• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՆերքինՔաղաքականություն

Քաղաքակրթության մասին

Վահրամ Աթանեսյան 11:30 | 25.05.2021
Վահրամ Աթանեսյան 11:30 | 25.05.2021
Genghis Khan

Թուրքական աշխարհի սպառնալիքից առաջին զգացողությունս Չինգիզ Այթմատովի «Կառափնարան» վեպից էր: Գայլերի պատմությունը, որ անընդմեջ հիշեցվում է՝ Աքբարայի եւ Թաշչայնարի, ընկալվել էր որպես բողոք ուծացման, ազգային ինքնության կորստի դեմ: Չգիտեմ: Միջին կամ Կենտրոնական Ասիան ինձ անծանոթ աշխարհ է: Բայց չէ՞ որ բողոք է նաեւ «Եվ դարից երկար ձգվում է օրը» վեպը:

Ինչո՞ւ ղազախական տափաստանը պիտի դառնար հրթիռային փորձարկումների դաշտ, փակ գոտի, որտեղ արգելված է հանգուցյալին հուղարկավորել նախնյաց գերեզմանոցում: Եվ այն ղազախ ուսուցչի ողբերգությունը՝ Աբութալիբ Ղութիբաեւի, որին անվտանգության մարմինները ձերբակալում-աքսորում են, որովհետեւ անծայրածիր տափաստանում ցրված գյուղերում ժողովրդական բանահյուսության պատառիկներ է ուզում փրկել:

Բայց ավելի սարսափելին «Կառափնարանի» այն տեսարանն է, երբ հաշվեհարդար են տեսնում Աբդիա Կալիստրատովի դեմ՝ դատապարտելով նրան Քրիստոսի խաչելության: Կարծես թե չեն ուզում սպանել, բայց սպանում են:

Տարիներ հետո Новый мир-ը հրապարակեց «Կառափնարանի» մի հատված, որը խորհրդային գրաքննությունը դուրս էր թողել: Հայերեն թարգմանությանը չեմ հանդիպել: Ռուսերեն կոչվում էր Облако Чингисхана՝ տիրակալի եւ հորդայի երթը դեպի Արեւմուտք: Դեպի բոլորովին մի այլ աշխարհ, որտեղ, ճիշտ է, սոցիալական արդարություն նույնպես չկա, նույն ֆեոդալի եւ ճորտի իրավաենթակայությունն է, բայց մարդն, այնուամենայնիվ, ինչ-որ արժեք իրենից ներկայացնում է: Եվ դեպի Ավետյաց երկիր արշավանքի են գնում ոչ թե հորդայով, այլ ասպետական զորախմբերով:

Արշավանքը, այլ քաղաքակրթության յուրացումը կամ ոչնչացումը, նվաճված տարածքի ամայացումն ու վերաբնակեցումն, իհարկե, վերջին հաշվով նույն վայրենությունն են: Բայց Չինգիզ խանի հորդայի այթմատովյան նկարագրության մեջ զգաստացնող մի բան կար: Մանավանդ որ գրեթե միաժամանակ Հրանտ Մաթեւոսյանի մոտ հանդիպեցի «ներքին Թուրքիա» ձեւակերպմանը: Խորհրդային Միության մասին էր ասում: Երեսուն տարի առաջ, երբ որեւէ մեկի մտքով ո՛չ Միության փլուզումն էր դեռ անցնում, ո՛չ Ռուսաստանի դժվար երկընտրանքը:

Եվ երբ հանդիպադրեցի, հասկացա, թե ինչու դեռեւս 1984-ին՝ ԵՊՀ ուսանողության հետ հանդիպմանը, Հրանտ Մաթեւոսյանը խուսափել է Չինգիզ Այթմատովի գործը գնահատելուց: Չի ցանկացել հիասթափեցնել: Անհնար է, որ Մոսկվայի գրական շրջանակների հետ ունեցած կապերով տեղյակ չլիներ, որ Միության ներսում «թուրքական աշխարհ» է ձեւավորվում:

Գրական-մշակութային աշխարհ՝ Չինգիզ Այթմատով, Օլժաս Սուլեյմենով, Չինգիզ Հուսեյնով: Ռուսագիր հեղինակներ, որ երեք հարյուր միլիոնանոց ընթերցող լսարանին ներկայացնում էին թուրքական համերաշխության իրենց այլընտրանքը:

Տափաստանում նախնյաց գերեզմաններն ավերելու դեմ ծեր ղազախի անմռունչ բողոքը «Եվ դարից երկար ձգվում է օրը» վեպի տպագրությունից ընդամենը երկու-երեք տարի անց պայթեց Ալմա Աթայի կենտրոնում «զանգվածային անկարգություններով»: Իրականում դա վելիկոռուսական ազգայնականության դեմ ապստամբություն էր, որը Մոսկվային ստիպեց չեղարկել ղազախների գլխին Կենտկոմի ռուս քարտուղար կարգելու որոշումը:

Դա Ղազախստանի նոր առաջնորդի՝ Նուրսուլթան Նազարբաեւի աստեղային ժամն էր: Մեկ տարի անց Միխայիլ Գորբաչովը պաշտոնանկ արեց Հեյդար Ալիեւին: Ադրբեջանի եւ Խորհրդային Միության «ներքին Թուրքիայի» համար դա աղետ էր: Մոսկվայում ՊԱԿ-ի գեներալ Հեյդար Ալիեւը «ներքին Թուրքիայի» պատվիրակը եւ խորհրդանիշն էր: Որեւէ վտանգ կանխազգացե՞լ էր Գորբաչովը: Դժվար է ասել, բայց նրա մեկ այլ որոշումը՝ Չինգիզ Այթմատովին դեսպան նշանակելու, շատ էր նման թուրքական աշխարհի պատգամախոսին պատվավոր աքսոր ուղարկելուն:

Վստահաբար պնդելու հիմքեր չունեմ, տպավորություն եմ փոխանցում: Մանավանդ եթե հանդիպադրենք, որ հենց այդ ժամանակ ծագեց Ղրիմի թաթարների եւ մեսխեթցի թուրքերի հայրենադարձության խնդիրը: Հուշերի գրքում Միխայիլ Գորբաչովը պատմում է, որ ընդունելության գնացած Սիլվա Կապուտիկյանին եւ Զորի Բալայանին անկեղծորեն խոստովանել է, որ թեեւ Ղրիմի թաթարների հարցով պետական հանձնաժողով է ստեղծվել, բայց էական ոչինչ չի արվելու:

Թաթարներին Ղրիմից չէին աքսորել, որպեսզի քառասուն տարի հետո վերականգնեն թուրքական ինքնավարությունը: Ոչ էլ Վրաստանին էին համոզելու, որ ընդունի մեսխեթցի թուրքերին: Ուրեմն քաղաքական լեզվով Խորհրդային Միության առաջնորդը երկու հայ գրողի հասկացրել էր, որ Լեռնային Ղարաբաղի հարցն էլ չի լուծվելու: Հակառակ դեպքում կաշխատի «ադրբեջանական գործոնը»:

ԽՍՀՄ-ն, այսպիսով, քաղաքակրթական երկվության երկիր էր: Դա փոխանցվել է Ռուսաստանին: Եվ երբ Ռուսաստանի նախագահն իր երկրի մասին ասում է՝ «ինքնուրույն քաղաքակրթություն է», հենց դա էլ, կարծես, արձանագրում է: Եվ այստեղ մեր զգայական ընկալումները ոչ մի նշանակություն չունեն:

Քաղաքակրթություն է այն, ինչ նպաստում է պետության միասնականությանը, հզորությանը, խթանում նրա ապագայի տեսլականը: Եվ անհասկանալի է, երբ մեզանում Ռուսաստանի արտգործնախարարին քննադատում են, թե ինչու է ասել, որ կարող են թյուրքախոս երկրների կազմակերպության մաս կազմել կամ լինել այնտեղ դիտորդ:

«Չինգիզխանությունը» պետականաստեղծ վայրենություն է: Մենք մեր քաղաքակրթությունը չենք պետականացրել: Մեր պետությունը եւ քաղաքակրթությունը երբեմն նույնիսկ հակոտնյա են: Ե՞րբ, ո՞վ եւ ինչպե՞ս է լուծելու այս կազուսը՝ դրանով է մի զգալի մասով պայմանավորված լինելու մեր ժողովրդի քաղաքական ինքնությունը:

Վահրամ Աթանեսյան

Պատմաբան, լրագրող, հրապարակախոս, քաղաքական գործիչ։ Հայաստանի Գերագույն խորհրդի (1990-1995) Արցախից ընտրված պատգամավոր, 2000-2015 թվականներին Արցախի Ազգային ժողովի երեք գումարումների պատգամավոր։ «Խոջալու․ հանցագործության անատոմիա», «Երկրի ժամանակը», «Հոգեւոր Հայաստանը եւ արդիականությունը» եւ «Աստծո հաջորդ օրը» գրքերի հեղինակն է։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Կարգելվի թռչել ԵՄ օդային տարածքով
հաջորդը
Թուրքիայում մեկնարկել են զորավարժությունները

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 2

    Բնության հետ ներդաշնակ տնտեսություն․ երեք պատմություն Վայոց ձորից

  • 3

    Կրթության նոր մեթոդներ, որոնք ձեւավորում են քննադատական ու...

  • 4

    2024-ի հունվարի 1-ից կենսաթոշակը նոր ձեւով կհաշվարկեն

  • 5

    Yandex քարտեզները՝ Երեւանի հասարակական տրանսպորտի ուղեցույց

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Մայիսի 2021
ԵԵՉՀՈւՇԿ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31 
« Ապր   Հնս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն