• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
Մենք

Այստեղ ապրում են

Աննման Մինասյան 19:01 | 30.10.2024
Աննման Մինասյան 19:01 | 30.10.2024

Գյումրու Անտառավան 3-րդ թաղամասի թիվ 26 շենքը փլուզվում է: Քայքայված, ապրելու ոչ ենթակա բազմաբնակարանում երեխաներ են ծնվում, մեծանում:Gyumri Str. Antaravan 26

Անտառավան 26 շենքի մասին շատ է խոսվել, քննարկվել, բայց հարցին թեկուզ մասնակի լուծում երբեւէ չի տրվել: Արտակարգ իրավիճակների նախարարության սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության տնօրենի խորհրդական, սեյսմիկ պաշտպանության մասնագետ դոկտոր, պրոֆեսոր Սերգեյ Նազարեթյանն ասում է՝ 1960-ականների վերջին կառուցված շենք է, հինգհարկանի, չորս մուտքով: Այժմ պաշտոնապես երրորդ կարգի վթարայնություն ունի, պատշգամբները՝ չորրորդ: Սակայն եթե կառավարական հանձնաժողովը նոր եզրակացություն անի, ամբողջ շենքին չորրորդ կարգ կտա:Antaravan 26 Gyumri

Նախքան 1988 թվականի երկրաշարժը Անտառավան 26-ում կյանքը եռացել է, 60 բնակարաններում էլ ընտանիքներ են ապրել: Աղետից հետո շենքը մասնակի վնասվել է, բայց այս ծայրահեղ վիճակին հաստատ չի եղել. մեղավորը ոչ միայն երկրաշարժն է, այլեւ մարդկային անտարբերությունը, ղեկավարության անհետեւողականությունը:

Վթարայինի բնակիչ Իրինա Սարգսյանը 1990-ականների սկզբին այս շենք է հարս եկել, ամուսնու հայրական տունն է: 1993 թվականին սեփականաշնորհել են, բայց այն ժամանակ դեռ կառույցի վիճակն այսչափ անմխիթար չէր: «Ճիշտ է, շենքը տուժել էր երկրաշարժից, բայց կանգուն էր, քիչ վնասված: Տարեցտարի բնակիչները նոսրացան, ամեն մեկն իր հետեւից քանդեց, ավերեց ու գնաց: Շուրջ 4 տասնամյակ իշխանություն փոխվեց, եկան, խոստումներ տվեցին, գնացին, ու ոչ մեկը մեր մատից փուշ չհանեց»,- պատմում է նա: Վթարային բնակարանում այժմ ապրում է ամուսնու, որդու, դստեր եւ երկու մանկահասակ թոռների հետ, ասում է՝ Աստված են կանչում, որ շենքի փլուզման ժամանակ երեխաներն ու թոռները տանը չլինեն: Վթարված աստիճաններով տուն բարձրանալն էլ ամեն անգամ նոր փորձություն է նրանց համար:

Gyumri Str. Antaravan 26Ձմռան գալուստը շենքի տասը ընտանիքների համար աղետ է խորհրդանշում: Գազի խողովակը ուղիղ փլուզվող հատվածում է, կապույտ վառելիքով տաքանալ չեն համարձակվում: Ստիպված, ինչպես վերջին տարիներին, վառարան են դնելու. արկղեր են հավաքել, դրանով են տաքացնելու խարխուլ բնակարանները: Ջուրն էլ բոլոր բնակիչների համար ապահովում է բակի միակ ծորակը, եթե չսառչի:Gyumri Str. Antaravan 26

Իրինան ասում է՝ իրենց խնդրով ուր ասես դիմել են, ինչ դուռ ասես՝ թակել: Վերջին դիմումը մարդու իրավունքների պաշտպանին են գրել, անհույս, բայց, այնուամենայնիվ, սպասում են:

Վերջին՝ ամենաթարմ պատասխանը, որ ստացել են անթիվ-անհամար դիմումներից, 2024 թվականի սեպտեմբերին՝ ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի կողմից է եղել։ Նախարարն ասել է՝ 2023 թվականին Անտառավան 26 շենքում փաստացի բնակվող տասը ընտանիքի բնակարանային պայմանների բարելավման նպատակով կրկին մշակվել է համապատասխան իրավական ակտի նախագիծ։ Նախագիծը քննարկվել է Տարածքային զարգացման եւ շրջակա միջավայրի նախարարական կոմիտեի 2023 թվականի նոյեմբերի 21-ի նիստում։ Քննարկման արդյունքներով առաջարկվել է հարցին անդրադառնալ պետական քաղաքականության հիմնական մոտեցումները հստակեցնելուց հետո:

Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն էլ ասել է՝ ոչ միայն Անտառավան 26 շենքի, այլեւ Գյումրու այլ վթարայինների բնակիչների բնակապահովման հարցը հաճախ է քննարկվում Կառավարությունում։ Նա չի շտապել խոստում տալ, բայց ակնարկել է, որ մոտ ապագայում հարցին լուծում կտրվի:

Նշենք, որ տարբեր ժամանակներում հարցի լուծման տարբեր ճանապարհներ են նախանշվել, բայց բոլորը թղթի վրա են մնացել: Բնակիչներին բնակարանի գնման վկայագիր տալու միջոցով տանտեր դարձնելու մի քանի անհաջող փորձ եղել է, բայց շենքի ապամոնտաժման համար բնակիչների 100 տոկոսի համաձայնությունն է պետք եղել։ 60 ընտանիքներից 58-ը համաձայնությունը տվել է, իսկ երկուսին գտնել չի հաջողվել, հարցն էլ մնացել է երկու չգտնված ընտանիքների պես անհայտ ու անհասցե:

Նշենք, որ այսպիսի շենքեր կան նաեւ մարզի այլ հատվածներում։ Կիսախարխուլ բնակարաններում դեռեւս ապրում է 2221 ընտանիք։ Մարզում 1988 թվականի երկրաշարժի հետեւանքով կա 114 վթարային շենք, որից 13-ը՝ չորրորդ կարգի վթարայնության։ Վթարայիններից 92-ը Գյումրիում է, 22-ը՝ մարզի քաղաքային եւ գյուղական այլ բնակավայրերում։

Annman Minasyan
Աննման Մինասյան

Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Ռուսաստանը հաղթեց Վրաստանում․ Զելենսկի
հաջորդը
Մերիտոկրատիայից ստամոքսոկրատիա

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031 
« Սպտ   Նյմ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն