• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ԱշխարհՔաղաքականություն

Պատերազմից ամեն ինչ էլ սպասելի է

Վարդան Հարությունյան 17:30 | 30.05.2022
Վարդան Հարությունյան 17:30 | 30.05.2022
Markos_Hovhannisyan
լուս. Մովսես Գասպարյանի

Վարդան Հարությունյանը Կիեւում հատուկ «Ալիք Մեդիայի» համար զրուցել է Հայ առաքելական եկեղեցու Ուկրաինայի թեմի առաջնորդ Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանի հետ։

Սրբազան, ինձ ուրախացրեց մարդկանց թիվը եկեղեցում։ Չգիտեմ՝ որքանով էր շատ, սովորաբար որքան են լինում, բայց այս կիրակնօրյա պատարագին եկեղեցին լիքն էր։

Այո՛, ինձ էլ ուրախացրեց։ Պատերազմի առաջին շաբաթներին եղել է, որ պատարագի ժամանակ եկեղեցում երեքով ենք եղել՝ ես եւ խորանի սպասավորները՝ պատարագիչ, բուրվառակիր, դպիր։ Ժողովուրդ չի եղել ընդհանրապես։

Իսկ պատերազմից առաջ մարդիկ շա՞տ էին գալիս։

Ավելի շատ, քան այսօր։ Մեր եկեղեցին միշտ մարդաշատ է եղել։ Հոգեւոր կյանքի մեջքը կոտրեց (բառը հարիր չէ, բայց պետք է ասեմ) համավարակը։ Կյանքը լավ զարգացել էր։ Ուներ իր նկարագիրը, իր դեմքը՝ գունեղ, հավատքով։ Կիրակիներ էին լինում, որ եկեղեցում կանգնելու տեղ չէր լինում։ Համավարակն այդ կյանքը խաթարեց։ Իսկ պատերազմն ավելացրեց իր բաժինը։ Այն մարդկանց ցիրուցան արեց։ Մարդիկ ցրվեցին թե՛ Ուկրաինայով մեկ, թե՛ աշխարհով մեկ։ Պատերազմը դեռ չի ավարտվել, այն իր բարձրակետին է, բայց ինչ էլ լինի, կյանքը կամաց-կամաց վերականգնվում է։ Մարդիկ հարմարվում են նոր իրականությանը։

Markos Hovhannisyan

Սրբազանը Կիեւի տարածքային պաշտպանության (тероборона) հայազգի մարտիկների հետ

Իսկ որքանո՞վ էր, օրինակ, Ձեզ համար սպասելի այս պատերազմը։

Սպասելի էր։ Այս մասշտաբներով, իհարկե, սպասելի չէր, բայց որ լինելու էր, սպասելի էր։ Պատերազմն այստեղ նորություն չէ։ 2014 թվականից այս երկիրը պատերազմի մեջ է։ Ութ տարի է՝ ընթանում է այն։ Հայրենիքի կորուստը, մարդկային կորուստները, տարածքային կորուստները, պատերազմի դառնությունը շարունակական են։ Տարիներով են մարդիկ ապրում պատերազմի պայմաններում։ Անսպասելին պատերազմի մասշտաբներն են։

Այո՛, պատերազմի մասշտաբները զարմացնում ու սարսափեցնում են։ Իսկ թշնամության նման չափաբաժին սպասելի՞ էր։

Պատերազմից ամեն ինչ էլ սպասելի է։

Թվում էր, թե այս չափերի թշնամություն, չարության նման դրսեւորումներ չպետք է լինեին։ Վերջին հաշվով, ուկրաինացիներ եւ ռուսներ են՝ երկու սլավոն ժողովուրդներ, երկու հարեւան ազգեր, որ հին հաշիվներ, պատմությունից եկած թշնամություն չեն ունեցել։

Դրսից է այդպես թվում, ներսից այլ է։ Սա ազգերի թշնամություն չէ։ Ուկրաինացիների եւ ռուսների թշնամություն չէ։ Սա երկու տարբեր աշխարհների պատերազմ է, երկու տարբեր աշխարհների թշնամություն է։ Այդ աշխարհները հակադիր են ու թշնամի։ Իրարամերժ աշխարհներ են։ Այդ թշնամությունն է այսօր իր ողջ դաժանությամբ արտահայտվում եւ մարդկային կյանքեր բեկում։ Ամենուր մահ է սփռում։ Ոչ թե ազգերն են թշնամի, այլ կողմերը։ Ազգային պատկանելությունը հաշիվ չէ։ Ուկրաինայում տարբեր ազգություններ են ապրում։ Շատ են նաեւ ռուսները։ Անկախ ազգային պատկանելությունից՝ բոլորն էլ համախմբվել, մի հավաքականություն են դարձել ու դիմակայում են։

Դուք այստեղ եք եւ այս ընդհանուր գործին, բնականաբար, Ձեր մասնակցությունն ունեք։ Ինչպե՞ս է այն արտահայտվում։

Ե՛վ սոցիալական, ե՛ւ հումանիտար, ե՛ւ բարոյական, անշուշտ, նաեւ հոգեւոր ծառայությամբ։

Ինձ վրա շատ մեծ տպավորություն գործեց, կարծում եմ՝ ոչ միայն ինձ վրա, ոտնլվայի արարողությունը, որ Դուք, ուկրաինական բանակի զինվորներին ու կամավորներին հրավիրելով, իրականացրիք Կիեւի հայկական եկեղեցում։ Տպավորիչ էր շատ։ Ինչպե՞ս ծագեց այդ միտքը։ Նախապես կա՞ր նման ծրագիր։

Միտքը շատ բնական էր։ Այդ մարդիկ այս երկրում օրվա խնդիրը լուծողներն են։ Առանց նրանց նշանակալի միջոցառումներ լինել չեն կարող։ Կամավորականներ են, բժիշկներ են։ Կամավորական ասելով՝ նկատի ունեմ ոչ միայն զենք վերցրած կամավորագրվածներին, այլեւ նրանց, որոնք առաջնագիծ հումանիտար օգնություն են հասցնում կամ բժշկական ծառայություններ մատուցում։

Markos Hovhannisyan

Ոտնլվայի արարողության օրը եկեղեցու մուտքի մոտ

Նրանք նախկինում մեր եկեղեցուն առնչվե՞լ են, թե՞ բոլորովին օտարներ էին։

Ոմանց հետ շփումներ նախկինում ունեցել ենք։ Բոլորովին անծանոթներ չէին։ Այդ հրավերը մեր գնահատանքն էր, մեր շնորհակալության արտահայտումն՝ ուղղված մարդկանց, որոնք կարեւոր գործ են անում՝ երկիրն են պաշտպանում։

Իսկ եթե հայերին գա՞նք։ Այս պատերազմին հայերի մասնակցության մասին ի՞նչ կասեք։ Հարցս կամավորների մասին է։ Զորակոչվածները, պարզ է, ազգային պատկանելությունից անկախ, որպես երկրի քաղաքացիներ, պետք է լինեն բանակում։ Կամավորագրված հայերի մասին ի՞նչ կասեք։ Ես կամավորական ջոկատների լուսանկարներ եմ տեսել՝ արված այստեղ՝ մեր եկեղեցու բակում։
Markos Hovhannisyan

Ոտնլվայի արարողության օրը՝ ապրիլի 24-ին, եկեղեցու բակում

Հայ կամավորագրվածներից մեկը կամավորական ջոկատի հրամանատար է։ Մեծ ջոկատ է՝ 300 հոգուց բաղկացած։ Այդ ջոկատում երեք-չորս հայ էլ չկա։ Տարբեր կրոնական պատկանելության ու տարբեր ազգերի ներկայացուցիչներ են։ Նրանք բոլորը վստահել են հայազգի հրամանատարին, վստահել են նրա ունակություններին, նրա ազնվությանը։ Նա նույնպես կար ոտնլվայի արարողությանը։ Շատ կամավորագրված հայեր ունենք, որ վաշտեր են կազմել եւ այլ ջոկատների կազմում են կռվում։ Այդ ջոկատներից նույնպես կային։ Կային հայ երիտասարդներ, որոնք ոչ թե որպես մարտիկներ, այլ որպես վալանտյորներ են կամավորագրված։ Ուկրաինայում բնակվող այլ ազգերի ներկայացուցիչների նման հայերն էլ են իրենց ակտիվ մասնակցությունը բերում երկրի պաշտպանության գործին։

Վարդան Հարությունյան

Իրավապաշտպան, հասարակական գործիչ` խորհրդային այլախոհի տպավորիչ կենսագրությամբ։ 2004-ին ստեղծել է «Իրավունքի եւ ազատության կենտրոնը», որի հիմնադիր ղեկավարն է։ Հրապարակել է հայ այլախոհության պատմությունը ներկայացնող երկու գիրք՝ «Այլախոհությունը խորհրդային Հայաստանում» եւ «Քաղբանտարկյալի պատմություն»։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Հայաստանում Իրանի դեսպանն այցելել է Արարատի մարզ
հաջորդը
Սերբիան ռուսական գազը կստանա արտոնյալ գնով. Վուչիչ

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 2

    Կրթության նոր մեթոդներ, որոնք ձեւավորում են քննադատական ու...

  • 3

    2024-ի հունվարի 1-ից կենսաթոշակը նոր ձեւով կհաշվարկեն

  • 4

    Yandex քարտեզները՝ Երեւանի հասարակական տրանսպորտի ուղեցույց

  • 5

    Մի ընտանիքի պատմություն. Կորսված տան պատուհանները` Նորամարգում

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Մայիսի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 
« Ապր   Հնս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն