Գյումրու քաղաքային իշխանության գլխին սեւ ամպեր են կուտակվել: Ամեն ինչ սկսվեց օրեր առաջ, երբ հոկտեմբերի 11-ի լույս 12-ի գիշերը «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալվեց Գյումրու նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի որդին՝ Խաչատուր Բալասանյանը, որը մեկնում էր ԱՄՆ՝ մասնակցելու հոր ծննդյան 70-ամյակին: Նախկին քաղաքապետը Միացյալ Նահանգներում է բուժման նպատակով:
Ձերբակալման պատճառը «հին» էր, մեկ անգամ արդեն ՀՀ քննչական կոմիտեի կողմից բացված-փակված գործի շրջանակում. Բալասանյաններն իրենց պաշտոնավարման տարիներին սեփականաշնորհել են Գյումրու «Սեւ բերդ» ամրոցի շրջակա հողամասը:
Ըստ քրեական վարույթի՝ մեղադրանքի հիմք է եղել այն, որ Բալասանյան ընտանիքը Ղարսի խճուղի 2/8 հասցեում գտնվող հատուկ պահպանվող, պատմական եւ մշակութային արժեքների՝ քաղաքացիներին եւ իրավաբանական անձանց սեփականության իրավունքով չփոխանցվող 1 հեկտար հողամասը օրինական գործունեության շղարշի ներքո 2016 թվականի դեկտեմբերին ձեւական առք ու վաճառքի պայմանագիր կնքելու միջոցով յուրացրել են:
Խաչատուր Բալասանյանին 72 ժամ անց հակակոռուպցիոն կոմիտեից 70 միլիոն դրամ գրավի դիմաց բաց են թողել, տնային կալանքի ենթարկել։
Գործն այսքանով չի սահմանափակվել, ժամեր անց հերթը հասել է Գյումրու նախկին ու ներկա փոխքաղաքապետներին՝ Ռուբեն Սանոյանին, որը Սամվել Բալասանյանի քրոջ ամուսինն է, եւ Սուրեն Ջանոյանին: Նրանք եւս գրավի դիմաց ազատ են արձակվել:
Այս ընթացքում, երբ փոխքաղաքապետներից մեկը՝ Սուրեն Ջանոյանը, տնային կալանքի տակ է, մյուսը՝ Լուսինե Սանոյանը՝ Սամվել Բալասանյանի քրոջ դուստրը, ԱՄՆ-ում է, հայտնի դարձավ, որ Գյումրու քաղաքապետ Վարդգես Սամսոնյանն էլ որոշել է քաղաքապետարան չգալ, աշխատելու է հեռավար: Որպես պատճառ նշվում է, որ Սամսոնյանն առողջության խնդիրներ ունի, բժիշկների հսկողության տակ է:
Ստացվում է քաղաքը կառավարվում է առանց քաղաքապետի եւ տեղակալների, ասել է թե՝ չի կառավարվում:
Ժամեր առաջ էլ նոր լուր տարածվեց Գյումրիում. նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանին ձերբակալելու որոշում է կայացվել:
Ըստ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ ՔԳՎ ընդհանուր բնույթի եւ ընտրական հանցագործությունների քննության վարչության՝ Սամվել Բալասանյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել «Սեւ բերդ» պատմամշակութային ամրոցի՝ պետական սեփականություն հանդիսացող, սեփականաշնորհման ոչ ենթակա հարակից հողերը օտարելու մեղադրանքով։
Կձերբակալվի բուժման նպատակով ԱՄՆ-ում գտնվող նախկին քաղաքապետը, թե ոչ՝ դեռ հայտնի չէ, բայց որ քաղաքում այս խառը գործընթացից «իշխանափոխության հոտ է գալիս», ակնհայտ է:
Հիշեցնենք, որ 2021 թվականին ՏԻՄ ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիրը» չկարողացավ Գյումրիում քաղաքային իշխանությունը վերցնել: ՔՊ-ն երեքմանդատով զիջեց «Բալասանյան դաշինքին», ինչին հաջորդեց համաձայնագրի կնքումը վերը նշված երկու քաղաքական ուժերի միջեւ: Ըստ պայմանագրի՝ կողմերը պարտավորվում էին կադրային քաղաքականությունն իրականացնել փոխհամաձայնեցված՝ ստանձնելով համատեղ պատասխանատվություն քաղաքի կառավարման համար։
Ինչպես եւ կանխատեսելի էր, համաձայնագիրը երկար կյանք չունեցավ, ՔՊ-ի եւ «Բալասանյան դաշինքի» ջրերը մեկ առվով չհոսեցին: Ի վերջո քաղաքի ղեկավարումը՝ կրկին միանձնյա, բալասանյանականներին հանձնվեց:
Թե դեռ որքան է շարունակվելու «բռնել-թողնելու» գործընթացը, որքան է քաղաքը թողնվելու ինքնահոսի՝ առանց կառավարման, հայտնի չէ:
Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։