• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՀայաստանՄենք

Շփման լեզուն՝ «հեքիաթերեն»

Մարիամ Սարգսյան 15:30 | 25.05.2023
Մարիամ Սարգսյան 15:30 | 25.05.2023
Hekiateren

Երբ կոմպոզիտոր Հակոբն ու բանաստեղծուհի Անին որոշեցին «նոր լեզու ստեղծել», չէին էլ պատկերացնում, որ կարճ ժամանակ անց բազմաթիվ մանուկներ շփվելու են հենց այդ լեզվով՝ հեքիաթերենով:

2018-ին Անին ավարտել էր Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտը, Հակոբը՝ Երեւանի պետական կոնսերվատորիան: «Աշխատանքի, ստացած գիտելիքները իրացնելու փնտրտուքի մեջ էինք, եւ քանի որ երկուսս էլ շատ էինք սիրում երեխաների հետ աշխատել, ուզում էինք համատեղ ինչ-որ բան ստեղծել, որը ե՛ւ մեզ ստեղծագործական ընթացքի հնարավորություն կտար, ե՛ւ երեխաների համար ուսուցանող կլիներ՝ նրանց համար ստեղծագործական հարթակ դառնալով»,- «Ալիք Մեդիա»-ի հետ զրույցում ասում է Անին:

HekiaterenԻ վերջո որոշել են շրջիկ ինտերակտիվ տիկնիկային թատրոն հիմնել, թեեւ սկզբում լավ չեն պատկերացրել՝ ինչ են անելու եւ ինչպես։ «Հրավիրում էինք միջոցառման, բայց դեռ չէինք որոշել անունը: Այդ ժամանակների համար այն նոր էր, մարդը նախ պետք է ընկալեր՝ ինչ նախաձեռնություն է, հետո որոշեր՝ դառնա՞լ հանդիսական, թե՞ ոչ: Այն նոր էր հանդիսականից բացի նաեւ մեզ համար»,- ասում է ինտերակտիվ թատրոնի համահիմնադիրը։

Չնայած սկզբնական փուլի անորոշություններին՝ վախեր չեն եղել․ Անին դա «խելառ տարիներ» է անվանում․ «Մենք չէինք էլ ենթադրում, որ այդ նախաձեռնությունը երկար կյանք կունենա, հաճույքի համար էինք անում»։ Կարճ ժամանակ անց, սակայն, «Հեքիաթերենը» դարձել է երիտասարդ ամուսինների գործունեության հիմնական հարթակը։

HekiaterenԹատրոնի հիմնական առանձնահատկությունը հենց ինտերակտիվությունն է․ երեխաներն ու հաճախ նաեւ նրանց ծնողները դառնում են ներկայացման ոչ միայն հանդիսականը, այլեւ ակտիվ մասնակիցը։ Նրանք զարգացնում են հեքիաթի սյուժետային գիծը, կերպավորում են հերոսներին, պատրաստում դեկորացիայի որոշ մասեր ու հայտնվում հեքիաթի առանցքում՝ դառնալով դրա համահեղինակն ու դերակատարը։

«Կախված հանդիսականից՝ մի ներկայացումը մյուսից կարող է էապես տարբերվել, որովհետեւ գործընթացը կենդանի է: Հուզվում ենք ամեն ելույթից առաջ, քանի որ անկանխատեսելի է ընթացքը։ Յուրաքանչյուր լսարան իր էներգետիկ դաշտն ու տրամադրությունն ունի, նույն ներկայացումը ամեն անգամ նորովի է շունչ առնում»,- նշում է Անին։

Hekiateren«Հեքիաթերեն»-ում խաղացանկային 15 ներկայացում կա․ ներառված են թե՛ բոլորին հայտնի դասական՝ «Շունն ու կատուն», «Չարի վերջը», «Պոչատ աղվեսը», «Ճամփորդները», «Կարմիր գլխարկը» (եւ այլն), թե՛ ժամանակակից մանկագիրների հեքիաթներ՝ «Թարս թզուկը», «Կապույտ աղվեսը» եւ «Անքուն գիշերվա չարաճճիները»։

«Հեքիաթները տարբեր սկզբունքներով ենք ընտրել․ մի դեպքում դրանք սրտամոտ են եղել, մյուս դեպքում հեղինակն է սիրելի եղել, եւ ուզել ենք իր ստեղծագործություններից որեւէ մեկը բեմադրել, երրորդը հեղինակն է առաջարկել, եւ լսարանը սիրել է ներկայացումը»։

Lusine Shahnazaryan«Թարս թզուկը» «Հեքիաթերեն»-ի հանդիսականի սիրելիներից է։ Հեքիաթի հեղինակ Լուսինե Շահնազարյանն ասում է՝ Անին ու Հակոբը «Թարս թզուկ»-ին հանել են գրահրատարակիչների եւ գրախանութների իներտ պահարաններից․ հեքիաթը հանրային դարձել է առաջին հերթին հենց նրանց շնորհիվ։

«Կարծում եմ՝ այսօրվա հրատարակիչները շատ բան ունեն սովորելու «Հեքիաթերեն»-ից. մանկագրության ու բեմադրությունների նկատմամբ նրանց այս տեսակի հոգատարությունն ու համուհոտի նուրբ զգացումը եզակի են։ Անիի ու Հակոբի շնորհիվ լեզուն չի աղավաղվում, հումորները չեն տափակում, նարատիվը չի հավակնում ժամանակակից թվալու։ Նրանք մի ինքնաշեն տուն են կառուցել, որտեղ մտած «Թարս թզուկն» ու մյուս բոլոր հին ու նոր հեքիաթները ճշտի ու սխալի միանշանակ քարոզչությամբ հետաքրքրված չեն։ Նաեւ դրա համար է, որ նրանց բեմադրած հեքիաթներն իրենց նման են՝ աներեւակայելի կախարդական ու իսկական»։

Երբ հեքիաթի հեղինակ Լուսինե Շահնազարյանն ու նկարազարդող Ագաթա Հարությունյանը գնացել են բեմադրությունը նայելու, չէին էլ սպասում, որ թատրոնում երեխաներն արդեն այդքան լավ գիտեն իրենց հերոսներ «Թարսին» ու «Շիտակին»։

«Անին ու Հակոբը հասկանում են երեխայի աշխարհը, կարողանում են առանց պարտադրելու այնպես բացել հեքիաթը, որ նրանք իրենց ոտքով ներս մտնեն, այնտեղ իրենց հարմարավետ զգան, բառերն ու պատմությունը իրենց «հագով» ու լեզվով ընկալեն։ Դրանից զատ՝ նրանք Թարսի ու Շիտակի հետ դարձել էին հեքիաթի մասը, այն առաջ տանողը»,- ասում է մանկագիրը։

Սկզբում տիկնիկները հենց Անին ու Հակոբն են պատրաստել, հետագայում սկսել են մի քանի մասնագետների հետ համագործակցել։ Մտածում են նաեւ դասընթացների շարք սկսել ու բազմաթիվ երեխաների ոչ միայն խոսքի արվեստ, այլեւ տիկնիկագործություն սովորեցնել։

HekiaterenԱյս նոր «լեզուն» վաղուց դուրս է եկել Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի պատերից ու սիրելի է դարձել ոչ միայն Երևանում, այլեւ մարզերում բնակվող բազմաթիվ մանուկների համար։ Տարբեր համագործակցությունների շնորհիվ շրջիկ ինտերակտիվ թատրոնն այցելում է Հայաստանի բազմաթիվ անկյուններ եւ երեխաներին հեքիաթի մաս դարձնում։ Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում էլ Հայաստան տեղահանված արցախցի փոքրիկներն են կարճ ժամանակով հայտնվել հեքիաթում։

2022 թվականին Շվեդիայի կառավարության ֆինանսավորմամբ «Եվրասիա համագործակցություն» հիմնադրամն աջակցել է «Ժամանակակից հեքիաթը կախարդական ճամպրուկում» ծրագրերի շարքին, որը փոքրիկներին բնապահպանական եւ շրջակա միջավայրի առողջացմանն ուղղված տարրական գիտելիքներ է փոխանցում։

HekiaterenԾրագրի շրջանակում «Հեքիաթերեն»-ի հիմնադիրները նաեւ իրենց հեքիաթն են գրել՝ «Կանաչ ու կապույտ նախշերով մի կլորիկ գնդակի պատմությունը», եւ այն բեմադրել են։ Գիրքն արդեն լույս է տեսել, շուտով կկայանա շնորհանդեսը, որին կհաջորդի կրթական մեծ արշավ՝ միտված բնապահպանական խնդիրների վերաբերյալ հասարակական գիտակցության բարձրացմանը։

Mariam Sargsyan
Մարիամ Սարգսյան

Լրագրությունը որպես մասնագիտություն ընտրելիս հավատացած էի` այն կարող է աշխարհը փոխել: Հիմա մտածում եմ` գուցե աշխարհը փոխել չստացվի, բայց որոշ դեպքերում իրավիճակ փոխել հնարավոր է:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Վեց ամսում ռուսները մոտ 5000 բնակարան են գնել Վրաստանում
հաջորդը
Պայմանագիրը պետք է հենվի երկարաժամկետ, կայուն լուծումների վրա. ՌԴ ԱԳՆ

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Մայիսի 2023
ԵԵՉՀՈւՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031 
« Ապր   Հնս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն