Անհանգստանում ենք ձեզ համար եւ աղոթում

aliq

ՍԱՇԱ

Իմ անունը Սաշա է, ուկրաինացի եմ: Քրոջս հետ հիմա թաքնվում եմ լոգարանում։ Մեր քաղաքում առաջին անգամ օդային տագնապ եղավ, բոլորս ստիպված ենք թաքնվել ապաստարաններում:

​​Զանգահարեցի դասընկերուհուս, գիտեի, որ նա քնած է: Միայն երրորդ զանգից վերցրեց, ես իսկապես վախեցա… Նրան ասացի, որ անմիջապես թաքնվի:

Առայժմ պայթյունների ձայներ չկան, հուսով եմ՝ շուտով կկարողանանք դուրս գալ:

* * *

ԿՐԻՍՏԻՆԱ

Երեք տարի առաջ ես Ուկրաինայից տեղափոխվել եմ ԱՄՆ։ Ծնողներս ու հարազատներս ապրում են Կիեւում։ Ահա իմ պատմությունը.

Շնորհակալություն տեղեկացվածությունը բարձրացնելու ձեր ջանքերի համար: Սա կարեւոր է ուկրաինացի ամբողջ ժողովրդի համար։

Փետրվարի 24-ին ծնողներս (մայրս 62 տարեկան է, հայրս՝ 68), սկեսուրս եւ ընկերներս Կիեւում արթնացան Կիեւի ժամանակով առավոտյան 4:30-4:40-ին պայթյունների ձայներից: Պայթյունները տեղի էին ունեցել միաժամանակ ողջ Ուկրաինայում։

Հայրս դանդաղ ապաքինվում է փետրվարի 4-ի մեծ վիրահատությունից հետո եւ չի կարող նստել կամ քայլել մի քանի րոպեից ավելի։ Նրանք չեն կարողացել տարհանվել, երբ դա հնարավոր էր: Ինչ-որ տեղ տեղափոխվելու իմ բոլոր առաջարկները (գնացքով, հատուկ ավտոբուսով, բիզնես դասի թռիչքներով), երբ դա հնարավոր էր, մերժում էին, քանի որ մտածում էին, որ պատերազմն անհնար է, Պուտինը դա չի անի: Կիեւն ապահով է, եւ ավելի լավ է հետվիրահատական վերականգնումն անցկացնել տանը:
Պայթյուններից հետո մեր ընկերները Կիեւից տարհանվեցին Արեւմտյան Ուկրաինա, շատերն արդեն տեղափոխվել էին։ Մի քանի ժամ անց հրթիռային հարվածներ տեղի ունեցան նաեւ արեւմտյան շրջաններում։ Մեր մտերիմ ընկերներից միայն երկուսն էին կարողացել 24-ի առավոտյան ժամը 5-ին հատել Լեհաստանի սահմանը մինչեւ պատերազմական դրության հայտարարվելը եւ 18-60 տարեկան տղամարդկանց համար սահմանի փակվելը:

Ամբողջ գիշեր եւ հաջորդ օրը ես ու ամուսինս անքուն հետեւում էինք բոլոր նորություններին, փորձում էինք կապի մեջ մնալ մեր ընկերների, մեր ընտանիքների անդամների հետ ու փնտրում էինք բանակին եւ մեր ժողովրդին աջակցելու միջոցներ:
Ամեն մի նորություն խորապես է հարվածում։ Զապորոժիեում ես ծնվել եմ, այնտեղ մորաքույրս եւ տատիկս են ապրում, Օդեսայում ընկերներիս հետ ժամանակ էինք անցկացնում ամռանը, Խարկովում, Միկոլաևում ապրում են իմ մտերիմ ընկերների ծնողներն ու գործընկերներս։ Յուրաքանչյուր քաղաք հիշողություններ է արթնացնում:

16:00-ին մենք Սան Ֆրանցիսկոյի քաղաքապետարանի մոտ էինք՝ միանալու բողոքի ակցիաներին: Տուն հասնելուն պես նոր տեղեկություններ հայտնվեցին Կիեւի ռմբակոծության մասին: Հրթիռակոծվել էր հսկայական բազմաբնակարան շենք. շենքի մի մասն ավերվել էր, հրդեհ էր բռնկվել։ Զանգահարեցինք՝ մեր ծնողներին արթնացնելու, եւ նրանք անմիջապես գնացին ռմբապաստարաններ:

Երկրորդ գիշերը 2-3 ժամ քնեցինք, արթնացանք ու էլի սկսեցինք կարդալ նորությունները: Կիեւի ժամանակով երեկոյան ժամը 10-ին հնչել է օդային հարձակման եւս մեկ կարեւոր ազդանշան, ամբողջ քաղաքում միացված են եղել ազդանշանները: Ծնողներս նորից գնացել են ապաստարան: Առաջին անգամ ապաստարան քայլելու համար հայրս գործի էր դրել բոլոր ջանքերը, երկրորդ անգամ արդեն ուժ չուներ, ուստի մայրս ստիպված էր գրեթե գրկած տանել նրան: Երկու ժամ անցկացրել են կացարանում, բայց հայրս չի կարողացել ավելի երկար պառկել չոր հատակին: Նրանք մի կերպ վերադարձել են տուն:

Խաղաղօվկիանոսյան ժամանակով 18:00-ի դրությամբ ես կարդում եմ, որ Կիեւը հարձակման է ենթարկվում բոլոր ճակատներից՝ տանկերով, հրթիռներով եւ դիվերսանտներով: Ես ոչինչ չեմ կարող անել, կարող եմ միայն լուրեր կարդալ ու հուսալ, որ մեր բանակը կհաղթի, եւ հաջորդ հրթիռը չի ընկնի այն շենքի վրա, որտեղ ծնողներս են։

Cristina
general
Taras

ԿԱՐՃ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ ԽԱՐԿՈՎՈՒՄ ԱՊՐՈՂ ԻՄ ԶԱՐՄԻԿԻ ՄԱՍԻՆ

Ես Տարասն եմ: 43 տարեկան եմ, երկար, սեւ մորուքով։ Աշխատում եմ Մեծ Բրիտանիայում որպես ծրագրավորող: Ինձ երբեք զգացմունքային մարդ չեմ համարել, անցյալ հինգշաբթի ռուս գործընկերս նույնիսկ ասաց, որ ես չափազանց հանգիստ եմ ընկալում ներկա իրավիճակը։ Բայց այս կիրակի ես լաց էի լինում, թույլ տվեք բացատրել, թե ինչու: Պատմեմ իմ զարմիկ Օլգայի այս վերջին օրերի մասին. նա դեռ Խարկովում է եւ իր ընտանիքի հետ քնում է ռմբապաստարանում։

Ժամանակագրությունն այսպիսին է (խոսակցությունը ներկայացնում եմ հակիրճ, ես խոսում եմ ուկրաիներեն, Օլգան՝ ռուսերեն):

Փետրվարի 22, երեկո (հարձակումից երկու օր առաջ)

-Բարեւ, Օլգա, ինչպե՞ս եք:
-Ամեն ինչ լավ է, մի՛ հավատացեք նորություններին:
-Չեք կարծում, չէ՞, որ պատերազմ կլինի:
-Պատերազմ չի լինի: Ամեն ինչ կարգին է, մարդիկ ապրում են իրենց բնականոն կյանքով:

Փետրվարի 24, առավոտ (առաջին օր)

-Ամեն ինչ կարգի՞ն է: Դուք կարող եք ժամանակավորապես տեղափոխվել Ուկրաինայի արեւմուտք: Պոլյանան հաստատ չի ռմբակոծվի (այդ փոքրիկ գյուղում իմ ծնողները երկուսենյականոց տուն ունեն, որտեղ հիմա բնակվում է 12 հոգի):
-Ժամը 5-ին հրետակոծություն է եղել, մենք մտածում ենք, թե ինչպես դուրս գանք. բոլոր ավտոճանապարհները խցանված են, իսկ գազալցակայանները՝ դատարկ։
-Ես դեռ հույս ունեմ, որ ամեն ինչ շուտով կավարտվի։
-Ես նույնպես կարծում եմ, որ ամեն ինչ լավ կլինի։

Փետրվարի 26, առավոտ (երրորդ օր)

-Բարեւ: Ինչպե՞ս եք։
-Մենք նորմալ ենք: Ցերեկը ապաստարանում ենք, գիշերը՝ տանը։ Ժամանակ առ ժամանակ ռմբակոծություններ են լինում։
-Դուք ֆերմայում չե՞ք:
-Չէ՛, հայրս երկու օր առաջ է գնացել: Մենք չգնացինք եւ հիմա չենք կարող. անցակետեր ու կրակոցներ են ամենուր։ Բայց մենք խուճապի չենք մատնվում. ապաստարանում հասցրել եմ բորշչ պատրաստել: Պետք է վազեմ, հիմա մոտակայքում կրակոցներ են:

Փետրվարի 27, առավոտ (չորրորդ օր)

-Ինչպե՞ս եք անցկացրել գիշերը:
-Ապաստարանում։ Մոտակայքում կռիվ է, շատ սարսափելի է. նրանք մտան քաղաք. ամենուր մեքենաներ ու հետեւակային զորքեր են:
-Ուժե՛ղ եղեք: Անհանգստանում ենք ձեզ համար եւ աղոթում։
-Մոլոտովի կոկտեյլ ենք պատրաստում։

Ես սկսեցի լաց լինել, չէի կարողանում հասկանալ իրավիճակի ողջ անհեթեթությունը։ Հաջողակ կինը, որը ղեկավարում է մեծ բիզնես, հազարավոր մարդկանց գործատու է, ստիպված է քնել կացարանում եւ Մոլոտովի կոկտեյլ պատրաստել: Պաշտպանել իր ընտանիքը նույն լեզվով խոսող մարդկանցից: Մի խելագարի կողմից ուղարկված մարդկանցից, որ հենց հիմա թաքնված է ինչ-որ ստորգետնյա բունկերում՝ ինչ-որ տեղ Ուրալի լեռներում, ու կոկտեյլ է խմում: