• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՀայաստանՄենք

Աուտիզմով երեխաներն անձեռոցիկներ են պատրաստում

Անուշ Իգնատյան 11:30 | 05.05.2021
Անուշ Իգնատյան 11:30 | 05.05.2021
Tmm Soft "Autism"

Արդեն 5 տարի է, ինչ Հայաստանում գործում է «TMM-Սովորեցրու ինձ ավելին-ուսուցման եւ զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպությունը։ Կենտրոնը հոգեբանական, լոգոպեդական, էրգոթերապիստի ու հատուկ մանկավարժի ծառայություններ է մատուցում աուտիզմ ունեցող երեխաներին։

«2016 թվականին Գերմանիայից վերադարձանք ու որոշեցինք մշտական բնակություն հաստատել Հայաստանում։ Այդ ժամանակ իմացանք աուտիզմ ունեցող երեխաների խոսքը բարելավող  DVM մեթոդի մասին, որն ամերիկացի ամուսիններ էին մշակել։ Կապվեցինք իրենց հետ, իմացանք մանրամասները ու որոշեցինք դա այստեղ էլ կիրառել, քանի որ մեր տղան էլ աուտիզմ ունի»,- պատմում է ՀԿ-ի հիմնադիր-տնօրեն Լենա Հարությունյանը։

Հենց այսպես էլ անգլերենի ուսուցչուհի ու դպրոցական հոգեբան Լենա Հարությունյանն  ու նրա տնտեսագետ ամուսինը՝ Լեւոն Թոփալյանը, ստեղծեցին աուտիզմ ունեցող երեխաների զարգացման կենտրոնը։ Կենտրոնն այժմ 1․8-16 տարեկան շուրջ 150 շահառու ունի, որոնց հետ փորձառու մասնագետներ են աշխատում։ Ծնողազուրկ երեխաներին ծառայություններն անվճար են մատուցվում։

Տիկին Հարությունյանն ասում է՝ գործունեության ընթացքում բավականին հաջողությունների են հասել․ երեխաների խոսքի, վարքագծի մեջ իրենց թերապիաների շնորհիվ դրական փոփոխություններ են լինում, ու իրենք աստիճանաբար ավելի ու ավելի առաջ են գնում։

2020 թվականին կորոնավիրուսի համավարակի պատճառով տանը փակված լինելու ընթացքում ամուսինները մշակել են մի նախաձեռնություն, որի շնորհիվ իրենց 14-ամյա տղան՝ Նարեկը, եւ աուտիզմ ունեցող մյուս երեխաները զբաղվածություն ու զարգացման նոր հնարավորություններ ունեն։

«Մտածում էինք, որ գալու է մի պահ, երբ մեր երեխան այլեւս թերապիաների չի մասնակցելու, այդ դեպքում ի՞նչ պետք է անի։ Սկսեցինք ուսումնասիրել միջազգային փորձը։ Տեսանք, որ դրսում աուտիզմ ունեցող երեխաները կարող են ընդգրկվել արտադրական աշխատանքներում։ Ուզեցինք մենք էլ այդպիսի մի բան կազմակերպել։ Գնացինք տարբեր արտադրամասեր՝ հասկանալու, թե որ արտադրությունն առավել հարմար կլինի մեր երեխաների համար։ Սկզբում գնացել էինք պլաստիկ բաժակների արտադրամաս, բայց հասկացանք, որ այդտեղ հաստոցների աշխատանքը շատ է, ու դա կարող է վնասել երեխաներին»,- պատմում է Լենա Հարությունյանը։

Հետո, տեսնելով, որ չնայած խիստ սահմանափակումներին, թղթե արտադրանքները, օրինակ՝ անձեռոցիկները, լայնորեն սպառվում են, որոշել են հենց անձեռոցիկներ արտադրել։ Կարճ ժամանակում Լեւոն Թոփալյանը պատրաստել է անձեռոցիկների տուփի դիզայնն ու մակետը։ Տուփը փազլի՝ խճանկարի տեսքով է, որն աուտիզմ ունեցող երեխաների լոգոն է։ Այսպես ստեղծվել է TMM Soft-ը։ Էկոանձեռոցիկների արտադրման մեջ աուտիզմ ունեցող դեռահասներն իրենց անմիջական մասնակցությունն ունեն․ տուփերը իրենք են ձեռքով հավաքում, սոսինձ չի օգտագործվում։ Այս աշխատանքն օգնում է, որ երեխաների ուշադրությունը կենտրոնանա, ձեռքի մոտորիկան զարգանա, վարքը հանգիստ լինի՝ նստած աշխատեն, ընկերների հետ խմբային աշխատանք անեն։

Tmm Soft "Autism"

Այժմ 5 մոդելի անձեռոցիկներ են արտադրվում՝ սեղանի, քաշովի երկշերտ, քաշովի եռաշերտ, փոքր քաշովի եւ գրպանի։ Ընդհանուր առմամբ գործընթացին 10 երեխա է մասնակցում, բայց նրանցից 4-ն են, որ առանց թերապիստի օգնության են աշխատում։

«Մենք սրանով նաեւ սոցիալական խնդիր ենք ուզում լուծել։ Ուզում ենք հասնել նրան, որ երեխաներն ինքնուրույն աշխատեն ու վճարվեն դրա դիմաց։ Ծնողներ էլ կան, որոնք աշխատում են մեզ մոտ։ Պատրաստվում ենք հաստոցներ գնելու, այդպիսով ավելի շատ ծնողներ կկարողանան աշխատել»,- ասում է TMM Soft-ի հիմնադիրը։

Տարբեր երեխաներ տարբեր ժամանակահատվածում են հասնում ինքնուրույն աշխատելու աստիճանին։ Իրենց որդին՝ Նարեկը, վաղուց է թերապիաներ ու զարգացման ծրագրեր անցել, ինչի շնորհիվ շատ արագ վարժվել է արտադրական գործընթացին։ Երբեմն էլ արտադրանքը փչանում է, դա էլ իրենց տանն են օգտագործում։

Մայիսի 1-ին լրացել է TMM Soft-ի հիմնադրման մեկամյակը։ Ստեղծման առաջին ամսում 3000-ից ավելի վաճառք են իրականացրել, հիմա ավելի է մեծացել ծավալը։ Անձեռոցիկները 80-300 դրամ արժեն։ «Որոշ խանութների ու կազմակերպությունների հետ հիմա աշխատում ենք, բայց արտադրանքը խանութ հասցնելը շատ բարդ է, չեն ուզում ընդունել, ասում են՝ տեղ չկա։ Մենք էլ փորձում ենք գովազդել, նվիրում ենք, որ էլ ավելի շատ մարդիկ իմանան մեր մասին։ Մեր արտադրանքը նաեւ շատ որակյալ է․ չենք ուզում՝ մարդկանց մեջ հաշմանդամությունը խղճահարություն առաջացնի, ուզում ենք՝ բոլորը տեսնեն, թե ինչ որակյալ աշխատանք են անում աուտիզմով երեխաները»։

TMM Soft-ի անդամներից 14-ամյա Սերգեյի մայրը՝ տիկին Նոնան, ասում է՝ իր որդին հաճույքով է մասնակցում անձեռոցիկի արտադրությանը։ «Օրը մեջ մի ժամով տանում եմ. ճիշտ է, խոսքը զարգացած չէ, բայց եթե դա նրան դուր չգար, հաստատ էմոցիաներից կզգայի»,- ասում է տիկին Նոնան։  Երբ հաստոցներն արդեն լինեն, ինքն էլ է պատրաստվում միանալու աշխատանքին․ երեխային սպասելու ընթացքում ինքն էլ զբաղմունք կունենա։

«TMM-Սովորեցրու ինձ ավելին-ուսուցման եւ զարգացման կենտրոն»-ի շահառու 7-ամյա Էդգարի մայրը՝ տիկին Էմման, նույնպես մասնակցում է անձեռոցիկների փաթեթավորմանը։ Ասում է՝ իր որդին էլ կկարողանար անել, պարզապես դեռ փոքր է, տարիքը չի համապատասխանում։ «Առաջ Էդգարին ուրիշ տեղ էի տանում, հետո ծանոթներս խորհուրդ տվեցին բերել TMM։ Առաջին իսկ ամսվանից երեխայի մեջ դրական փոփոխություններ նկատեցի։ Հիմա երկրորդ դասարանում է սովորում, կարող է գրել, կարդալ, մինչեւ հարյուրը գումարել-հանել»,- ասում է տիկին Էմման։

«Մենք նպատակ ունենք ընդլայնվելու ու ավելի շատ շահառուներ ընդգրկելու։ Ճիշտ է, բոլորին չենք կարող ընդգրկել, քանի որ այդքան ռեսուրսներ չունենք, բայց մեր ուժերի ներածին չափով ամեն ինչ կանենք»,- մեր զրույցը եզրափակում է Լենա Հարությունյանը։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Լավրովը կժամանի Հայաստան
հաջորդը
Շուշիի Ղազանչեցոց եկեղեցու դիմագիծը փոխելու՝ Բաքվի ջանքերի շուրջ

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • «Արահետ»-ը Լոռու լեռներում երկօրյա տոն է խոստանում

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

ընտրանի

  • 1

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 2

    Բնության հետ ներդաշնակ տնտեսություն․ երեք պատմություն Վայոց ձորից

  • 3

    Իրանից կամ Վրաստանից ներկրումը կկարգավորվի ցեմենտի դեֆիցիտը

  • 4

    Շիրակի մայր բուհը վերջապես ռեկտոր ունեցավ

  • 5

    «Աղբահանության վճարի թանկացման որոշումը պետք է վիճարկել դատարանում»․...

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Մայիսի 2021
ԵԵՉՀՈւՇԿ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31 
« Ապր   Հնս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն