• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
Մշակույթ

Նարինե Գրիգորյան․ Ես ստեղծում եմ

aliq 20:00 | 25.06.2022
aliq 20:00 | 25.06.2022
Narine Grigoryan

Դերասանուհի, ռեժիսոր Նարինե Գրիգորյանը թատրոնում շատ է փորձարկումներ արել։ Եղել է տղամարդ, ջրի կաթիլ, կրիա եւ կարող է մի օր էլ բազկաթոռ խաղալ։ Կինոն ավելի շատ է սիրում։ Թատրոնում հատկապես սիրում է փոխկանչը հանդիսատեսի հետ։ Ու կարծես սա է, որ ամեն անգամ բեմ է հասցնում դերասանին՝ տալ, զգալ, վերցնել, շնչել։

Հաճախ եք խոսում ծուղակներից, որ կյանքն է հրամցնում մեզ։ Դուք ի՞նչ ծուղակներում եք հայտնվել կամ հայտնվում։

Ես փորձում եմ մեծ ուրախությանն էլ շատ չտրվել, տխրությանն էլ։ Այս բոլորը պետք է հավասարակշռել։ Կա հաջողությունների շրջան, եւ կա անկումների շրջան։ Երկուսն էլ օգտակար են, երկուսն էլ պետք են։ Հաջողությունների շրջանը կարող է մեզ սխալ տեղ տանել։ Հանկարծ սկսում ես հավատալ նրան, ինչ տեղի էր ունենում։ Եվ նույնիսկ եթե այդ օրը հաղթում ես, դեռ հաջորդ օրն էլ պետք է հաղթես։ Դա ամենօրյա հաղթահարման ճանապարհ է։

Երբ ես մրցանակ եմ ստանում, դա այդ արված գործի համար է։ Եվ հաջորդ օրերին էլ պետք է աշխատես, որ արժանի լինես դրան։

Ես երբեմն տեսնում եմ՝ ոնց է որոշ իրավիճակներում ստրկամտություն հայտնվում։ Ինձ թվում է՝ ես ներկայացում եմ անում, մեկ էլ տեսնում եմ՝ ինքս ինձ եմ կրկնում։ Երրորդ աչքը պետք է զգոն պահես, կարողանաս կողքից տեսնել քեզ։ Եթե անկեղծ ենք մեզ հետ, տեսնում ենք՝ ինչպիսին ենք իրականում։

Ի՞նչը կարող է ծանրացնել Ձեզ։

Այս պահին հայրենիքի հետ կապված ապրումները։ Որպես անձ հասկանում եմ, որ ես լուծում չեմ կարող տալ։ Ես չեմ կարողանում գլուխ հանել այս ամենից։

Ես շատ հաճույք եմ ստանում, որ կին եմ ծնվել։ Ես ուզում եմ սիրել, ամեն օր աշխատել ինձ վրա, բացահայտվել, դիպչել մարդկանց սրտերին, բայց պետական մեծ գործեր չեմ կարող անել։ Դրանք այլ գիտելիք ու փորձառություն են պահանջում։

Թատրոնը մարդու ավելի խոր շերտեր բացահայտելու մասնագիտություններից է։ Եղե՞լ է, որ Ձեր մեջ ինչ-որ նոր բան բացահայտեք, եւ այն վախեցնի Ձեզ։

Հա։ Երբ խաղում ես, ընթացքում բացում ես հոգուդ շերտերը։ Թատրոնում հերոսները ծայրահեղ իրավիճակներում են հայտնվում, իսկ այդ ժամանակ մենք մի քիչ այլ կողմից ենք բացահայտվում։ Հասկանում ես՝ մինչեւ ուր կարող է գնալ չարությունը, պեդանտիզմը, բարությունը, միամտությունը․․․ Բայց իմ ներսում նաեւ հավասարակշռված Նարինե կա, ով գիտի՝ կյանքում այդ բոլոր շերտերը կան, որ պետք է ճանաչել, բայց չտրվել մինչեւ վերջ։ Եվ այդ Նարինեն խաղաղ է։

Narine Grigoryan«Սպանդի աստվածը» ներկայացման մեջ Ալիսն էի։ Կին էր, որ ամեն ինչի մեջ պեդանտ էր։ Այդ ժամանակ զգացի՝ ինչքան շատ կա դա իմ մեջ։ Տանը սիրում եմ, որ ամեն ինչ իր տեղում ու մաքուր լինի։ Կարող եմ, ասենք, նյարդայնանալ, որ ամուսինս պայուսակը դնի սեղանին կամ բազմոցին, որտեղ հետո երեխան կարող է գիշերազգեստով նստել։ Իսկ դա համակարգ է, որ շատ էներգիա է տանում։ Բայց արվեստում դա կարողացել եմ հավասարակշռել։ Եթե ներկայացման մեջ, օրինակ, ջրի ձայնը մի քիչ ուշ է լսվում, հանգիստ եմ ընդունում։ Թողնում եմ այն ազատ տարածքը, որ կարողանան նոր բաներ փորձել։

Շատ լավ առակ կա այս մասին։ Մեկը այգի է սարքում, որտեղ ամեն ինչ շատ գեղեցիկ է, մաքուր, իսկ գետնին նույնիսկ տերեւներ չկան։ Բայց սենսեյը գալիս ու ասում է, որ այդ այգին մեռած է։ Ասում է՝ բերեք մեռած տերեւներ։ Եվ երբ քամին սկսում է գետնից վեր բարձրացնել այդ տերեւները, նա ասում է, որ այ հիմա այգին շնչեց։ Եվ կյանքն այն է, որ ե՛ւ կյանքը կա, եւ՛ մահը։

Ի՞նչ դիալոգ եք ունենում Աստծո հետ։

Երբ ինչ-որ բանի ընդդիմանում ես, նշանակում է՝ չես ընդունում Աստծո կամքը։ Իսկ ես խոսում եմ եւ ասում՝ օգնի՛ր ինձ, որ ամեն ինչում քո կամքը տեսնեմ, ընդունեմ ամենը, ոնց կա, ու ապրեմ այդ սիրո մեջ։

Երբ դեպրեսիայի մեջ ես, երբ լրիվ թեւաթափ ես, նշանակում է՝ ինչ-որ բան չես ընդունում, ընդդիմանում ես դրան։ Իսկ դա մեզ լավ տեղ չի տանում։ Ես բոլոր հարվածների մեջ տեսել եմ՝ ինչպես են դրանք սթափեցնում ինձ, եւ ուր է տանում դրանք ընդունելը։ Ամեն դեպքում այս բոլորը նորմալ են, չէ՞ որ կյանքն ապրելով պետք է մասնանանք։

Կա՞ ինչ-որ «ճշմարտություն», որ դժվար է եղել ընդունել։

Եթե ուզում ես աճել, պետք է պատրաստ լինես, որ քո ունեցած ճշմարտությունը նույնպես կարող է երերալ։ Այն, ինչ ստեղծել ես, ինչին հավատում ես, կարող է երերալ, նույնիսկ փլվել, բայց միայն դրանից հետո ենք անցնում մյուս փուլ։

Narine GrigoryanՄինչեւ Սերգեյին հանդիպելն էլ սիրահարվում էի, բայց միշտ գիտեի, որ դա այն չէր, ինչ ես ուզում էի։ Իսկ երբ հանդիպեցի Սերգեյին, գիտեի՝ սիրում եմ, եւ դա այն էր, ինչ ուզում էի։ Եվ հենց այդ ճշմարտությունն էր, որ ինձ համար դժվար էր ընդունելը։ Տարիքային տարբերությունը մեծ էր, ծնողներս համաձայն չէին: Ու ամեն ինչ շատ երկար ձգվեց՝ 8 տարի, մինչդեռ ես կարող էի մի անգամ համարձակ քայլ անել ու չտանջել ինձ։ Ցավոտ կլիներ, բայց այդքան չէր ձգվի։

Ինչպե՞ս եք նորոգում Ձեզ։

Հիմա, օրինակ, ինքս ինձ պիտի նորոգեմ։ Անհանգիստ եմ Արցախի համար, մի քիչ հիվանդ, թեւաթափ, բայց նաեւ հասկանում եմ, որ եթե նույնիսկ մտովի պատրաստ ես պարտության, ուրեմն ինչ-որ կետերով արդեն զիջում ես։

Ինչպե՞ս եմ նորոգում։ Նախ ինքնահումորն է վերականգնվում։ Սկսում ես ծիծաղելի բաները տեսնել։ Ի վերջո ամեն ինչ ունայն է։ Հետո օտարացումն է օգնում, քեզ ցավեցնող բաներին հեռվից նայելը։ Չարլի Չապլինը մի խոսք ունի, ասում է՝ երբ հեռվից ես նայում, կատարկերգություն է, երբ շատ մոտիկից՝ ողբերգություն։

Կա՞ բեմում ինչ-որ պահ, որ կուզենայիք՝ հաճախ պտտվեր։

Narine GrigoryanԵս միշտ բեմ եմ գնում այն պահի համար, երբ կսկսվի փոխկանչը։ Գիտե՞ք՝ ոնց է․ զգում ես, որ երկուսիդ մի ուժ է տանում։ Իրենք ապրում են քեզ հետ։ Իրենք վշտանում են քեզ հետ։ Եվ բոլորդ միասին ինքնամաքրվում եք։ Դա այնքան բարձր զգացողություն է։ Լինում է ներկայացում, որ դա չի լինում։ Լինում է, որ սկզբից մինչեւ վերջ կա։ Այդպես «Գոմեշը» ներկայացման պրեմիերան էր։

Իսկ ամենից շատ ուզում եմ ամեն օր մի քայլ առաջ գնալ, ամեն օր ավելի ճանաչել ինձ, ավելի շատ բացահայտել, ընդունել Աստծո կամքը, չնեղսրտել, թեւաթափ չլինել ու հատկապես ճիշտ բաշխել ուժերը։

Դուք միշտ լսում եք Ձեր էությանը։ Ի՞նչ է այն ասում վերջերս։

Ասում է՝ մտքով էլ անգամ թույլ չտալ պարտվել։

Հարցազրույցը՝ Վիկտորիա Սամուելի

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Երկու եղբայր, երկու պատերազմ
հաջորդը
Բաքվի հետ բանակցություններն ավարտական փուլում են

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հունիսի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930 
« Մյս   Հլս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն