2007 թվականի հունվարի 19-ին Ստամբուլում՝ «Ակոս» ամսաթերթի խմբագրության շենքի դիմաց, սպանվեց Հրանտ Դինքը։
Նա երազում էր հզոր Հայաստանի մասին, նա երազում էր Թուրքիայի ու Հայաստանի միջեւ արժանապատիվ, խաղաղ համակեցության ու գործընկերության մասին, որին հասնելու իր պատգամը հրաշալի կերպով բանաձեւել էր.«Ինձ համար աշխարհում ու Թուրքիայում Հայոց ցեղասպանության ընդունումից շատ ավելի կարեւոր է Հայաստանի կայունությունն ու հզորացումը: Ցեղասպանության զոհ դարձած իմ պապերի ոսկորները կհանգստանան միայն այն ժամանակ, երբ Հայաստանը դառնա ուժեղ, ամուր երկիր»։
Ես կարծում եմ, որ թե՛ Հայաստանում, թե՛ Սփյուռքում, ցավոք, քչերն են այսպես մտածել ու մտածում, եւ դրա համար մենք ունենք այսօր այն, ինչ ունենք։
Նկատել եմ, որ Հրանտ Դինքին այսօր հետմահու երկրպագողներից շատերը ծանոթ չեն նրա գաղափարներին ու մոտեցումներին։ Ինքս նրան բացահայտել եմ, ցավոք, հատկապես նրա ողբերգական մահից հետո։ Նրա հոդվածները, հարցազրույցները, «Երկու մոտ ժողովուրդ, երկու հեռու հարեւան» գիրքը ինձ շատ են կապել նրա հետ։
Մինչեւ այսօր նաեւ շատ ջերմորեն հիշում եմ «Հրանտ Դինք» հիմնադրամի ծրագրով Թուրքիա այցելությունս, որի ժամանակ մի քանի անգամ առիթ ունեցա գործընկերներիս հետ լինելու «Ակոսի» խմբագրությունում, տեսա նրա աշխատասենյակը, որը նրա գործընկերները մինչ օրս պահպանել են ճիշտ այնպիսին, ինչպիսին վերջին անգամ նա թողել է։ Տպավորություն է, որ ուր որ է ներս կմտնի ու կշարունակի կիսատ թողածը…
Հրանտ Դինքի «Երկու մոտ ժողովուրդ, երկու հեռու հարեւան» գիրքը թուրքերենով լույս է տեսել 2008 թվականին` գրողի սպանությունից մեկ տարի անց: Հրանտ Դինքի մտորումներն ու պատկերացումները հայ-թուրքական հարաբերությունների մասին արժանի են բարձրաձայնման։ Գիրքը հայերեն լույս է տեսել 2009-ին։ Ահա մի հատված.
…Ըսի, որ «Հայ» եմ…
Մենք՝ թրքահայերս, ուզենք թէ չուզենք, արտայայտելէ խուսափինք կամ ոչ, վերջապէս Հայաստան կոչուած երկրի բնակիչներուն եւ աշխարհացրիւ սփիւռքահայութեան ցեղակիցն ենք ու նոյն ծառին, մեր ժամանակներուն հասած ծիլերը:
Անշուշտ որ մեր այս զգացական կապը չի խանգարեր մեզ Թուրքիոյ հայրենակից ըլլալէ, եւ երբեք չի նշանակեր, թէ կրնանք դաւաճանել մեր հայրենակիցներուն:
Ապրած երկրի լաւ հայրենակից ըլլալը չ՚արգիլեր ուրիշ հողամասի մը վրայ ապրող ազգակիցներու հետ զգացական կապ ունենալը, կամ այդ երկրի ժողովուրդին երջանկութեան համար կարելի եղած ճիգ թափելը: Ահա այս գիտակցութեամբ կը ցանկամ որ Հայաստանի եւ հայաշխարհի ապագան ալ ապահով ու խաղաղ ըլլայ, եւ յատկապէս Հայաստան հաշտ ու համերաշխ ապրի իր հարեւաններուն հետ:
Հակառակ պարագային, շատ լաւ գիտեմ թէ՝ նոյնիսկ իր ներքին բոլոր հարցերը լուծէ, միեւնոյն է, եթէ Հայաստան չէ լուծած իր երկու հարեւաններու՝ Թուրքիոյ ու Ատրպէյճանի հետ հարցերը, երբեք ապահով պիտի չզգայ ինքզինք: Եթէ կը շարունակուին հարեւան երկիրներու հետ հարցերը, այս կը նշանակէ, թէ երկրին եկամուտի աղբիւրները պիտի տրամադրուին պաշտպանութեան ծախսերու, փոխանակ՝ զարգացման եւ յառաջդիմութեան:
Մերի Մուսինյան