մեսրոպ Հարությունյան

Լրագրող, խմբագիր, փորձագետ, լրագրության ուսուցիչ։ Նրա կենսագրությունը սկսվել է նախորդ դարի 80-ականներին Հայաստանի Մեղրու շրջանի «Արաքս» թերթից ու շարունակվել մեդիայի կայացման խառնարանում։ Հեղինակ է պատմվածքների ու վեպերի հինգ գրքի եւ լրագրողական էթիկայի ուսումնական ձեռնարկի։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Ականազերծման աշխատանքները շարունակվում են
հաջորդը
100 միլիոն դոլարի օգնության հորդոր

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Ապրիլի 2021
ԵԵՉՀՈւՇԿ
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930 
« Մրտ   Մյս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն