• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՀայաստանՄենք

Նախնական կալանքը՝ պատժամիջոց

Մեսրոպ Հարությունյան 19:30 | 25.08.2023
Մեսրոպ Հարությունյան 19:30 | 25.08.2023
մեջբերում Մեսրոպ Հարությունյանից

Օգոստոսի 22-ին հակակոռուպցիոն դատարանը չի քննարկել պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի կալանքը այլընտրանքային խափանման միջոցով փոխարինելու հարցը։ Այսինքն՝ Դավիթ Տոնոյանը, որ համարյա երկու տարի կալանքի տակ է, կշարունակի ըստ էության պատիժ կրել։ Գործն արդեն դատարանում է, եւ ես՝ ՀՀ հասարակ քաղաքացիս, չեմ հասկանում՝ եթե կալանքը փոխարինվի, օրինակ, տնային կալանքով, Դավիթ Տոնոյանն ինչպես կխոչընդոտի դատաքննությունը։

2021 թվականին ընդունված եւ 2022 թվականի հուլիսի 1-ից գործողության մեջ մտած ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 116-րդ՝ «Խափանման միջոցի կիրառման իրավաչափությունը» հոդվածն ասում է.

«2. Խափանման միջոցը կարող է կիրառվել, եթե դա անհրաժեշտ է՝

  1. մեղադրյալի փախուստը կանխելու համար կամ
  2. մեղադրյալի կողմից հանցանք կատարելը կանխելու համար կամ
  3. մեղադրյալի կողմից իր վրա սույն օրենսգրքով կամ դատարանի որոշմամբ դրված պարտականությունների կատարումն ապահովելու համար:

Այս թվարկածներից ո՞րն է հիմք ծառայում, որ Տոնոյանը մնա կալանքի տակ. կփախչի՞, հանցա՞նք կկատարի, թե՞ իր պարտականությունները չի կատարի, այսինքն՝ չի ներկայանա դատարան։ Երեքն էլ անհավանական են։

Նույն կերպ չեմ հասկանում նաեւ, թե ինչպես պիտի խոչընդոտի քննությունը ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, եթե նրա կալանքը փոխարինվի այլընտրանքային խափանման միջոցով։

Նույն օրենսգրքի 115-րդ հոդվածը («Խափանման միջոցների տեսակները») սահմանում է, որ բացի կալանքից՝ այլընտրանքային խափանման միջոցներ են տնային կալանքը, վարչական հսկողությունը, գրավը, պաշտոնավարման կասեցումը, բացակայելու արգելքը, երաշխավորությունը… Սրանցից որն էլ ընտրվի, հաստատ ավելի կհեշտացնի քննությունը, իսկ Արմեն Աշոտյանին կալանքի տակ պահելն էլ չի դիտվի իբրեւ պատժամիջոց։

Նախկին իշխանություններից խռոված անձանց «Բա լա՞վ էր, որ իրենց ժամանակ…» պատճառաբանությունը անձին կալանքի տակ պահելու հիմք չէ։ Լավ չէր, իհարկե, «որ իրենց ժամանակ», բայց չէ՞ որ դուք իշխանության եք եկել, որ «իրենց ժամանակների» վատը էլ չլինի։ Արդ, ապացուցե՛ք, որ դուք ավելի հումանիստական իշխանություն եք։ Եվ եթե չեք անում, ապա «Բա լա՞վ էր, որ իրենց ժամանակ…» արտահայտությունը ապացուցում է մի բան միայն. Աշոտյանի կալանքը ընդամենը վրեժխնդրություն է եւ պատժամիջոց։

Վերջապես սպանեք էլ չեմ հասկանա, թե ինչով ու ինչպես պիտի նախաքննությունը խոչընդոտի դիրիժոր Սերգեյ Սմբատյանը, եթե կալանքը փոխվի այլընտրանքային խափանման միջոցով։ Եվ դատախազության համառությունը՝ չանսալու հարյուրավոր հայաստանցի եւ արտասահմանցի արվեստագետների դիմումին, այսինքն՝ չկիրառելու հարյուրավոր մարդկանց ըստ էության երաշխավորությունն իբրեւ այլընտրանք, խոսում է մի բանի մասին, ամենաբարձր մակարդակով որոշում կա նրան դեռ պահել կալանքի տակ։

Հայաստանի այսօրվա վիճակին քիչ թե շատ ծանոթ մարդն իրավունք ունի ենթադրելու եւ ենթադրում է, որ որեւէ կարեւոր որոշում (անգամ իրավապահ համակարգում, որը պիտի տարանջատված լիներ գործադիրից) չի ընդունվում առանց Նիկոլ Փաշինյանի «դաբրոյի»։

Եվ մենք իրավունք ունենք կասկածելու, որ իմ նշած բոլոր երեք դեպքերում իրավապահները կալանքը կիրառելիս առաջնորդվում են կա՛մ նրա հրահանգով, կա՛մ հաստատ իմանալով, որ նա այդպես կհրահանգեր։

Դավիթ Տոնոյանի դեպքում ամեն ինչ պարզ է. դա տեղավորվում է 44-օրյա պատերազմի պարտության համար «էս աշխարհում բոլորը մեղավոր են՝ բացի վարչապետից» տրամաբանության մեջ։ Արմեն Աշոտյանի դեպքում դա նման է վրեժխնդրության՝ հենց իմ նշած «Բա լա՞վ էր, որ իրենց ժամանակ…» տրամաբանությամբ, որ կարող է բավարարել միայն լյումպենի անառողջ կրքերը։

Ամենից անհասկանալին կարող է թվալ Սերգեյ Սմբատյանին կալանքի տակ պահելը։ Բայց էստեղ էլ կասկած կա. այս իշխանությունը չի սիրում կայացած ու հեղինակություն վայելող մարդկանց, առավել եւս՝ արվեստագետներին։ Որովհետեւ նրանց մեծ մասը անկախ է որոշումները կայացնելիս։

Հիմա մի վերջին մեջբերում քրեական դատավարության օրենսգրքից.

Հոդված 18. Անձի ազատությունը և անձնական անձեռնմխելիությունը
1. … Վարույթի ընթացքում անձին ազատությունից զրկելը չպետք է պատժի նպատակ հետապնդի:
2. Վարույթն իրականացնող մարմինն անձի նկատմամբ հարկադրանքի միջոց ընտրելիս առաջնորդվում է նվազագույնի սկզբունքով…

Իմ նշած երեք դեպքերում էլ, հակառակ օրենսգրքի պահանջի, վարույթն իրականացնող մարմինները չեն առաջնորդվել նվազագույնի սկզբունքով եւ անձանց ազատությունից զրկելը, ըստ էության, կիրառել են իբրեւ պատժամիջոց։

Այս երեքը հանրային հնչողություն ստացած դեպքեր են, եւ դրանց մանրամասներին մենք ծանոթ ենք։ Իսկ ինչքան դեպքեր կան, որոնց մասին հանրությունը տեղյակ չէ, երբ կալանքն ընտրվում է խափանման միջոց՝ կասկածյալների վրա հոգեբանական, նաեւ ֆիզիկական ճնշումներ գործադրելու եւ ինքնախոստովանական ցուցմունք կորզելու համար։

Մենք չգիտենք ամբողջը եւ չենք էլ իմանա։ Իսկ երբ նման լուրեր, համենայն դեպս, սպրդում են, անմիջապես հաջորդում են հերքումները՝ շատ դեպքերում նույնիսկ առանց ծառայողական քննության։

Իրավապահ համակարգում սովետն ու Վիշինսկին դեռ չեն մեռել։

Հ. Գ. Հոդվածը պատրաստ էր հրապարակման, երբ հայտնի դարձավ, որ Սերգեյ Սմբատյանի խափանման միջոցը փոխվել է, եւ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը, ինչը, ըստ Սմբատյանի փաստաբանների, նույնպես անընդունելի է։ Ես էլ եմ այդպես կարծում. Սմբատյանը պիտի ստեղծագործի, այլ ոչ թե տանը փակված մնա։

Մեսրոպ Հարությունյան

Լրագրող, խմբագիր, փորձագետ, լրագրության ուսուցիչ։ Նրա կենսագրությունը սկսվել է նախորդ դարի 80-ականներին Հայաստանի Մեղրու շրջանի «Արաքս» թերթից ու շարունակվել մեդիայի կայացման խառնարանում։ Հեղինակ է պատմվածքների ու վեպերի հինգ գրքի եւ լրագրողական էթիկայի ուսումնական ձեռնարկի։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Ղուրանի գաղտնի հրկիզումը Դանիայում կխրախուսվի՞
հաջորդը
Չկա չարիք առանց բարիքի

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Օգոստոսի 2023
ԵԵՉՀՈւՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031 
« Հլս   Սպտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն