• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
Քաղաքականություն

Մերիտոկրատիայից ստամոքսոկրատիա

Գոռ Մադոյան 19:58 | 30.10.2024
Գոռ Մադոյան 19:58 | 30.10.2024
Մեջբերում Գոռ Մադոյանից

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը օրերս ԱԺ-ում էր, առիթը` 2025 թվականի բյուջեի քննարկումը։ Փաշինյանը վերջին շրջանում իրեն հարիր մանկավարժական ոճով ու դաստիարակչական տոնով, հատուկ պրիմիտիվ բառապաշարով նկարագրում էր իր պատկերացումները պետության, համընդհանուր բարեկեցության, քաղաքացիների հարկային պարտականությունների մասին։ Բյուջեի քննարկումը առիթ էր կիսվելու փաշինյանական «խորհրդածություններով»՝ «Պետությունը հաց վաստակելու գործիք» կարգախոսով։ Ազգ-օջախից հետո սա կարելի է նույնիսկ դեգրադացիա ու մասշտաբների անկում համարել։

Մյուս կողմից՝ բազմակի կրկնություններն ու պարզունակ բառապաշարը հուշում էին, որ Փաշինյանն այլեւս տարբերություն չի տեսնում գյուղամիջյան զրույցների, տիկտոկ ռիլզերի, նորաթուխ երիտքպականների համար դասախոսության ու ԱԺ պատգամավորների առջեւ հաշվետվության միջեւ։ Տարբերություն չի տեսնում, որովհետեւ իր ելույթների հասցեատերը միայն ու վաղուց իր ընտրազանգվածն է։ Ընտրազանգվածի կրթական ցենզն էլ այնքան ցածր է գնահատվում (հավանաբար իրավացիորեն), որ օգտագործվում է առտնին, կենցաղային ու դպրոցական ցածր դասարաններին հարիր շարադրության բառապաշար։ Սա ամենեւին ոչ թե տողերիս հեղինակի սնոբիզմի, այլ պետական ինստիտուտի եւ իշխանության ներկայացուցչի բառապաշարի պարզամտության ու գեղջկականության արձանագրումն է։

Ժամանակակից ազգ-պետությունները ստեղծվել են մեծ գաղափարների ու նպատակների շուրջ, ինչպիսին է ինքնիշխանության ու անկախության, սեփական ապագան որոշելու իրավունքը։ Նույնիսկ Հին Եգիպտոսում ու Միջագետքում համաշխարհային պատմությանը հայտնի առաջին պետական կազմավորումները ձեւավորվում էին նախեւառաջ պաշտպանության, սեփական քաղաքական անկախության, ապա նաեւ նվաճումների կամ մեծ շինարարական պրոյեկտների շուրջ։ Փաշինյանի առաջարկած մեծ նպատակը անոթի չքնելն է, պետության գոյության գերխնդիրը՝ հացի կայուն մատակարարումները։ Հին Հռոմում էին կայսրերը կառավարում ամբոխը՝ Եգիպտոսից կայուն հաց բերելով ու անվճար բաժանելով եւ չմոռանալով հասարակական ներկայացումների ու զվարճանքի մասին։ Հաց եւ տեսարանների նոր էջ է բացել նոր Հայաստանի իշխանությունը։

Բայց պետությունը հաց վաստակելու ո՛չ միջոց է, ո՛չ նպատակ, այլ, նախեւառաջ, ազգի պաշտպանությունն ու անվտանգությունը ապահովող միջավայր։ Հետո արդեն՝ կառավարման մոդելի ընտրություն, որն ավելի հարմար կլինի նշածս նպատակների իրականացման համար։ Պետությունները ստեղծվել են սեփական ներկան, անցյալն ու ապագան տնօրինելու, ոչ թե հացի, կացի ու փառատոների անհագուրդ հեդոնիզմի ու որկրամոլության համար։ Սրանք ոչ թե նպատակ են կամ հոմանիշ, այլ պետության ինստիտուտի հետեւանք։ Սակայն երկրում, որտեղ ԳՇ պետը խոսում է բանակցություններից, իսկ ԱԳ նախարարը՝ պատերազմից, չպետք է զարմանալ, որ ոչինչ իր տեղում չէ, եւ «մի փոր հացն» ու «պետությունն էլ» քարոզվում են որպես հոմանիշներ։

Նմանապես, «մենք» ասվածն էլ հավասարների մասին չէ։ Որքան էլ Փաշինյանն իրեն ու իր թիմին փորձի նույնացնել ժողովրդի հետ՝ մեզ բյուջեի տերեր ու շահառուներ հռչակելով, փաստերն այլ բանի մասին են խոսում։ Կառավարական առանձնատների բնակիչները՝ վարչապետ Փաշինյանը, Ալեն Սիմոնյանը, երկրի նախագահը, ՍԴ նախագահը, ՊՆ նախարարն ու նրանց ընտանիքները, ապրում եմ մեր հաշվին։ Ապրում են բոլշեւիկյան լավագույն ավանդույթներով՝ հատուկ պայմաններով, հատուկ պահպանվող տարածքում, հատուկ առանձնացված գոտում՝ հատուկ սնվող ու հագնվող վերնախավի մոդելի վերապրուկները վայելելով։ ՀՀ բյուջեից նրանց հաց ու կացի, ծախսերի ու բարեկեցության համար հատկացվում է տարեկան 602 մլն դրամ, այսինքն՝ ամենակոպիտ հաշվարկով մեկ շնչին հասնում է 2.5 մլն դրամ, գումարած անձնական բժիշկ՝ կրկին մեր՝ հարկատուների հաշվին, ու այլ հարակից ծառայություններ։ Խոստովանեք, դուք ու Փաշինյանը որքան էլ մեկ ընտանիք լինեք ու նույն բյուջեն ունենաք, իրենց կյանքը անհամեմատելի է այս տողերը կարդացողի կյանքի հետ։ Մարդիկ, պաշտոնյաներն ու նրանց ընտանիքի անդամները, որոնք աշխատում ու աշխատավարձ են ստանում, մեզ՝ հարկատուներիցս, ամիսը հավելյալ 2.5 մլն դրամ են վերցնում իրենց անձնական կարիքների համար։ Մյուս կողմից՝ ընդհանուր բյուջեի մասին քննարկումն այսքան ծիծաղելի չէր լինի, եթե տնօրինողն ու ծախսային ուղղությունները որոշողը մենք լինեինք։ Ավելին, եթե դուք հարկ չվճարեք, ապա ձեր հետեւից կգան, իսկ Փաշինյանի թիմակից Սերգեյ Բագրատյանն ու նրա կինը շարունակում են անօրինական ձեւով ավազի հանք տնօրինել ու հարկ չտալ, բայց դա նրանց կարծես չի խանգարում մնալու քաղաքական ընտանիքի մաս։ Ինչպես Օրուելը կասեր, բոլորը հարկատու են հավասար, բայց ոմանք ավելի հավասար։

ՀՀ բյուջեն փաստացի մեկ անձի ու նրա կամայականությունների գործիք է, նրա պոպուլիստական քաղաքականության ու անուղղակիորեն քվե գնելու հիմնական գործիքը։ Եթե վարչապետը որոշում է, որ երեխաները դպրոցներում պետք է հեծանիվ քշեն, անմիջապես տասնյակ միլիոնների գնումներ են արվում, անկախ հանգամանքից, թե դրանք առաջնայի՞ն են, կարեւո՞ր, թե՞ ոչ։ Պոպուլիզմն առանց փողի չի լինում, եւ հայրենի ընդդիմությունը եթե այդքան նեղմիտ չլիներ, վաղուց էր հասկացել, որ Փաշինյանի իշխանության հիմքը ոչ թե սոցցանցային ակտիվությունը կամ նախկինների մասին չար հեքիաթներն են, այլ նրա սոցիալական քաղաքականությունն ու բյուջեի թիրախային կիրառումը դժգոհ համայնքներում՝ հիմնականում գյուղական։ Այս դիտանկյունից Փաշինյանի խոսքերը՝ նույնացնելու պետությունն ու հացը, նույնն է, թե սպասել պետությունից հացի օգնություն. քանի իր իշխանությունը կա, հաց ու տեսարաններ (նախկինների ձերբակալություններ, փառատոներ, թիմակիցների փոխատեղում) միշտ կլինեն։

Բայց սա նաեւ հին ու բարի նեոլիբերալ «մարմաջն» է, այնքան սիրված ու խաղարկված իշխանության կողմից։ Եթե մենք ենք այդ բյուջեի տերերն ու շահառուները, հետեւապես մենք էլ պատասխանատու ենք թե՛ մեր լավ ապրելու, թե՛ ձախողումների ու վատ կյանքի համար։ Նպատակն էլ պարզ է, ունենալով իշխանություն ու պատասխանատվություն՝ անգործության, թերացումների կամ ձախողումների պատասխանատվությունը բարդել մարդկանց վրա։ Հիշենք «աղքատությունը ձեր գլխում է» արդեն թեւավոր դարձած արտահայտությունը եւ սպասենք այն պահին, երբ սոցիալական խնդիրները կրկին կվերադառնան՝ հընթացս փոխելով իշխանության լեզուն՝ մոռացության տալով թե՛ բարեկեցությունը, թե ՛ հավասարությունն ու ընտանեկան բյուջեն։

 

Gor Madoyan
Գոռ Մադոյան

Մասնագիտությումբ պատմագետ եմ։ Տարիներ ի վեր ուսումնասիրում եմ հայկական մեդիան եւ քաղաքական դաշտը։ Գրում եմ պատմության, քաղաքականության, մշակույթի, գաղափարների ու մարդկանց մասին։ Չեմ հավատում փրկիչներին։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Այստեղ ապրում են
հաջորդը
Իսրայելը «խոստանում է» պաշարել Բեյրութը. վտանգված է նաեւ տեղի հայությունը

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

  • 4

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 5

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031 
« Սպտ   Նյմ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն