• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
Քաղաքականություն

Եղե՞լ է արդյոք Հայաստանին պատժելու ռուս-թուրք-ադրբեջանական պայմանավորվածություն

Թաթուլ Հակոբյան 10:19 | 13.01.2025
Թաթուլ Հակոբյան 10:19 | 13.01.2025

1994 թվականի անժամկետ զինադադարից մինչեւ 2020-ի սեպտեմբեր՝ ավելի քան 25 տարի, Ադրբեջանը լայնածավալ պատերազմ չէր սկսում, քանի որ մեծ ռիսկեր էր տեսնում եւ փորձում էր Արցախի շուրջ վեցուկես շրջանները ստանալ բանակցային ճանապարհով, իսկ նախկին ԼՂԻՄ-ը Հայաստանին կապող միջանցքի հարցում համաձայն էր կարգավիճակն անորոշ թողնելու հեռանկարին:

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պնդումը, թե Ադրբեջանը չէր համարձակվի պատերազմ սկսել, եթե ինքը լիներ Հայաստանի նախագահը, չի դիմանում որեւէ տրամաբանության, քանի որ Բաքուն երբեք չէր համակերպվելու առնվազն վեցուկես շրջանների կորստի հետ՝ Աղդամ, Ֆիզուլի, Ջեբրայիլ, Զանգելան, Ղուբաթլու, Քելբաջար և Լաչինի ոչ միջանցքային մասեր: Ու եթե Ադրբեջանը այդ տարածքները չէր ստանալու բանակցային ճանապարհով, ապա միակ տարբերակը մնալու էր պատերազմը:

Այսօր՝ աղետից ու արհավիրքից հետո, շատ ավելի կարեւոր հարցեր կան: Պետք է խիզախություն եւ ազնվություն ունենանք ու առերեսվենք իրականությանը: Մասնավորապես՝ 2014 թվականից մինչեւ 2019 թվական ռուսները մեզ հորդորում, առաջարկում, պահանջում էին, որ պետք է գնալ կարգավորման եւ Ադրբեջանին վերադարձնել ԼՂԻՄ-ից դուրս տարածքները 5+1+1 հաջորդականությամբ:

Սերժ Սարգսյանը մոլորեցնում էր Ռուսաստանին եւ Ադրբեջանին՝ խոստանալով վերադարձնել հողերը, բայց անդադար ձգձգում էր: 2016 թվականի Ապրիլյան պատերազմը առիթ էր, որ տարածքները վերադարձվեին, բայց Հայաստանի երրորդ նախագահն ու նրա թիմը պարտությունը վերածեցին քարոզչական հերթական արարի, թե, իբր, կանգնեցրել ենք պատերազմը, անգամ՝ հաղթել: Ապա եղավ Սասնա ծռերի ապստամբությունը, որով Սերժ Սարգսյանը կրկին ժամանակ շահեց:

Սերժ Սարգսյանը գիտակցում էր, որ պետք էր գնալ ռուսների առաջարկով, սակայն չունեցավ պետական գործչին վայել խիզախություն, փաստացի մերժեց ռուսական՝ Լավրովի առաջարկները եւ սուսուփուս հեռացավ՝ օգտագործելով 2018 թվականի ժողովրդական ալիքը որպես արդարացում:

Սրանով, բնականաբար, մեղքը չենք բարդում Սերժ Սարգսյանի վրա, որովհետեւ Արցախի աղետն ու արհավիրքը տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի օրոք, եւ դրանով ամեն ինչ ասված է: Ավելին՝ Փաշինյանը երկու տարուց ավելի ժամանակ ուներ, մինչդեռ ե՛ւ ինքը, ե՛ւ իր հրձիգ արտգործանախարարը արկածախնդիր, հրձիգ ու սադրիչ հայտարարություններով մոտեցրին նոր պատերազմը: 2019-ի կեսերին մենք կորցրինք խաղաղության վերջին հնարավորությունը:

Փաշինյանը պետք է 2019 թվականի ներկայացրած առաջարկը ընդուներ որպես բանակցային հիմք եւ շարունակեր ակտիվ ներգրավվածությունը: Դա չարեց, ավելին՝ ամեն ինչ արվեց, որ Ալիեւը համոզվի, որ Հայաստանի նոր ղեկավարը իր համառ ոչմիթիզականությամբ նախորդներից չի տարբերվում:

Այդուհանդերձ, մի քանի էական կետեր պետք է առանձնացնել.

ա) Իլհամ Ալիեւը պատերազմը չէր սկսի, մինչեւ գրեթե 100 տոկոսով վստահ չլիներ, որ հաղթելու է այդ պատերազմում, քանի որ պատերազմում ձախողումն ու պարտությունը կլիներ նրա քաղաքական կարիերայի վերջը: Այսպիսով՝ Ալիեւը գրեթե 100 տոկոսով վստահ էր, որ հաղթելու է պատերազմում:

բ) Իլհամ Ալիեւը պատերազմ չէր սկսի, մինչեւ չունենար Ռուսաստանի լուռ համաձայնությունը, այսինքն՝ նա պետք է վստահ լիներ, որ Մոսկան Հայաստանին չի աջակցելու: Իսկ ինչո՞ւ Մոսկվան չաջակցեց Երեւանին: Պարզ պատճառով՝ Հայաստանը կորցրել էր կովկասյան տարածաշրջանում Ռուսաստանի միակ ռազմավարական գործընկերը լինելու մենաշնորհը, որ ուներ 1990-ականներին: Ռուսաստանի համար Ադրբեջանը եւ Թուրքիան այսօր շատ ավելի կարեւոր են, քան Հայաստանը:

գ) Ալիեւը պատերազմ չէր սկսի, մինչեւ չունենար Թուրքիայի աջակցությունը ռազմական, քաղաքական եւ քարոզչական իմաստներով:

դ) Ալիեւի վիճակը՝ Տավուշից դեպքերից հետո եւ դրան հաջորդած ներքաղաքական ճնշման պայմաններում, այլընտրանք չէր թողնում, քան պատերազմ սկսել նախատեսվածից գուցե ավելի շուտ:

Եվ ամենակարեւոր հարցը. եղե՞լ է արդյոք պատերազմ սկսելու ռուս-թուրքական պայմանավորվածություն եւ Հայաստանին պատժելու որոշում:

Քանի դեռ այս հարցի պատասխանը չունենք, մեր վերլուծությունները մեծ արժեք չեն ունենալու:

Բայց եթե անգամ եղել է պայմանավորվածություն, որ Ադրբեջանը պատերազմ է սկսում, Ռուսաստանը չի օգնում Հայաստանին, ռուս խաղաղապահներ են մտնում, ապա այս հարցում էլ հայկական կողմն ունի մեղքի մեծ բաժին:

Եթե մենք գնայինք կարգավորման, իսկ դրա վերջին հնարավորությունը 2019 թվականին էր, ապա այս աղետն ու արհավիրքը չէր լինի:

Այսօր, երբ Արցախում հայ չի մնացել, մեծ արժեք չունի այլեւս ներգրավվել Փաշինյանի հրահրած բանավեճի մեջ: Փաշինյանը ձգտում է պարտության մեղքը դնելու նախկին երեք նախագահների վրա, ինչում, սակայն, հաջողություն չի ունենալու պատմական, երկարատեւ կտրվածքով:

Ու նրանք, ովքեր քաղցր երազներ են պատմում, թե, իբր, հնարավոր է Արցախի հայության վերադարձն այսօր, այն էլ՝ հավաքական, նրանք զբաղված են մեր հայրենակիցների ողբերգության վրա քաղաքական դիվիդենտներ շահելու անբարո գործով:

Թաթուլ Հակոբյան
Թաթուլ Հակոբյան

Լրագրող, հրապարակախոս, պատմություն հետազոտող, որն առօրյա փաստերը, դրանց վրա հիմնված դատողություններն ու պատմական փորձառությունը հաջողությամբ միահյուսելով ստանում է ուրույն բովանդակություն։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Ընդդիմադիր հարթակի ոչ միասնական լինելը ուժեղացնում է Նիկոլ Փաշինյանին
հաջորդը
Լոս Անջելեսում հրդեհների հետեւանքով զոհերի թիվը հասել է 24-ի

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 3

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈւՇԿ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031 
« Դկտ   Փտր »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն