2026 թ. մարտի 3-10 ընթացքում Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի (ՀՑԹԻ) հոգաբարձուների խորհրդի անդամությունից հրաժարված գիտնականների նամակ- հայտարարություն․
Մենք՝ ներքոստորագրյալներս, հրաժարական ենք տվել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի (ՀՑԹԻ) հոգաբարձուների խորհրդի կազմից՝ տնօրեն դոկտոր Էդիտա Գզոյանի պարտադրված հրաժարականի պատճառով։ Հաշվի առնելով այն զգալի հակասությունն ու աղմուկը, որն առաջացրել է այդ իրադարձությունը, մենք նպատակահարմար ենք գտնում բացատրել, թե ինչու ենք անհատապես հրաժարական տվել տարբեր ժամանակահատվածներում այն բանից հետո, երբ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարը 2026 թ. մարտի 3-ին կայացած մեր Խորհրդի նիստից մեկ օր առաջ առաջին անգամ ՀՑԹԻ հոգաբարձուների խորհրդի նախագահ Հարություն Ռայմոնդ Գեւորգյանին տեղեկացրեց, որ ըստ նախարարության կարծիքի, ՀՑԹԻ տնօրեն Է. Գզոյանը թանգարան ինստիտուտի կառավարման հարցում թերացումներ ունի եւ անհրաժեշտություն կա նրան փոխարինելու այլ տնօրենով։
Նախ՝ հայտարարում ենք, որ սա անակնկալ էր մեզ համար։ Անցած տարիների ընթացքում դոկտոր Գզոյանի աշխատանքի վերաբերյալ որեւէ բողոք չէինք լսել ո՛չ նախարարությունից, ո՛չ խորհրդի որեւէ անդամից, ո՛չ էլ ՀՑԹԻ-ի անձնակազմից։ Ընդհակառակը, Խորհուրդը դոկտոր Գզոյանի աշխատանքը գնահատում էր գերազանց:
Եւ երկրորդ՝ մարտի 2-ին հոգաբարձուների խորհրդի նախագահին, հաջորդ օրը՝ մարտի 3-ին Խորհրդի անդամների հանդիպման ժամանակ ներկայացված պատճառաբանությունը, թե իբր դոկտոր Գզոյանը պատշաճ կերպով չի վերահսկել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի հիմնանորոգման աշխատանքները, անհիմն է։ Նախավերջին խորհրդի նիստում հստակեցվել էր, որ հիմնանորոգման աշխատանքների վերահսկողությունն կառավարումը Նախարարության պատասխանատվությունն է:
Երրորդ՝ ՀՑԹԻ-ի կանոնադրությունը հստակ սահմանում է, որ ՀՑԹԻ-ի տնօրենին պաշտոնից ազատելը Հոգաբարձուների խորհրդի բացառիկ լիազորությունն է։ Մեր Խորհուրդը դոկտոր Գզոյանին ազատելու ո՛չ պատճառ ուներ, ո՛չ էլ մտադրություն: Դոկտոր Գզոյանին հրաժարականի դիմում «խնդրել» գրելը ո՛չ Նախարարի, ո՛չ էլ, առավել եւս, Վարչապետի լիազորությունների շրջանակում էր։ Ուշագրավ է, որ մարտի 3-ին հոգաբարձուների խորհրդի նիստ հրավիրելու օրակարգում միայն մեկ հարց կար՝ ««Ծիծեռնակաբերդ» զբոսայգու կանաչապատման եւ բարեկարգման նախագծի ներկայացում եւ քննարկում»։ ՀՑԹԻ տնօրենի հրաժարականի հարցը հոգաբարձուների խորհրդին ներկայացվել է միանգամայն անսպասելի՝ օրակարգի հարցի քննարկումից հետո։
Մարտի 5-ին լրատվամիջոցներին հայտնի դարձավ ՀՑԹԻ-ի տնօրենին պարտադրված հրաժարականի մասին տեղեկությունը, որին հաջորդեցին տարատեսակ բացատրություններ եւ հակասական հանրային քննարկումներ։ Շատ չանցած՝ մարտի 12-ին, ՀՀ Վարչապետը բացահայտեց, որ ինքն է պահանջել դոկտոր Գզոյանի հրաժարականը։ Պատճառը կապված էր ԱՄՆ փոխնախագահ Ջ. Դ. Վենսի՝ ՀՑԹԻ եւ հուշահամալիր կատարած մասնավոր այցի հետ։ Դոկտոր Գզոյանը նրա հետ զրուցել էր Հարավային Կովկասում եւ ապա Ադրբեջանում քսաներորդ դարի սկզբին եւ վերջին տեղի ունեցած հայերի կոտորածների, Ղարաբաղի/Արցախի հայերի էթնիկ զտումների եւ Հայոց ցեղասպանության մասին։ Նա նաեւ Ջ. Դ. Վենսին նվիրել էր հինգ գիրք, որոնցից մեկը 1905-1921 թվականներին տեղի ունեցած կոտորածների վերաբերյալ ամերիկյան թերթերի հոդվածների ժողովածու էր։ Սա ՀՑԹԻ այցելող պաշտոնական պատվիրակություններին ընդունելու
ավանդական արարողության շրջանակներում էր, որը սակայն վարչապետը որակավորել է իր գլխավորած կառավարության արտաքին քաղաքականությանը հակասող, «սադրիչ» գործողություն։ Պետական պաշտոնյաները պետք է համապատասխանեն Հայաստանի արտաքին քաղաքականությանը, ասել էր վարչապետը, եւ քանի որ նա որոշել էր, որ «Ղարաբաղյան շարժում» գոյություն չունի, Արցախի խնդրի վերաբերյալ գիրք նվիրելն անթույլատրելի էր։ Ստորեւ ներկայացված է վարչապետի ամբողջական հարցազրույցը լրագրողներին։
Վարչապետի հայտարարությունից հետո պարզ դարձավ դոկտոր Գզոյանի պարտադրված հրաժարականի իրական պատճառը։ Վարչապետ Փաշինյանի հայտարարությունները բացահայտեցին նաեւ, որ պարտադրված հրաժարականի նախնական հիմնավորումն ընդամենը շեղող հնարք (կեղծ պատրվակ) էր՝ այդ իրական պատճառը կոծկելու համար:
Վարչապետի մեկնաբանություններին հետեւած անմիջական արձագանքները հեռու էին դրական լինելուց։ Ուստի, պարտադրված հրաժարականի նոր «բացատրություն» առաջ քաշվեց իշխող կուսակցության ԱԺ պատգամավորների կողմից (օրինակ՝ Լուսինե Բադալյան եւ Մարիա Կարապետյան) հեռուստատեսային հարցազրույցների ժամանակ, այնուհետեւ՝ ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ պարոն Ռուբեն Ռուբինյանի կողմից։ Լուսինե Բադալյանի հարցազրույցը, կարծես, առաջինն էր այս շարքում, որը տրվել էր մամուլին ուղղված Վարչապետի մեկնաբանությունների օրվա գիշերը: Ըստ նրա՝ պարտադրված հրաժարականի պատճառը ոչ թե Արցախն է կամ ԱՄՆ փոխնախագահին բովանդակությունը, նվիրած գրքի այլ «արարողակարգը»։ Ահա այն միտքը, որ նա արտահայտում է Factor.TV-ին տված իր հարցազրույցում.
Բադալյանը պնդեց, որ խնդիրը ոչ թե գրքի բովանդակությունն է, այլ հենց պրոտոկոլային խախտումը։ «Այստեղ գրքի մասին չի խոսքը, թեմայի մասին չի խոսքը։ Սա պրոտոկոլից շեղում է»։
Եթե խնդիրն արարողակարգն էր, ապա Արտաքին գործերի նախարարության կամ գուցե վարչապետի աշխատակազմի արարողակարգի պատասխանատուները պետք է կրեն այն բանի պատասխանատվությունը, ինչը տիկին Բադալյանը համարում է արարողակարգի խախտում։
Եթե պարտադրված հրաժարականի նախնական հիմնավորումը կոծկում էր, ապա սա արդեն շեղում էր՝ վարչապետի մեկնաբանությունների դեմ հնչող քննադատությունները թուլացնելու եւ ուշադրությունը Արցախի հիմնախնդրից հեռացնելու նպատակով։
Սակայն «բացատրությունների» շղթան այսքանով չավարտվեց։ Հաշվի առնելով հանրային սկանդալի վերածված իրավիճակը՝ Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հանդես եկավ պարտադրված հրաժարականի չորրորդ բացատրությամբ՝ վարչապետի մեկնաբանություններից հինգ օր անց։ Հերքելով, թե երբեւէ ՀՑԹԻ-ի անձնակազմին ասել է, որ դոկտոր Գզոյանի ազատումը կապված է հուշահամալիրի հիմնանորոգման աշխատանքների հետ, նա որպես «վերեւից» պարտադրված հրաժարականի պատճառ մատնանշեց «կառավարումը»: Ահա մի հատված «Ազատություն» ռադիոկայանին տված նրա հարցազրույցից
«Կրթության նախարարը պնդում է՝ ինքը Ցեղասպանության թանգարան- ինստիտուտի անձնակազմին չի ասել, թե տնօրենը հեռացվում է հուշահամալիրի շինաշխատանքները լավ չկազմակերպելու համար։»
«Ես նման բան չեմ ասել», — ընդգծեց նա:
Ֆորմալ իմաստով նախարարն իրավացի էր՝ շինարարական աշխատանքների հետ կապված աշխատանքների «թերացումը» որպես հրաժարականի պարտադրանք նա ներկայացրել էր ոչ թե թանգարան- ինստիտուտի աշխատակիցներին, այլ Հոգաբաձուների խորհրդի անդամներին՝ մարտի 3-ի արտահերթ նիստի ժամանակ։ Ի պատասխան «Ազատության» հարցին՝ նախարարն ասաց, որ աշխատակիցների հետ մեկ հանդիպում է եղել, որը կայացել է երեկ։
«Մենք շատ մանրամասն քննարկել ենք բոլոր հարցերը, եւ ես աշխատակիցներին փոխանցել եմ այն տեղեկատվությունը, եւ բարձրացված այն հարցերին եմ անդրադարձել, որ իրենց մոտ եղել է։ Ես հենց սկզբից էլ հարցը բարձրացրել եմ կառավարման մասով եւ շարունակում եմ հենց այս տեսանկյունից», — նշել է նա։
Հոգաբարձուների խորհուրդը ոչ միայն երբեւէ չի նկատել կառավարման նմանատիպ խնդիրներ, այլեւ երբեւէ չի տեղեկացվել դրանց ենթադրյալ գոյության մասին։ Ավելին, Հոգաբարձուների խորհրդի որոշ անդամներ նիստի ընթացքում առարկել են նախարարի փաստարկներին։ Ինչ վերաբերում է ՀՑԹԻ-ի անձնակազմին, նրանցից յուրաքանչյուրը ստորագրել է դոկտոր Գզոյանին սատարող նամակը: Կարելի է ենթադրել, որ նրանք նույնպես չեն նկատել կառավարման որեւէ խնդիր։
Եզրակացություն
Մեր տեսանկյունից այն, ինչ տեղի ունեցավ ՀՑԹԻ-ում, մի շարք մտահոգիչ հարցեր է առաջացնում.
- Դոկտոր Գզոյանից ազատվելու իրական որոշումը կայացվել է մեկ անձի՝ վարչապետ Փաշինյանի կողմից, առանց Հոգաբարձուների խորհրդի հետ որեւէ խորհրդակցության։ Պարոն Փաշինյանը նախընտրեց հրապարակայնորեն հասկացնել հայկական հարցերով հետաքրքրված աշխարհի համապատասխան, առնվազն տարածաշրջանային երկրների առաջնորդներին, որ քաղաքական որոշումները կայացնում է միայն ինքը։
- Քանի որ ՀՑԹԻ-ի տնօրենին պաշտոնից ազատելու բացառիկ իրավունքը պատկանում է Հոգաբարձուների խորհրդին, ինստիտուցիոնալ կարգավորումները շրջանցվել են, եւ որոշումը պարտադրվել է այդ կառույցին։
- վարչապետի հրապարակային արձագանքը եւ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենին ԱՄՆ փոխնախագահի հետ պատմական փաստերով կիսվելու համար պաշտոնից ազատելը մեզ թվում են այն շղթայի մի մասը, որն ուղղված է պատմական փաստերը «վերաձեւավորելուն» կամ «վերափաթեթավորելուն»՝ ծառայեցնելով դրանք քաղաքական նպատակահարմարությանը եւ սեփական իշխանության վերարտադրմանը։ Սակայն սա այն տեղը չէ՝ թվարկելու, օրինակ, Հայոց ցեղասպանության ակունքների կամ հայ-ադրբեջանական պատմական փոխազդեցությունների այն մակերեսային եւ անփույթ մեկնաբանություններից մի քանիսը, որոնք վերջերս հնչել են վարչապետի կամ նրա իշխող կուսակցության անդամների կողմից։ Այն, ինչ պատահեց դոկտոր Գզոյանի հետ, եւ այն եղանակը, որով դա տեղի ունեցավ, լուրջ հարցեր են առաջացնում ակադեմիական ազատության վերաբերյալ: Եթե կառավարությունը վերջակետ է դրել Ղարաբաղյան շարժմանն ու Արցախի հարցին, արդյո՞ք դա նշանակում է, որ դրանց պատմության գիտական ուսումնասիրությունները խաթարում են արտաքին քաղաքականությունը: Վերջ ի վերջո Հայաստանի ակադեմիական որ գիտական կենտրոնների մեծ մասը ՊՈԱԿ-ներ են (պետական ոչ առեւտրային կազմակերպություն), համալսարանների մեծ մասը պետական են, հետեւաբար դրանց աշխատակից հետազոտողները պետական պաշտոնյանե՞ր են։ Եթե այո, նշանակու՞մ է սա, արդյոք, նրանց հետազոտությունների արդյունքները պիտի համապատասխանեն ՀՀ վարչապետի արտաքին քաղաքականությանը, եւ ըստ ինչ չափանիշների ու որտե՞ղ է որոշվելու դրանց համապատասխանելիությունը։ Վերջապես ի՞նչ առումով էր դոկտոր Գզոյանն առաջ քաշում այլընտրանքային արտաքին քաղաքականություն։ Որտե՞ղ են ապացույցները:
- Այն, ինչ պատահեց դոկտոր Գզոյանի հետ, եւ դրա իրագործման ձեւը, մտահոգություններ են առաջացնում նաեւ մենատիրակալության առնվազն հակումների վերաբերյալ։ Եվրոպական ոչ մի երկրում ընդունելի չէր լինի պահանջել, որ բոլոր պետական պաշտոնյաները համապատասխանեն եւ աջակցեն կառավարության արտաքին քաղաքականությանը։ Նման պահանջները հիշեցնում են խորհրդային գործելաոճը։
- Այն, ինչ պատահեց դոկտոր Գզոյանի հետ, եւ դրա իրագործման ձեւը վնասել են ՀՑԹԻ-ի միջազգային հեղինակությանը այն ժամանակ, երբ դոկտոր Գզոյանի ղեկավարությամբ այն ձեռք էր բերում աճող միջազգային ճանաչում։
Որպես Հոգաբարձուների խորհրդի նախկին անդամներ եւ գիտնականներ՝ մենք ցանկանում ենք ուշադրություն հրավիրել մի քանի կետի վրա.
- Նույնիսկ պատմությունը վերաշարադրելու կամ կամ ջնջելու ամենատեւական, պետականորեն հովանավորվող փորձերը, ինչպիսին է Հայոց ցեղասպանության թուրքական ժխտողականությունը, ձախողվում են:
- Ազգային հիշողությունն ու ինքնությունը ռազմավարական ակտիվներ են, առավել եւս՝ փոքր ազգերի համար. աղոտ ազգային հիշողությունն ու ինքնությունը խոցելիություն է, որը ոչ մի զենքով հնարավոր չէ փոխհատուցել։
Վերջապես, նման կտրուկ եւ անարդար որոշումները հազիվ թե նպաստեն իրական եւ տեւական – խաղաղության կայացման հավանականությանը։
Սույն հայտարարությունը ստորագրողները հանդես են գալիս բացառապես իրենց անունից՝ որպես ՀՑԹԻ — հոգաբարձուների խորհրդի նախկին անդամներ, նրանց աշխատավայրերը տեքստի բովանդակության հետ առնչություն չունեն։
Աստուրեան Ստեփան Հ., Գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Հումանիտար եւ հասարակական գիտությունների քոլեջ, Հայաստանի ամերիկյան համալսարանի Թրբանճյանի անվան հասարակագիտական ինստիտուտի տնօրեն,
Գեւորգյան Ռայմոնդ Հարություն, պ. գ. դ., Փարիզի Սեն Դենի-8 համալսարանի պատվավոր պրոֆեսոր, Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի արտասահմանյան անդամ,
Խառատյան Հրանուշ Ս., պ. գ. թ., ՀՀ ԳԱԱ Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի կիրառական մարդաբանության գիտահետազական խմբի վարիչ,
Մարության Հարություն S., պ. գ. դ., սոցիալական/մշակութային մարդաբան, ՀՀ ԳԱԱ Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի գլխավոր գիտաշխատող, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի բաժնի վարիչ
