• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՆերքինՔաղաքականություն

Այլապես հետընտրական Հայաստանն ավելի թույլ է լինելու

Վահրամ Աթանեսյան 19:01 | 11.05.2021
Վահրամ Աթանեսյան 19:01 | 11.05.2021
Robert Kocharyan & Ilham Aliev

1988-ի ամռանը «Միացում» շարժման առաջին հանրահավաքի ելույթից հետո, երեւի թե, Ռոբերտ Քոչարյանն անցած կիրակի երկրորդ անգամ բազմամարդ լսարանի հետ անմիջական շփում ունեցավ:

Երեսուներեք տարի առաջ Ստեփանակերտում ռուսերենը պաշտոնական լեզու էր: Ու թեեւ Հայաստանի երկրորդ նախագահը, երեւի, բավական ջանք էր թափել, որ Ազատության հրապարակի ոգուն եւ խորհրդանիշին հարիր խոսք հնչեցնի, նրա հռետորական բենեֆիսը, կարելի է ասել, հաջող չէր: Ներկա իրավիճակում հանրությանը, գուցե, դա այնքան էլ չի հուզում:

Պետություն եւ երկիր ղեկավարելու համար պարտադիր չէ, որ մարդ խոսի ակադեմիական գրական հայերենով: Ռոբերտ Քոչարյանի դեպքում խնդիրն ավելի խորքային է: Բանն այն է, որ նա իշխանության հայտ է ներկայացնում համակիրների եւ աջակիցների կողմից լայնորեն շրջանառության մեջ դրված մի քարոզչակաղապարի ֆոնին, ըստ որի՝ նա «կվերադարձնի դավաճանաբար հանձնված հողերը»:

Նրան, այսպիսով, ասոցացնում են 1994-ին «թուրքին ծնկի բերած հերոսի» հետ, իսկ ինքը, որքանով կարելի է հասկանալ հարցազրույցներից եւ մայիսի 9-ի հանրահավաքի ելույթից, չի ասոցացվում այն կերպարի հետ, որ իրեն են վերագրում: Սա լուրջ երկվություն է: Մանավանդ եթե նկատի ունենանք, որ Ռոբերտ Քոչարյանի քաղաքական հենարանը ՀՅԴ-ն է, իսկ Իշխան Սաղաթելյանը դեռեւս Հայրենիքի փրկության շարժման հանրահավաքներից մեկի ժամանակ է հայտարարել, որ եթե վերստին առաջարկվի ԼՂ կարգավորման Լավրովի պլանը, ապա Դաշնակցությունը կմերժի:

Ռոբերտ Քոչարյանը Հայաստանին խոստանում է արժանապատիվ խաղաղություն եւ տնտեսական բարեկեցություն: Նրա շեշտադրումների առանցքում տնտեսության վերականգնումը եւ պետական կյանքի կազմակերպվածությունն են: Ռոբերտ Քոչարյանը փորձառու քաղաքական գործիչ է եւ քաջ գիտի, որ 1994-ի ստատուս-քվոյին վերադառնալու, հզոր բանակ ստեղծելու եւ թշնամուն սեփական պայմաններ թելադրելու մասին ֆեյսբուքում եւ որոշ երկրորդական-երրորդական լրատվամիջոցներում իր աջակիցների տարածած խոսակցությունները չափազանց հեռու են իրականություն դառնալուց:

Հնարավոր է՝ այդ կարգի արծարծումները մի որոշակի մասով մարդկանց անձնական երեւակայության արդյունք են, բայց երբ ամեն ինչ բերվում է համակարգային քարոզչության, երբ դրանում ներգրավվում են քաղաքագետներ, վերլուծաբաններ, գրողներ, գիտնականներ, նույնիսկ փաստաբաններ, ապա չես կարող տպավորություն չունենալ, որ երկրորդ նախագահի գլխավորած դաշինքի նախընտրական հաղթաթղթերից է նաեւ հանրության զգացմունքների շահագործումը:

Սա արդեն տագնապալի է:

Այլ բան է իշխանություններին քննադատելը, նույնիսկ մեղադրելը, բոլորովին՝ այլ, երբ թիրախավորվում է ընտրողը: Երբ նրան ամենատարբեր ձեւերով մղում են, որ հիշի 90-ականների ռազմական հաջողությունները: Այս դեպքում, ուզես թե ոչ, մարդ կանխատրամադրվում է, որ քվեարկելով Ռոբերտ Քոչարյանի օգտին՝ ինքը հայրենանվեր քայլ է անում, նպաստում է, որ իշխանության վերադառնա պատմական հաղթանակի խորհրդանիշը:

Իսկ ինչո՞ւ է նա վերադառնում: Պատասխանը բխում է ինքնին՝ որպեսզի վերադարձնի հաղթանակը, վերականգնի պատմական արդարությունը, ժողովրդին վերադարձնի արժանապատվությունը: Սա վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանի անվան շուրջ հանրային որոշակի շերտերի դիսկուրսն է: Նրանք այդպես են գնահատում Հայաստանի հնարավորությունը:

Բանը երբեմն նույնիսկ զավեշտի է հասնում: Ոմանք չեն զլանում Ֆեյսբուքում ծաղրանկարներ տարածել, որտեղ հայր կամ որդի Ալիեւը ծնկաչոք կյանք է խնդրում Քոչարյանից, իսկ ոչ այնքան անհայտ քաղաքական գործիչը հայտարարում է, որ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի նախագահության տարիներին «Իլհամ Ալիեւը գիշերները փամփերս էր հագնում»:

Ահա այսպիսի տրամադրություններ են գեներացվում: Ռոբերտ Քոչարյանը, մինչդեռ, անձամբ նման բարձր նոտաներ չի վերցնում: Ո՛չ հարցազրույցներում, ո՛չ էլ հանրահավաքի ելույթում: Երկրորդ նախագահը միաժամանակ շրջանցում է հայեցակարգային նշանակության հարցերը, խնդիրը չի դիտարկում ամբողջության մեջ՝ առաջին պատերազմ, 94-ի մայիսյան հրադադար, ավելի քան քառորդդարյա բանակցություններ, դիվանագիտական փակուղի, ապրիլյան քառօրյա, 44-օրյա պատերազմ: Մինչդեռ Հայաստանի ապագայի համար կարեւոր է հստակեցնել ռազմական հաջողությունների դիվանագիտական ապահովման, կարգավորման իրավական հիմքի ստեղծման, այդ ամենից հրաժարվելու, նոր մարտավարություն ընտրելու հետ կապված հանգամանքները:

Քարոզչությունը, թե ամեն ինչ նույնիսկ չափազանց նպաստավոր էր, բայց հետո վատ կառավարիչների մեղքով հաջողությունները զրոյացան, միայն միամիտների եւ ֆանատիկների համար է: Դիսկուրսը չբացելու դեպքում հանրությունը մանիպուլյացիայի կենթարկվի երկրորդ անգամ:

Որքան էլ համակիրները ճիգ են գործադրում, Ռոբերտ Քոչարյանը շատ նրբորեն հեռու է վանում Հաղթանակ վերադարձնողի կերպարը, բայց եւ լիովին չի հրաժարվում: Դա նրան կարող է հավելյալ մի քանի հազար կամ տասը-քսան հազար քվե բերել, բայց հետեւանքը ծանր կլինի: Որովհետեւ Հայաստանի հաջորդ առաջնորդի գործունեության շրջանակը գոնե հինգ տարվա կտրվածքով չափազանց նեղ եւ խիստ պատնեշված է լինելու 44-օրյա պատերազմի աղետալի հետեւանքներով:

Ռոբերտ Քոչարյանը կխոստովանի՞ այս ճշմարտությունը: Հազիվ թե: Դա քաղաքական ֆիասկո կարժենա: Բայց դա պետք է ասվի հանուն Հայաստանի: Մնում է, որ դիսկուրսը բացի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը: Այլապես հետընտրական Հայաստանն ավելի թույլ է լինելու:

Վահրամ Աթանեսյան

Պատմաբան, լրագրող, հրապարակախոս, քաղաքական գործիչ։ Հայաստանի Գերագույն խորհրդի (1990-1995) Արցախից ընտրված պատգամավոր, 2000-2015 թվականներին Արցախի Ազգային ժողովի երեք գումարումների պատգամավոր։ «Խոջալու․ հանցագործության անատոմիա», «Երկրի ժամանակը», «Հոգեւոր Հայաստանը եւ արդիականությունը» եւ «Աստծո հաջորդ օրը» գրքերի հեղինակն է։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Եվս 54 ընտանիք վերադարձավ Արցախ
հաջորդը
Դեսպանությունը՝ խարդախության դեպքերի մասին

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Մայիսի 2021
ԵԵՉՀՈւՇԿ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31 
« Ապր   Հնս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն