Սեդվու Սուրբ Նշան եկեղեցու hարավային մուտքի մոտ թափված խոշոր քարերն անծանոթ եւ անտեղյակ այցելուների աչքին գուցե սովորական թվան, որովհետեւ վանքը, հազարավոր հուշարձանների նման, կիսաքանդ եւ անմխիթար վիճակում է։ Բայց խոնարհված այս սրբավայրի մշտական այցելուներին ոչ միայն թափված քարերը, այլեւ եկեղեցուն կից մատուռի առաստաղի փլուզումն են զարմացրել ու ցավ պատճառել։
Ուժգին երկրաշարժի հետեւանքներն առաջինը լուսանկարել ու հրապարակել էր Կաճաճկուտ գյուղի վարչական ղեկավար Ռուզաննա Թամազյանը, որ երկրաշարժից մեկ շաբաթ անց էր եկեղեցի այցելել։ Սոցիալական հարթակում հրապարակելուց բացի՝ զեկուցագրով Ալավերդու համայնքապետարանին է տեղյակ պահել կատարվածի մասին։
«Եկեղեցու պահպանությունը, հսկողությունը որեւէ մեկի վրա դրված չէ։ Հիմնականում ընտանիքով ենք հաճախակի գալիս, մաքրում էս տարածքը։ Քաղաքապետարանի կոմունալ բաժինն էլ»,- պատմում է վարչական ներկայացուցիչն ու նշում՝ սրտացավ մարդկանց շնորհիվ է, որ եկեղեցում վերջերս մոմավառության սեղաններ են դրվել, եւ եկեղեցին ներսից փոքր-ինչ բարեկարգ տեսք է ստացել։
Ըստ Ռուզաննա Թամազյանի՝ մասնավոր ներդրումներով փորձում են նաեւ վանական համալիրի մուտքի մոտ մետաղական դարպասներ տեղադրել, որպեսզի անասուննները չմտնեն ու չաղտոտեն տարածքը։ Աշխատանքն ընթացքի մեջ է, ասում է։
13-րդ դարին թվագրվող Սեդվու վանական համալիրը Ալավերդի խոշորացված համայնքի կազմում գտնվող Կաճաճկուտ գյուղի վարչական տարածքում է՝ գյուղից 3 կմ հարավ՝ Սեդվու (Սեդվին Կաճաճկուտի հին անվանումն է) ձորում։ Համալիրից պահպանվել են միայն Սուրբ Նշան եկեղեցին՝ կից մատուռով, եւ օժանդակ շինությունների եւ պարսպապատերի մնացորդներ։
Վանքից կես կիլոմետր հեռավորության վրա Սեդվու ամրոցն է, որից միակ պահպանվածը եռահարկ աշտարակաձեւ կառույցն է։
Հուշարձանների պահպանության գործը կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության ենթակայությամբ գործող «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ինն է։
Նշված կազմակերպության Լոռու մարզային ծառայության տարածքային համակարգող Կարեն Յոլչինյանը փետրվարի 13-ի երկրաշարժից հետո մի քանի սրբավայրերում է եղել, այդ թվում Սեդվիում։
«Բգավորն էր ճաքեր տվել, Շնողի Սուրբ Գեւորգը, Սեդվու մատուռում են քարեր թափվել, դրսից ճաքեր են առաջացել, Հաղպատի պարսպի մի աշտարակի վրա ճաքեր կան, Արդվու Կարմիր վանքի ճաքերն են ավելացել։ Մինչեւ ամսի 24-ը ժամանակ էր տված Երեւանից, որ հաղորդենք։ Ինչ հնարավոր էր, արել ենք, բայց կարող է էլի վնասված եկեղեցիներ լինեն»,- ասում է Յոլչինյանն ու նկատում՝ Սեդվին աստիճանաբար փլվում է, դեմն առնելը վերակառուցումն է, ուրիշ տարբերակ չկա, բայց ֆինանսավորում էլ չկա։
Մինչդեռ Հայաստանի պատմաճարտարապետական ժառանգության ծայրահեղ անմխիթար վիճակով ու ոչ բավարար պահպանությամբ մտահոգ մարդիկ եւ հատկապես մասնագետները վստահ են՝ հուշարձանների ներկա վիճակը ոչ թե ֆինանսների, այլ պետական հոգածության բացակայության հետեւանք է։
Վերականգնող ճարտարապետ, «Պատմական հուշարձանները վերականգնող ճարտարապետների հայկական ասոցիացիայի» հիմնադիր խորհրդի անդամ Ամիրան Բադիշյանի կարծիքով՝ ամեն բան ավելի շատ ծանրացվում է, քան թե իրականում կարող է լինել։
«Հիմնական պատճառաբանությունը բյուջեի սղությունն է, չգոյությունը եւ այլն։ Բայց դրանք հորինած բաներ են, ուղղակի երեսուն տարի պետական մտածելակերպը չի համընկնում հուշարձանների պահպանության գործընթացին։ Սա իմ համոզմունքն է, ոչ թե կարծիքը։ Իսկ մեր ասոցիացիան ընդամենը հասարակական կազմակերպություն է, որ սովետական կայացած դպրոցի մասնագետներիս կողմից է ստեղծվել։ Գոյություն ունեցող բոլոր խնդիրների լուծման համար ոչ մի արդյունքի չենք կարողանում հասնել, որովհետեւ պետական մոտեցումը բացակայում է»,- ասում է ճարտարապետը։
Հայաստանում եւ դրա սահմաններից դուրս հայկական հուշարձանների պահպանության, փրկության, վերականգնման, հանրահռչակման եւ ապա մասնագիտական ներուժի զարգացման գործը ստանձնած ասոցիացիան, ըստ Ամիրան Բադիշյանի, որեւէ հուշարձանի վերականգնում իրականացնում է ըստ դրա վթարայնության աստիճանի եւ արժեքի։
«Կարող է հուշարձանի վթարայնությունը համեմատաբար բարձր լինի, բայց արժեքային համակարգով այն զիջի Սեդվու վանքին, Քառասնից Մանկանց վանքին կամ Բարձրաքաշին կամ մյուսին։ Էդ դեպքում առջնայինը ճարտարապետական արժեքն է, որովհետեւ ի վերջո դա լինի հոգեւոր կառույց, թե քաղաքացիական, առաջին տեղում ճարտարապետական արժեքն է»,- նշում է մասնագետը։
Չնայած խարխլված եւ անմխիթար վիճակին՝ Սեդվու Սուրբ Նշանն այցելուների պակաս չի ունենում։ Մարդիկ նախ Կաճաճկուտի անբարեկարգ, ապա ձորի մեջ գտնվող սրբավայրի ճանապարհն են հաղթահարում։ Տեղացիները փաստում են, որ վանական համալիրի նկատմամբ նաեւ զբոսաշրջիկների հետաքրքրությունն է մեծացել։
Համավարակի պատճառով, սակայն, վերջին 1-2 տարում միայն Հայաստանի տարբեր վայրերից են այստեղ ուխտավորներ եկել։
Սեդվու վանական համալիրն ու միջնադարյան ամրոցը ճանաչելի դարձնելու նպատակով արմատներով կաճաճկուտցի Սեւակ Ոսկանյանը դեռ 2019-ին այստեղ վրանային հանգստի գոտի է հիմնել։ Պատմում է՝ Շվեյցարիայից ու Քաթարից այցելուներ են եղել, որ այստեղ են եկել հենց եկեղեցին տեսնելու նպատակով։
Սեւակը կարծում է, որ հիմնադրամ ստեղծելու միջոցով գուցե հնարավոր լինի բարերարներ գտնել եւ եկեղեցին «ոտքի հանել», որովհետեւ ներկա իրավիճակում, ըստ նրա, պետությունը դժվար թե կարողանա ինչ-որ բան անել։
Հայկական պատմամշակութային ժառանգության անտեր-անտիրական վիճակը զայրանալու չափ անհանգստացնում է պատմության եւ աշխարհագրության ուսուցիչ Էդուարդ Շահվերդյանին։ Նա այն քիչ մանկավարժներից է, որ իր սաներին հայրենիքը սիրել, ճանաչել է տալիս միջնադարյան ժառանգությանը ծանոթացնելու միջոցով։
«Երբ աշակերտներիս տանում եմ բնության գիրկը, ու երբ տախտերի վրա, սարերի գլխին տեսնում ենք էդ հուշարձանները, ես չեմ հասցնում իրենց ներկայացնեմ մեր պատմության, մեր եկեղեցիների ողբալի վիճակը, իրենք ինձնից շուտ են ասում՝ մի՞թե հնարավոր չէ նորոգել՝ նոր եկեղեցիներ կառուցելու փոխարեն։ Այսինքն՝ սա երեխային անգամ բացատրել պետք չէ, թե ինչքան ենք մենք վրիպումներ անում՝ չհարգելով մեր անցյալը, մեր պատմական հուշարձանները, չհարգելով ինքներս մեզ»,- ասում է երկարամյա մանկավարժը։
Ինչ վերաբերում է Սեդվու Սուրբ Նշանին, ապա, ըստ նրա, կարեւորը թափված բոլոր քարերը տեղում են, ուրիշ գյուղերի պես չեն տարել ու գոմ կառուցել։
Եկեղեցիների պահպանության գործում թերանալու, անտարբեր լինելու մեջ Էդուարդ Շահվերդյանն էլ սլաքը պետությանն է ուղղում եւ զուգահեռ իր երախտիքը հայտնում այն անհատներին, որոնց ջանքերով վերջին տարիներին Օձունի տաճարն ու խոնարհված Հոռոմայրի վերին հուշարձանախումբը վերակառուցվեցին։
«Ես չգիտեմ՝ աշխարհում երկրորդ էսպիսի ազգ կլինի՞, որ այսչափ անտեսի հուշարձանները։ Սա արհամարհանք է․ մենք մեր ազգային ոչ մի որակ, ինքնություն, մեր պատմությունը չենք գնահատում, չենք սիրում մեր երկիրը։ Մի շատ ողբալի բան է կատարվում մեր անցյալի հանդեպ, մենք այսպես մեղանչում ենք»,- եզրափակում է մանկավարժը։

Մասնագիտությամբ լրագրող եմ։ 15-ամյա աշխատանքային գործունեությանս մեծ մասն անցել է հեռուստատեսության ոլորտում՝ Ալավերդու «Անկյուն+3» հեռուստաընկերությունում։