Բաքվի մերձիշխանական մամուլն ահազանգ է հնչեցրել, որ Արեւմուտքում հայկական լոբբին մտադիր է Ադրբեջանին վարկաբեկող ֆիլմ նկարահանել:
Ըստ երեւույթին՝ տեղեկատվության աղբյուրը հատուկ ծառայություններն են կամ Ադրբեջանի հետ ֆինանսա-տնտեսական կապեր ունեցող շրջանակները: Խոսքն այն մասին է, որ բրիտանական Netflix հարթակը ծրագրում է «Չպատժված հանցագործություն» պայմանական խորագրով փաստա-վավերագրական ֆիլմ նկարահանել:
Ըստ տեղեկությունների՝ այն նվիրված է Ռուսական կայսրության, ԽՍՀՄ կազմում ժողովուրդների ճակատագրին, ինչպես նաեւ հետխորհրդային Ռուսաստանի՝ հարեւան երկրների նկատմամբ ագրեսիվ քաղաքականությանը:
Ալիեւյան քարոզչամիջոցներին, սակայն, հայտնի է դարձել, որ ֆիլմում Ադրբեջանի խորհրդային շրջանի եւ ներկայիս իշխանության հասցեին քննադատական տեսակետներ են հնչելու: Բաքվի քարոզչությունը դա հիմնավորում է նրանով, որ Ադրբեջանից ֆիլմի խորհրդատու է ընտրվել ընդդիմադիր գործիչ, պատմաբան Ջամիլ Հասանլին:
Եվրոպայում գործող MeydanTV առցանց հարթակը կապվել է Հասանլիի հետ: Նա հաստատել է, որ բրիտանացի գրող-սցենարիստ Դեյվիդ Քրեյսից իրոք «Չպատժված հանցագործություն» ֆիլմի խորհրդատու լինելու առաջարկություն ստացել է:
Հասանլին, սակայն, զարմանք է հայտնել, թե Ռուսաստանի եւ ԽՍՀՄ-ի կայսրապաշտական քաղաքականությունը, այլատյացությունը եւ հետխորհրդային Ռուսաստանի ավտորիտար ռեժիմը քննադատող ֆիլմի նկարահանումն ինչու է Ադրբեջանի իշխանություններին անհանգստացրել, երբ պետք է միայն ուրախ լինեին, քանի որ դա հնարավորություն է՝ աշխարհին ներկայացնելու նաեւ Ադրբեջանի խնդիրները:
Կարելի է ենթադրել, որ Ալիեւի վարչակազմը մտահոգություններ ունի, որ ֆիլմում կբացահայտվեն խորհրդային շրջանում Մոսկվայի հետ Հեյդար Ալիեւի կոռուպցիոն կապերը, 1988-1990 թվականների արյունոտ իրադարձություններին նրա մասնակցությունը, ինչպես նաեւ այդ չպատժված հանցագործություններով պայմանավորված՝ ռուս-ադրբեջանական ներկայիս սերտ համագործակցության իրական շարժառիթները: Խոսքն առայժմ նախագծի, մտադրության մասին է: Դժվար է ասել, թե երբ այն իրականություն կդառնա կամ կդառնա՞ առհասարակ:
Բայց հետաքրքիր է՝ բրիտանացի գրող-սցենարիստը Հայաստանում խորհրդատու ունենալու առաջարկություն արե՞լ է, ո՞ւմ: Ադրբեջանցի պատմաբանը, օրինակ, ասում է, որ ընտրել են իրեն, քանի որ վերջին տասնամյակում Լոնդոնում ինքը յոթ-ութ մենագրություն է հրապարակել:
Հայաստանում ունե՞նք պատմաբան, որի աշխատությունները Լոնդոնում կամ Փարիզում գիտեն: Երեւանում տեղյա՞կ են բրիտանական Netflix հարթակի նախագծից:
Երեկվա ադրբեջանական մամուլը հեղեղված էր 35 տարի առաջ «այս օրերին Հայաստանում կազմակերպված ադրբեջանցիների բռնատեղահանության» մասին հրապարակումներով: Վաղը շրջանռության մեջ են դնելու «փաստա-վավերագրական» ֆիլմեր: Իսկ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Բայրամովը ԵԱՀԿ նախարարական խորհրդաժողովի ամբիոնից հայտարարել է, որ Արցախից հայ բնակչության «հեռանալու համար պատասխանատու են Հայաստանը եւ նրա կողմից ստեղծված եւ հովանավորված սեպարատիստական ռեժիմը»:
Որեւէ հարց միանգամից չի հասունանում եւ կախարդական փայտիկի մի շարժումով չի լուծվում: Արդյունքը բոլոր բնագավառներում տքնաջան, հետեւողական, համակարգված եւ թիրախային աշխատանքով է ստեղծվում:
Եթե բրիտանական «Չպատժված հանցագործություն» նախագիծ կա, ապա դա հնարավորություն է, որ պետք է օգտագործվի: Սեպտեմբերի 19-ի ադրբեջանական ահաբեկչությունը չպատժված հանցագործության հետեւանք է, որ պետք է պատժվի:
Պատմաբան, լրագրող, հրապարակախոս, քաղաքական գործիչ։ Հայաստանի Գերագույն խորհրդի (1990-1995) Արցախից ընտրված պատգամավոր, 2000-2015 թվականներին Արցախի Ազգային ժողովի երեք գումարումների պատգամավոր։ «Խոջալու․ հանցագործության անատոմիա», «Երկրի ժամանակը», «Հոգեւոր Հայաստանը եւ արդիականությունը» եւ «Աստծո հաջորդ օրը» գրքերի հեղինակն է։