• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՀայաստանՄենք

Վառվող լույսերի հետ Արցախ վերադարձի հույսը մեծանում է

Տաթեւիկ Ճուղուրյան 15:30 | 30.12.2023
Տաթեւիկ Ճուղուրյան 15:30 | 30.12.2023
Տիկին Գալյան, Վեսմիրան եւ Նարինեն

Նոր տարվա նախօրեն է։ Տիկին Գալյան, Վեսմիրան եւ Նարինեն խոհանոցում են, թեեւ տանը տոնի պատրաստություն չկա․ որեւէ բան անելու տրամադրություն չունեն։ Նոր տարին սեփական տանը լինելու, օջախը վառ պահելու խորհուրդն է նաեւ, բայց նրանք տուն ու օջախ այլեւս չունեն։

Ուրիշի տուն է՝ անծանոթ ու մի քիչ էլ տխուր քաղաքում, որտեղ այս օրերին երեխաները «ճրթճրթաններ» են պայթեցնում, իսկ իրենք ամեն պայթյունի հետ «ցատկում են նստած տեղից»։ Այստեղ մարդիկ խանութից խանութ են շտապում, իսկ իրենց աչքի առջեւ վերջին տարիների Ստեփանակերտն է, երբ դեկտեմբերյան երեկոներին փողոցում մարդ չէիր գտնի։ Հարեւան կանայք այս օրերին տոնական խառնաշփոթի մեջ տունն են կարգի բերում, իսկ իրենց մտքում տեղահանության վերջին ժամերն են, տակնուվրա եղած բնակարանը։

«Ամեն անգամ, երբ էստեղ տունը մաքրում եմ, հավաքում, մտածում եմ՝ իմ տունը վերջին պահին էնպիսի խառնաշփոթ վիճակում թողեցի, դուրս եկա, կարծես էդ տունը գող էր մտել ու ամեն ինչ ցրիվ տվել։ Չգիտեի՝ որն է առաջնայինը, որը՝ երկրորդային, որը վերցնեմ, որը թողնեմ։ Ու էնպես ստացվեց, որ ամբողջովին տունը թափած թողեցի, չհասցրի կարգի բերել։ Ամեն րոպե մտքով էնտեղ եմ։ Ասում եմ՝ երեւի մութ է Ստեփանակերտում, խուլ, ոչ մեկը չկա, լույսերը չեն վառվում, մեռելային լռություն է քաղաքում»,- հուզմունքով ասում է Վեսմիրա Գաբրիելյանը, որ քրոջ, ամուսնու եւ երեխաների հետ Ալավերդիում մեկ հարկի տակ է օթեւանել։

Նրանց համար Նոր տարի այլեւս չկա․ 44-օրյա պատերազմից հետո բոլոր տոները «վերացել», ուրախությունը մարել է։ Տոնը Արցախն էր, առանց որի արդեն հանգիստ քնել ու արթնանալ է՛լ չկա։ Հիմա թե՛ Արցախը, թե՛ Նոր տարին հիշողություն են՝ Ղարաբաղի խորովածի, ձկան, կուրկուտի, թոնրի գաթայի ու կաթնահունցի անուշ բույրով լցված։

«Պատերազմից առաջ իսկապես ուրիշ էր, էն աժիոտաժը, որ կար քաղաքում, մարդիկ պատրաստվում էին Նոր տարվան, պատերազմից հետո այլեւս չկար։ Իհարկե, էստեղի նման չի եղել, մեզ մոտ ամեն բան մի քիչ ավելի համեստ էր։ Պարտք անել, խանութից պարտքով բան վերցնել չկար։ Ամենքն իր հնարավորության չափով էր նշում։ Մինչեւ կեսգիշեր հրապարակը եռում էր, իսկ ուղիղ ժամը 12-ին բոլորը պատշգամբներում էին։ Պատերազմից հետո մարդ չէիր գտնի փողոցում։ Վախենում էի որեւէ մեկին կա՛մ զանգել, կա՛մ փողոցում տեսնել։ Մտածում էի ի՛նչ հարցնել, երբ չգիտես՝ ընտանիքի անդամը կա, չկա։ Սպասում էի, որ իրենք զանգեն։ Եվ սա շատ երկար տեւեց»,- հիշում է 69-ամյա տիկին Վեսմիրան։

Ամեն երեկո Ալավերդու իրենց բնակարանի պատուհանից կողքի շենքում վառվող լույսերն է բնազդաբար հաշվում եւ թեթեւություն զգում։ Այդ պահին էլ մտքով Ստեփանակերտ է հասնում, մտածում վերադարձի մասին։ Վառվող լույսերը որքան շատ են լինում, հույսն անքան մեծանում է։

«Ստեփանակերտում մեր շենքի դիմաց փողոց կար, մյուս մայթին՝ արդեն ուրիշ շենքեր։ Պատշգամբից պատշգամբ իրար տեսնում էինք։ Պատերազմից հետո, երբ վերադարձել էինք քաղաք, մութ էր, հատուկենտ մարդիկ կային։ Մի շենքում մեկ կամ երկու լույս էր վառվում։ Օրեցօր ավելացան լույսերը, էնքան էի ուրախանում, որ մարդիկ վերադառնում են, հուսահատված չեն։ Ով իմանար, որ էսպիսի ընթացք կունենար ամեն բան»,- ասում է արցախցի կինը։

34 տարի երեխաների հետ աշխատանքը Վեսմիրա Գաբրիելյանին սովորեցրել է միայն լավը մտածել եւ հավատալ հրաշքներին։ Օրեր առաջ Արցախ վերադարձի հույսը կրկին արթնացել, հավատն ամրապնդվել է։

«Միջոցառման էինք մասնակցում մի քանի օր առաջ։ Տոնածառ կար էնտեղ։ Արկղից խաղալիքներ էինք վերցնում, երազանք պահում եւ խաղալիքը կախում տոնածառին։ Շա՜տ խաղալիքներ կային, չգիտեմ ինչու, աստղանման մի խաղալիք վերցրի, որը էնքան էլ սիրուն չէր։ Տոնածառին մոտենալիս մտքումս ասում եմ՝ տե՛ր Աստված, սա քո աստղն է, որը մարդիկ պիտի տեսնեին երկնքում, երբ դու ծնվեցիր։ Թող սա լինի էն փայլող աստղը, որը մեզ պիտի վերադարձնի մեր տուն, մեր քաղաք, մեր երկիր»,- ասում է տիկին Վեսմիրան՝ հավատալով նաեւ սիրո զորությանը՝ «ցորեն հաց չունես, ցորեն լեզու ունեցիր», որ տիեզերքը սիրով լցվի, որ երկրագունդը «չպայթի» պատերազմներից։

88-ամյա Գալյա Գաբրիելյանը, որ քրոջ համար երկրորդ ծնող է եղել, կյանքի փորձից գիտի՝ միշտ չէ, որ սերն ու հավատը ի զորու են փրկելու դժվարությունից։ Արցախյան առաջին պատերազմից հետո նա ամուսնուց լուր չունի․ աշխատավայրից գերի են վերցրել, մինչեւ հիմա սպասում է՝ չնայած կյանքի մայրամուտին։

Տիկին Գալյան հանգիստ է, խաղաղ, որ դրսում չեն, տանիք կա իրենց գլխին։ Բոլորն իրենց լավ աչքով են նայում, անընդհատ ուշադրության կենտրոնում են։ Արցախ վերադարձի հետ հույսեր նա չի կապում, բայց հեկեկալով մեղադրում է իրեն՝ շեն տունը թողել, «մի խալաթով» Հայաստան է եկել։

«Էնպիսի ճանապարհ ենք անցել, որ չէի մտածում կենդանի մնալու մասին։ Բայց էսօրվա դրությամբ նստած եմ քո դիմաց, զրուցում ենք։ Դա ամենամեծ բանն է, վաղվա հույսը հենց դա է»,- լացակումած ասում է տարեց կինը։

Նարինեն, որ տան երիտասարդն է, մտածում է միայն խաղաղության մասին, որ կարողանան «հայերի մեջ» ապրել, ստիպված չլինեն ուրիշ տեղ գնալ։ Իսկ Նոր տարվա համար գոնե տոլմա, աղցան կպատրաստի, մրգեր էլ կան։ Բավական է, որ ընտանիքը սեղանի շուրջը հավաքվի։

Tatevik Tshughurian
Տաթեւիկ Ճուղուրյան

Մասնագիտությամբ լրագրող եմ։ 15-ամյա աշխատանքային գործունեությանս մեծ մասն անցել է հեռուստատեսության ոլորտում՝ Ալավերդու «Անկյուն+3» հեռուստաընկերությունում։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Ֆրանսիան դատապարտել է բռնությունները հայ համայնքի դեմ
հաջորդը
Որոշ թանգարաններ բաց կլինեն

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Դեկտեմբերի 2023
ԵԵՉՀՈւՇԿ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
« Նյմ   Հնվ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն