• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՀայաստանՄենք

«Միջազգային» գյուղ՝ տեղական խնդիրներով

Մարիամ Սարգսյան 19:00 | 04.07.2022
Մարիամ Սարգսյան 19:00 | 04.07.2022
Karmrashen village

Մոտ 50 րոպե. հենց այսքան ժամանակ պահանջվեց Վայոց ձորի մարզի Կարմրաշեն բնակավայր տանող 7 կիլոմետրն անցնելու համար: Կառուցումից ի վեր երբեք ասֆալտ չտեսած այս ճանապարհով վարելը դժվար է հատկապես տեղանքին անծանոթ վարորդների համար: Մեկ անգամ գնալու դեպքում էլ զգուշացնում են՝ էլ չեն անցնի այդտեղով: Ճանապարհին կատարվող միակ աշխատանքը փոսալցումն է, որ դիմանում է մինչեւ հաջորդ անձրեւ:

Karmrashen villageԿարմրաշենը ժամանակին «միջազգային» գյուղ է եղել, այսպես են բնութագրում բնակիչները: Ռուսներ, ադրբեջանցիներ, թուրքեր, բելառուսներ, ուկրաինացիներ կողք կողքի ապրել ու կառուցել են «Արփա-Սեւան» թունելը: Նախկին բանավանում իրենց երբմենի կեցության մասին հիշեցնում են միայն երկհարկանի տները, որ կառուցվել են այլազգի շինարարների համար:

Karmrashen village
Karmrashen village
Karmrashen village

1981-ին ավարտվել է թունելի կառուցումը, որից հետո օտարազգիներից մնացել են միայն թուրքերը, ադրբեջանիցները: Նրանք էլ 1988-ի Արցախյան շարժման ընթացքում են գնացել Կարմրաշենից: Նարիբեկ պապը հիշում է ադրբեջանցի ու թուրք դասընկերներին, հարեւաններին, ասում է՝ նրանց հետ եղբոր պես են ապրել:

«Իրենք հայերեն գիտեին, մենք՝ թուրքերեն: Հիմա ես 95 տոկոսով թուրքերեն գիտեմ, հայերից շատ թուրք ընկերներ եմ ունեցել: 1988-ին առոք-փառոք ճանապարհել ենք: Ընկեր ունեի, անունը Նասրադե էր, տարիներ առաջ գտել էր, զանգել: Հիմա կապ չկա: Արդեն դուշման ենք, 2020-ի պատերազմից հետո էլ չենք կարող առաջվա պես լինել»,-ասում է Նարիբեկ պապը:

Տարիների ընթացքում գյուղը կամաց-կամաց դատարկվել է: Հիմա Կարմրաշենում գրանցված 219 գյուղացուց միայն 120 հոգին է մշտական բնակվում: Շատերն էլ ամռան ամիսներին գալիս են, մեղվաբուծությամբ ու հողագործությամբ զբաղվում, ձմռանը՝ գնում:

Avetis AvetisyanԳյուղի վարչական ղեկավար Ավետիս Ավետիսյանը հայտնում է՝ խոստացել են վերակառուցել ճանապարհը: Ասում են՝ արդեն ֆինանսավորում կա, մնում է՝ մրցույթ հայտարարվի, սկսեն աշխատանքները: Տասնյակ անգամներ լսած ու անգիր արած խոստմանը գյուղացիներն այս անգամ էլ են հավատում:

Armenak ArustamyanԱրմենակ Առուստամյանը համայնքապետարանի օպերատորն է: Նաեւ հեռակա սովորում է Երեւանում: Այժմ գյուղում է ապրում, բայց իր ու եղբոր ապագան Կարմրաշենում դժվար է պատկերացնում: Թե հիմնական աշխատանք գտնեն, կմնան, թե չէ, ստիպված կլինեն իրենք էլ «սեզոնային» ապրող դառնալ: Բայց Արմենակը վստահ է, որ ճանապարհը կկառուցվի, մարդիկ գյուղում կմնան, կնպաստեն զարգացմանը։ «Կարմրաշենում տարբեր հնավայրեր կան, Վայոց սարն է այստեղ: Ճանապարհի կառուցումը նաեւ գյուղական տուրիզմի զարգացմանը կնպաստի: Տարեկան մոտ 120-150 հյուր է գալիս մեր գյուղ, բայց նրանց թիվը կարող է բազմապատկվել, եթե պայմաններ լինեն»:

Karmrashen village
Karmrashen village
Karmrashen village

Գյուղապետարանի շենքը մյուս տներից միայն դրոշով է տարբերվում: Կիսաքանդ կառույցի մոտ հավաքված գյուղացիների մեջ կանայք չկան: Տղամարդիկ ասում են՝ հին սովորություն է՝ կանայք տան գործին պիտի լինեն: Իրենք էլ երբեմն հավաքվում են գյուղամիջում, քննարկում քաղաքականությունն ու պարարատանյութերի գները եւ գնում իրենց գործերով:

Karmrashen villageԿորնգան, առվույտ, ցորեն, հաճար, գարի են ցանում: Ցանքատարածությունները ոռոգելի չեն: Աստծո հույսով են. անձրեւ եկավ, բերք կլինի, չեկավ, չի լինի: Այս տարի անձրեւաշատ է, ուրախ են: Խմելու ջուրն էլ ձմռանը հաճախ չի լինում: Գյուղի աղբյուրը, որ անասուններին ջրելու համար է, ձմռան ամիսներին նաեւ բնակիչներին է օգնության հասնում:

Karmrashen villageԳյուղում հիմնականում մնացել են միջին տարիքի բնակիչները: Երիտասարդներից շատերն աշխատանք չունենալու պատճառով հեռանում են: 67-ամյա Սոս Թովմասյամը կնոջ հետ է ապրում: 10 տարուց ավելի է՝ բոլոր երեխաները երեւանամերձ բնակավայրեր են տեղափոխվել: Հայրը նրանց վերադարձը չի պատկերացնում, ասում է՝ գոնե այնտեղ մի գործ գտնում են, գան Կարմրաշեն, ի՞նչ անեն:

Գյուղում վերջին անգամ 3 տարի առաջ է հարսանիք եղել: Կարմրաշենում երիտասարդ աղջիկների չես գտնի, փոխարենը մոտ 30 տարեկան 25-30 չամուսնացած տղաներ կան: Իրենք ծնողներին չեն ուզում թողնել մենակ, աղջիկներն էլ Կարմրաշեն հարս չեն գալիս, ասում են՝ վաղը, մյուս օրը երեխան որտե՞ղ գնա մանկապարտեզ, ինչո՞վ զբաղվի:

Karmrashen villageԵրեխաների միակ զբաղմունքը դպրոց հաճախելն ու ֆուտբոլ խաղալն է: Բնակիչները հպարտությամբ են պատմում՝ ֆուտբոլիստ Ռոման Բերեզովսկին Կարմրաշենում ապրած ռուսների երեխա է:

Գյուղի դպրոցում ութ աշակերտ կա, տասն՝ ուսուցիչ: Մի քանի դասարաններում սովորողներ չկան: Դավիթ Համբարձումյանը պատմության 26 տարվա ուսուցիչն է, բայց կրթությունը գյուղատնտեսական է:

Davit Hambardzumyan«Երկիրը որ քանդվեց, դպրոցի տնօրենը տեսավ, որ ունակություններս համապատասպանում են, ընդունվեցի աշխատանքի»,-պատմում է մանկավարժը: Վստահեցնում է, որ երեխաներին որակյալ կրթություն են տալիս, միայն թե աշակերտների միջեւ մրցակցություն չկա, ու քչերն են կարողանում լավ սովորել:

Karmrashen villageԳյուղի միակ խանութը, որ 22 տարվա պատմություն ունի, աշխատեցնում է Արմենը: Ասում է՝ ամբողջ խանութում մի լավ կոնյակի գնի ապրանք է՝ առաջին անհրաժեշտության մթերք եւ ըմպելիք: Խոտքաղի սեզոնին է առեւտուրը մի քիչ ակտիվանում, հետո օրերով կարող է խանութ մտնող չլինել: Բայց փոքր խանութի պարտքացուցակը մեծ է:

Գյուղի 70-ամյա բուժքույր Մարետ տատը խանութի մշտական հաճախորդն է: Ամեն առավոտ կաթ է հանձնում, օրվա փոքրիկ առեւտուրն անում: Կյանքի 50 տարին բուժքրոջ աշխատանքին նվիրած կինն իր գործը մինչ օրս պատասխանատվությամբ է կատարում: Հպարտությամբ է պատմում՝ կորոնավիրուսի համավարակի ընթացքում Կարմրաշենի բնակիչների 95 տոկոսից ավելին իր հորդորով է պատվաստվել, իր խոսքին հավատում են:

Karmrashen village

Մարետ տատի երկու երեխաներն էլ արտերկրում են, նրանց վերջին անգամ մի քանի տարի առաջ է տեսել: Մարիամ անունով դստեր կարոտն ինձնից է առնում, բայց Կարմրաշեն հաճախ այցելելու խոստմանս չի հավատում. «Բոլորն էդպես են ասում, բայց Կարմրաշեն չեն գալիս»,-համակերպված ժպտում է Մարետ տատը:

Mariam Sargsyan
Մարիամ Սարգսյան

Լրագրությունը որպես մասնագիտություն ընտրելիս հավատացած էի` այն կարող է աշխարհը փոխել: Հիմա մտածում եմ` գուցե աշխարհը փոխել չստացվի, բայց որոշ դեպքերում իրավիճակ փոխել հնարավոր է:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Վրաստանը մեկ տարով արգելեց ցորենի արտահանումը
հաջորդը
Հանդիպել են Իրանի եւ Ադրբեջանի արտգործնախարարները

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հուլիսի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
« Հնս   Օգս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն