Անցյալ տարի այս օրերին ԼՂՀ նախկին նախագահներից մեկին ասացի, որ Հակարոն դառնալու է Բադիմահու՝ չհասկացավ:
Ստիպված էի պատմել Վանից ռուսների նահանջի, Վասպուրականի հայության բռնագաղթի մասին: Վանի մասին նրա իմացածն այն էր, որ թուրքերը չեն կարողացել քաղաքը գրավել, որովհետեւ Արամ Մանուկյանը հզոր ինքնապաշտպանություն է կազմակերպել, իսկ թե ռուսների նահանջից հետո ինչու է Վանը շրջակայքով հայաթափվել՝ այս հարցն առհասարակ միջին-վիճակագրական հային չի հուզել, չի հուզում անգամ այսօր:
Մեզ համար իրականությունը երկու գույն ունի, կամ սեւ է, կամ՝ սպիտակ: Պատմագիտությունն այդպես էլ հիմնավոր բացատրություն չունի, թե Մեծ Բրիտանիան, որ Մուդրոսի զինադադարից հետո փաստացի կառավարում էր Կովկասը, 1919-ի տարեվերջին ինչու հանկարծ որոշեց հեռանալ:
Ընդ որում, այսպես կոչված հավաքական Արեւմուտքը դադարեցրեց Ռուսաստանի հարավում իշխող գեներալ Դենիկինին աջակցությունը, սկսվեց նրա բանակի էվակուացիան, եւ երեք-չորս ամիս անց բոլշեւիկյան զորքերն առանց որեւէ դիմադրության մտան Բաքու, հռչակեցին խորհրդային իշխանություն:
Ի՞նչ անհրաժեշտություն կար, որ 1920 թվականի մայիսի 5-ին Ալեքսանդր Խատիսյանի կառավարությունը, որ ֆորմալ առումով բազմակուսակցական էր, հրաժարական տա, եւ իշխանությունն ամբողջովին անցնի ՀՅԴ-ին, կազմավորվի Բյուրո-կաբինետ:
Նմա՞ն է 2018-ի «թավշյա, ոչ բռնի հեղափոխությանը»:
Եթե՝ ոչ, ուրեմն համեմատության ոչ մի եզր չկա 1920-ի եւ 2020-ի՝ Կարսի եւ Շուշիի անկման միջեւ: Պարզապես մեկդարյա շրջափուլով իրադարձություններն առերեւույթ համընկնո՞ւմ են:
Իսկ եթե այդպես է, խորքային նույնություն չկա, ինչո՞ւ են որոշակի ուժեր, խմբեր, խմբակներ եւ անհատներ պնդում, թե Նիկոլի չհեռացվելը հանգեցնելու է տարածքային եւ ինքնիշխանության կորուստների:
Միայն այս նարատիվը վկայում է, որ 1920-ի եւ 2018-ի մայիսյան իշխանափոխությունը քաղաքական իմաստով նույնական է:
Ի վերջո, պատահական չէ, որ Ռուսաստանի նախագահն Ուկրաինայի հարցով Արեւմուտքի հետ դիմակայությունը համեմատում է բոլշեւիկյան Ռուսաստանում քաղաքացիական պատերազմի հետ:
Պատերազմի «հիմնավոր պատճառաբանություն» միշտ կարելի է գտնել, գտնվում է, բայց եթե 1919-20 թվականներին բոլշեւիկյան Ռուսաստանին հաջողվել է Մեծ Բրիտանիայի հետ համաձայնության գալ եւ վերադառնալ Կովկաս, ապա ի՞նչն է խանգարում, որ նույնը լինի ռուս-ուկրաինական պատերազմի մի փուլում:
Այսօր չէ, վաղը:
Հակարոն, ցավոք, Բանդիմահու դարձավ: Մեկդարյա վաղեմության բոլոր սցենարները Հայաստանում խաղարկվել են՝ բացի փետրվարյան ապստամբությունից: Պետք է ամեն ինչ անել, որ վերջին արարը չխաղարկվի:
Պատմաբան, լրագրող, հրապարակախոս, քաղաքական գործիչ։ Հայաստանի Գերագույն խորհրդի (1990-1995) Արցախից ընտրված պատգամավոր, 2000-2015 թվականներին Արցախի Ազգային ժողովի երեք գումարումների պատգամավոր։ «Խոջալու․ հանցագործության անատոմիա», «Երկրի ժամանակը», «Հոգեւոր Հայաստանը եւ արդիականությունը» եւ «Աստծո հաջորդ օրը» գրքերի հեղինակն է։