2011 թվականին Կազանում գրեթե համաձայնեցված փաստաթուղթը չստորագրվեց։ Փորձագիտական ու քաղաքական հանրությունը խոսեց միջնորդների երեւակայության սպառված լինելու մասին:
Մեկ տարի անց Հայաստանում՝ խորհրդարանական, Լեռնային Ղարաբաղում նախագահի ընտրություններ անցկացվեցին: 2013-ին Իլհամ Ալիեւը երրորդ ժամկետով նախագահ ընտրվեց:
Պաշտոնավարման առաջին ժամկետի սկզբին՝ 2004-ի ապրիլին, նա Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ Վարշավայում հանդիպման էր գնացել պաշտպանության նախարարի ուղեկցությամբ, որը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից առանձին ընդունելության էր արժանացել, եւ հայտարարել, որ Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի կորստի հետ «երբեք չի հաշտվի»:
Ալիեւի պաշտոնավարման երրորդ ժամկետը նշանավորվեց զորքերի շփման գծի ամբողջ երկայնքով աննախադեպ լարվածությամբ, որ բարձրակետին հասավ 2014-ի նոյեմբերին, երբ Աղդամի մոտ խոցվեց ուսումնա-վարժական թռիչք իրականացնող հայկական ուղղաթիռը: Դա տեղի ունեցավ Սոչիում Վլադիմիր Պուտին-Սերժ Սարգսյան-Իլհամ Ալիեւ հանդիպումից երեք ամիս անց:
Այդ բանակցությունները ԵԱՀԿ ՄԽ համանախագահների ներկայացրած՝ այսպես կոչված «հետաձգված հանրաքվեի» սկզբունքով խաղաղ կարգավորման շուրջ էին: Իլհամ Ալիեւը մերժել է ԼՂ-ում զորքերի դուրսբերումից հետո կարգավիճակի հարցով առանձին հանրաքվե անցկացնելու հնարավորությունը: 2016 թվականի ապրիլյան քառօրյա մարտերը փաստացի Բաքվի վերջնագիրն էին: Այդ մարտերն ինչպես եւ ինչ համաձայնություններով են դադարել՝ հայտնի չէ:
Ղարաբաղյան երկրորդ պատերազմը, այսպիսով, սկսվել է 2014-ի ամռան-աշնան ճգնաժամային լարվածությամբ: Երբ 2017-ին Հայաստանի խորհրդարանական ընտրություններում Հայ ազգային կոնգրեսը «չհաղթահարեց անցողիկ շեմը», եւ Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ սահմանադրական հանրաքվե, Բակո Սահակյանը լիազորությունների երրորդ ժամկետով Ազգային ժողովի նախագահ ընտրվեց, գրեթե ակնհայտ դարձավ, որ պատերազմը, ինչպես ասում են, «մեր ծոծրակին շնչում է»:
Հայաստանում նախագահականից խորհրդարանական կառավարման անցումը շատ փորձագետներ բացատրեցին «կոլեկտիվ պատասխանատվության» հանգամանքով, ինչին պետք է աջակցեր ԼՂ իշխանությունը՝ Բակո Սահակյանի ձեւավորած քաղաքական համախոհությամբ, որի ազդեցիկ դերակատար էր ՀՅԴ տեղական կառույցը:
ԼՂ կարգավորման 2017-2018 թվականների քննարկվող տարբերակը հայտնի է «Լավրովի պլան» անվանումով: Եթե հակիրճ ասվի, դա ենթադրում էր ԼՂ-ի շուրջը բոլոր տարածքներից հայկական զինուժի դուրսբերում, ԼՂ միջանկյալ կարգավիճակ եւ Լաչինի միջանցքի աշխարհագրական պարամետրերի ճշգրտում:
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը 2016-ի ապրիլյան քառօրյա մարտերից հետո ԼՂ քաղաքական էլիտային ասել է, որ տարածքները չվերադարձնելու այլընտրանքը պատերազմի վերսկսումն է եւ Կարս-Կարսի փոխարեն Ստեփանակերտ ողբալու մեծ հավանականությունը:
Այս իրավիճակում տեղի ունեցավ «թավշյա, ոչ բռնի հեղափոխություն»: Ինչպե՞ս եւ ինչո՞ւ իշխանության եկավ Նիկոլ Փաշինյանը: Սերժ Սարգսյանն ասել է, որ ինքը պարտվել է ոչ թե Փաշինյանին, այլ ներքին եւ արտաքին ազդեցիկ ուժերին: Փաշինյանը դեռեւս իշխանության գալու խորքային դրդապատճառների եւ նպատակների մասին չի խոսել, շարունակում է հրապարակային քարոզել, որ ի կատար է ածել ժողովրդի կամքը: Նրա քաղաքական ընդդիմախոսները եւ հակառակորդները պնդում են, որ Փաշինյանին «բերել են արտաքին ուժերը, որպեսզի Արցախը հանձնի»:
Ուշագրավ է, որ 2018-ի հունիսի առաջին օրերին, երբ Արայիկ Հարությունյանը պետնախարարի պաշտոնից հրաժարական էր տվել, Ստեփանակերտում բողոքի ցույցեր էին, Փաշինյանը բաց աջակցություն հայտնեց Բակո Սահակյանին եւ հայտարարեց, որ «հեղափոխությունը չպետք է հասնի Արցախ»: Երկու տարի՝ 2018-2020 թվականներին, Նիկոլ Փաշինյանի եւ ԼՂ իշխանությունների ու քաղաքական վերնախավի միջեւ որեւէ տարաձայնություն չի դրսեւորվել: Արձանագրվել է ՊԲ հրամանատարի պաշտոնից Լեւոն Մնացականյանի եւ ԱԽ քարտուղար Վիտալի Բալասանյանի հրաժարականը: Լեւոն Մնացականյանը, սակայն, նշանակվել է Ոստիկանության պետ, իսկ Վիտալի Բալասանյանին փոխարինել է Արշավիր Ղարամյանը:
Քաղաքական նորույթը կամ ինտրիգը ԼՂ-ում դրսեւորվեց 2019-ի ամռանը, երբ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը ստորագրահավաք նախաձեռնեց, որպեսզի սահմանադրական փոփոխություն կատարվի, ինչը նրան թույլ կտար մասնակցել նախագահական ընտրություններին: Բաբայանին հաջողվեց համախմբել աջակիցների եւ համակիրների ներշնչող թիմ. մոտ 25 հազար ընտրելու իրավունք ունեցող անձ միացել էր ստորագրահավաքին: Գերագույն դատարանի սահմանադրական ատյանը, սակայն, առաջարկված փոփոխությունը ճանաչեց հակասահմանադրական: Բաբայանը ստեղծեց «Միասնական հայրենիք» կուսակցությունը՝ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու եւ մեծամասնություն ձեւավորելու վճռականությամբ:
Լեռնային Ղարաբաղի քաղաքական-պետական կյանքում 2020 թվականի նախագահական ընտրությունները թեկնածուների առաջադրման ու գրանցման առումով նախադեպ չունեին: Ավելի քան տասը անձ հավակնում էր նախագահի պաշտոնին, եւ մինչեւ վերջ էլ պարզ չէր, թե հիմնական մրցակիցներից՝ Արայիկ Հարությունյանից եւ Մասիս Մայիլյանից ում է նախապատվությունը տալիս Երեւանը՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի եւ նրա ՔՊ կուսակցության: Ինտրիգային էր նաեւ Բակո Սահակյանի կեցվածքը. նա երբեք եւ ոչ մի ժեստով իսկ ցույց չտվեց, թե ով է իրավահաջորդը:
Տպավորություն էր, թե ամեն ինչ կանխածրագրված է այնպես, որ ընտրությունների առաջին փուլում Արայիկ Հարությունյանը չհաղթի, իսկ ով պետք է գլխավորի ԼՂ-ն՝ կորոշվեր առավել շատ քվե ստացած երկու թեկնածուների ներքին եւ, մանավանդ, արտաքին քաղաքական «փորձաքննությամբ»:
Երկրորդ փուլի քվեարկությունից կարճ ժամանակ առաջ Մասիս Մայիլյանը հայտարարեց, որ մրցապայքարին չի մասնակցի: Արայիկ Հարությունյանին չհաջողվեց նաեւ խորհրդարանական մեծամասնություն ապահովել, նրա գլխավորած դաշինքը ստացավ 16, Սամվել Բաբայանի կուսակցությունը՝ պատգամավորական 9 մանդատ: Մնացած 8 մանդատներից 3-ականը բաժին ընկան ՀՅԴ տեղական կառույցին եւ Վիտալի Բալասանյանի հովանավորած «Արդարություն» կուսակցությանը, 2-ը՝ ԱԺ նախկին երկարամյա նախագահ Աշոտ Ղուլյանի ԱԺԿ-ին:
Ձեւավորվեց ԼՂ պատմության մեջ ամենաթույլ իշխանությունը: Չհաջողվեց քաղաքական կոալիցիա ստեղծել Արայիկ Հարությունյանի «Ազատ հայրենիք-ՔՄԴ» դաշինքի եւ Սամվել Բաբայանի «Միասնական հայրենիք» կուսակցության միջեւ: Բաբայանին տրվեց Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը: Նա փորձեց ձեւավորել «վերահսկողական մարմին»:
Այդ հնարավորությունը նրան ընձեռնեց, բայց սեպտեմբերի 27-ին Իլհամ Ալիեւը տվեց լայնախծավալ հարձակման հրաման, եւ պատերազմը վերսկսվեց մի իրավիճակում, երբ Ստեփանակերտում տուրբուլենտություն էր՝ իր բոլոր, առաջին հերթին՝ Պաշտպանության բանակի քաղաքական ղեկավարման իրավունքի բացակայության դրսեւորումներով:
Առայսօր պարզ չէ, թե 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Հայաստանում ռազմական դրություն հայտարարելու ինչ անհրաժեշտություն կար: Ֆորմալ առումով Ադրբեջանը մարտական գործողություններ էր սկսել միջազգայնորեն ճանաչված իր սահմաններում: Եվ ինչու առայսօր հրապարակված չէ Լեռնային Ղարաբաղում ռազմական դրություն հայտարարելու մասին Արայիկ Հարությունյանի հրամանագիրը՝ նույնպես առեղծված է:
«Ռազմական դրության մասին» ԼՂՀ օրենքը սահմանում է նախագահի հրամանագրի բովանդակությունը եւ պահանջում, որ այն Ազգային ժողովում ներկայացնելուց հետո պետք է հրապարակվի, ընթերցվի հեռուստատեսությամբ եւ ռադիոյով: Նման իրավական ակտ չի հրապարակվել:
Պատերազմի եւ հետեւանքների իրավական պատասխանատվությունը, այսպիսով, ի սկզբանե մնացել է Հայաստան-Ադրբեջան տիրույթում: Ըստ այդմ էլ զինադադարի համաձայնության կողմ են Հայաստանը եւ Ադրբեջանը: Լեռնային Ղարաբաղը պատերազմի սուբյեկտ չէր եւ չէր կարող լինել հետպատերազմյան կարգավորումների դերակատար: Քաղաքական հնարավորությունը, երբ զինադադարի հաստատումից հետո Ստեփանակերտը կարող էր ԱԺ հայտարարությամբ միանալ զինադադարի ռեժիմին եւ ստանձնել իր բաժին պատասխանատվությունը, չդիտարկվեց: Դա ռազմական դրություն հայտարարելու մասին Արայիկ Հարությունյանի հրամանագրի չհրապարակումից հետո, ըստ էության, երկրորդ քաղաքական «վրիպումն» էր:
Փոխարենը Ստեփանակերտում շրջանառվեց «Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում» թեզը: Իրականությունը, մինչդեռ, այն էր, որ Լեռնային Ղարաբաղը կարող էր լինել կամ չլինել, ինչի մասին Նիկոլ Փաշինյանը խոսեց 2022-ի ապրիլին, երբ Ազգային ժողովում հայտարարեց ԼՂ կարգավիճակի հարցում «նշաձողն իջեցնելու» եւ այդ մոտեցման շուրջ «միջազգային կոնսենսուսի հասնելու հնարավորության» մասին:
Մի քանի օր անց Ստեփանակերտը պատասխանեց ԱԺ միաձայն ընդունված հայտարարությամբ, որտեղ հայ-ադրբեջանական բանակցությունները գնահատված են «խաղաղության կեղծ օրակարգ» եւ սահմանված, որ Լեռնային Ղարաբաղի միակ ընդունելի կարգավիճակը Բաքվի ենթակայությունից դուրս պետք է լինի: Մինչ այդ ԼՂ խորհրդարանը դարձյալ միաձայն ընդունել էր «Բռնազավթված տարածքների մասին» օրենք, ըստ որի՝ Ադրբեջանի կողմից օկուպացված են ոչ միայն Շուշին եւ Հադրութի շրջանները, այլեւ 1994-ի մայիսի 12-ի դրությամբ հայկական զինուժի հսկողության տակ գտնված բոլոր մյուս տարածքները:
2022-ին Ադրբեջանն իրականացրեց Փառուխի եւ Քարագլխի մի հատվածի, Սարիբաբայի եւ շփման գծի ամբողջ երկայնքով բոլոր իշխող բարձունքների գրավման, Լաչինի միջանցքի փոփոխության, Լաչինի քաղաքից, Աղավնո եւ Սուս գյուղերից հայ բնակչության տարհանման՝ ՌԴ խաղաղապահ զորախմբի հրամանատարության հետ համաձայնեցված փաստացի ռազմական գործողություններ։ Դեկտեմբերի 12-ին փակեց Ստեփանակերտ-Գորիս ավտոճանապարհը: Ֆորմալ առումով Բաքուն Ստեփանակերտին վերջին հնարավորությունը տվեց 2023-ի մարտին՝ նախագահի աշխատակազմի մակարդակով երկու անգամ ԼՂ ներկայացուցիչներին «ռեինտեգրացիայի հարցերով» բանակցություններ սկսելու առաջարկությամբ: Երկու անգամ էլ Ստեփանակերտը մերժեց:
Ադրբեջանը ԼՂ խնդրի կարգավորման մի մոտեցում է ունեցել միշտ. «Եթե Ղարաբաղի հայերը իրավա-քաղաքական սուբյեկտ են, ապա նույնը պետք է լինեն Հայաստանի ադրբեջանցիները: Եթե Հայաստանում ադրբեջանցի չի ապրում, ապա Ադրբեջանում էլ հայ չպետք է ապրի»: Ղարաբաղյան առաջին պատերազմը, հաջորդած դիվանագիտական ձեռքբերումները կոտրել էին Բաքվի այդ նարատիվը: Կարգավորման փուլային տարբերակի վիժեցումը, 1998 թվականի «իշխանափոխությունը» միջազգայնորեն ապալեգիտիմացրել են ԼՂ սուբյեկտությունը: Զինադադարի մասին նոյեմբերի 9-ի համաձայնությունը ֆորմալ-իրավական տեսքի է բերել այդ իրողությունը, եւ Ստեփանակերտը որեւէ քայլ չի արել՝ հնարավորինս ներգրավվելու իրավիճակի կարգավորման քաղաքական քննարկումներում:
2023-ի օգոստոսի 5-ից հետո, երբ Ադրբեջանը փաստացի չեղարկեց Լաչինի միջանցքի կարգավիճակը, խնդիրը տեղափոխվեց Լեռնային Ղարաբաղում հայ ինքնության պահպանման կամ 120 հազար բնակչության Հայաստան տեղափոխելու դաշտ: Երեւանի եւ Ստեփանակերտի միջեւ նման քննարկումներ եղե՞լ են՝ չենք կարող հաստատել կամ հերքել: Ստույգ է, որ Երեւանի պաշտոնական խոսույթում էթնիկ զտումների եւ ցեղասպանության սպառնալիքի շեշտադրումներ բազմիցս արվել են, իսկ 2023-ի հունիսի 14-ին Արայիկ Հարությունյանը վերահաս աղետի մասին հայտարարել է արդեն բաց՝ ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարին, Անվտանգության խորհրդի անդամ պետություններին, ԵԱՀԿ գործող նախագահին հասցեագրած դիմում-ահազանգով:
Ամփոփելով կարելի է, թերեւս, արձանագրել, որ ինչպես նախապատերազմյան ավելի քան երկու տասնամյակներին Բաքվին հաջողվել է «ոչ կառուցողական» ներկայացնել Հայաստանի դիրքորոշումը եւ իր «միջազգայնորեն ճանաչված տարածքներն ազատագրելու» ինդուլգենցիա ստանալ, այնպես էլ հետպատերազմական երկուսուկես տարիներին Իլհամ Ալիեւը կարողացել է ներգրավված դերակատարներին համոզել, որ «Լեռնային Ղարաբաղի հայերը չեն ցանկանում Ադրբեջանի դրոշի ներքո ապրել»:
Ստեփանակերտի «դիմադրության շարժումը» նման հնարավորություն Ալիեւին «նվիրել է»: Ստեղծված իրավիճակում ԼՂ հայ բնակչության «անվտանգ եւ արժանապատից տարհանումը» չարյաց փոքրագույնն էր:
Ըստ երեւույթին, ներգրավված դերակատարները, Հայաստանի իշխանությունները՝ առաջին հերթին, տպավորություն են ունեցել, թե ԼՂ հայ բնակչության «տարհանումը» հայ-ադրբեջանական «պատմական հաշտության վերջին խոչընդոտի հաղթահարում է»: Ալիեւի նախընտրական հարցազրույցը վկայեց, որ այդպես չէ: Եվ Ստեփանակերտի քաղաքական իմպոտնետությունը, ինչին, կարծես, նպաստում է Հայաստանի իշխանությունը, լարվածությունը պարպելու գործիքակազմ, դիվանագիտական նույնիսկ նվազագույն ռեսուրս չէ եւ չի կարող լինել:
Պատմաբան, լրագրող, հրապարակախոս, քաղաքական գործիչ։ Հայաստանի Գերագույն Խորհրդի (1990-95) Արցախից ընտրված պատգամավոր, 2000-2015 թվականներին Արցախի Ազգային ժողովի երեք գումարումների պատգամավոր։ «Հոգեւոր Հայաստանը եւ արդիականությունը» գրքի հեղինակն է։