• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
Մշակույթ

Պերճ Թյուրաբյան․ Ես ստեղծում եմ

aliq 16:00 | 30.11.2021
aliq 16:00 | 30.11.2021
Berge Turabian

Այնպիսի հարցազրույց ստացվեց, որ ես նույնիսկ չգիտեմ ինչպես ունենալ մի նախաբան։

Մի քանի օր տեւած այս զրույցը՝ Նյու Յորքից Հայաստան, Պերճի մասին է, նրա խաղալիքների, երազանքների, կյանքից փախուստների մասին է։

Եվ այսպիսի մի հարցազրույցից առաջ ասել, որ նա երգահան է, թարգմանիչ, գրադարանագետ, որ նա հեղինակել է հայկական եւ թարգմանել ֆրանսիական շանսոններ, որ բանաստեղծական արժեք ունեն նախ եւ առաջ, ինձ քիչ թվաց։

«Այս աշխարհում մի տեղ հիմա
ինչ-որ մեկն ինչ-որ մի տեղ
կուզենայի ինձ սպասեր …»

Խոսքը «ինչ-որ մեկն ինչ-որ մի տեղ» երգի մասին է: Ինչպե՞ս եք պատկերացնում նրան, ով, կուզենայիք, սպասեր Ձեզ։

Հարցին պատասխանելուց առաջ ասեմ, որ առ այսօր իմ ունեցած հարցազրույցների ժամանակ գրեթե չի եղել մեկը, որ ինձ նման հարց տար, այսինքն՝ հարց իմ երգի մասին եւ ոչ թե իմ: Եվ եթե նման հարց եք տալիս, ուրեմն պարզվում է՝
այս աշխարհում մի տեղ հիմա
ինչ-որ մեկն ինչ-որ մի տեղ
լսում է իմ երգը, լսել է ուշադիր եւ երգի մասին հարցեր ունի: Այդպիսին է այն անձը, որին կուզենայի սպասել կամ հակառակը՝ նա սպասեր իմ երգին:

Իսկ Դուք ինչ-որ մեկին սպասո՞ւմ եք։

Ինչ-որ մեկի՞ն… Ամենաընդհանուր պատասխանը կլինի՝ «Գոդոյին» (Godot): Սպասումը մարդուն տրված կյանքի ժամանակի ընթացքն է, որ ինքնին սպասումների շղթա է, ինչպիսի փիլիսոփայությամբ էլ կուզես առաջնորդվիր՝ հոգեւոր կամ էկզիստենցիալ… Առավոտյան ավտոբուսի սպասելու ֆիզիկական տաղտուկից մինչեւ հույսի, հանգստության, փրկության, ազատության, մարդու, իրադարձության… մահվան «առեղծվածային» սպասումները:

Ի՞նչ եք փնտրում, որ կվախենայիք գտնելուց։ Այս հարցը տալիս եմ, որովհետեւ Ձեր այս երգում նաեւ ասում եք՝
«…որ փնտրում եմ հիմա նրան
վախենալով գտնել հանկարծ
ու պատմությունն այս վերջանա»։

Նախորդ հարցի հետ է կապվում: Եվ այնքան էլ պատասխան չունի: Գիտե՞ք, լավ էլ չէ, որ միշտ պատասխան լինի: Ասենք, մարդկության ճնշող մասը հույսեր ունի, որ մահից հետո շարունակելու է ապրել եւ հանդիպելու է իր սիրելիներին… Սպասումը ավարտվում է մարդու չգոյությամբ: Այս երգում, իհարկե, խոսքը իրականի եւ պատրանքի հակասության մասին է, բացարձակի եւ իրականի, շոշափելիի եւ անշոշափելիի… Այլ կերպ ասած՝ պատրանքի կատարելության:

Ես «այդ անձին» միշտ էլ փնտրում եմ եւ չեմ գտնում, եւ, Աստված մի արասցե, գտնեմ: Կդադարեմ այլեւս նման երգ գրել: Թող անվերջ փնտրեմ ու չգտնեմ: Թող նա էլ՝ այդ «մեկը», որ այս աշխարհում ինձ է փնտրում ու սպասում, երբեք ինձ չգտնի: Որ «պատմությունը» շարունակվի:

«Ինչ-որ տեղ եւ մի օր» երգում ասում եք․ «Աստված ինձ տվեց սեր, որպեսզի․․․»։ Որպեսզի՞․․․

Որ շփոթմունք չառաջանա, ասեմ, որ հիմա խոսքը իմ հին երգերից մեկի «Ինչ-որ տեղ եւ մի օր»-ի մասին է, ոչ թե «ինչ-որ մեկն ինչ-որ մի տեղ»-ի: Եթե նկատել եք, իմ երգերը սկսվում են մի տեղից ու հասնում գուցե ավարտին, գուցե՝ մեկ այլ պատմության սկզբի… Այդ երգում էլ յուրաքանչյուր տան վերջին անավարտ տողը հաջորդի համար նոր սկիզբ է դառնում եւ շարունակական կորուստների շղթա՝ «Աստված ինձ տվեց սեր, որպեսզի…» ինչ-որ տեղ եւ մի օր կորցնեմ այդ սերը… երգեր գրեմ այդ մասին եւ հետո՝ ինչ-որ տեղ եւ մի օր կորցնեմ այդ երգերը… հետո՝ կորցնեմ ինքս ինձ ու դառնամ անվավեր: Ինձ երգ գրելու խթան է դառնում երբեմն մի բառը. թերթի վերջին էջին հայտարարություններ էին լինում, եւ կար այսպիսին՝ այսինչը կորցրել է իր վկայականը, գտնելու դեպքում համարել անվավեր, որից էլ ծնվել է այս երգը: Ես ինձ պատկերացրի այդ մարդը, որն այլեւս «ինքնություն» չունի:

Ինչո՞ւ է մոլորվում մարդը։

Այս հարցը ինձ մի՛ տվեք, շատ կմոլորվեմ պատասխանելու համար: Կսկսեմ Աստծո մոլորյալ գառներից ու կհասնեմ մինչեւ «մոլորակներ ու արեւներ»: Մարդը՝ մարդկությունը… իր գոյության օրից բնազդներով, զգայարաններով, ուղեղով, փորձով ձգտում է բացահայտել օրենքներ, որպեսզի «չմոլորվի»… բայց դրանք երբեք լավ չի յուրացնում…

Կա՞ երգ, որ կուզենայիք Դուք գրած լինել։

Ախ, դուք նկատի ունեք այն պատմությունը, որ արել էի «Ինչ-որ տեղ եւ մի օր» երգի հետ կապված: Մի մարդ կար Երեւանում, որ այն տարիներին հայ մտավորականի եզակի տեսակ էր՝ Վարուժան Նալբանդյանը: Դերվիշ էր: Շատ բանիմաց, շատ խելացի, ֆրանսիական գրականության գիտակ, բազմաթիվ գրքերի եւ թարգմանությունների հեղինակ: Շատ մարդախույս լինելով հանդերձ մեզ հետ ընկերացավ եւ այցելում էր: Եվ իմ «տնային» համերգների ունկնդիրներից մեկն էր (դե, դա խորհրդային շրջանն էր, երբ հեղինակային երգը դժվար էր տնից դուրս հանել): Ամեն անգամ այդ երգը լսելիս ասում էր. «Երանի ես գրած լինեի այդ երգը»։ Հիշում եմ, մի անգամ, երբ նորից իր բամբ ձայնով կրկնեց այդ խոսքերը, աղջիկս՝ Արուսիկը, որ 3-4 տարեկան էր, շատ լուրջ դեմքով հարցրեց. «Թուղթ բերե՞մ՝ գրես»:

Գալով ինձ, չեմ կարող մի երգի մասին խոսել, շա՜տ-շատ են դրանք: Հատկապես շատ եմ նախանձում այն մարդկանց, որոնք մի երգով են հայտնի դարձել, ասենք՝ «Besame mucho»-ի հեղինակը. այսօր նրանց անունը անգամ քչերը գիտեն, բայց երգը կա: Կուզենայի իմ երգերի մեջ էլ մի լավագույն երգ ունենալ:

Գուցե «Ինչ-որ մեկն ինչ-որ մի տեղ»-ը կարո՞ղ էր լինել այն երգը, որ կուզենայի ես գրած լինել, բայց արդեն գրել եմ:

Ասեմ նաեւ, որ ունեմ մի ընկեր, ով առնվազն տարին երեք անգամ զանգում է եւ պահանջում, որ իր համար երգեմ իմ «Խաղալիքները» երգը, նորից ու նորից: Մի անգամ նույնիսկ առանց նախազգուշացնելու հատուկ եկավ Նյու Յորք՝ ուղիղ մեր տուն, որ ասի, որ դա «աշխարհի ամենալավ երգն է»: Հուզիչ է:

Որո՞նք են Ձեր փախուստի ուղիները։

Փախուստի ուղիները գտնելը կարեւոր է… երբ կանգնում ես հարցերի եւ իրավիճակների առջեւ, որոնք անկարող ես բանականությամբ լուծել… նաեւ «պարապը» լցնելու ձեւեր են: Իմ փախուստի ուղիները երկու տեսակի են՝ փախուստ առօրյայից եւ փախուստ դեպի առօրյան, բայց սկզբունքը նույնն է՝ լցնել դրանք «գործողությամբ»: Օրինակ՝ նույնիսկ աշխատանքի գնալիս տրանսպորտի մեջ ինձ համար մեծ փախուստ է երգերի տեքստերի գրառումներ կամ թարգմանություններ անելը…

«Խաղալիքները» երգում ասում եք․
«Մանկությունս իմ մեջ
լալիս է անվերջ…»
Ինչո՞ւ։ Ի՞նչ կա մանկության մեջ։

Իմ մանկության մեջ ցավ չի եղել, ողբերգություն չի եղել: Ինձ մանկության լավ պայմաններ են բաժին ընկել: Դա Եգիպտոսում էր, Կահիրեում, որ այդ տարիներին աշխարհի կենտրոններից մեկն էր: Իհարկե, մեր ընտանիքն էլ էր գաղթական հայ ընտանիք, բայց գաղթ ու աքսոր չեմ տեսել, իսկ Եգիպտոսի հայ համայնքն իր ակումբներով, ընկերային միջավայրով, դպրոցներով, մշակութային կյանքով լավագույնն էր պարգեւում ինձ: Բայց միշտ փորձել եմ հնարավորինս շուտ փախչել, ձերբազատվել մանկությունից: Թեեւ, ի վերջո, չեմ կարողացել, որովհետեւ դեռ մինչեւ այսօր մեջս մանկություն կա, այն մանուկը կա, որ կուզենար՝ ձեռքից բռնեն… Այսինքն՝ այդ մանուկը դեռ իմ մեջ է, որը ինչ-որ բան է ուզում: Ի՞նչ է ուզում: Խաղալիքնե՞ր:

Մանկությունը երբեւէ լքո՞ւմ է մարդուն։

Երեւի ոչ, բայց երբեմն մարդ գիտակցաբար չի ուզում այն հիշել: Դա ինքնապաշտպանվելու ձեւ է: Ազնավուրի վերջին երգերից մեկը, որ թարգմանել եմ, «Պատերազմի մանուկները» այդպիսի մանկության եւ այդ մանուկների մասին է:

Aznavour & Turabian
Բայց իմ երգը այլ բանի մասին է… թե որքանով ես մանուկ մնացել հասուն տարիքում: Հայրս, օրինակ, այդպիսին էր՝ մեծ մանուկ: 80 տարեկանում կարող էր հոլ խաղալ եւ մանկան պես հրճվել: Բայց կան մարդիկ, օ՜, այնքան եմ հանդիպել այդպիսի մարդկանց, որոնց մեջ մանկության նշույլ իսկ չկա: Դժվար է նրանց հետ:

Պերճ Թյուրաբյանի երգային արվեստը ձեւավորվել եւ սնուցվել է ֆրանսիական երգի զմայլանքներով։ Նա թարգմանել է Շարլ Ազնավուրից մի քանի տասնյակ երգ, Բրելի, Բրասենսի, Ֆերեի, Բարբարայի եւ այլ շանսոնիեների գործեր, որոնք հնարավորություն են տալիս հայ ունկնդրին հաղորդակից լինելու այս արվեստին։

Գիտե՞ք, սա Ազնավուրով չի սկսվել եւ ավարտվել, Ազնավուրից առաջ եւ զատ՝ շատ այլ շանսոնիեների երգեր եմ թարգմանել: Բայց Ազնավուրին հայերեն թարգմանելն ու երգով մատուցելը մի օր համարեցի եւ դրանից հետո շարունակեցի համարել առաջնային խնդիր: Ինչո՞ւ: Այսօր շատերը, ովքեր լսել են նրան հայերենով, երախտապարտ են իմ արած գործի համար… որ հասկանում են, թե ինչի մասին է երգում: Ես հաճախ ասում եմ, որ եթե Աստված կա եւ մի օր ինձ հարցնի՝ ամենաշատը ի՞նչ սիրեցիր քո կյանքում, պատասխանս լինելու է՝ այն ամեն գեղեցիկ զգացումները, որ կիսել եմ ուրիշի հետ:

Ի՞նչ եք գտնում Շարլի երգերի մեջ։

Տարբեր տարիքներում տարբեր հարաբերություններ եմ ունեցել Ազնավուրի երգերի հետ: Հիմա ինձ հատկապես զարմացնում եւ հիացնում է խոսքն ու երաժշտությունը համադրելու նրա վարպետությունը՝ գյուտերը, բազմապիսությունը, համարձակությունը:

Aznavour & Turabian
Այստեղ ուզում եմ անպայման շեշտել, որ նույնպիսի ակնածանք ու հիացմունք եմ տածում Ժորժ Գարվարենցի հանդեպ, որը Ազնավուրի մի քանի լավագույն երգերի երաժշտության հեղինակն է, բայց, ցավոք, քչերը, հատկապես մեզանում, գիտեն այդ բազմավաստակ ու տաղանդավոր հայ երաժշտի մասին:

Դուք ինչի՞ առջեւ եք պատրաստ գլխարկ հանելու։ Այս հարցը Բարբարայի «Գլխարկ հանեմ» երգից հետո հատկապես հետաքրքիր է։

Ճիշտն ասած, հազվադեպ եմ գլխարկ դնում, հիմնականում այն հանած է (կամ՝ միայն բերետ, որը հանել-դնելը դժվար է…): Իսկ կատակը մի կողմ՝ բոլոր այն մարդկանց՝ գրողների, երաժիշտների, նվիրյալների… որոնց ստեղծած արժեքներով, նկարագրով ու գործով հիացել եմ, որոնք ինձ ձեւավորել են, որոնց շնորհիվ ապրելը իմաստավորվել է/իմաստավորվում է:

Դուք Ձեր երգերի մեջ չեք ասում՝ ես քեզ սիրում եմ։ Իսկ իրական կյանքում հաճա՞խ եք խոստովանել/խոստովանում, որ սիրում եք։

Հետաքրքիր է, որ նկատել եք: Ես պարզապես չեմ կարող ո՛չ երգում, ո՛չ էլ կյանքում ասել՝ ես քեզ սիրում եմ: Դա ինձ շատ անհեթեթ է թվում: Դա կարելի է չասելով էլ ասել: Բայց իրական կյանքում մեկ կամ երկու անգամ ասել եմ՝ ռուսերենով, երբ նոր էի եկել Հայաստան, սկսել էի ռուսերեն պարապել եւ մի ընկերուհու ռուսերեն նամակներ էի գրում:

Դուք թարգմանել եք նաեւ Ժակ Բրելի «Դու ինձ մի՛ լքիր» երգը։ Բրելն ինքը կարծում էր, որ ողջ երգը տղամարդու թուլամորթության հիմն է, եւ այդպիսի երգը ստորացնում է տղամարդուն։ Էդիթ Պիաֆն այս երգի մասին ասում էր, որ տղամարդը չպետք է նման երգ երգի։ Դուք ի՞նչ եք կարծում, արդյո՞ք դա ինչ-որ կերպ կարող է ստորացնել տղամարդուն։

Այս հարցը սխալ է տալ այն անձին, որը չի կարող անգամ ասել՝ քեզ սիրում եմ, ուր է թե աղաչեր՝ «դու ինձ մի՛ լքիր»: Բայց ես մեկն եմ, որը կարող է լուռ լաց լինել: Դա ստորանալու կամ ստորացվելու հետ կապ չունի:

Որպես վերջաբան եւ նոր սկիզբ

Պերճ Թյուրաբյանը պատրաստում է Ազնավուրին նվիրված արդեն երրորդ երգապնակը՝ «Ազնավուր 100»-ը։ Այդպիսով կլինի 50-ից ավելի թարգմանված ու երգված երգ՝ իր լավագույն երգերից։

Բայց Պերճն այս բոլորի մեջ չի կարող չառանձնացնել «Մամա» երգը, որ երգել է Կահիրեի իրենց ակումբում, երբ 13 տարեկան էր։ Սա առանձին պատմություն է, որի մասին, հուսով եմ, դեռ կզրուցենք։

Հարցազրույցը՝ Վիկտորիա Սամուելի

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
ՆԱՏՕ-ն զգուշացնում է, Բելառուսը՝ կրակին յուղ լցնում
հաջորդը
ԱՄՆ-ը Հայաստանը փորձում է հանել ռուսների տակից

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 3

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Նոյեմբերի 2021
ԵԵՉՀՈւՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 
« Հկտ   Դկտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն