• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՄենքՍփյուռք

Երեսնականների հայերի դիմանկարները Մարսելում

Անուշ Թրվանց 15:45 | 23.04.2021
Անուշ Թրվանց 15:45 | 23.04.2021
Marseille ARAM center

Երեկ երեկոյան Ֆրանսիայի Մարսել քաղաքի պուրակներից մեկում բացվել է ինքնատիպ լուսանկարչական ցուցահանդես: Մետաղյա նկարակալների վրա տեղադրված հսկա լուսանկարների կողքով անցորդներն անտարբեր չեն անցնում, նրանք փորձում են հասկանալ՝ ովքեր են լուսանկարներից նայող, կոկիկ հագնված այդ մարդիկ:

Marseille ARAM center photo exhibitionՑուցահանդեսի ծանուցումն ասում է՝ նրանք 1930-ականներին Մարսելում ապրած հայեր են, որոնք փրկվել են ցեղասպանությունից եւ հանգրվանել ֆրանսիական այդ քաղաքում, որտեղ պահպանել են ընտանեկան ավանդույթները, այդ թվում՝ գեղեցիկ հագնվելու եւ տոնական կամ այլ առիթներով լուսանկարչատուն գնալու սովորույթը:

Լուսանկարչատները, որոնցում արվել են լուսանկարները, նույնպես ցեղասպանությունից փրկված մարդիկ են հիմնել, հետագայում դրանք դարձել են անցյալ դարի կեսերին Մարսելի ամենահայտնի լուսանկարչատները՝ «Ֆոտո Օննիկ», «Մանուկ», «Ստուդիա Ենո» եւ այլ անուններով: Մարսելում անցյալ դարասկզբին գործած հայ լուսանկարիչները սեւ-սպիտակ լուսանկարների դարաշրջանի վրա իրենց կնիքն են թողել՝ լուսանկարչական ավանդույթները բերելով Օսմանյան կայսրությունից եւ շարունակելով ու զարգացնելով ֆրանսիական նավահանգստային քաղաքում:

«Երեսնականների դիմանկարներ. հայերը Մարսելում» խորագրով ցուցահանդեսը կազմակերպել է Ֆրանսիայում գործող Հետազոտության եւ հայկական հիշողության արխիվների միությունը (ARAM), որի հավաքածուն լուսանկարների եւ հայությանն առնչվող բազմաթիվ նյութերի, տեղեկությունների հարուստ շտեմարան է:

Միության աշխատակից եւ ցուցահանդեսի կազմակերպիչներից Հուրի Վարժապետյանն «Ալիք մեդիա»-ին ասում է, որ գաղթականության մասին նյութերն իրենց արխիվում շատ են, բայց ցանկացել են հատկապես ներկայացնել արժանապատիվ արմատավորման պատմությունն ու ապրելու կամքը, որ շատ լավ երեւում են ցեղասպանությունից հետո չկոտրված, նորաձեւ հագնված, հավատով լցված մարդկանց դեմքերին:

«1915-ից առաջ Մարսելում շատ փոքր հայկական գաղութ է եղել, նույնիսկ մի քանի հոգի, որոնք վաճառականներ էին: 1915-ից հետո մեծաթիվ հայեր նաեւ Մարսել են հասել, իսկ Թուրքիայում Մուստաֆա Քեմալի իշխանության հաստատումից հետո՝ 1922-1925 թվականներից սկսած, ավելի շատ են Մարսել եկել՝ դեռ վտանգ տեսնելով այնտեղ եւ հասկանալով, որ անհար է ապրել նման ճնշումների տակ:

Իհարկե, շատ հայեր Սիրիա եւ Լիբանան են գնացել, բայց քանի որ Սիրիան ու Լիբանանն էլ ֆրանսիական մանդատի ներքո էին, առիթները շատ էին, որ անցնեին Ֆրանսիա: Ֆրանսիայում էլ պատերազմ էր եղել, երկիրը շատ զոհեր էր տվել, եւ ներգաղթյալների ու աշխատողների համար հնարավորություններ էին ստեղծվում»,- պատմում է Հուրի Վարժապետյանը՝ ավելացնելով, որ հայերը Մարսելից հետո անցել են Փարիզ եւ այլ քաղաքներ, եւ ցուցադրված լուսանկարները Ֆրանսիայում հայերի ներգաղթի պատմությունն են նաեւ ներկայացնում:

Նյութեր կան, թե ինչպես 1930-ականներին Մարսելում ապրած հայերը նպաստել են սփյուռքի եւ նրա սոցիալական ու մշակութային կյանքի կերտմանը: Հուրի Վարժապետյանը նշում է, որ Մարսելի քաղաքապետարանն էլ թեև փոքր, բայց կարեւոր աջակցություն է ունեցել ցուցահանդեսի կազմակերպմանը՝ հավատալով, որ հայերի այս անցյալը Մարսելի պատմության մի մասն է նաեւ:

Լուսանկարներում թե՛ սովորական, անհայտ մարդիկ են, թե՛ հայտնիներ. Մարսելի հայերի հիմնած լուսանկարչական ստուդիաներում լուսանկարվել են այդ տարիներին Մարսել այցելած բանաստեղծ Վահան Թեքեյանը, Մարսելում ապրած թարգմանիչ, գրող Կարո Փոլադյանը, հասարակական, քաղաքական գործիչ, գրող Ավետիս Ահարոնյանը, որը կյանքի վերջին տարիներին այնտեղ է ապրել:

Marseille ARAM center

«Անշուշտ, այդ լուսանկարչատներում նաեւ օտարներ են լուսանկարվել, բայց մեզ հայերն են հետաքրքրում»,- նշում է Հուրի Վարժապետյանը: Ցուցահանդեսի առթիվ բացահայտվել են այլ պատմություններ, ինչպես նշում է նա, շատ երկրներից հայեր կապվում եւ 1930-ականներին Մարսելում ապրած իրենց հարազատների մասին են պատմում, նյութեր են ուղարկում։

Հետազոտության եւ հայկական հիշողության արխիվների միությունը հավաքում է այն ամենը, ինչ կապ ունի հայերի, հայկական կյանքի, անցյալի հետ՝ լուսանկարներ, գրքեր, ձեռագրեր, քարտեզներ, փաստաթղթեր, ժապավեններ, ձայնագրություններ։

«Դեռ միությունը չկար, Սվազից Մարսել հասած Կարպիս Արթինն է սկսել հավաքել հայկական հիշողությանն առնչվող նյութեր: Բոլորը գիտեին, որ պարոն Կարպիսը հավաքում է, իրեն էին տալիս այն, ինչ կարող էր փրկվել կորստից, մոռացությունից: Հավաքվեց մեծ արխիվ, եւ այդպես Կարպիս Արթինը հիմնեց այս միությունը»,- ասում է Հուրին:

Marseille ARAM center

Միության շուրջ համախմբված են կամավորներ, որոնք կարեւորում են արխիվն ամբողջացնելու, այն թվայնացնելու, անվճար հասանելի դարձնելու գործը եւ առանց վարձատրության կատարում են այն: Այս ցուցահանդեսը կազմակերպելիս էլ, ինչպես նշում է Հուրի Վարժապետյանը, եղել է կամավոր եւ նվիրյալ աշխատանք՝ ARAM-ի նախագահ Ժաք Ուլուսյանի, փոխնախագահ Աստղիկ Արթին-Լուսիկյանի, լուսանկարիչ Թամար Սարգսյանի, Լորի Հեքիմյանի եւ այլ անդամների մասնակցությամբ:

Միությունը շատ ցուցահանդեսներ է ունեցել, բայց սա, ինչպես տեղեկացանք, նոր շարքի առաջինն է, հաջորդելու են նմանատիպ այլ ցուցահանդեսներ: «Մեր արխիվը պահելու համար չէ, ինչքան կարող ենք, շատ պիտի ցուցադրենք, թվայնացնենք, տարածենք: Եվ միշտ հորդորում ենք մարդկանց, որ ոչինչ չնետեն, տան մեզ, մենք կդասավորենք, կպահենք, հասանելի կդարձնենք: Եթե չեն ուզում մեզ տալ, գոնե տան, թվայնացնենք, հետ տանք: Դժբախտաբար, շատ նյութեր են ոչնչացվել, նոր սերունդը, որ հիմնականում հայախոս չէ, հայերեն չի կարդում, շատ չի կարեւորում հայկական նյութերի արժեքը, եւ այդպես եղել են կորուստներ»:

Marseille ARAM center photo exhibition

«Երեսնականների դիմանկարներ. հայերը Մարսելում» լուսանկարչական ցուցահանդեսը ARAM միության շենքին կից պուրակում շարունակվելու է մինչեւ ապրիլի 25-ը:

Անուշ Թրվանց

Երբ լրագրողական աշխատանքի բերումով սկսում ես որոնել՝ որտե՞ղ է թաղված շան գլուխը, եւ հընթացս պարզում՝ որտե՞ղ են ձմեռում խեցգետինները, ուրեմն ճիշտ ճանապարհին ես։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Սփոփանքից, բարոյական հաղթանակից ու ինքնությունն ամրապնդելուց անդին
հաջորդը
Պուտինը Զելենսկուն առաջարկել է հանդիպել Մոսկվայում

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Ապրիլի 2021
ԵԵՉՀՈւՇԿ
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930 
« Մրտ   Մյս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն