«Մանուլն այլեւս ՀՀ-ում «անհետացած» կենդանատեսակ չէ»,- WWF-Հայաստանի կենդանաբան Վասիլ Անանյանի ֆեյսբուքյան այս գրառումն ու ուղեկցող տեսանյութը շատ արագ մեծ տարածում գտավ:
Տեսանյութը մասնագետներին է փոխանցել Տավուշի մարզի բնակիչ, արկածախնդիր բնասեր Արման Գաբրիելյանն, ում վրա անցած տարի աշնանը հովազն էր հարձակվել, որից հետո արձանագրվեց նաեւ Տավուշի մարզում հովազի առկայությունը:
Մանուլը նկատվել է պատահաբար, մոտ 200 մետր հեռավորությունից: Հովազի հետ կապված պատմությունից հետո, բացի դեպքի մանրամասներից, նա նաեւ անծանոթ կատվազգի այդ կենդանու տեսագրությունն է տրամադրել WWF-Հայաստանի մասնագետներին:
Կենդանաբան Իգոր Խորոզյանը, ով դեռ 1990-ականներից է զբաղվում հովազի հետազոտություններով, տեսնելով տեսանյութն, անմիջապես ճանաչել է կենդանուն: Դեռ 2010-ին նա անձամբ է տրամադրել տեղեկատվությունը, որ արդեն 100 տարի մանուլ չի նկատվել Հայաստանի տարածքում, ինչի հիման վրա էլ ՀՀ կենդանիների Կարմիր գրքում այն նշվել է որպես տարածաշրջանում անհետացած տեսակ:
Մանուլը հիմնականում տարածված է Կենտրոնական Ասիայում՝ Մոնղոլիայից մինչեւ Իրան: Փափկամազ այս կենդանու համար Հայաստանում այնքան էլ նպաստավոր չեն պայմանները, քանի որ այն հիմնականում բնակվում է հարթ տարածություններում, իսկ ձյան պայմաններում կարճ վերջույթներով այս կատվազգի կենդանու համար տեղաշարժվելն ու արագ թաքնվելն անհարմար է:
«Եթե մանուլը վերադարձել է իր արեալի երզրագծում գտնվող Հայաստան, ուրեմն պայմանները նպաստավոր են»,- զրուցակիցս՝ Գյոթինգենի համալսարանի աշխատակից, կենդանաբան-գիտնական Իգոր Խորոզյանը չի բացառում, որ այն նախկինում էլ է եղել, բայց քանի որ շատ նման է սովորական կատուներին, հնարավոր է մարդիկ նկատել, բայց գլխի չեն ընկել, թե ինչ կենդանի է:
«Մանուլի հայտնվելը խոսում է այն մասին, որ կենդանիներն ավելի հարմարվող են, քան պատկերացնում ենք: Հայաստանը փոքր է, ճնշումը շրջակա միջավայրի վրա շատ մեծ է: Այժմ կարեւոր է պարզել, թե ինչն է պատճառը, որ կարճ թաթերով այդ կենդանին, որը հովազի նման չի կարող մեկ օրում հարյուրավոր կիլոմետրեր կտրել-անցնել, կրկին Հայաստանում է»:
Իգոր Խորոզյանն իր գիտական ընկերներ, WWF հայաստանյան գրասենյակի աշխատակիցներ Վասիլ Անանյանի եւ Ալեքսանդր Մալխասյանի հետ, 100 տարի անց Հայաստանում մանուլի ի հայտ գալու մասին գիտական հոդված է գրել, որը բավական է, որ Հայաստանի Կարմիր գրքում մանուլի կարգավիճակը «տարածաշրջանում անհետացած տեսակ (RE)»-ից, ավտոմատ փոփոխվի «կրիտիկական վիճակում գտնվող (CR)» տեսակի:
Մեզ մոտ մանուլին համապատասխան բնակավայրերը սահմանափակ են: Հետազոտող խումբը նշել է հինգ հիմնական հավանական վայրեր, որտեղ կարող է ապրել կենդանին. Արմավիրի մարզ, «Խոսրովի անտառ» պետական արգելոցի արեւմտյան սահման, Ուրծի լեռներ եւ Վայոց ձորի «Արփա» պահպանվող լանդշաֆտ: Մանուլը մարդկանց համար վտանգ չի ներկայացնում, սնվում է հիմնականում կրծողներով:
Գիտնականների խումբը մտադիր է շարունակել մանուլի հավանական արեալը հանդիսացող լանդշաֆտների հետազոտումը: WWF-Հայաստանի ու հետաքրքրված այլ կազմակերպությունների հետ համագործակցությամբ ֆոտոթակարդներ կտեղադրվեն, սակայն հատուկ մանուլի հետազոտությամբ չեն զբաղվի, հավաստիացրեց զրուցակիցս, քանի որ բավականին թանկ ու դժվար կլինի՝ հատկապես հաշվի առնելով նախանշված արեալների մեծ մասի սահմանամերձ լինելու հանգամանքը:
Բնօգտագործման եւ բնապահպանության մասնագետ եմ։ Ունեմ նաեւ լրագրողի շուրջ 15-ամյա փորձ։ Զույգ մասնագիտություններս հաջողությամբ համատեղում եմ հասարակական գործունեության հետ՝ հանուն բնության եւ առողջ միջավայրի։