• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՀայաստանՄենք

Հատակում․ Ալավերդու դպրոցը կառուցվում, բայց չի երեւում

Տաթեւիկ Ճուղուրյան 16:00 | 18.09.2023
Տաթեւիկ Ճուղուրյան 16:00 | 18.09.2023
Ալավերդու Հովհ․ Թումանյանի անվան թիվ 2 հիմնական դպրոց

Դասերը՝ երկու հերթափոխով, հարմարեցված, նեղ սենյակներում, ֆիզկուլտուրան՝ հարեւան դպրոցի բակում, միջոցառումները՝ դասասենյակներում կամ այլ կրթօջախներում․ Ալավերդու Հովհ․ Թումանյանի անվան թիվ 2 հիմնական դպրոցում արդեն երրորդ տարին ուսումնական գործընթացն այսպես են կազմակերպում։

Իսկ այս տարի Գիտելիքի օրվա միջոցառմանը աշակերտներն իրենց ելույթի համար դպրոցի շենքին հարակից ավտոտնակի տանիք էին բարձրացել։

Երկհարկանի փոքրիկ շենքը, որտեղ ժամանակավոր հանգրվանել է դպրոցը, խորհրդային տարիներին քաղաքի ռուսական դպրոցի տարրական օղակի մասնաշենքն է եղել, հետո դարձել է ինտերնատ, ապա՝ «Հայաստանում եվրոպական քոլեջ» հիմնադրամի սեփականությունը։

Ալավերդու թիվ 2 հիմնական դպրոցի ժամանակավոր շենքըՇենքը դպրոցին անհատույց օգտագործման է տրվել ժամանակավոր հիմունքներով՝ մինչեւ այս դպրոցի շենքի վերակառուցման ավարտը։

«Հարմարվել ենք, թեեւ չէի ասի, թե մեր աշխատանքը կարողանում ենք գերազանց անել։ Տեղափոխվելուց հետո, բարեբախտաբար, աշակերտների թիվը չնվազեց, ավելին՝ նրանք շատացան։ Սակայն առաջին ուսումնական տարում չկարողացանք օգտվել ՄԱԿ-ի ծրագրից, որով տարրական օղակի երեխաներին տաք սնունդ է տրվում։ Հետո թեթեւ վերանորոգեցինք, որ գոնե չոր սննդով ապահովենք երեխաներին, որովհետեւ ծնողներն անհանգիստ էին․ ուրիշ դպրոցներում տրվում է տաք սնունդ, մեզ մոտ՝ ոչ»,- ասում է Ալավերդու թիվ 2 հիմնական դպրոցի տնօրեն Լուսինե Միքայելյանը։

Լուսինե ՄիքայելյանՔաղաքի երաժշտական, արվեստի եւ մարզական կրթօջախները նույնպես աշխատում են երկու հերթափոխով, որպեսզի թիվ 2 դպրոցի աշակերտներն արտադպրոցական պարապմունքներից հետ չմնան։ Իսկ թե մինչեւ երբ 356 աշակերտով ու 50 հոգանոց աշխատակազմով դպրոցը կաշխատի այս պայմաններով, ոչ ոք չգիտի։

Հիմքերը կան, շենքը՝ ոչ

Այս ցուցանակը հուշում է, որ Ալավերդի քաղաքի թիվ 2 դպրոցի աշակերտները նոր ուսումնական տարին պետք է սկսեին նոր շենքում․ 2023-ի հուլիսի 19-ին դպրոցի կառուցումը պետք է ավարտված լիներ։

ցուցանակԲայց շենքի տարածքը դեռ շինհրապարակ է, որտեղ այցելելով հասկանում ես՝ մեկ-երկու տարի այստեղ դպրոց եւ դաս չի լինի։

Դպրոցի՝ 2021-ի սեպտեմբերին սկսված վերակառուցման աշխատանքները, որ պետք է կատարվեին 660 օրում, դեռ նախնական փուլում են։ Շինարարությունն իրականացնում է «Արհովշին» ՍՊԸ-ն, որի տնօրեն Միքայել Գրիգորյանը ժամկետների կոպիտ խախտումը պայմանավորում է մի քանի հանգամանքով։

Ալավերդու Հովհ․ Թումանյանի անվան թիվ 2 հիմնական դպրոց«Նախագծային խնդիրներ են եղել, կարգավորվել են, ժամանակն էլ երկարացրել են, հիմա արդեն իր հունով աշխատանքը գնում է։ Հողային աշխատանքները կատարելիս կոմունիկացիոն խնդիրներ հանդիպեցին, շինարարություն է, լինում է։ Նախագծային լուծումներ էին պահանջվում, եղան։ Անցած տարի ցեմենտ չկար։ Ցեմենտի միակ գործարանն էր Արարատում աշխատում, չէր հասցնում։ Տեխնիկական միջոցների պակաս չկա, սեփական էլ ունենք, որն էլ չունենք, վարձակալում ենք, երբ պետք է լինում»,- «Ալիք Մեդիա»-ին հայտնեց կազմակերպության տնօրենը։

Իսկ հարցին՝ արդյո՞ք հաջորդ սեպտեմբերին աշակերտներն այստեղ դպրոց կգնան, շինարարության պատասխանատուն ասաց․ «Աստված առաջ, պետք է գնան, իհարկե պետք է գնան»։

«Աստված առաջ», բայց շինհրապարակում այլ պատկեր է

Հարկավոր չէ շինարար լինել՝ հասկանալու համար, որ մեկ տարի անց այստեղ ոչ թե շենքի, այլ միայն հիմքերի կառուցումը կավարտվի։ Շինարարության աշխղեկ Ռաֆայել Փարսադանյանն էլ նշեց, որ զրոյական կետին հասնելու համար 75-80% աշխատանք է արված։ Իսկ «զրոյական կետ» ասվածը, ըստ շինարարի, հիմնասյուների վերին նիշն է, որի վրա արդեն կառուցվելու է դպրոցի շենքը։

Փաստացի երկու տարով հետ ընկած շինարարությունը հիմա էլ, տարբեր խնդիրներով պայմանավորված, առաջ չի գնում։ Ենթակառուցվածքներից մինչեւ տեխնիկական միջոցների բացակայություն եւ անվտանգային խնդիրներ, որոնք ժամանակավոր կամ մասնակի են լուծվում։

Ռաֆայել Փարսադանյան«Նայեք՝ արմատուրից (ամրան) կախված աշխատում են։ Էդ շիթերը կռանը (ամբարձիչ) պետք ա բարձրացնի, դնի տեղը, ոչ թե բանվորը շալակի, արմատուրեքի գլխով բերի ներս, էլի դուրս գա։ Տարածքում զուգարան, խմելու ջուր չկա, փոխվելու տեղ չունենք։ Թող մեկը հետաքրքրվի՝ ինչի չունենք։ Ո՛չ տրակտոր կա, ո՛չ կռան։ Սեփական տրակտորների, կռանի փողը տալիս ենք, գալիս են։ Ալավերդի մենակ մի կռան կա, որ կարողանում է էստեղ աշխատել, էդ էլ ամիսը մեկ բռնես աշխատեցնես, թե չէ։ Մենք անտերության ենք մատնված, քանի որ էս դպրոցը ոչ մեկին պետք չէ»,- վրդովված ասում է աշխղեկ Ռաֆայել Փարսադանյանը։

Շինհրապարակի մի հատվածում էլ մշտական գարշահոտ է, բանվորները խուսափում են այդտեղ աշխատելուց։ Դպրոցից վերեւ գտնվող սեփական տների կոյուղագիծն է վնասվել, եւ կեղտաջրերն արդեն երկար ժամանակ է՝ դպրոցի տարածք են լցվում՝ հոսելով դեպի շենքի հիմքեր։

«Վտանգավոր է, գնացե՛ք, նայե՛ք։ Ես էդտեղ չեմ կարողանում մարդ դնել, որ աշխատի։ Ջրմուղ էլ եմ գնացել, քաղաքապետարան էլ, մարզպետին էլ եմ ասել»,- ասում է շինարարը։

«Վեոլիա ջուր» ընկերության «Ալավերդի» տեղամասի պետ Արթուր Կոլոլյանը հաստատում է՝ շինարարական կազմակերպությունը նամակով ե՛ւ Ջրային կոմիտեին, ե՛ւ իրենց կազմակերպությանն է դիմել՝ կոյուղու խնդիրը լուծելու նպատակով։ Մինչդեռ կոյուղու՝ անլուծելի թվացող խնդիրը, ըստ Արթուր Կոլոլյանի, հենց շինարարական կազմակերպության լուծման տիրույթում է։ Դպրոցի նախկին շենքի ապամոնտաժման ընթացքում «Արհովշին» ընկերությունը կոյուղագծի հետ նաեւ Ջրավազան թաղամասի սեփական տների կոյուղու հավաքիչ կայանն (կոլեկտոր) է քանդել, ինչի հետեւանքը շինհրապարակի այժմյան հակասանիտարական վիճակն է։

«Մենք ասինք՝ մի՛ քանդեք, էդ մարդկանց կոյուղին դուք պետք է ապահովեք, ասին՝ կապահովենք։ Փոս փորեցին, կոյուղին գալիս էր, էդտեղ հավաքվում, մեքենան գալիս, տանում, թափում էր։ Ասին՝ ժամանակավոր էդպես շահագործենք, մինչեւ դպրոցի նոր կոյուղագիծը կկառուցենք, նաեւ էդ տների կոյուղագիծը, որ խնդիր չլինի։ Հիմա ի՞նչ են ուզում»,- հարցնում է «Վեոլիա ջուր» ընկերության ներկայացուցիչը։

Դեռեւս երկու տարի առաջ՝ դպրոցի ապամոնտաժման ժամանակ, «Արհովշին» ընկերությունում հավանաբար չէին կանխատեսել շինարարության կազմակերպման խնդիրները եւ որ կառուցապատման ժամկետները կխախտվեն։ Այլապես խոստումներ չէին տա։

Չավարտվող շինարարություն՝ խոշոր ներդրումով

Ալավերդու թիվ 2 հիմնական դպրոցի վերակառուցումն իրականացվում է դպրոցների սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրով՝ 1,5  միլիարդ դրամ արժեքով։ Ներդրողները Հայաստանի Կառավարությունն ու Ասիական զարգացման բանկն են։ Ծրագիրն  իրականացվում է Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի միջոցով։

Ալավերդու Հովհ․ Թումանյանի անվան թիվ 2 հիմնական դպրոց«Ալիք Մեդիա»-ն նշված հիմնադրամին հարցեր է ուղղել՝ շինարարության վերահսկողության, ժամկետների խախտման եւ այլ մանրամասների վերաբերյալ։ Այս տեսանկյունից թեմային կանդրադառնանք առաջիկայում։

Tatevik Tshughurian
Տաթեւիկ Ճուղուրյան

Մասնագիտությամբ լրագրող եմ։ 15-ամյա աշխատանքային գործունեությանս մեծ մասն անցել է հեռուստատեսության ոլորտում՝ Ալավերդու «Անկյուն+3» հեռուստաընկերությունում։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Yandex քարտեզները՝ Երեւանի հասարակական տրանսպորտի ուղեցույց
հաջորդը
«Ընդհանուր լեզու գտնել» փառատոնը կանցկացվի Երեւանում

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Սեպտեմբերի 2023
ԵԵՉՀՈւՇԿ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
« Օգս   Հկտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն