• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՀայաստանՄենք

Հանքերի կողքին՝ կանաչ, կայուն զարգացում

Տաթեւիկ Ճուղուրյան 19:00 | 13.05.2022
Տաթեւիկ Ճուղուրյան 19:00 | 13.05.2022
Akhtala

Հանքարդյունաբերական Ախթալան Հայաստանի այն վեց համայնքներից է, որոնց համար սոցիալ-էկոլոգիական քաղաքականության փաստաթուղթ է մշակվել։ Սա համայնքի զարգացման նոր մոդել է, որն ուղղված է առկա խնդիրների բալանսավորմանը՝ հօգուտ շրջակա միջավայրի պահպանության, կայուն, կանաչ տնտեսության ստեղծման։

Լոռու մարզում Ախթալայից բացի փորձնական այս ծրագրի շահառու է Օձունը, Գեղարքունիքի մարզում՝ Գեղամասարն ու Վերին Գետաշենը, Սյունիքում՝ Գորիսն ու Սիսիանը։

Հանքարդյունաբերության հետեւանքով բացասական էկոլոգիական ազդեցության տակ գտնվող այս բնակավայրերում ոչ միայն շրջակա միջավայրի պահպանությունն է վտանգված, այլեւ սահմանափակ են սոցիալ-տնտեսական զարգացման հնարավորությունները։ Իսկ ներդրվող նոր քաղաքականությամբ (փաստաթղթով) մշակվում են համայնքի զարգացմանը, մարդկանց սոցիալական վիճակի բարելավմանն ուղղված բոլոր հնարավոր տարբերակները՝ հենց տեղում եղած ռեսուրսներն օգտագործելու հաշվին։

Վերջին մեկ տարվա ընթացքում Ախթալա խոշորացված համայնքի բնակիչները, ՏԻՄ-ը, նաեւ փորձագետներ ու հետազոտական կազմակերպություններ են մասնակցել սոցիալ-էկոլոգիական փաստաթղթի ստեղծման գործընթացին։ Դեռեւս մշակման փուլում գտնվող փաստաթուղթը նկարագրում է համայնքի ամբողջ ներուժն ու վիճակը, հնարավորությունները, բնապահպանական եւ այլ խնդիրները, որոնք պետք է լուծվեն բնակիչների որոշած առաջնահերթությամբ։

social-ecology documentՍոցիալ-էկոլոգիական փաստաթղթի նախնական տարբերակն օրեր առաջ կազմակերպված կլոր սեղան-քննարկման ընթացքում ներկայացվեց հանրությանը։ Քննարկման վայրն Ախթալա խոշորացված համայնքի Փոքր Այրում բնակավայրում գտնվող էկո-գյուղական եւ տուրիզմի կենտրոնն էր, որի ընտրությունն, ըստ կազմակերպիչների, պատահական չի եղել։ Սա հանքարդյունաբերական համայնքում ստեղծված սոցիալական ձեռնարկատիրություն է՝ որպես համայնքի զարգացման այլընտրանք։

«Սոցիալ-էկոլոգիական քաղաքականության ներդրումը համայնքին ասես նոր թեւեր տա, որպեսզի նա ավելի ազդեցիկ դիրքերից խոսի տնտեսվարողների, ՀԷԿ-երի, հանքարդյունաբերական եւ այլ ընկերությունների հետ։ Բացի հնգամյա զարգացման ծրագրից, որն օրենքով պարտադիր փաստաթուղթ է, բնակիչների մասնակցությամբ նոր փաստաթուղթ է ստեղծվում, որում կան լուրջ հետազոտության արդյունքներ։ Այն փաստահենք է, եւ դրանով համայնքի ղեկավարները կարող են հանդես գալ ժողովրդի անունից։ Փաստաթուղթը կարծես ամրագրում է տվյալ համայնքի վճռականությունը․ զարգանալ՝ առաջնային խնդիր դարձնելով սոցիալ-էկոլոգիական բաղադրիչը, կանաչ, կայուն զարգացումը»,- ասում է «Համայնքային համախմբման եւ աջակցության կենտրոն» ՀԿ-ի նախագահ Օլեգ Դուլգարյանը։

Oleg DulgaryanՀամայնքի սոցիալ-էկոլոգիական քաղաքականության փաստաթղթի ստեղծման փորձնական այս ծրագիրն իրականացնում է սոցիալ-էկոլոգիական կոնսորցիումը, որի կազմում են հասարակական հինգ կազմակերպություններ։ Ղեկավար կազմակերպությունը «Համայնքային համախմբման եւ աջակցության կենտրոն»-ն է, ծրագրի աջակիցները՝ Եվրասիա համագործակցություն հիմնադրամն ու ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը։

Ըստ Օլեգ Դուլգարյանի՝ սոցիալ-էկոլոգիական քաղաքականության բացակայության պայմաններում համայնքների ղեկավարները, համագործակցելով հանքարդյունաբերական ընկերությունների հետ, հանդես են եկել «բարեգործություն» ընդունողի կարգավիճակում։ Մինչդեռ համայնքը պահանջատեր պետք է լիներ։ Իսկ բնակիչները վերջապես եկել են այն համոզման, որ զարգացումը կարող է լինել գյուղատնտեսության, տուրիզմի, էներգաարդյունավետության համակարգերի ներդրման եւ այլ ճանապարհով։

Աբրահամ Արտաշեսյանն այս ծրագրում որպես փորձագետ է ընդգրկված՝ «Համայնքների ֆինանսիստների միավորում» ՀԿ-ից։ Այս նախաձեռնությունը նա վարչատարածքային բարեփոխումների եւ համայնքների հզորացմանն ուղղված քայլերից մեկն է համարում, որը նաեւ տեղական իշխանություններին համայնքի ներսում քաղաքականություններ մշակելու իրավունք է տալիս։

Abraham Artashesyan«ՏԻՄ օրենքում գրված է համայնքի կայուն զարգացում, բայց ոչ մի տեղ բացված չէ, թե համայնքի կայուն զարգացում ասելով ինչ նկատի ունենք։ Հետո համայնքի ղեկավարի լիազորությունները, որ էլի բացակայում են, թե ինչ կարող է անել համայնքի ղեկավարը՝ համայնքի կայուն զարգացումն ապահովելու համար։ Ի վերջո լրացուցիչ փաստաթղթերի, լրացուցիչ քաղաքականությունների անհրաժեշտություն ենք ունենում։ Հիմա այս փաստաթղթի միջոցով փորձելու ենք ցույց տալ, թե որոնք են համայնքի խնդիրները, ու որոնք են դրանք լուծելու ռեսուրսները եւ այլընտրանքային տարբերակները՝ իհարկե, տեղական իշխանությունների լիազորությունների շրջանակներում»,- ասում է փորձագետը։

Ախթալայի համայնքապետ Արկադի Թամազյանն էլ, հանքարդյունաբերությանը կողմ լինելով, մտադիր է նոր քաղաքականության միջոցով համայնքը հեռու պահելու էկոլոգիական ռիսկերից։

Arkady Tamazyan«Փաստաթղթում ներառված են էնպիսի կետեր, որոնք նպաստավոր են համայնքի զարգացման համար։ Մենք չենք ասում՝ հանքարդյունաբերություն չլինի, ուղղակի ուզում ենք՝ համայնքը զարգանա՝ սոցիալ-բնապահպանական ուղղվածություն ունենալով։ Փաստաթուղթը դեռ կներկայացնենք ավագանուն, հանրային քննարկման կդնենք։ Համայնքը, ՏԻՄ-ը պիտի կամք ունենան, որ կարողանանք էս ամեն ինչը առաջ տանել»,- ասում է Թամազյանը։

Ախթալա խոշորացված համայնքի երկու քաղաքները՝ Ախթալան եւ Շամլուղը, հանքարդյունաբերության շուրջ ձեւավորված բնակավայրեր են, իսկ խոշորացման արդյունքում համայնքին միացած գյուղերը (Նեղոցը, Մեծ Այրումը, Փոքր Այրումը եւ Ճոճկանը)՝ տարիներ շարունակ հանքարդյունաբերությունից տուժած բնակավայրեր։

Ճոճկանի բնակիչ, գյուղատնտես Սամվել Սիրադեղյանի կես հեկտար դեղձի այգին չորացել է արտադրական պոչանքների պատճառով։ Պատմում է, որ արդեն 8 տարի չի կարողանում մշակել Դեբեդի ափին գտնվող իր այգին, որովհետեւ ոչ մի տեսակի բուսականություն այնտեղ չի աճում։ Հանքարդյունաբերությունից տուժած գյուղացին ոգեւորված է համայնքում ներդրվող նոր քաղաքականությամբ։ Փաստաթուղթը կազմելու քննարկումներին նա անձամբ է մասնակցել։

Samvel Siradeghyan«Արդեն երկար տարիներ մեր տարածաշրջանը տուժում է հանքարդյունաբերությունից, անընդհատ անհամաձայնություն է լինում բնակչության ու ղեկավարության միջեւ, ու ինձ թվում է, որ էս ծրագիրը մշակեն, արդեն ավելի արդյունավետ կարող են համագործակցել բնակիչները, հանքի ղեկավարությունը եւ համայնքը»,- ասում է գյուղատնտեսն ու ավելացնում՝ մենք էստեղ ապրելով՝ շահագրգռված ենք, որ մեր երեխաներն առողջ միջավայրում մեծանան, ավելի մաքուր ու ապահով, նաեւ զարգացած։

Tatevik Tshughurian
Տաթեւիկ Ճուղուրյան

Մասնագիտությամբ լրագրող եմ։ 15-ամյա աշխատանքային գործունեությանս մեծ մասն անցել է հեռուստատեսության ոլորտում՝ Ալավերդու «Անկյուն+3» հեռուստաընկերությունում։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Հունիսի 2-ից՝ Ալմաթի-Երեւան-Ալմաթի նոր չվերթ
հաջորդը
Լրացուցիչ 500 միլիոն եվրոյի ռազմական օգնություն Կիեւին

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Մայիսի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 
« Ապր   Հնս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն