Վերջերս Թաիլանդի Սահմանադրական դատարանը՝ էթիկական նորմերը խախտելու պատճառաբանությամբ պաշտոնից հեռացրեց երկրի վարչապետին։ Առիթը 16 տարի առաջ դատավորին կաշառելու փորձ կատարած մեկին նախարար նշանակելն էր։
Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը կորոնովիրուսային սահմանափակումների ժամանակ մտերիմների հետ հավաքույթի էր մասնակցել, ինչ համար էլ 2022-ին հրաժեշտ տվեց պաշտոնին։
Նախընտրական պայքարի ընթացքում անազնիվ միջոցներ կիրառելու պատճառով 1974-ին հրաժարական ներկայացրեց ԱՄՆ նախագահ Ռիչարդ Նիքսոնը։
Երկրներում, որտեղ օրենքն է գերակա, բարձրաստիճան պաշտոնյաներն ու առաջին դեմքերը խոցելի են։ Չնչին թվացող պատճառներով կարող են զրկվել պաշտոնից կամ մեղադրյալի կարգավիճակում հայտնվել։
Առաջին հայացքից է, բայց, թվում, թե պատճառները չնչին են։ Նպատակն, իրականում, օրենքի եւ ընդունված բարոյական նորմերի վերահաստատումն է։ Այս համատեքստում չնչին պատճառ լինել չի կարող։ Չպետք է պաշտոնավարելու իրավունք ունենա մեկն, ով օրենք է խախտում կամ թույլ է տալիս, որ օրենք խախտվի, ով խախտում է ընդունված բարոյական նորմերը։
Եթե հեռուներից մեր երկիր տեղափոխվենք, ապա կտեսնենք, որ այս կարգի չափորոշիչներ չկան ընդհանրապես։ Փաշինյանն, օրինակ, մինչեւ 2020-ի պատերազմ ու պարտություն, ապա պարտությունից հետո՝ մինչեւ մեր օրեր, այնքան ճակատագրական սխալներ է թույլ տվել, այնպիսի անհաջողություններ ու տապալումներ է գրանցել (բարոյական նորմերի մասին խոսելն է անգամ ավելորդ), որ նման չափորոշիչների առկայության պարագայում հազար անգամ պետք է հրաժարական ներկայացրած լիներ։ Բայց չի ներկայացնում, որովհետեւ չկան այդ չափորոշիչները։
Նա պաշտոնավարում է ու շարունակելու է պաշտոնավարել։ Շարունակելու է, որովհետեւ կանոնները, որ գործում են մեր երկրում տալիս է նման հնարավորություն։ Վարչապետը մեզանում վեր է օրենքից։ Նա հաշվետու չէ։ Նրա սխալների պատճառով կարող են անվերականգնելի կորուստներ արձանագրվել, հազարներ կարող են զոհվել, պատերազմ ու պարտություն կարող է լինել, բայց նա կշարունակի մնալ իր պաշտոնում, ասպարեզից չի հեռանա, ավելին՝ վերընտրվելու հայտ կներկայացնի ու կվերընտրվի։ Վերընտրումն էլ կհամարի հին սխալների մոռացում ու նոր սխալներ գործելու իրավունք։
Այս պատճառով էլ նա, երբ նոր Սահմանադրության տեքստ գրել կտա, կառավարման խորհրդարանական համակարգը չի փոխի։ Չի վերադառնա կիսանախագահական համակարգին, որովհետեւ գործող տարբերակը նրան կրկին ու կրկին վերընտրվելու շատ ավելի հեշտ հնարավորություն է տալիս։
Նա իրեն օրենքից վեր է տեսնում ու պայմաններ է ստեղծում, որ այլոք էլ իրեն այդպես դիտարկեն ոչ թե այն պատճառով, որ նա դիկտատոր է, կամ դիկտատոր ու միապետ դառնալ է ցանկանում, այլ այն պատճառով, որ նա իշխանավարումն այլ կերպ չի պատկերացնում։
Նրա պատկերացումներում բարձրագույն իշխանավորը հենց այդպիսին պետք է լինի։ Այլ տարբերակ նա չգիտի։ Անծանոթ են նրան Թաիլանդի կամ Մեծ Բրիտանիայի օրինակները։ Նրան Հայաստանում իրենից առաջ եղած իշխանավորներն են ծանոթ։ Նրանց օրինակով է նա դաստիարակվել։ Նրանց աշակերտն է ու նրանց է նմանակում։
Ռոբերտ Քոչարյանը եւ Սերժ Սարգսյանը հենց այսպիսին էին։ Մեկի հրահանգով կարող էր սրճարանում մարդ սպանվել, փողոցում կարող էին ցուցադրական բռնության ենթարկվել ընդդիմադիր քաղաքական գործիչներն ու լրագրողները, բայց նա կմնար ու կպաշտոնավարեր, մյուսը կարող էր ամրապնդել երկրում կոռուպցիոն համակարգը, միասին կարող էին մարտի մեկ կազմակերպել, խաղաղ ցուցարարների վրա կրակել, քաղաքական բռնություններ իրականացնել ու ոչ միայն շարունակել պաշտոնավարել, այլ նաեւ սրտնեղել, որ անշնորհակալ քաղաքացիներն իրենց տիտանական աշխատանքը չեն գնահատում։ Նրանք այնպիսի հարմար համակարգ էին կառուցել, որտեղ իրենցից հաշիվ պահանջելը բարդ էր շատ, բայց իրենք կարող էին հաշիվ պահանջել ցանկացածից։
Այժմ էլ Փաշինյանն է իրեն հարմար պետությունը կառուցում եւ այն անվանում է նոր, նախկինից բոլորովին տարբեր։ Իրականում, բայց, նախկինի շարունակությունն է՝ փաշինյանական գունավորմամբ։ Գունավորումն էլ պետության մասին նրա պարզունակ պատկերացումն է, որ ինքն էլ բանաձեւել է՝ Հայաստանն իմ օջախն է, ժողովուրդն՝ իմ ընտանիքն է։
Նրա առաջարկած պետությունն օջախապետությունն է, որտեղ վերից վար իր հավատարիմներն են։ Որտեղ հլու են բոլորն ու անխոս։ Որտեղ չկան վեճ ու քննարկում։ Որը պետություն չէ բոլորովին, որն օջախ է, որտեղ բոլորից վեր ու օրենքից դուրս ինքն է՝ օջախապետը։ Որտեղ իր սխալների հետեւանքները երկրի վրա են ծանրանում, բայց ոչ երբեք իր ուսերին։ Որտեղ Թաիլանդի, ԱՄՆ, Մեծ Բրիտանիայի տարբերակները գործել չեն կարող։ Որտեղ ինչ էլ լինի, ինչ մեղադրանքներ էլ իր հասցեին հնչեն, ինչ հիմնավորումներ ու փաստարկներ էլ բերվեն, ինչ հետեւանքների էլ հանգեցնեն իր քայլերը՝ հրաժարական տալու ու հեռանալու սպառնալիքի տակ ինքը չի հայտնվելու։
Օջախապետությունը նման մեխանիզմ չի նախատեսում։
Իրավապաշտպան, հասարակական գործիչ` խորհրդային այլախոհի տպավորիչ կենսագրությամբ։ 2004-ին ստեղծել է «Իրավունքի եւ ազատության կենտրոնը», որի հիմնադիր ղեկավարն է։ Հրապարակել է հայ այլախոհության պատմությունը ներկայացնող երկու գիրք՝ «Այլախոհությունը խորհրդային Հայաստանում» եւ «Քաղբանտարկյալի պատմություն»։