Տոնական օրերին պայթուցիկներից, հրավառությունից եւ ճայթուկներից վնասվածքների դեպքեր են արձանագրվել: Երեւանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանն այս մասին Ֆեյսբուքում գրառում է արել՝ տեղեկացնելով, որ Համալսարանական հիվանդանոցային համալիրներ բուժօգնություն ստանալու նպատակով դիմել են տարբեր տարիքային խմբի քաղաքացիներ տարաբնույթ գանգատներով:
Մասնավորապես` «Հերացի» թիվ 1 հիվանդանոց դիմած պացիենտների վնասվածքների մեծ մասի պատճառ են եղել պայթուցիկները, որից տուժել է 5 քաղաքացի, նրանցից 2-ը ունեցել են ձախ ձեռքի մատների անդամահատման կարիք, 2-ը՝ պատռված վերք, 1-ը` մատի վնասվածք: «Մուրացան» հիվանդանոցային համալիր դեկտեմբերի 31-ին դիմել է մեկ քաղաքացի՝ հրավառությունից վնասվածքով:
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 169․16-րդ հոդվածի 9-րդ կետով սահմանվում է, որ առանց թույլտվության կամ թույլտվությամբ սահմանված պահանջների կամ պայմանների խախտմամբ տեխնիկական եւ հատուկ նշանակության հրավառությունն առաջացնում է տուգանքի նշանակում`սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից մինչեւ հազարապատիկի չափով: Սույն մասով նախատեսված արարքը վարչական տույժի նշանակման օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելն առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հազարերեքհարյուրապատիկից մինչեւ երկուհազարապատիկի չափով:
Երեւանի ավագանու որոշմամբ՝ հրավառությունը մայրաքաղաքում թույլատրվում է Ազատության եւ Հանրապետության հրապարակներում միայն տոն օրերին, բացառապես պետական ու տեղական ինքնակառավարման մարմինների նախաձեռնությամբ։ Այդուամենայնիվ, այս օրենքը հատկապես Ամանորին խախտվում է։
«Սպառողների ասոցիացիա» ՀԿ-ի իրավաբան Սյուզաննա Չիլինգարյանն ասում է՝ հրագործական արտադրանքի վաճառքը, օգտագործումը չեն վերահսկվում մեր երկրում, ինչն էլ հանգեցնում է նրան, որ ամեն տարի լինում են ցավալի ելքով դեպքեր․ մարդիկ լուրջ վնասվածքներ են ստանում։ Նրանց թվում լինում են նաեւ երեխաներ։ Իրավական արդյունավետ լուծումներ չկան։ Ամեն տարի Ամանորին վնասվում են մարդկանց վերջույթները, աչքերը․․․
Քաղաքացիները, հրագործական արտադրանքի օգտագործման կանոններին չտիրապետելով, օգտագործում են դրանք՝ չպահպանելով անգամ անվտանգության կանոնները, եւ դա հանգեցնում է նման դեպքերի։ Հրագործական արտադրանքը, այդ թվում՝ ճայթուկները, իրացվում են անգամ երեխաների շրջանում․ վերահսկողություն չկա պետության կողմից։ Ըստ իրավաբանի՝ այս հարցի կարգավորման համար գործուն քայլեր պետք է ձեռնարկել, հրագործական արտադրանքի առքուվաճառքը պետք է իրականացվի միայն հատուկ թույլտվությամբ։
Քանի որ այժմ պետության կողմից արդյունավետ վերահսկողություն չկա, ծնողները պիտի շատ ուշադիր լինեն, որ երեխաները չգնեն ու չօգտագործեն հրագործական արտադրանք։ Տնտեսվարողներն իրենց բիզնես շահի մասին են մտածում, իսկ պատկան մարմիններն անգործության են մատնված։ Հատկապես երեխաների համար այդ պարագաները գայթակղիչ են, նրանք դա ձեռք են բերում՝ չհասկանալով, որ կարող են լուրջ վնասվածքներ ստանալ։ «Մենք պիտի այս հարցի մասին հնարավորինս շատ խոսենք՝ հետամուտ լինելով դրա լուծմանը։ ԱԺ-ում օրենքի նախագիծ կար, որով նախատեսվում էր կարգավորել այս դաշտը։ Հույս ունենք, որ առաջիկայում օրենսդրական լուծումներ կլինեն, եւ պատկան մարմիններն իսկապես գործուն քայլեր կձեռնարկեն այս խնդրի լուծման համար»,- նշում է Սյուզաննա Չիլինգարյանը։
Լրագրողն իր մասնագիտական գործունեությամբ հասարակական կարծիք է ձեւավորում։ Հենց ա՛յդ գիտակցումով եմ առաջնորդվում եւ աշխատում։