Կանայք պատերազմ են հայտարարել բնության ու տարիքի դեմ. եթե նախկինում տարիների հետքը կնճիռների տեսքով կնոջ ճակատին էր դաջված, այսօր պատկերն այլ է: Նույն հարթ ու ձգված մաշկն ունեն թե՛ տասնութ տարեկան, թե՛ հիսունն անց կինը: Բացի այդ՝ այսօր կինն է ընտրում իր շրթունքների, այտոսկրերի, դեմքի ձեւը: Շատ բան պետք չէ դրա համար. մեկ ներարկում, ու հրաշքը կկատարվի:
Համացանցում ժամանակակից անվանումներով «բյութի ստուդիո» կոչվող սրահներն ամեն անկյունում «էստի համեցեք» են կանչում, մեկը մեկից գայթակղիչ արտաքին տեսք խոստանում հաճախորդին: Իսկ թե ովքեր են ներարկիչը ձեռքերը վերցրած ինքնակոչ բժիշկները, հաճախորդին երբեմն չի՛ էլ հետաքրքրում: Մասնագետի աշխատանքային որակներով, անցած կամ չանցած ճանապարհով սկսում են հետաքրքրվել միայն այն ժամանակ, երբ հույսերը չեն արդարացել, կամ առողջական խնդիրներ են առաջացել:
Պլաստիկ վիրաբույժ, միկրովիրաբույժ Մերի Արեւշատյանը թեեւ մեկ տասնամյակ բժշկական կրթություն, գիտելիք ու համապատասխան որակավորում է ստացել, այնուամենայնիվ, էսթետիկ ներարկումներին ամենայն լրջությամբ է մոտենում: Հատկապես բոտոքսի ու ֆիլլերի հետ աշխատանքը կարող են լուրջ խնդիրների պատճառ դառնալ, եթե չես ուսումնասիրել մարդու անատոմիան, մաշկի ու հյուսվածքների զոնաներն ու այլ նրբություններ:
«Պրոֆեսիոնալ բժշկության մեջ յուրաքանչյուր բժշկական միջամտություն հնարավոր է բարդություն առաջացնի: Մասնավորապես՝ բոտուլինաթերապիայի հետեւանքով կարող են առաջանալ վերին կոպեր, հոնքերի կախվածություն, այտուց, դեմքի ասիմետրիա, ընդհուպ տեսողության լուրջ խանգարում: Ֆիլլերի ոչ ճիշտ ներարկումից կարող են առաջանալ անոթների խցանում, իշեմիա, ասիմետրիաներ եւ շատ այլ խնդիրներ»,- մանրամասնում է բժշկուհին:
Բազմաթիվ այցելուներ է ունեցել, որոնք չակերտավոր բժիշկների զոհեր են դարձել: Բժշկուհին ասում է՝ նման այցելուին բուժելուց բացի խորհուրդ է տալիս հարգել սեփական օրգանիզմն ու այն չվստահել մեկ-երկու ամիս ոլորտին մակերեսորեն ծանոթացած կոսմետոլոգներին, որոնք «ձեռքի հետ» էլ, անգամ տնային պայմաններում, ներարկումներ են անում:
Վիրաբույժն այս դեպքում չի շտապում մեղադրել միայն այցելուին: Սոցիալ մեդիա մարքեթինգն այսօր ամբողջ գործիքակազմով ազդում է մարդկանց գիտակցության վրա: Համացանցում տեսնում են հաջողված աշխատանքների լուսանկարներ եւ առանց վերլուծելու շտապում նախընտրելի տեսքի հետեւից: Մերի Արեւշատյանը բժիշկ-գործընկերներին կոչ է անում նախքան վերապատրաստելը երկար մտածել, թե արժի բոլորին անխտիր մեկ-երկու ամսում «բժիշկ» դարձնել՝ հավասարության նշան դնելով մասնագետի եւ ոչ մասնագետի միջեւ:
Առողջապահության նախարարությունից «Ալիք Մեդիային» տեղեկացնում են, որ էսթետիկ վիրաբուժական եւ բուժական կոսմետոլոգիական ծառայությունները բժշկական միջամտություններ են համարվում: Որ գեղեցկության սրահներն առանց համապատասխան լիցենզավորման չեն կարող էսթետիկ ներարկումներով զբաղվել, ամրագրված է օրենքով: Լիցենզիա տրամադրող մարմինը ՀՀ առողջապահության նախարարությունն է, իսկ դրանից բխող պահանջների պահպանման վերահսկողությունն իրականացնողը՝ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինը:
Եթե տեսչական մարմինը հայտնաբերում է «Լիցենզավորման մասին» սահմանված պահանջների եւ պայմանների խախտումներ, թույլտվություն տրամադրող մարմիններին միջնորդագիր է ներկայացնում լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու համար:
Թե քանի լիցենզիա է չեղարկվել անցած տարում, դեռ վերջնական թվեր չկան:
Որքանով է հաջողվում առողջապահության նախարարությանը եւ տեսչական մարմնին լիարժեք վերահսկել էսթետիկ ներարկումներով զբաղվող անհատների եւ կազմակերպությունների գործունեությունը՝ հայտնի չէ, քանի որ կոսմետոլոգ-հաճախորդ փոխհամաձայնությամբ երբեմն միջամտությունն իրականացվում է «վարագույրի հետեւում»:
Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։