Շիրակցի բռնցքամարտիկ, աշխարհի փոխչեմպիոն Դավիթ Չալոյանն այսօր, վաղ առավոտյան մեկնեց Ֆրանսիա՝ մասնակցելու «Փարիզ-2024» 33-րդ ամառային Օլիմպիական խաղերին:
Մեկնելուց ժամեր առաջ մարզիկն «Ալիք Մեդիայի» ընթերցողին պատմեց իր մարզական ուղու, հաղթահարած դժվարությունների եւ Օլիմպիական խաղերից սպասումների մասին:
Դավիթ Չալոյանը ծնվել է 1997 թվականին Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Այգաբաց գյուղում։ Հասակակիցներից բարձրահասակ էր ու ամրակազմ։ Ասում է. «Սովորելու հետ այնքան էլ լավ չէի: Հայրս տեսավ, որ գիր-գրականությունից հեռու եմ, հետաքրքրություններս այլ ուղղությամբ են զարգանում, ձեռքս բռնեց, տարավ սպորտի»:
«Բռրնցքամարտ»-ն ընտրելը նույնպես Դավիթի հոր՝ Արիստակես Չալոյանի առաջարկն էր: «Մեծ եղբորս ընբշամարտի տարան, ինձ՝ բոքսի, էլ ոչինչ չէր մնում, քան օր ու գիշեր պարապելը, հաջողության հասնելը»,-ժպիտով պատմում է մարզիկը:
Այսօր արդեն մարզական ուղուց խոսելիս՝ թվարկելու շատ բան ունի. Հայաստանի հնգակի չեմպիոն է: 2014 թվականի Հայաստանի երիտասարդական առաջնության, 2015 թվականի Սերբիայի «Ոսկե ձեռնոց» մրցաշարի, նույն թվականին Ուկրաինայի Կլիչկո եղբայրների անվան միջազգային մրցաշարի, 2021-ի բանակայինների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր է:
Տարբեր հարգի մեդալների հոսքը շարունակվում է նաեւ ՀՀ Զինված Ուժերում ծառայությունն ավարտելուց հետո: 2021 թվականի նոյեմբերի 5-ին Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում տեղի ունեցած բռնցքամարտի աշխարհի առաջնությունում ամենահեղինակավոր՝ գերծանրքաշայինների կարգում Չալոյանը նվաճում է փոխչեմպիոնի կոչումը։
Արդեն աշխարհի փոխչեմպիոն Դավիթը 2022 թվականին Սերբիայի միջազգային մրցաշարի հաղթող է ճանաչվում, հաջորդ տարին էլ՝ Ստրանջայի մրցաշարի արծաթե մեդալակիր դառնում:
«Որ մի օր յուրաքանչյուր մարզիկի երազանքների գագաթնակետ՝ Օլիմպիական խաղերին կմասնակցեի, մտքովս չէր անցել մինչեւ այն օրը, երբ աշխարհի փոխչեմպիոն դարձա»,- ասում է Դավիթը:
Բաղձալի՝ Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիրը նվաճել է այս տարվա գարնանը՝ Թաիլանդի մայրաքաղաք Բանգկոկում անցկացված «Փարիզ-2024»-ի բռնցքամարտի վերջին վարկանիշային մրցաշարում:
Դավիթ Չալոյանը Հայաստանի միակ ներկայացուցիչն է բռցքամարտի այս Օլիմպիական մրցաշարում։
Օրեր առաջ էլ որոշվել է, որ Օլիմպիական խաղերի բացման արարողության ժամանակ Չալոյանը կլինի Հայաստանի պատվիրակության դրոշակակիրը։
Ֆրանսիայի մայրաքաղաքում հաղթանակ ունենալուց խոսել չի ուզում, ասում է՝ օրը կգա, բարին հետը: «Ինձ ուժ են տալիս իմ ընկերները, համագյուղացիները, հայրենակիցները, ամեն ինչ անելու եմ, որ հաղթանակիս սպասողներին ուրախացնեմ»:
«Մարզական բախտ» ասվածը չի հերքում, բայց նվիրված աշխատանքին ավելի շատ է վստահում. «Միայն հաջողակ լինելու վրա հիմնվող մարզիկը երկար ճանապարհ չի գնա, հաղթանակը օր ու գիշեր, առանց ինքդ քեզ խնայելու աշխատանքի արդյունք է»:
Դավիթն իր մարզական ուղու համար երախտապարտ է հորը եւ մարզիչներին՝ Կարեն Ղազարյանին եւ Ռուդիկ Մկրտչյանին, բայց որոշել է. «Եթե Օլիմպիական ոսկին նվաճեմ, հաղթանակը ազգիս ու հայ զինվորին եմ նվիրելու»:
Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։