Իսրայելը ուժով կպատասխանի, եթե Սիրիայի նոր իշխանությունները չկարողանան կանխել երկրի դրուզաբնակ շրջանների վրա իրականցվող հարձակումները։ Այս մասին հայտարարել է հրեական պետության պաշտպանության նախարար Իսրայել Կացը։
«Եթե դրուզների վրա հարձակումները վերսկսվեն, եւ սիրիական ռեժիմը չկարողանա կանխել դրանք, Իսրայելը կպատասխանի ուժով։ Մենք հանձնառու ենք դրուզների պաշտպանությանը եւ ներկայումս հետեւում ենք իրադարձություններին»,-հայտարարել է Կացը, ում խոսքերը մեջբերում է Իսրայելի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։
Պաշտպանության նախարարը հավելել է, որ «Սիրիայում դրուզների վրա հարձակումներից հետո» ապրիլի 30-ին ինքը եւ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Իսրայելի պաշտպանության բանակին հրամայել են «մի շարք նախազգուշական հարվածներ իրականացնել ծայրահեղական տարրերի դեմ», եւ «սիրիական նոր ռեժիմին հստակ ուղերձ է փոխանցվել, որ այն պատասխանատվություն է կրում դրուզ համայնքի վրա հարձակումները կանխելու համար»։
Նույն օրը Իսրայելի բանակի շտաբի պետ Էյալ Զամիրը զինվորականներին հրամայել էր պատրաստ լինել Սիրիայի նոր իշխանություններին պատկանող թիրախներին հարվծներ հասցնելու համար, եթե տեղի դրուզների համայնքի դեմ բռնությունը շարունակվի։
Բանակի մամուլի ծառայությունը միաժամանակ նշել է, որ չորեքշաբթի «Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Դամասկոսի ծայրամասում գտնվող զինյալներին, որոնք հարձակվել էին դրուզ բնակչության վրա»։