Հայաստանը երեխաների ճարպակալման եւ ավելորդ քաշի առկայության տեմպերով չի զիջում եվրոպական երկրներին։ Յուրաքանչյուր չորս տարին մեկ «Արաբկիր» ԲԿ–ն Առողջապահության համաշխարհային կազմակերպության եւ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ համատեղ իրականացնում է հետազոտություն «Դպրոցահասակ երեխաների առողջության վարքագիծ» թեմայով։ Նույն հետազոտությունը կատարվում է 51 երկրներում (մեր երկրում վերջին հետազոտությանը մասնակցել է 4300-ից ավելի 11, 13, 15, 17 տարեկան երեխա): Երեխաների շրջանում քաղցրավենիք օգտագործելու ցուցանիշով Հայաստանը առաջատարներից է։
«Արաբկիր» բժշկական համալիրի երեխաների եւ դեռահասների առողջության ինստիտուտի մանկաբույժ Մարինա Մելքումովան վստահեցնում է՝ հետազոտությունները ցույց են տվել, որ 15 տարեկան աղջիկների 64%–ը եւ տղաների 56%–ը օրը մի քանի անգամ ուտում են քաղցրավենիք եւ խմում քաղցր, գազավորված ըմպելիք։ Դա հանգեցնում է ավելորդ քաշի եւ ճարպակալման։
7-8 տարեկան երեխաների շրջանում ավելցուկային քաշ ունի տղաների 30%–ը, աղջիկների 25%–ը։ Այս ցուցանիշերը մտահոգիչ են։ Ըստ մանկաբույժի՝ ճարպակալում ունեցող երեխաների ծնողների ընդամենը 10%–ն է գիտակցում, որ երեխան ունի ավելորդ քաշ, եւ դա առողջության խնդիր է։ Մարինա Մելքումովան նշում է՝ ցավոք, բազմաթիվ ծնողներ կարծում են՝ եթե երեխան ունի ավելորդ քաշ, ուրեմն իրենք երեխային լավ են պահում, խնամում։ Մինչդեռ հարկավոր է գիտակցել՝ ավելորդ քաշի ու ճարպակալման հետեւանքով կարող են առաջանալ շաքարային դիաբետ, հիպերտենզիա, սրտանոթային հիվանդություններ, հոգեբանական խնդիրներ։
Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալների համաձայն՝ ավելցուկային քաշը եւ ճարպակալումը ոչ վարակիչ հիվանդություններ են (ընդ որում՝ ճարպակալումը ծանր քրոնիկ հիվանդություն է): Դրանք սրտանոթային հիվանդությունների, շաքարային դիաբետի, քաղցկեղ զարգացման ռիսկի գործոն են։
ԱՀԿ-ի 2022 թվականին անցկացված հետազոտությունների տվյալները վկայում են՝ աշխարհում յուրաքանչյուր 8-րդ մարդ ճարպակալում ունի։
1990 թվականից ի վեր մեծահասակների շրջանում ճարպակալում ունեցողների թիվն աճել է ավելի քան երկու անգամ, իսկ դեռահասների շրջանում քառապատկվել է:
2022 թվականին 2,5 միլիարդ չափահաս (18 տարեկան եւ բարձր) ունեցել է ավելորդ քաշ: Նրանցից 890 միլիոնն ունեցել է ճարպակալում: 18 տարեկան եւ բարձր տարիքի մեծահասակների 43%-ն ունեցել է ավելորդ քաշ, իսկ 16%-ը՝ ճարպակալում: Մինչեւ հինգ տարեկան 37 միլիոն երեխա ունեցել է ավելորդ քաշ։
5-19 տարեկան ավելի քան 390 միլիոն երեխա եւ դեռահաս ունեցել են ավելորդ քաշ։ Նրանցից 160 միլիոնը ճարպակալում է ունեցել։
ԵՊԲՀ էնդոկրինոլոգիայի ամբիոնի դասախոս, «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի էնդոկրինոլոգիայի կլինիկայի բժիշկ Լուսինե Առաքելյանի մասնագիտական փորձը ևս ցույց է տալիս՝ տարեցտարի ավելանում է ավելցուկային քաշ կամ ճարպակալում ունեցող բուժառուների, այդ թվում՝ երեխաների թիվը։ Եվ հիմնական պատճառը ընդունած եւ ծախսած կալորիաների անհամապատասխանությունն է, այսինքն՝ մարդն ընդունում է շատ կալորիաներ, բայց ավելի քիչ ծախսում։ Երեխաներն այժմ ավելի շատ են զբաղվում գաջեթներով ու առանձնապես չեն սիրում բակային խաղեր, չափից շատ են քաղցրավենիք ուտում։ Մասնագետը ծնողներին խորհուրդ է տալիս դպրոցական երեխային ոչ թե գումար տալ, որ նա այնտեղ ինչ-որ բան գնի եւ ուտի, այլ տանն առողջ սնունդ պատրաստել ու ամեն առավոտ դնել նրա պայուսակի մեջ, որպեսզի ժամը 11-ին կամ 12-ին երկրորդ նախաճաշի ժամանակ առողջ սնունդ ուտի։
«Ավելցուկային քաշից եւ ճարպակալումից խուսափելու համար հարկավոր է փոխել կենսակերպը։ Հարկավոր է օրական գոնե 2-3 անգամ 20-60 րոպե քայլել, որեւէ մարզաձեւով զբաղվելը կամ մարզասրահում պարբերաբար պարապելը, իհարկե, ավելի նախընտրելի է։ Երեխան ամեն օր պետք է բակային ակտիվ խաղերով խաղա, մաքուր օդ շնչի»,- նշում է Լուսինե Առաքելյանը։
Յուրաքանչյուր սննդաբաժնի դեպքում հարկավոր է հիշել «առողջ ափսեի» մասին եւ սննդի տեսակներն ու չափն ընտրել այդ սկզբունքով։ Ափսեի կեսը պետք է լցնել մրգով ու բանջարեղենով, 25 տոկոսը՝ ածխաջրեր պարունակող սննդատեսակներով (հացաբուլկեղեն, հատիկավորներ), մնացյալ 25 տոկոսը՝ սպիտակուցներով (մսամթերք, կաթնամթերք)։
Քաղցղավենիք կարելի է ուտել ամեն օր, բայց չափավոր։ Այսինքն՝ մի կոնֆետի կամ մի փոքր կտոր թխվածքաբլիթի փոխարեն չի կարելի մի քանիսն ուտել։
«Եթե երեխային լրիվ արգելենք քաղցրավենիք ուտել, կգործի «արգելված պտուղը քաղցր է» սկզբունքը, եւ նա գաղտնի կգնի քաղցրավենիք։ Ցանկալի է քաղցրավենիքն ուտել օրվա առաջին կեսին, երբ ավելի շատ ենք էներգիա ծախսում, իսկ երեկոյան ժամերին հարկավոր է հնարավորինս քիչ ածխաջրեր օգտագործել՝ փոխարենն ընտրելով սպիտակուցներ։ Գազավորված ըմպելիքների կամ տանը պատրաստած շաքար պարունակող կոմպոտների օգտագործումը պետք է հնարավորինս բացառել։ Փոխարենը պետք է խմել ջուր»,- հորդորում է մասնագետը։
Չի կարելի սնունդ ընդունել եւ կարճ ժամանակ անց գնալ քնելու։ Պետք է քնելուց երեք ժամ առաջ սնվել։ Բժշկուհին հիշեցնում է՝ երեխայի քաշի հաշվարկման համար բուժաշխատողներն օգտագործում են բանաձեւեր եւ գործակիցներ։ Ծնողը կարող է դա հասկանալ ոչ միայն երեխայի արտաքին տեսքին նայելով, այլեւ նրա համար հագուստ կամ կոշիկ ընտրելիս, երբ պարզվում է, որ, օրինակ, 5 տարեկանի համար նախատեսված հագուստը փոքր է, և մայրը նրա համար 7-8 տարեկանների համար նախատեսված հագուստ է գնում։ Նման դեպքերում անպայման պետք է դիմել բժշկի, որպեսզի մասնագետները պարզեն, թե որն է երեխայի քաշի կամ հասակի ավելացման պատճառը։
Հաճախ ծնողները որևէ հերթական զննության համար երեխային տանում են տեղամասային բժշկի մոտ, որն էլ նկատում է, որ երեխան ունի ավելցուկային քաշ, և հորդորում է նրան տանել էնդոկրինոլոգի մոտ։ Սովորաբար ավելցուկային քաշ եւ ճարպակալում ունեցող երեխայի ընտանիքի անդամները եւս ունենում են առողջության նման խնդիր։
«Այս ընտանիքներում ավելցուկային քաշ կամ ճարպակալում ունեցող երեխայի մասին ասում են՝ նա թմբլիկ է, եւ նրան շարունակաբար չափից շատ կոնֆետ ու բլիթներ են տալիս (հատկապես տատիկները)։ Ամբողջ ընտանիքը պետք է ֆիզիկական ակտիվություն ունենա, նվազեցնի սննդի չափը, ափսեն էլ փոքրացնի։ Մի փոքր ափսեի մեջ պետք է տեղավորվի ամբողջ սննդաբաժինը։ Սրանք կնպաստեն ավելցուկային քաշից ու ճարպակալումից ազատվելուն»,- նշում է մասնագետը։
Ճարպակալումը կարող է պայմանավորված լինել նաեւ մի շարք էնդոկրին հիվանդություններով (օրինակ՝ վահանաձեւ գեղձի անբավարար աշխատանք, մակերիկամի հիվանդություններ, ինսուլինառեզիստենտականություն), ուստի հարկավոր է նաեւ հորմոնալ հետազոտություններ կատարել։
Զրույցի վերջում մասնագետը դարձյալ հիշեցնում է՝ ավելցուկային քաշն ու ճարպակալումը հիվանդություն են։ Եթե երեխան ունի նման խնդիրներ, հարկավոր է դիմել բժշկի։
Լրագրողն իր մասնագիտական գործունեությամբ հասարակական կարծիք է ձեւավորում։ Հենց ա՛յդ գիտակցումով եմ առաջնորդվում եւ աշխատում։