Ոչ մի թիզ հող թշնամուն տեսակետը մեզանում խիստ տարածված երեւույթ է եղել ու այդպիսին շարունակում է մնալ։
Մենք, ըստ էության, այս մտածողության զոհերն ենք։ Այն այնքան է արմատավորվել, որ պատերազմն ու պարտությունը, նույնիսկ Արցախի կորուստը առիթ չհանդիսացան, որ վերանայվի, լրջորեն գնահատվի ու դատապարտվի։
Տարիներ շարունակ ոչ մի թիզ թշնամուն կարգախոսով առաջնորդվող կուսակցություններն ու հրապարակային դեմքերը հենց այդ հանրային պահանջն են սպասարկել, այդ պահանջի շնորհիվ են ապրել ու ամրապնդվել։ Նման մտայնությունը չլիներ համատարած՝ չէին լինի այդ կուսակցություններն ու այդ դեմքերը։ Լինելու դեպքում էլ՝ կլինեին սակավաթիվ ու որոշիչ դերակատարում չէին ունենա։
«Ոչ մի թիզ»-ականությունը, որ սկսեց ձեւավորվել Արցախի հարցի դիվանագիտական լուծման առաջին քայլերին զուգահեռ՝ սկզբում համատարած չէր։ Բայց հետո՝ 1990-ականների կեսերից, երբ հարցի փոխզիջումային լուծման առաջարկներն սկսեցին առարկայանալ ու դարձան քաղաքական շահարկումների ու խարդավանքների գլխավոր թեմա, համատարած բնույթ ստացավ։
Այն իր ողջ սրությամբ դրսեւորվեց 1997-ի աշնանը, երբ Լեւոն Տեր-Պետրոսյանը փոխզիջումներով Արցախի խնդիրը լուծելու առաջարկն էր ներկայացնում։ Քաղաքական կուսակցություններն ու գործիչներն՝ իրենց թիկունքում հանրության ծանրակշիռ աջակցությունն ունենալով՝ միահամուռ էին՝ ոչ մի զիջում։ Պետք է պահել այն, ինչ գրավել ենք։ Մերն է Արցախը, մերն են շրջակա շրջանները։ Մենք մեր պատմական հողերն ենք ազատագրել, պատմական արդարությունն ենք վերականգնել ու դեռ վերականգնելու ենք։
Վազգեն Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը չէին հաջողի, եթե մեր երկրում ոչինչ չզիջելու տիրող տրամադրությունը չլիներ։ Մատների վրա կարելի է հաշվել գործիչների, որոնք հրապարակավ պաշտպանել են Տեր-Պետրոսյանի առաջարկը կամ իրենք են հաշտության եզրեր փնտրելու սեփական առաջարկներով հանդես եկել։
Երբ Տեր-Պետրոսյանը հայտարարեց, թե ստիպված է հեռանալ՝ երկրում՝ չասենք 50 000, 5 000 էլ չասենք, 500 մարդ չգտնվեց, որ դուրս գար հրապարակ ու ասեր՝ Նախագահը տրամաբանական առաջարկ է անում, պետք է ընդունել։ Մերժումը համատարած էր։ Առանց կանգ առնելու ու առանց խորանալու, թե ինչ են անում՝ Տեր-Պետրոսյանին ու նրա փոքրաթիվ կողմնակիցներին պարտվողականներ հայտարարեցին, դարձրեցին իրենց հայհոյանքների ու քննադատությունների անփոփոխ թիրախ ու վազեցին ականջ շոյող խոստումների հետեւից։
1998-ից հետո ձեւավորված իշխանություններն իրենց լինելը 1990-ականների իշխանություններին հակադրվելով էին արդարացնում։ Քանի որ 1990-ականների իշխանությունները հաշտության ու փոխզիջումներով խնդիրը լուծելու տարբերակի կողմնակիցներ էին, սրանք իշխանական քարոզչության ու հակաքարոզչության կարեւոր գործիք ու իշխանության դիրքերի ամրապնդման գլխավոր միջոց դարձրեցին «ոչ մի թիզ»-ականությունը։ Ինչն էլ նպաստեց, որ 2000-ականներին այն էլ ավելի արմատավորվի։ Արցախի խնդիրն արդեն ձեւախեղվել եւ իշխանությունը պահելու, իշխանության շարունակականությունն ապահովելու միջոց էր դարձել։
Ներքին խնդիրները, ժողովրդավարության պակասը, քաղաքական հետապնդումներն Արցախի հարցով էին բացատրում-արդարացնում։ Արցախի համեմատ դրանք, իբր, երկրորդական են։ Իշխանություններին, իբր, պետք է հանգիստ թողնել, շատ չքննադատել։ Նրանք մեր գլխավոր խնդրի լուծմամբ են զբաղված, որն, իհարկե, լինելու է հաղթական ու առանց զիջումների։
Իշխանությունները չէին մանրամասնում, թե ինչպես էին չզիջելու, ինչպես էին պահելու, հանրությունն էլ չէր խորանում։ Այսպես ապրելը հեշտ էր ու հաճելի։ Այդպես էլ 20 տարի՝ մինչեւ 2020-ի նոյեմբեր, ապրեցին։
Քսան տարի անընդհատ՝ առանց հասկանալու, որ հակամարտությունների լուծման լավագույն տարբերակը փոխզիջումններն են, առանց գիտակցելու, որ հարեւանի հետ հաշտությունը շատ ավելի կարեւոր է, քան քաղաքական ամբիցիաները, առանց հասկանալու/վախենալու, որ գալու է օրը, որ շրջափակված եւ անընդհատ թուլացող Հայաստանը բախվելու է պատերազմին ու պարտությանը, բոլոր նախազգուշացումներն անտեսելով, նախազգուշացնող խոսք ասողներին արհամարհելով, պարտվողական ու դավաճան անվանելով, ապրեցին մի ամբողջ քսան տարի, որ հետո մոլորված կանգնեն պարտության փաստի առաջ ու չիմանան, թե ինչ են անելու։
Այս ջախջախիչ պարտությունը, որ կրեց Հայաստանը, այս արհավիրքը, որ պատել է Հայաստանին, Արցախի հայաթափումը, Արցախի կորուստը, մեր երկրի խոցված սահմանները, սպանված ու սպանվող զինվորները, չընդհատվող նահանջները, իհարկե, բոլորին էլ ցավ են պատճառում։
Ահա այդ «բոլորը», որ ծնկել են ցավից, որ ցավի, կորուստների, շարունակվող ու չդադարող պարտությունների ու նահանջների ծանրության տակ կքել են՝ ամեն անգամ գլուխները վեր բարձրացնելիս ու շուրջ բոլորը նայելիս մեղավորներ են փնտրում։ Փնտրում, առանց դժվարության գտնում ու մատնացույց են անում։ Յուրաքանչյուրը գտնում է իր մեղավորին։
Սրան-նրան մատնացույց անելուց առաջ ոչ ոք, բայց, չի մտածում՝ իսկ կա՞ արդյոք այս պատմության մեջ իր մեղքը։ Չէ՞ որ ինքը նույնպես դեպքերի ընթացքի վրա ազդող է եղել։ Ինքն էլ է եղել անզիջում դիրքորոշման մթնոլորտի կերտողներից մեկը։ Ինքն էլ է մերժել փոխզիջումներով ու փոխհամաձայնություններով հարցը լուծելու տարբերակը։ Չէ որ ինքն ու իր նմաններն են ձեւավորել այն դաշտը, որտեղ իրենց պատվավոր տեղն ունեին ոչ մի թիզ թշնամուն տեսակետի կողմնակից գործիչները, կուսակցությունները, որտեղ ծաղկում էին սնապարծությունը, ինքնախաբեությունը, քարանձավային հայրենասիրությունը։
Այո,՛ սիրելի վարորդներ ու վարորդուհիներ, հաշվապահներ ու հաշվապահուհիներ, հրապարակային գործիչներ ու գործիչուհիներ, վերլուծաբաններ ու վերլուծաբանուհիներ, լրագրողներ ու լրագրողուհիներ, իրավապաշտպաններ ու իրավապաշտպանուհիներ, ֆեյսբուքյան կտրիճներ ու կտրիճուհիներ, քաղաքագետներ ու քաղաքագետուհիներ, եւ վերջապես, ինչպես կասեր դասականը՝ լորդեր եւ լորդուհիներ, դուք բոլորդ, որ հայրենասիրության մրցույթում էիք ձեզ երեւակայում, որ խելագարվում էիք Արցախի սիրուց, որ ասում էիք, թե առանց Արցախ չկա Հայաստան, բայց հանուն Արցախի փրկության ու պահպանման ոչինչ զիջել չէիք ցանկանում, դո՛ւք մեղավոր եք։
Ձե՛ր մեղքով է, որ ունենք այն, ինչ ունենք այսօր։ Ձե՛ր մեղքով է, որ կա այս հոգեմաշ պարտությունը: Դո՛ւք եք այն նախապատրաստել։ Դո՛ւք էիք պատերազմ փնտրում։ Դուք պատերազմի կուսակցությունն եք։ Ձեր հավաքականությունն է կերտել այն մթնոլորտը, որտեղ փոխզիջումներով խնդիրը լուծելը դառնում էր անհնարին։
Այս ցավը, որից դուք էլ ուշքի չեք գալիս, ձե՛ր պատճառով է, որ կա։
Ձե՛ր պատճառով է, որ 1998-ից մինչեւ 2020-ի աշուն մենք դեպի պատերազմ ենք քայլել։ Հակամարտության լուծման ուղղությամբ ոչ մի քայլ չենք արել։ Եղել ենք անխոհեմ ու հանդուգն։ Հակառակորդին չենք հարգել։ Հաշտության եզրեր չենք որոնել։ Փոխհամաձայնության, բարիդրացիության, խաղաղության կողմնակիցները մեր պառլամենտում, մեր քաղաքական դաշտում տեղ չեն ունեցել, մերժվել ու լուսանցք են մղվել։ Իսկ մերժել եք դո՛ւք, ձե՛ր հավաքականությունն է մերժել։
Սերժ Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանն ու սրանց մի խումբ համախոհներ, որ 1998-ին Արցախի խնդիրը շահարկելով իշխանություն խլեցին, երբեք ու ոչ մի պարագայում իրենց մեղքը չեն ընդունի, չեն ասի, թե իրենք են պահը կորցրել, թե իրենց իշխանատենչության ու կարճամտության արդյունքում է, որ այսօր այս վիճակում ենք։ Թե իրենց մեղքն է, որ չկա արդեն Արցախը։ Հակառակը՝ նրանք կասեն ու ասում են՝ խոստացել ու պահել ենք: Կասեն՝ քանի մենք էինք՝ Արցախը կար։ Եւ հոգ չէ, որ տալու եզրագծին հենց իրենք են հասցրել: Չեն ասի, որովհետեւ դուք կաք։ Դուք շարունակում եք ապահովել ոչմիթիզականության թիկունքը։
Վաղն էլ, որ ընտրություններ լինեն՝ դուք գնալու, քվեարկելու եք ձեզ ականջահաճո սուտ ասողների օգտին։ Ինքներդ եք կրկնելու ականջահաճո այդ սուտը, ինքներդ եք պահանջելու, որ հնչի այդ սուտը։ Ցավեցնող ճշմարտությունը դուք մերժելու եք, որ հետո նոր պարտության փաստից խելագարվեք։
Դո՛ւք, սիրելի վարորդներ ու վարորդուհիներ, հաշվապահնր ու հաշվապահուհիներ, հրապարակային գործիչներ ու գործիչուհիներ, վերլուծաբաններ ու վերլուծաբանուհիներ, լրագրողներ ու լրագրողուհիներ, իրավապաշտպաններ ու իրավապաշտպանուհիներ, ֆեյսբուքյան կտրիճներ ու կտրիճուհիներ, քաղաքագետներ ու քաղաքագետուհիներ եւ վերջապես՝ լորդեր եւ լորդուհիներ, դուք, որ շատ եք, բազմադեմ եք ու բազմակարծիք, որ կարող եք սիրել իրար կամ չսիրել իրար, որ կարող եք լինել անծանոթներ կամ լինել ծանոթներ, կարող եք լինել նույն կուսակցությունից կամ չլինել կուսակցական, երբ պարտության ու նվաստացման ցավից կծկված մի պահ գլուխներդ վեր եք բարձրացնում՝ հեռվում մեղավորներ մի փնտրեք։ Ձեր շուրջը նայեք, նայեք ձեր մեջ ու մոտակա հայելուն: Եթե ինքներդ ձեզ հետ լինեք հաշտ ու ազնիվ, ապա կտեսնեք, եթե դուք այսպիսին չլինեիք՝ չէին լինի սուտ խոստումներով, ամբարտավան խոսքով մեզ այստեղ առաջնորդած անպատասխանատուները եւ չէր լինի մեր տխուր այսօրը։
Իրավապաշտպան, հասարակական գործիչ` խորհրդային այլախոհի տպավորիչ կենսագրությամբ։ 2004-ին ստեղծել է «Իրավունքի եւ ազատության կենտրոնը», որի հիմնադիր ղեկավարն է։ Հրապարակել է հայ այլախոհության պատմությունը ներկայացնող երկու գիրք՝ «Այլախոհությունը խորհրդային Հայաստանում» եւ «Քաղբանտարկյալի պատմություն»։