• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՆերքինՔաղաքականություն

Նոր ստատուս քվո, որի մասին խոսելը տաբու է

Գոռ Մադոյան 19:00 | 03.05.2023
Գոռ Մադոյան 19:00 | 03.05.2023
image

Հայաստանում եւ նրա հասարակական կյանքի էպիկենտրոն Երեւանում հետպատերազմյան նոր ստատուս քվոն ձեւավորվեց պատերազմի հենց հաջորդ օրվանից, երբ ընդդիմությունը հայտարարեց, թե «դավաճաններն են ծախել Արցախը»։

Այդպիսով շեշտվեց, որ պարտությունը ո՛չ բնականոն գործընթացների ու ռացիոնալ պրոցեսների, ո՛չ ուժեղացած Ադրբեջանի եւ թույլ, անհամապատասխան Հայաստանի, ո՛չ ռազմական բալանսի ու քաղաքական կառավարման խախտման, այլ դավադրության հետեւանք էր։

Պատերազմն ու դրա հետեւանքն այդպես էլ չստիպեցին իշխանությանը եւ ընդդիմությանը ճանաչել «ինչ ցանել, այն էլ հնձել ենք» բանաձեւը։ Շեշտադրվեց գրավիչ, բայց դատարկ մտայնությունը՝ դավաճանության, բախտի ու դավադրության զոհի կերպարով հայն ու Հայաստանը։

Այս կոնսենսուսը, որը ձեւավորվեց հետպատերազմյան լռելյայն ստատուս քվոյի տեսքով, ընդունեցին բոլորը՝ իշխանությունը, ընդդիմությունն ու քաղհասարակությունը, ժողովուրդն էլ շարժվեց նոր նարատիվի նվագի ներքո։

Որովհետեւ նոր կոնսոլիդացիա, քաղաքական ու տնտեսական համակարգի վերափոխում, ըստ պատերազմում պարտված պետության տրամաբանության, չեղավ, մնացին խաղի հին կանոնները՝ քաղաքական հին բառապաշարով, աշխարհի ու Հայաստանի նկարագրման հին կաղապարներով եւ աշխարհայացքով։

Պատերազմը չփոխեց իրերի դրությունն ու նոր կարգ չհաստատեց, արդյունքում իշխանությունն ու ընդդիմությունը վերընտրվեցին, ժողովուրդն էլ ստացավ իր մարտիրոսացման գինը՝ նոր հրաշքի տեսքով. ուկրաինական պատերազմը եւ անաշխատ միլիարդների ներարկումը ճահճացած տնտեսությանը նոր ավյուն տվեցին։

Ստացվեց լավագույն եւ անսպասելի ֆորմատը՝ խաղաղություն իշխանությանը, բիզնես անդորր ընդդիմությանը, փող խրճիթներին։ Եվ, ամենակարեւորը, կոլեկտիվ անպատասխանատվության եւ անհատական հանցանքի համար ոչ ոք չպատժվեց։

Իշխանությունը շարունակեց իր էսենցիալ քաղաքականությունը՝ լինել արձագանքող, առանց հետեւողականության եւ ուրույն օրակարգի։ Հասարակության ատոմիզացված, միմյանց թշնամի եւ օտար համարող խմբերն էլ դյուրին կերպով ընդունեցին նոր ստատուս քվոն։

Մանավանդ որ աղետի բացատրությունն իր պարզության մեջ էր գրավիչ։ «Բոլորն էլ վատն են եղել, կան ու կլինեն, բայց մենք գոնե սոցիալական հարցերով ենք զբաղվում ու ձեզ պաշտպանում ամենաթողության վերադարձից». սա է նոր ստատուս քվոյի իշխանության ուղերձը։

Այն նաեւ ամրապնդվեց նոր նարատիվներով՝ «մենք չենք պարտվել», «Քարվաճառը հանձնվել ա», «Ադրբեջանն ինքն իրենով ոչ մի բան ա, սաղ Թուրքիան ա արել», «սխալ ենք աշխատել ռուսների հետ, դրա համար չեն օգնել», «դավաճաններն ու դասալիքներն են մեղավոր», «ամեն ինչ ի սկզբանե էր որոշված» եւ այլ հուզազգացական, բայց իրականության մեջ անհիմն պնդումներ։

Դա էլ իր հերթին ամրապնդվեց երկրի քաղաքական, տնտեսական ու մշակութային կենտրոն Երեւանի անհաղորդությամբ. Չէ՞ որ Երեւանը չէր զգացել պատերազմն ու դրա ուղիղ հետեւանքները, մի պահ միայն հուղարկավորություններն էին ինտենսիվ ու ճնշող դարձել, բայց դա էլ ժամանակի հարց էր, քանի որ մարդկային բանականությունն ու զգայարանները մոռանում են անցանկալի անցյալն ու մաքրում հիշողությունն աղետալի հուշերից՝ ուղղելով իրենց հայացքը դեպի ցանկալի/բաղձալի հեքիաթները։

Դրանից էլ այն ֆենոմենի բացատրությունը, թե ինչպես են փորձագետ հորջորջվող տարատեսակ հեքիաթասացներն այդքան պոպուլյար, իսկ նրանց խոսքը՝ գրավիչ։

Կրկին նույն՝ հոգեբանական ու սոցիալական պատճառների հիմամբ ոչ ոք չի ուզում թե՛ անհատական, թե՛ կոլեկտիվ մակարդակում առնչվել պատասխանատվության, մեղսակցության եւ ընդհանրական աղետի հետ։ Լավ է բոլորին մեղադրել ու բոլորով մաքրվել, կոլեկտիվ հանցանքն էլ իր հերթին կդառնա նորի սկիզբ՝ նոր ամնեզիայի, նոր արարումների, խաղաղության դարաշրջանի ու ակադեմիական քաղաքի… Շարքն անվերջ կարելի է շարունակել։

Հարցն ամենեւին դավաճանները, դավադրությունները, նախկինները, ներկաներն ու անզորությունը չեն։ Հարցը այն մոդելն է, որը լռելյայն բարձրագոչ հայտարարությունների հետեւում առաջարկվել է իշխանության, օծվել ընդդիմության եւ ընդունվել մարդկանց խմբերի կողմից։

Ինչո՞ւ եմ նշում մարդկանց խմբեր, որովհետեւ Հայաստանի հասարակությունը՝ որպես ամբողջ, որպես կոլեկտիվ նպատակներ գեներացնող եւ առաջ մղող մարմին, դադարել է գոյություն ունենալուց, անհատների կյանքը, խմբերի կյանքը կարող է զարգանալ ու դեռ մի բան էլ բարգավաճել, բայց կոլեկտիվ գոյությունն ու իմաստը չկա, չկա վաղվա ու ապագայի նպատակ, կան քայլեր այսօրվա կյանքի բարելավման, սակայն քայլեր, որոնք ոչ միայն չեն նպաստում պետության ամրապնդմանը, այլեւ, ըստ էության, հակոտնյա են։

Բայց փույթ չէ, ոչ ոք չի երաշխավորել ու երդվել ու չի կարող լինել fail state, չի կարող լինել բնակչութոկրատիա կամ միմիայն սոցիալական ֆունկցիաներ կատարող գավառապետություն։

Gor Madoyan
Գոռ Մադոյան

Մասնագիտությումբ պատմագետ եմ։ Տարիներ ի վեր ուսումնասիրում եմ հայկական մեդիան եւ քաղաքական դաշտը։ Գրում եմ պատմության, քաղաքականության, մշակույթի, գաղափարների ու մարդկանց մասին։ Չեմ հավատում փրկիչներին։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Լրագրությանը սպառնում է կեղծ բովանդակությամբ արտադրանքը․ RSF-ի զեկույցը
հաջորդը
ԱՄՆ-ն անհանգստացած է ՀՀ-ից Թուրքիա թռիչքներն արգելելու առիթով

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Մայիսի 2023
ԵԵՉՀՈւՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031 
« Ապր   Հնս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն