• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
Մենք

Ո՛չ թափառող շների թիվն է պակասում, ո՛չ նրանց հարձակումներից տուժածների

Հասմիկ Բալեյան 20:35 | 27.01.2025
Հասմիկ Բալեյան 20:35 | 27.01.2025
dogs

Ամեն տարի բազմաթիվ քաղաքացիներ ծանր վնասվածքներ են ստանում շան կծելու հետեւանքով: Արձանագրվում են նաեւ մահվան դեպքեր։ Սակայն շան կծելու, դրա հետեւանքով առաջացող առողջության խնդիրների կամ մահվան դեպքերի վերաբերյալ պաշտոնական վիճակագրություն չկա։

Ի պատասխան «Ալիք Մեդիա»-ի՝ տեղեկություն ստանալու գրավոր հարցման՝ ՀՀ առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոն»-ի գլխավոր տնօրեն Ստեփան Աթոյանը նշել է՝ 2022 թվականին հանրապետությունում բուժօգնության է դիմել կենդանիների հարձակումներից տուժած 6512, 2023-ին՝ 8202 անձ։

Երեւանում 2022 թվականին բուժօգնության է դիմել կեդանիների հարձակումներից տուժած 2611, իսկ 2023-ին՝ 3336 անձ։

Շան կծելու հետեւանքով կարող է առաջանալ կատաղություն հիվանդությունը։ 2018-2024 թվականներին շան կծելու հետեւանքով միայն կատաղություն հիվանդությունից արձանագրվել է 2 մահ (2019 եւ 2023)։ Շները կարող են դառնալ մի շարք վարակիչ հիվանդությունների՝ կատաղության, փայտացման, լեյշմանիոզի, էխինակոկոզի, դիրոֆիլարիոզի, լեպտոսպիրոզի, տոքսոկարոզի տարածման պատճառ։ Իսկ թե ընդհանուր առմամբ քանի մարդ է մահացել շների կծելու, հարձակումների հետեւանքով, այդ թվում՝ վնասվածքների, հնարավոր չէ ճշտել առողջապահության նախարարությունից։

«Հայաստանում շների հարձակումներից առաջացած վնասվածքների վերաբերյալ առանձին վիճակագրություն չի վարվում»,- հայտնել է Ստեփան Աթոյանը։

Փորձեցինք համացանցում որոնել մամուլի հրապարակումներ շների հարձակումների հետեւանքով ծանր վնասվածքներ ստացած կամ մահացած քաղաքացիների վերաբերյալ։ Այդպիսի հրապարակումները քիչ չեն։

2022 թվականի դեկտեմբերի 9-ին Երեւանում շան կծելու հետեւանքով «Շենգավիթ» ԲԿ տեղափոխված 66-ամյա կինը, գիտակցության չգալով, մահացել էր։

2023 թվականի նոյեմբերին Արմավիրի մարզի Մերձավան գյուղում շները հարձակվել էին 76-ամյա կնոջ վրա, որը մահացել էր սթրեսից։ Քաղաքացին չէր ունեցել ուղեկցող ծանր հիվանդություններ։

2023 թվականի հուլիսի 20-ին Լոռու մարզի Սպիտակ քաղաքի թաղամասերից մեկում շունը հարձակվել է 8-ամյա երեխայի վրա եւ պատճառել ​մարմնական բազմաթիվ ​ վնասվածքներ։ Երեխան ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել էր Սպիտակի ԲԿ։ Բժիշկներին հաջողվել էր փրկել երեխայի կյանքը։

2023 թվականի դեկտեմբերին «Արարատ» շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Սուրենավան գյուղ, որտեղ հայտնաբերել էին երեխայի դի։ Պարզվել էր, որ առավոտյան թափառող 5 շուն հարձակվել էին գյուղի դպրոց գնացող 3 երեխաների վրա։ Շների հետապնդումից խուսափելու նպատակով երեխաները վազքով փորձել են անցնել Մշակույթի տան դիմացի հատվածով, որի ընթացքում 7–ամյա տղան, բերանքսիվայր ընկնելով գետնին, գլուխը հարվածել է ճանապարհի եզրաքարին ու մահացել:

2024 թվականի հուլիսին Շիրակի մարզի Ոսկեհասկ գյուղում թափառող շները հարձակվել էին երիտասարդ կնոջ եւ 5-ամյա երեխայի վրա: Կատաղած կենդանիները հոշոտել են երեխայի դեմքը, գլուխը, վերջույթները, վնասել են նաեւ երեխայի մորը: Օգնության հասած եւս երեք համագյուղացու նույնպես շները տարբեր աստիճանի վնասվածքներ են հասցրել: Պետք է նշել, որ ի տարբերություն մեծահասակների՝ երեխաները, ցածր հասակով պայմանավորված, հիմնականում դեմքի շրջանում են ստանում լուրջ վնասվածքներ, քանի որ մարմնի այլ հատվածները ծածկված են հագուստով, իսկ դեմքը՝ ոչ:

Ակնհայտ է, որ շների հարձակումներից տուժող քաղաքացիների թիվը չի նվազում։ Հայաստանում աճել են նաեւ կատաղություն հիվանդության դեպքերը։ Ոլորտում եղած խնդիրները, սակայն, չեն լուծվում։

 

Ի՞նչ անել, եթե Ձեզ կենդանին ճանկռել է կամ կծել, ինչպե՞ս է դրսեւորվում կատաղությունը

Բուժհաստատությունների կայքերում կամ սոցիալական ցանցերի էջերում պարբերաբար հրապարակումներ են արվում վերոնշյալ թեմայով։ Ինչ անել, եթե շունը կծել է։ Մասնագետնեը խորհուդ են տալիս՝ շան կծածի դեպքում պետք է անհապաղ դիմել բժշկական օգնության: Առավել վտանգավոր է, երբ թափառող կենդանին է կծել․ դա դժվարացնում է շան հետագա հսկողության, կատաղության հայտնաբերման աշխատանքները։

  • Եթե կենդանին մարդուն կծել է, քերծել, անհապաղ պետք է դիմել բժշկական օգնության:
  • Չի կարելի կենդանուն սատկեցնել, քանի որ հետագա կանխարգելիչ պատվաստումների կուրսը կախված է նաեւ նրա վարքագծից: Եթե հնարավորություն կա հսկողություն սահմանելու, ապա 14 օր կենդանուն չպետք է ձեռք տալ և պետք է հետեւել նրա առողջական վիճակին:
  • Մի՛ հրաժարվեք պատվաստումներից՝ անկախ նրանից՝ ընտանի կենդանին պատվաստված է, թե ոչ (այս խորհուրդը վերաբերում է ընտանի կենդանիներ ունեցողներին)։

Կատաղությունն ունի գրեթե 100 տոկոս մահաբերություն։ Այն ընթանում է սուր նյարդաբանական ախտանիշերի համակցությամբ՝ գերակտիվության դրսեւորմամբ, կամ կաթվածահարման ախտանիշերի համակցությամբ։ Կատաղությամբ վարակվածին բնորոշ են ջրավախությունը, լուսավախությունը։ Այս վարակն ունեցողների շրջանում զարգանում է շնչառական անբավարարություն, կոմա, ապա՝ մահ: Բնության մեջ վարակի հիմնական աղբյուր եւ շտեմարան են գիշատիչ կենդանիները` չղջիկները, առնետները, գայլերը, աղվեսները, նաեւ ընտանի կենդանիները` շները, կատուները եւ այլն:

Վարակը կենդանուց մարդուն է փոխանցվում հիվանդ կենդանու հետ անմիջական շփման միջոցով (մաշկի կամ արտաքին լորձաթաղանթների ամբողջականության խախտում` կծելու, ճանկռելու, նաեւ վարակված կենդանու թքի միջոցով` անմիջական շփման դեպքում եւ այլն): Հիվանդության գաղտնի շրջանի տեւողությունը 10-90 օր է, հազվադեպ` մինչեւ 1 տարի՝ պայմանավորված կծած տեղով (գլուխը, դեմքը, պարանոցը, ձեռքի մատները, սեռական օրգանները կծելիս այդ տեւողությունը կարճ է, իսկ իրանը, ոտքը կծելիս` երկար) եւ այլ գործոններով, ինչպիսիք են տուժածի տարիքը, կծող կենդանու տեսակը, վերքի մեծությունը եւ խորությունը, վերքի մեջ ներթափանցած հարուցիչի քանակը:

Կանխարգելիչ պատվաստումները բուժառուի կյանքը փրկելու միակ յուրահատուկ միջոցն են: Կատաղության դեմ պատվաստանյութը կանխում է հիվանդության զարգացումը 96-98%-ով: Սակայն պատվաստումը նվազ արդյունավետ է, եթե ներարկումները սկսել են իրականացնել կծելու պահից 14 օր անց: Հակամարմինները ի հայտ են գալիս պատվաստումները սկսելուց հետո 2 շաբաթ անց՝ հասնելով առավելագույնի 30-40 օր հետո:

 

Երեւանում ե՞րբ կլուծվեն թափառող շների հետ կապված խնդիրները

Շների հարձակումների դեպքեր գրանցվում են նաեւ մայրաքաղաքում։ Գիտությունների ազգային ակադեմիայում, սակայն, այս խնդրահարույց ոլորտին առնչվող հետազոտություններ չեն անցկացվել։

Ի պատասխան «Ալիք Մեդիա»-ի գրավոր հարցման՝ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի կենդանաբանության եւ հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնից հայտնել են՝ վերջին երեք տարում թափառող շների վերաբերյալ կենտրոնում հետազոտություններ չեն իրականացվել/պատվիրվել։

«Կենդանիների խնամքի կենտրոն» համայնքային ոչ առեւտրային կազմակերպությունը գործում է 2019 թվականից: Կազմակերպությունն իրականացնում է թափառող կենդանիների կանոնակարգման ծրագիր ստերջացման եղանակով: Ծրագիրը ենթադրում է անտուն, թափառող կենդանիների բռնում, նախնական հետազոտություն: Եթե կենդանին ունի շրջապատի համար վտանգ ներկայացնող հիվանդություններ, ապա «Անասնաբուժության մասին» ՀՀ օրենքի եւ ՀՀ Կառավարության 27․12․2001 թվականի դեկտեմբերի 12-ին ընդունված No 1286 որոշման համաձայն՝ քնեցվում է (զրկվում է կյանքից)։

Ի պատասխան «Ալիք Մեդիա»-ի գրավոր հարցման՝ «Կենդանիների խնամքի կենտրոն»-ը տեղեկացրել է՝ քնեցվում են նաեւ անկառավարելի ագրեսիա ունեցող եւ կյանքի հետ անհամատեղելի հիվանդություններ կամ նորագոյացություններ ունեցող կենդանիները։ Կենդանիների քնեցումը կատարվում է Կենդանիների խնամքի կենտրոնի մասնագետների կողմից ՀՀ-ում գրանցված դեղամիջոցներով։

Առողջ կենդանիները ստերջացվում, պատվաստվում են կատաղություն հիվանդության դեմ: Գործընթացի ավարտից հետո վերադարձվում են տարածք` ականջներին կրելով տարբերանշաններ, կամ հնարավորության դեպքում տրվում են այն քաղաքացիներին, որոնք պատրաստ են խնամելու այդ կենդանիներին։

«2025 թվականի ծրագրում նախատեսված է Երեւանում կենդանիների համար նախատեսված կացարաններ կառուցել, ինչը փողոցում կենդանիների քանակը նվազեցնելուն զուգահեռ առավել մեծ թվով անտուն կենդանիներ պահելու եւ խնամքի հանձնելու հնարավորություն կտա: Հանրության շրջանում իրազեկվածության բարձրացման նպատակով իրականացվում են իրազեկման տարբեր աշխատանքներ, համայնքային դպրոցներում անցկացվում են «Շների հետ վարվելու կանոնները» խորագրով կրթական արշավներ»,- ի պատասխան մեր գրավոր հարցման՝ տեղեկացրել են «Կենդանիների խնամքի կենտրոն»-ից։

Փորձեցինք պարզել թափառող կենդանիների թիվը մայրաքաղաքում։ «Կենդանիների խնամքի կենտրոն»-ը տեղեկացրել է՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ թափառող շների տեղաշարժը վերահսկելի չէ, Երեւանում դրանց քանակի վերաբերյալ հստակ թիվ ներկայացնել հնարավոր չէ:

Ստորեւ ներկայացվում են 2022 թվականի հունվարի 1-ից մինչեւ 2024 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում մայրաքաղաքում թափառող կենդանիների մասով իրականացված աշխատանքների արդյունքները.

«Կենդանիների խնամքի կենտրոն»-ում գտնվող բոլոր կենդանիները կերակրվում են շների համար նախատեսված չոր կերերով ամեն օր։

Դատելով ներկայացված թվերից (2023 թվականին կենտրոն է տարվել 3437 թափառող կենդանի, 2024-ին՝ 5036)՝ կարելի է հասկանալ, որ թափառող շների թիվը գոնե մայրաքաղաքում չի պակասում, ըստ այդմ՝ նրանց հարձակումներից տուժած քաղաքացիների թիվը եւս չի նվազում։ Մնում է հուսալ, որ երբ կենդանիների համար նախատեսված կացարաններ կառուցվեն, գոնե որոշակի դրական միտումներ կնկատվեն, որոշ խնդիրներ կլուծվեն։

Hasmik Baleyan
Հասմիկ Բալեյան

Լրագրողն իր մասնագիտական գործունեությամբ հասարակական կարծիք է ձեւավորում։ Հենց ա՛յդ գիտակցումով եմ առաջնորդվում եւ աշխատում։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
ԵՄ երկրների ԱԳ նախարարները համաձայնել են երկարաձգել ՌԴ-ի նկատմամբ պատժամիջոցները
հաջորդը
ԵՄ-ն պատրաստ է չեղարկելու Սիրիայի նկատմամբ պատժամիջոցները

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Բնության հետ ներդաշնակ տնտեսություն․ երեք պատմություն Վայոց ձորից

  • 2

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 3

    Կրթության նոր մեթոդներ, որոնք ձեւավորում են քննադատական ու...

  • 4

    2024-ի հունվարի 1-ից կենսաթոշակը նոր ձեւով կհաշվարկեն

  • 5

    «Աղբահանության վճարի թանկացման որոշումը պետք է վիճարկել դատարանում»․...

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈւՇԿ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031 
« Դկտ   Փտր »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն