• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՀարեւաններՔաղաքականություն

Միջուկային համաձայնագիրը՝ վեց տարվանից ու վեց փուլից հետո

Աննա Դավթյան-Գեւորգյան 17:00 | 16.07.2021
Աննա Դավթյան-Գեւորգյան 17:00 | 16.07.2021
Iran nuclear energy

Իրանի արտաքին քաղաքականության առանցքային ուղղությունը հարաբերություններն են ԱՄՆ-ի եւ Արեւմուտքի հետ առհասարակ։ Այդ հարաբերությունների ուղենիշային տարրն այս փուլում Միջուկային համաձայնագրի ճակատագիրն է: Հուլիսի 14-ին լրացավ ծրագրի 6-ամյակը, այս ընթացքում այն վերագործարկելուն միտված քննարկումների վեց փուլ է տեղի ունեցել Իրանի ու վեց երկրների միջեւ։

Այս քննարկումների ու Միջուկային համաձայնագրի ճակատագիրը հիմա արդեն մեծապես կախված է նաեւ Իրանի նորընտիր նախագահ Էբրահիմ Ռայիսիի ապագա կառավարությունից։

Ռայիսին ընտրվելուց անմիջապես հետո հայտարարեց, որ դեմ չէ Միջուկային ծրագրի վերագործարկմանը, թեեւ շեշտեց, որ դրա շրջանակում Իրանի բալիստիկ հրթիռների ու մերձավորարեւելյան քաղաքականության հարցերի առաջբերումը քննարկման ենթակա չի համարում։ Նույն դիրքորոշումն ունի նաեւ Իրանի գործող կառավարությունը։

Հաշվի առնելով շարունակվող բանակցությունները Միջուկային ծրագրի վերագործարկման ուղղությամբ՝ հնարավոր էր համարվում, որ այն կյանքի կկոչվի մինչեւ Ռայիսիի երդմնակալությունը, որ տեղի է ունենալու այս տարվա օգոստոսին։

Սա ձեռնտու կլիներ ե՛ւ Իրանի նոր կառավարությանը, որը հետագայում կկարողանար արված քայլերի պատասխանատվությունը բարդել գործող կառավարության վրա, ե՛ւ ԱՄՆ-ին, որին այս պահին շատ ավելի հեշտ է Մոհամմադ Ջավադ Զարիֆի կամ նրա տեղակալ Աբբաս Արաղչիի հետ բանակցել, եւ շատ ավելի բարդ կլինի հարցեր քննարկել միջազգային անհատական պատժամիջոցների տակ գտնվող Ռայիսիի կամ նրա կառավարության անդամների հետ։

Ռայիսիի կառավարության հավանական կազմում պահպանողական թեւի բավական կոշտ դիրքորոշումներով քաղաքական գործիչների անուններ են շրջանառվում՝ Ալի Բաղեր-Քանի, Սաիդ Ջալիլի, Հոսեյն Ամիրաբդոլլահիան, Մանուչեհր Մոթաքի եւ այլք։

Այս շաբաթ Իրանի Մաջլեսի՝ ազգային անվտանգության ու արտաքին գործերի հարցերով հանձնաժողովին հերթական` 22-րդ ու վերջին հաշվետվությունը ներկայացնելիս, սակայն, գործող արտգործնախարար Զարիֆը շեշտել է, որ թեեւ բանակցությունները ակտիվ փուլում են, դրանք ավարտին կհասնեն արդեն հաջորդ կառավարության օրոք։

200-ից ավելի էջից բաղկացած հաշվետվության մեջ արտգործնախարարը ներկայացրել է իր ութ տարվա աշխատանքը Միջուկային ծրագրի շրջանակում, անդրադարձել բանակցությունների մանրամասներին։ Ըստ Զարիֆի՝ բանակցությունների ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել չեղարկել ոչ միայն տնտեսական ու ֆինանսական պատժամիջոցները, որ սահմանվել են 2018-ից հետո, այլեւ անհատական որոշ պատժամիջոցներ Իրանի քաղաքական էլիտայի ներկայացուցիչների նկատմամբ։

Արտգործնախարարի զեկույցի համաձայն՝ պայմանավորվածություն կա նաեւ չեղարկելու Թրամփի 2019-ի ընդունած որոշումը, ըստ որի՝ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) ներառվեց ահաբեկչական կազմակերպությունների ցանկում։

Ե՛ւ արտգործնախարար Զարիֆը, ե՛ւ նախագահ Ռուհանին միջուկային ծրագրին անդրադառնալիս շեշտում են այն հանգամանքը, որ իրենց կառավարությունը չափազանց մեծ ճնշումների է ենթարկվել ոչ միայն դրսից, այլեւ երկրի ներսում, ու որ հույս ունեն՝ հաջորդ կառավարությունն ավելի ազատ կլինի ներքաղաքական այդ ճնշումներից։

Զարիֆը Մաջլեսում ընդգծել է, որ շատ կարեւոր է ունեցած քաղաքական վարկանիշը չխնայել պետության համար կարեւոր գործեր ավարտին հասցնելու համար։ Իր առաքելությունն ավարտող արտգործնախարարը շեշտել է նաեւ, որ առավելապաշտական մոտեցումներն ու կատարյալ համաձայնագիր ունենալու ձգտումները կարող են լուրջ վնաս հասցնել Իրանի ազգային շահերին։

Համաձայնագրի միջուկը

Իրանի եւ 5+1 ձեւաչափով ներկայացված վեց երկրների (ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 5 մշտական անդամների՝ ԱՄՆ, ՌԴ, Ֆրանսիա, Չինաստան, Մեծ Բրիտանիա ու Գերմանիայի) միջեւ 2015 թվականի հուլիսի 14-ին կնքված համաձայնագրի առանցքային նպատակը Իրանի միջուկային ծրագրի վերահսկողությունն է՝ Իրանի կողմից միջուկային զենքի ստեղծման հնարավորությունը կանխելու նպատակով։

Սրան հասնելու համար համաձայնագիրը սահմանափակում է դնում ուրանի հարստացման մակարդակի վրա (առավելագույնը՝ մինչեւ 3․67 տոկոս) եւ պահանջ սահմանում, որ Միջազգային ատոմային գործակալությունը պարբերաբար ստուգումներ անցկացնի ու հաշվետվություն ներկայացնի համաձայնագրի անդամ երկրներին։ Փոխարենը Իրանը պիտի ազատվեր տնտեսական պատժամիջոցներից, որոնք սահմանվել են իր միջուկային ծրագրի պատճառով։

2018-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը միակողմանիորեն դուրս եկավ համաձայնագրից՝ այն ոչ արդյունավետ համարելով, ու նոր պատժամիջոցներ սահմանեց Իրանի նկատմամբ։ Սրան ի պատասխան՝ Իրանը ուրանի հարստացումը հասցրեց մինչեւ 20 տոկոսի, իսկ միջուկային ֆիզիկայի մասնագետ Մոհսեն Ֆախրիզադեի սպանությունից հետո խոստացավ այն հասցնել 60 տոկոսի։

ԱՄՆ նոր վարչակազմի ընտրվելուց հետո Ծրագրի վերագործարկման նպատակով բանակցություններ սկսվեցին։ Այս բանակցությունների ընթացքում քննարկվում են Միջուկային ծրագրին վերադառնալու պայմանները, այդ թվում՝ 2018-ից հետո սահմանված պատժամիջոցների վերացման հարցը։

Երկու երկրների հարաբերությունների մեջ նշմարվող դրական տեղաշարժերին զուգահեռ փոխադարձ մեղադրանքներն ու բանակցությունները տապալելուն միտված երկուստեք քայլերը նույնպես չեն դադարել։

Իրանում տեղի ունեցած նախագահական ընտրություններից հետո ԱՄՆ-ի արձագանքը, որով վիճարկվում էր ընտրությունների արդար ու ազատ լինելը, Իրանը համարեց իր ներքաղաքական հարցերին միջամտելու փորձ։ Իսկ այս շաբաթ ԱՄՆ-ը Իրանին մեղադրեց իր քաղաքացիներից մեկին՝ հայտնի լրագրող Մասիհ Ալինեժադին ապօրինաբար առեւանգելու փորձի մեջ։

Պաշտոնական Իրանն այս մեղադրանքը շինծու է համարել, իսկ ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Ջեն Պսակին հայտարարել է, որ անկախ այս իրադարձությունից՝ ԱՄՆ-ը հավատարիմ է մնալու Միջուկային համաձայնագրին վերադառնալու իր որոշմանը՝ միաժամանակ թույլ չտալով ոտնձգություններ իր քաղաքացիների հանդեպ։

Այսպիսով՝ Միջուկային համաձայնագրի կնքման վեցերորդ տարում ունեցած բանակցությունների վեց փուլից հետո համաձայնագրի անդամ երկրները շատ մոտ են վերջնական համաձայնության, բայց դրան հնարավոր կլինի հասնել արդեն Իրանի նոր կառավարության օրոք։

Աննա Դավթյան-Գեւորգյան

Արեւելագետ-հետազոտողի իմ մասնագիտությունը հուշում է, որ հարեւաններին պետք է ընդունել ոչ միայն իբրեւ ճակատագիր, այլեւ քաղաքական, սոցիալական ու մշակութային երեւույթ, որը պետք է ճանաչել ու հասկանալ։

Իրանի միջուկային ծրագիր
0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Խուզարկել են «Ազատության» աշխատակիցների բնակարանները
հաջորդը
Լրագրողների ու լրատվամիջոցների գրառումները չեն հանդուրժում

Նման հոդվածներ

Իրանն ակնկալում է՝ ԱՄՆ-ը կչեղարկի բոլոր պատժամիջոցները

12:58 | 07.02.2022

ԱՄՆ-ը չի հրաժարվում առավելագույն ճնշման քաղաքականությունից

16:58 | 05.07.2021

Իրանի միջուկային օբյեկտների վրա հարձակվելու ծրագրեր ունի

19:32 | 02.07.2021

Այլեւս հաշվետու չի լինի ՄԱԳԱՏԷ-ին

12:24 | 28.06.2021

Խամենեիի դեմ պատժամիջոցները կչեղարկվե՞ն

15:07 | 27.06.2021

Արեւմուտքը չեղարկում է Իրանի դեմ պատժամիջոցները

17:40 | 20.05.2021

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հուլիսի 2021
ԵԵՉՀՈւՇԿ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
« Հնս   Օգս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն