• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՆերքինՔաղաքականություն

Աբրահա՜մ, մենք պարտվել ենք

Թաթուլ Հակոբյան 12:30 | 19.07.2021
Թաթուլ Հակոբյան 12:30 | 19.07.2021
Kars

Հայաստանի ոչ վաղ անցյալի պատմության մեջ մի դրամատիկ դրվագ կա, որը կարող է դառնալ պիեսի թեմա:
1920 թվականի նոյեմբերի վերջն է: Քեմալականները պատերազմում հաղթել են Հայաստանին, զավթել Կարսի մարզն ու Սուրմալուի գավառը, անցել Ախուրյանը եւ օկուպացրել այն ժամանակ Հայաստանի խոշորագույն քաղաքը՝ Ալեքսանդրապոլը, այսօր՝ Գյումրին:

Վարչապետ Համո Օհանջանյանի ՀՅԴ-ական Բյուրո-կառավարությունը նոյեմբերի 8-ին համաձայնել էր թուրքերի գրած վերջնագրի հետ, նոյեմբերի 23-ին՝ հրաժարական տվել: Ընդամենը յոթ շաբաթվա ընթացքում՝ սեպտեմբերի վերջից մինչեւ նոյեմբերի սկիզբը, Հայաստանը կորցրել էր 30 հազար քառակուսի կիլոմետր տարածք:

Վարչապետ է դառնում, ընդամենը յոթ օրով, մեկ այլ ՀՅԴ-ական՝ Սիմոն Վրացյանը: Քեմալականները՝ Քյազիմ Կարաբեքիրի գլխավորությամբ, սպասում են Ալեքսանդրապոլում, որպեսզի պարտված հայկական իշխանությունները պատվիրակություն ուղարկեն: Ոչ ոք չի ուզում ստանձնել պարտությունը ստորագրողի տխուր դերակատարությունը, այսօրվա բառապաշարով՝ ոչ ոք չի ուզում արտգործնախարար դառնալ:

Երկրորդ վարչապետ Ալեքսանդր Խատիսյանը, որի կառավարման ժամանակ Հայաստանը ընդարձակվել էր մինչեւ 60 հազար քառակուսի կիլոմետր, այդ թվում՝ բրիտանացիների ռազմական ուղղակի օգնությամբ հանրապետությանը միացվել էին Նախիջեւանն ու Կարսը, համաձայնում է գլխավորել այն պատվիրակությունը, որը պետք է կնքեր ստորացուցիչ համարվող Ալեքսանդրապոլի պայմանագիրը դեկտեմբերի 2-ի լույս 3-ի գիշերը:

Բանակցությունների սկզբում քեմալականները սեղանին բացում են քարտեզ եւ հայ պատվիրակներին ցույց տալիս, թե ինչ սահմաններով պետք է պարփակվի Հայաստանը: Այդ քարտեզը մոտ վեց անգամ փոքր էր Սեւրի քարտեզից:

Տխուր եւ ճնշված՝ մեր պատվիրակները՝ Ալեքսանդր Խատիսյանը, նախարար Աբրահամ Գյուլխանդանյանը եւ Կարսի նահանգապետ Ստեփան Ղորղանյանը, վերադառնում են իրենց կեցավայր:

Սենյակում տիրում է լռություն: Գյուլխանդանյանը, քայլելով սենյակի մի անկյունից մյուսը, ձեռքերով պահելով գլուխը, ինքն իրեն խոսում է.
— Իսկ Վանը, իսկ Մուշը…

Անդրկովկասում եւ Ռոմանովների Ռուսաստանում հայտնի դիվանագետ Խատիսյանը միջամտում է եւ պարտությունից խելագարվող Գյուլխանդանյանի ուղղությամբ գոռում.
— Աբրահա՜մ, մենք պարտվել ենք… Ի՜նչ Վան, ի՜նչ Մուշ:

Իրավամբ, պիեսի՝ դրամայի թեմա է: Թուրք քեմալականները զավթել են Հայաստանի ամենամեծ քաղաքը, մայրաքաղաք Երեւանը գրավելու համար նրանց ճանապարհին որեւէ դիմադրություն չկա, զորք չկա, կռվող չկա, իսկ Գյուլխանդանյանը Վանն ու Մուշն է երազում:

Մի քանի օր անց Կարաբեքիրը պարտադրում է, որ հայկական պատվիրակությունը հրաժարվի Սեւրի պայմանագրից: Խատիսյանը կապվում է Վրացյանի հետ եւ ներկայացնում իրավիճակը: Վրացյանը արտոնում է, որ Խատիսյանի ստորագրությամբ Հայաստանը հրաժարվի Սեւրի պայմանագրից:

Եվ վերջապես, դեկտեմբերի 2-ի կեսգիշերին Խատիսյանը կապվում է Դրոյի հետ եւ նրանից ճշտում՝ պե՞տք է ստորագրել Ալեքսանդրապոլի դաշնագիրը, թե՞ ոչ: Այդ դաշնագրով ՀՅԴ-ական իշխանությունը փաստաթղթով ընդունում է Հայաստանի տարածքների կեսից ավելիի կորուստը: Բայց չստորագրելը կարող էր բերել նոր տարածքների կորստի: Դրոն հասկացնել է տալիս, որ պետք է ստորագրել:

Այս դրաման, եթե կուզեք՝ ողբերգությունը, որ հետագայում տեղ չի գտել հայ պատմաբանների գործերում, նման է 100 տարի անց տեղի ունեցածին:

Նոյեմբերի 9-10-ի գիշերը Նիկոլ Փաշինյանը ստիպված եղավ համաձայնել ադրբեջանա-թուրքական վերջնագրին եւ Ռուսաստանի ներգրավումով ստորագրեց փաստաթուղթ, որով կորցրինք 8.000 քառակուսի կիլոմետր տարածք:

Շատերը մեղադրում են Փաշինյանին դավաճանության, ապաշնորհության, դելիտանտության եւ բազմաթիվ այլ մեղքերի մեջ: Փաշինյանը ստորագրել է կապիտուլյացիոն փաստաղթղթի տակ, քանի որ մենք պարտվել ենք, ինչպես պարտվել էինք 1920-ին: Փաշինյանին առաջին հերթին մեղադրում են ՀՅԴ-ականները, որոնց կառավարության տարիներին մենք կորցրինք 30 հազար քառակուսի կիլոմետր (ճիշտ է նաեւ, որ նույն ՀՅԴ-ական կառավարության տարիներին էր, որ ՀՀ-ն 10 հազարից դարձավ 60 հազար քառակուսի կիլոմետր):

Փաշինյանը մեր պարտության, մեր քաղաքական տհասության, մեր ոչմիթիզականության, մեր ուժերը գերագնահատելու եւ հակառակորդի ուժերը թերագնահատելու, մեր գավառական մեծամտության ու մտածողության, մեր ռազմամոլության հավաքական կերպարն է:

Նիկոլ Փաշինյանը դրամայի, եթե կուզեք՝ ողբերգության նույնպիսի թեմա է:

1994-ի հաղթական պատերազմից ու զինադադարից հետո անպարտելիության հավատը մեզ կուրացրել էր, ճիշտ այնպես, ինչպես 1920-ին հայ ժողովուրդը կուրացել էր Սեւրի թղթով: Երկու դեպքում էլ մենք գուցե հնարավորություն ունեինք հասնելու արժանապատիվ խաղաղության, սակայն երկու դեպքում էլ նախընտրեցինք համազգային ստորացումը:

Վերջերս Միացյալ Նահանգներում մի դասախոսության ընթացքում, երբ հարց հնչեց, թե ինչու մենք չենք ջարդում Հայաստան ներխուժած ադրբեջանցիների գլուխները, հիշեցի Գյուլխանդանյանի եւ Խատիսյանի դրաման ու բառացիորեն պատասխանեցի.

— Ժողովո՛ւրդ, դուք չե՞ք հասկանում, թե ինչ է կատարվել Հայաստանի եւ Արցախի հետ: Ժողովո՛ւրդ, մենք պարտվել ենք:
Հայաստանի Հանրապետությունը եւ Արցախից մնացած կտորը պահելու համար մենք պետք է խելքներս գլուխներս հավաքենք, մեր ուժերն ու հնարավորությունները ճիշտ գնահատենք, այլապես մեր ժողովրդին տանելու ենք նորանոր փորձությունների, ինչպես դա արեցինք 1920-ին եւ 2020-ին:

Թաթուլ Հակոբյան
Թաթուլ Հակոբյան

Լրագրող, հրապարակախոս, պատմություն հետազոտող, որն առօրյա փաստերը, դրանց վրա հիմնված դատողություններն ու պատմական փորձառությունը հաջողությամբ միահյուսելով ստանում է ուրույն բովանդակություն։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
536 օտարերկրացի բանտարկյալ Վրաստանում
հաջորդը
131080 պատվաստում

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հուլիսի 2021
ԵԵՉՀՈւՇԿ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
« Հնս   Օգս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն