Առաջիկայում նախատեսվում են օրենսդրական փոփոխություններ՝ միտված ամուսնության տարիքի շեմի բարձրացմանը։
Հայաստանում գործող օրենսդրությամբ ամուսնական տարիքի նվազագույն շեմը 18-ն է։ Անձը կարող է ամուսնանալ նաեւ 17 տարեկանում, եթե կա նրա ծնողների, որդեգրողների կամ հոգաբարձուի համաձայնությունը: Ամուսնանալ թույլատրվում է նաեւ 16 տարեկանում, եթե առկա է նրա ծնողների, որդեգրողների կամ հոգաբարձուի համաձայնությունը, եւ ամուսնացող մյուս անձն առնվազն 18 տարեկան է:
2000, 2005, 2010 թվականներին անցկացված ժողովրդագրական առողջապահական հետազոտությունները ցույց են տվել, որ մանկական մահերի թիվը շատ ավելի բարձր է կրթական ցածր ցենզ ունեցող մայրիկների շրջանում: Ըստ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների՝ 2011 թվականին գրանցվել է 14-19 տարեկան աղջիկների 3372, իսկ 2021 թվականին՝ 1042 ծննդաբերություն: 2011 թվականին գրանցվել է 16-19 տարեկան աղջիկների 1747 վաղ ամուսնություն: 2021-ին այդ թիվը կրճատվել է՝ հասնելով 675-ի:
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովում աշխատանքային քննարկում է տեղի ունեցել վերոնշյալ թեմայի վերաբերյալ։ ԱԺ պատգամավոր Արսեն Թորոսյանն առաջարկել է ամուսնության տարիքային շեմը բարձրացնել՝ այն հասցնելով ընդհուպ 21-ի: Առաջարկվել է նաեւ բարձրացնել չափահասության տարիքը:
Մանկաբարձ-գինեկոլոգ Կարեն Ջուլհակյանն «Ալիք Մեդիայի» հետ զրույցում ընդգծում է՝ վերջին տարիներին սեռահասունության շեմը նվազել է․ երբեմն նույնիսկ 11 տարեկանում աղջիկը հասունանում է։ Եթե աղջիկը սեռահասուն է, նա կարող է մայրանալ, բայց հնարավոր է առաջանան բազմաթիվ խնդիրներ, ռիսկեր։
Երբ աղջիկը վաղ հասակում է ամուսնանում (16, 15, երբեմն նույնիսկ ավելի վաղ տարիքում), հնարավոր է՝ նա միանգամից չհղիանա, քանի որ հորմոնալ պրոցեսը դեռեւս կարգավորված չի լինում, այսինքն՝ օրգանիզմը ձվաբջջի զարգացում, ձվազատում իրականացնելու պատրաստ չի լինում, բացի այդ՝ վաղ տարիքում արգանդի լորձաթաղանթը հաստացած չէ․․․․ Այսինքն՝ օրգանիզմն այդ տարիքում դեռեւս զարգացման փուլում է, պատրաստ չէ հղիության։ Այսուհանդերձ, եթե այդ տարիքում կինը հղիանում է, հնարավոր է՝ հղիությունն ընդհատվի (կարող են լինել վիժում, չզարգացող հղիություն, վաղաժամ ծննդաբերություն): Վաղաժամ ծննդաբերության պարագայում երեխան, հատկապես եթե խոր անհաս է ծնվել, կարող է մանկական ուղեղային կաթված ունենալ:
Նորածնային վերակենդանացումը տարիների ընթացքում զարգացել է, նույնիսկ 22 շաբաթական հղիություն ունեցող կնոջ վաղաժամ ծննդաբերության դեպքում (երբ երեխան մոտավորապես կես կիլոգրամ է լինում) հնարավոր է բուժում ապահովել երեխայի համար, որպեսզի նա նորմալ զարգանա, բայց եթե կինը վաղ տարիքում է մայրացել, այդ դեպքում արդեն մեծ է հավանականությունը, որ երեխան արատներ, նյարդային համակարգի այլ խնդիրներ կունենա:
Կինը որքան վաղ տարիքում է հղիանում, այնքան մեծ են ռիսկերը։ Բարդություններից ու ռիսկերից խուսափելու համար պետք է հղիանալ նվազագույնը 20 տարեկանից։
«Վաղ տարիքում հղիանալու դեպքում կնոջ օրգանիզմում կարող են առաջանալ նաեւ երիկամային ֆունկցիայի խանգարում, զարկերակային բարձր ճնշում, պտղի ներարգանդային աճի հապաղում եւ այլն։ Այսինքն՝ լուրջ խնդիրներ կարող են լինել, որովհետեւ դեռ լիարժեք չզարգացած օրգան-համակարգերն այդպիսի մեծ ծանրաբեռնվածության տակ են ընկնում, այլ կերպ ասած՝ հղիությունը լուրջ մարտահրավեր է կնոջ օրգանիզմի համար։ Մենք միշտ զգուշացնում ենք՝ երբ կինն իմանում է, որ հղի է, պետք է անմիջապես հաշվառվի եւ անհրաժեշտ հետազոտություններ անցնի»,- մանրամասնում է բժիշկը։
Լինում են դեպքեր, որ կինը քրոնիկ հիվանդություններ է ունենում, բայց մինչեւ հղիանալն այդ մասին տեղյակ չի լինում, եւ հղիության ընթացքում այդ հիվանդությունները կարող են սրվել, հետեւաբար անհրաժեշտ է հղիության մասին տեղեկանալուց հետո այցելել բժշկի։
Բժիշկ Ջուլհակյանն անհրաժեշտություն է համարում նաեւ նախաամուսնական հետազոտությունները, այսինքն՝ զույգն ամուսնանալուց առաջ պետք է բուժզննում անցնի։ Այսպիսի պրակտիկա կա Չինաստանում, եւ դրա շնորհիվ այդ երկրում բարդություններով ընթացող հղիությունների թիվն ավելի քիչ է, արատներով ու հիվանդություններով ծնվող երեխաների թիվը եւս համեմատաբար նվազ է։ Մասնագետը նշում է՝ կանխարգելիչ քայլերը շատ կարեւոր են առողջ սերունդ ունենալու համար։
«Առողջապահության նախարարությունից վերջերս այդպիսի նյութեր ենք ստացել․ քննարկում է ընթանում, որ առաջիկայում այդ պրակտիկան մեր երկրում էլ ներդրվի, եւ զույգերը ամուսնանալուց առաջ անվճար հետազոտվելու հնարավորություն ունենան։ Նախագիծն ուղարկվել է մեզ, որպեսզի մասնագիտական կարծիքներ ներկայացնենք։ Անշուշտ, շատ լավ կլինի, որ այդ նախագիծը կյանքի կոչվի․ բազմաթիվ խնդիրներ հնարավոր կլինի կանխարգելել»,- մանրամասնում է բժիշկը։
Մասնագետը հույս ունի, որ մեր երկրում աստիճանաբար նախաամուսնական բժշկական զննության այցելելը ընդունված, նորմալ երեւույթ կդառնա, այդ մշակույթն աստիճանաբար կձեւավորվի, եւ այդ դեպքում հնարավոր կլինի կանխարգելել բազմաթիվ ռիսկեր ու հասնել նրան, որ մայրն էլ, երեխան էլ հնարավորինս զերծ լինեն տարբեր հիվանդություններից, իսկ դա առողջ ու երջանիկ ընտանիք ունենալու գրավական է։
Լրագրողն իր մասնագիտական գործունեությամբ հասարակական կարծիք է ձեւավորում։ Հենց ա՛յդ գիտակցումով եմ առաջնորդվում եւ աշխատում։