• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
Քաղաքականություն

Պաղեստինցիների վերադարձը Գազա խառնել է խաղաքարտերը

Սագօ Արեան 18:41 | 28.01.2025
Սագօ Արեան 18:41 | 28.01.2025

Աշխարհի թեժ կետերից մեկում՝ Գազայում, այսօր նոր իրավիճակ է, որը կարծես խառնել է այս «խաղում խաղացողների խաղաքարտերը»։

2023-ին Իսրայելի վրա «Համաս»-ի հարձակմանն ի պատասխան Իսրայելը խոստացել էր ոչ միայն վերացնել «Համաս»-ը, այլեւ ամայի տարածք դարձնել Գազան։ Բայց պատերազմի հետեւանքով տեղահանված հարյուր հազարավոր պաղեստինցիներ այսօր վերադառնում են Գազա եւ փորձում այնտեղ կյանք վերսկսել։ Նրանց վերադարձը հնարավոր է դարձել Արեւմուտքի կողմից ահաբեկչական խմբավորում ճանաչված «Համաս»-ի եւ Իսրայելի միջեւ օրերս ձեռք բերված հրադադար- համաձայնագրի շնորհիվ: Այս հարցում մեծ ջանքեր էր գործադրել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ մատնանշելով Գազայի «դժոխային վիճակը»։ Գազայի մասին Թրամփի խոսքերը հնչում էին այն պահին, երբ Նեցարիմի միջանցքով Գազա էին վերադառնում առաջին տեղահանված պաղեստինցները, ինչին հաջորդեց հարյուր հազարավորների վերադարձ դեպի իրենց հողերը։ Միայն երկուշաբթիի տվյալներով Գազա է վերադարձել 300 հազար պաղեստինցի՝ անտեսելով բոլոր տեսակի դժվարությունները․ նրանք իրենց հողերն էին դարձել՝ գրեթե երկու տարվա պատերազմից հետո նախ տեսնելու, թե ինչ վիճակ է այնտեղ, եւ ապա իրենց կյանքն այնտեղ շարունակելու համար։ Նեցարիմի անցակետի վրա տեղահանվածների հեղեղն անսպասելի էր ոչ միայն Իսրայելի, այլեւ հրադադարին օժանդակած ամերիկացիների համար։

Ուշադիր դիտորդները տեսնում են, որ Նեթանյահուի կառավարությունը «հանգիստ» չէ։ Նախ նրա համար, որ այն կարող է ցանկացած պահի փլուզվել, եւ հետո իսրայելյան աջակողմյանների հիմնական խոսնակները սկսել են «Համաս»-ի հետ կնքված հրադադար-համաձայնությունը մեծ հաշվով պարտություն համարել։ Իսրայելի ազգային անվտանգության նախկին նախարար Իթամար Բեն Գվիրը (աջակողմյանների գլխավոր «հայրը», որ Նեթանյահուի հետ ունեցած տարակարծությունների պատճառով հեռացավ կառավարությունից), «Իքս» հարթակում գրառում կատարելով եւ պատասխանելով Նեթանյահուի մեկ խոսքին, ասել է․ «Եղածը ոչ թե ամբողջական հաղթանակ է, այլ ամբողջական պարտություն»։

Քիչ չեն այն վերլուծաբանները, որոնք դեռեւս ամիսներ առաջ էին զգուշացրել, որ եթե հրադադարը հաստատվի, եւ «Համաս»-ը շարունակի ներկայություն մնալ Գազայում, ապա ներքին խմորումներ են լինելու, որոնք կարող են Նեթանյահուին «տուն» ուղարկել՝ գործող կառավարությունը դնելով արագ հրաժարական տալու փաստի առջեւ։ Եթե սա իրականություն դառնա, ապա ծանր է նստելու Նեթանյահուի վրա, որ կարող է ոչ միայն իր քաղաքական մահագրության առաջին տողերը գրել, այլեւ վերստին կանգնել Թել Ավիվի դատարանների առջեւ։

Այս բոլորը նկատի առնելով է հատկապես ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սկսել բացահայտ կերպով խոսել պաղեստինցիների՝ Գազայից կամովին հեռանալու ընտրանքների մասին։ Թրամփն այս թեմայով հեռախոսազրույցներ է ունեցել Հորդանանի Աբդալլահ Երկրորդ թագավորի եւ Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ ալ-Սիսի հետ եւ մինչեւ այս պահը դեռեւս այդ ծրագրի առումով հաջողության չի հասել։ Արաբական աշխարհը, մանավանդ՝ Եգիպտոսն ու Հորդանանը, որոնք մեծ հաշվով պաղեստինցիների՝ հավանական տեղափոխման գլխավոր ուղղությունները կարող են համարվել, ոչ միայն քաջալերված չեն ԱՄՆ-ի այս գաղափարով, այլեւ կտրականապես մերժում են որեւէ խոսք լսել Գազան իր բնակիչներից դատարկելու մասին։

Թրամփյան վարչակարգը պաղեստինցների՝ իրենց հողի վրա հաստատմամբ, անշուշտ, լուրջ մտահոգված է, քանի որ ամեն կերպ փորձում է օգնության ձեռք մեկնել Նեթանյահուի վտանգված կառավարությանը։ Հետեւաբար, եթե այդ առումով որեւէ մակարդակի շարժ չլինի, ու եթե պաղեստինցիները կարողանան իրենց «վերքի վրա աղ լցնելու» գնով եւ ատամները սեղմելու կամքով առաջիկա մի քանի ամիսներին առանց նոր պատերազմի դիմակայելու շարունակել իրենց կյանքը Գազայում, ապա դա հաղթանակ է լինելու նրանց համար։ Նրանք հաղթելու են՝ անկախ կրած բազմաթիվ ու անասելի կորուստներից, անկախ գալիք զրկանքներից։

Իսրայելում «Համաս»-ի մոտ դեռեւս մնացող 25 գերիների վերադարձը նույնիսկ չի փրկելու Իսրայելը ներքին դժգոհության ալիքից։ Հասարակությունը, որ մեծ դժգոհություն ունի Նեթանյահուից, արդեն մտածում է, որ այս պատերազմն իզուր էր, պատերազմ էր վասն ոչնչի։

Եթե պատերազմը «իզուր էր», եւ եթե «Համաս»-ն էլ կարողանա իր ներկայությունը մեկ անգամ եւս փաստել ու ցույց տալ աշխարհին, թե ինչքան խորն են իր արմատները Գազայում, ապա դա մեծ ցնցումների պատճառ է դառնալու այս անգամ ոչ թե Գազայի, այլ Թել Ավիվի փողոցներում։

Գերիների վերադարձից բացի Նեթանյահուն այլ խաղաթղթերի կարիք ունի, որոնք չի կարող ստանալ առանց քաղաքական համաձայնությունների։

Գազան, այո՛, փլատակ է, պաղեստինցները, այո՛, վիրավոր են, բայց այսօր ժամանակի գործոնը նրանց համար ավելի նպաստավոր է, քան Նեթանյահուի եւ նրա կառավարության։

Ինչքան ժամանակ անցնի, այդքան ավելի պիտի շեշտվի, որ պատերազմի, արյան ու կրակի ճանապարհով Իսրայելը չի կարողանալու փակել Գազայի այս էջը։ Ժամանակը նաեւ ցույց է տալու, որ Իսրայելի համար խնդիրը միայն Իսրայել-Պաղեստին հակամարտությունը չէ, այլեւ Նեթանյահուի նման ձախողված եւ մեծ սխալներով առաջնորդված ղեկավարի գոյությունը, որի քաղաքական ապագան այսօր լրջորեն վտանգված է։

Սագօ Արեան

Լիբանանահայ լրագրող, մեկնաբան։ 2012-ին տեղափոխվել է Հայաստան։ Մասնագիտացել է արաբ-իսրայելյան հակամարտության հարցում եւ համոզված է, որ այդ հակամարտությունը տարածաշրջանային բոլոր կոնֆլիկտների «հայրն» է։ Լուսաբանում է նաեւ հայ համայնքների խնդիրները։
2022-ին հրատարակել է Պոլսի հայությանը նվիրված «33 ձայն Իսթանպուլէն. ինչպէս ճանչցայ պոլսահայութիւնը» խորագրով վավերագրությունը, 2024-ին՝ կիպրահայերի տեղաշարժի մասին «Բաժնուած կղզին» խորագրով գիրքը։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Ալիեւը Երեւանից պահանջում է ՀՀ տարածքով անարգել անցում ապահովել դեպի Նախիջեւան
հաջորդը
Բանակի առջեւ պետք է դնենք միայն մեկ խնդիր, եւ դա ՀՀ սահմանների պաշտպանությունն է․ Փաշինյան

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Բնության հետ ներդաշնակ տնտեսություն․ երեք պատմություն Վայոց ձորից

  • 2

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 3

    Կրթության նոր մեթոդներ, որոնք ձեւավորում են քննադատական ու...

  • 4

    2024-ի հունվարի 1-ից կենսաթոշակը նոր ձեւով կհաշվարկեն

  • 5

    «Աղբահանության վճարի թանկացման որոշումը պետք է վիճարկել դատարանում»․...

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈւՇԿ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031 
« Դկտ   Փտր »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն